Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

14 Օգոստոսի 2018

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է․ վերաքննիչ դատարանն այսօր վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Հիշեցնենք՝ վերաքննիչ դատարանն անցած շաբաթավերջին դռնփակ նիստում երկու օր շարունակ քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն․ դրանցից մեկն առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջին էր վերաբերում, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն էր՝ կալանքը գրավով փոխարինելու մասին:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը վերաքննիչ ատյանի վճռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց՝ վերաքննիչ դատարանը հաշվի է առել այն, որ «Ռոբերտ Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիության իրավունքից»: «Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման և դրանից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»,- նշեց փաստաբանը:

Թե դատարանի դահլիճից դուրս գալուց հետո ուր է «մեկնել» Քոչարյանը՝ Սահակայնն այդ մասին լրագրողներին ոչինչ չասաց, նշելով, թե տեղյակ չէ:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում էսահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը, նրա շահերի պաշտպանները, նաև որոշ քաղաքական ուժեր, պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ազգային ժողովի 46 պատգամավորների ստորագրությամբ ևս երաշխավորագիր էր ներկայացվել դատարան, որով խնդրվում էր կալանքից ազատ արձակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Փաստաբան Ռուբեն Սահակյանը նաև ասաց, որ Քոչարյանի պաշտպանական թիմի հետագա քայլերը պայմանավորված են լինելու իրավապահ մարմինների գործողություններով: Սահակյանը կարծում է, որ դատական ատյաններում խափանման միջոցի հարցը դեռ սպառված չէ, «քանի որ առջևում կա վճռաբեկ դատարան»:

Ի դեպ, Վերաքննիչ դատարանի շենքի առջև այսօր նորից բողոքի ակցիա էր իրականացնում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա և իր թիմակիցները տառերի տեսքով բլիթներ էին բերել, որոնք համապատասխան կարգով դասավորելուց հետո կարելի էր կարդալ՝ «Պրիվետ, Ռոբ»: Նմանատիպ կոչեր ԵԾ խմբակցության անդամները հնչեցնում էին նաև անցած շաբաթ կայացած դատական նիստի օրը:

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո Զարուհի Փոստանջանն ասաց՝ Քոչարյանին պետք է ոչ թե բաց թողնեին, այլ մեղադրանքն ընդլայնեին: «Այս ամենին պետք է տրվի քրեաիրավական գնահատական, նաև քաղաքական գնահատական: Հատկապես արտահերթ ընտրությունների նախաշեմին նման անձին թույլ տալը՝ մուտք գործել քաղաքականություն, կործանարար է մեր պետականության և առհասարակ՝ ազգի անվտանգության համար»,- ասաց Փոստանջյանը:

Նա ընդգծեց՝ ժողովուրդը չի մոռացել մարտի 1-ի արյունալի դեպքերը, հավելելով՝ երկրորդ նախագահը միայն Սահմանադրությունը չի տապալել, նաև «բազմաթիվ այլ հանցագործություններ է կատարել, և հիմա խոսել կեղծված Սամանադրության մասին, դրա համար հիմքեր չկան»:

Աղբյուրը՝ www.azatutyun.am

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: