ՀՅԴ-ում «բունտ» է հասունանում

17 Մայիսի 2018
«Իրատես» թերթը գրում է. «Արդեն գրել էինք, որ ՀՅԴ-ում արշալույսները խաղաղ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ իսկական փոթորիկ է հասունանում այս կուսակցության դրսի եւ ներսի կառույցներում: Արեւելյան եւ Արեւմտյան Ամերիկաների, Իրանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեները պահանջում են կուսակցության արտահերթ ընդհանուր ժողով` քննարկելու կուսակցության քաղաքական կուրսին առնչվող հարցեր:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, ժողովը պայմանավորված է կուսակցությունում առկա դժգոհությամբ, իմա՝ ինչու են Հայաստանի դաշնակցականները միշտ իշխանության կողքին կանգնում, ինչու են իրենց վարկանիշը հետեւողականորեն գցում: «Ձեւավորվել է դաշնակցական նոմենկլատուրա, որի շահերը շատ հաճախ չեն համընկնում կուսակցական շարքերի շահերի հետ»,- նշեց մեր աղբյուրը:
Դաշնակցությունը, լքելով հեռացող իշխանության նավը, դուրս եկավ կոալիցիայից եւ անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը:
Ըստ դաշնակցականների, կուսակցությունը լրիվ կորցրել է իր քաղաքական դեմքը եւ փորձում է լինել օրվա իշխանության կցորդը:
Առանձնահատուկ դժգոհություն կա Հրանտ Մարգարյանի հանդեպ: Արդեն լուրջ ներկուսակցական բախում է եղել. Հրանտ Մարգարյանին եւ հայաստանյան կառույցը կոշտ քննադատող Աբո Պողիկյանը հեռացվել է ՀՅԴ-ից:
Հավելենք, որ Պողիկյանը «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիրն է, եղել է ՀՅԴ բյուրոյի անդամ, «Ասպարեզում» հաճախ է հանդես եկել ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը քննադատող հոդվածներով»:
 
 
 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: