Նոր կառավարությունը պետք է արմատախիլ անի երկրում եղած սոցիալ-տնտեսական անարդարությունը․ փորձագետ

06 Մայիսի 2018

Նոր կառավարությունը պետք է արմատախիլ անի երկրում եղած սոցիալ-տնտեսական անարդարությունը։ Այսպիսի կարծիք է հայտնել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զորւյցում։

Նրա խոսքով՝ արդեն ժամանակավոր կառավարությունը պետք է սկսի վերանայել արատավոր տնտեսական քաղաքականությունը, որի շրջանակներում մարդկանց մի խմբին էր բաժին հասնում հանրապետության սեփականության առյուծի բաժինը, իսկ մեծաքանակ զանգվածներ մնացել են գործազուրկ։ «Սոցիալական արդարությունը ենթադրում է աշխատանքի իրավունքի իրականացում, որը պետք է ամրագրվի սահմանադրությունում։ Ներկա սահմանադրությունն ընդամենը նախատեսում է աշխատանքի ազատ ընտրության իրավունք, կարծես ունենք աշխատանքի ընտրության լայն հնարավորություն։ Փաստացի այսօր անհնար է սահմանադրորեն ամրագրել մարդու աշխատանքի իրավունքը, բայց սոցիալական արդարության վերականգնման համար պետք է դրան ձգտել»,-նշել է Վազգեն Սաֆարյանը։

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է արդյունաբերական քաղաքականության մասին օրենք ընդունել, որը կենթադրի տնտեսության իրական հատվածի զարգացում, որն իր ժամանակին լավ աշխատել է ԱՄՆ-ում Ֆրանկլինի Ռուզվելտի նախագահության օրոք, որի շնորհիվ էլ այդ երկիրը հզոր տնտեսություն ունի․ «Սովետական շրջանում արդյունաբերությունը գերակշիռ տեղ ուներ ՀՆԱ-ի մասնաբաժնում՝ 67,5 տոկոս, հիմա դրա մասնաբաժինը կազմում է 18 տոկոս, եւ որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն, պետք է նոր ձեռնարկությունների ստեղծել եւ վերականգնել հները՝ հիմնվելով գիտաարդյունաբերական քաղաքականության վրա»,-նկատել է ՀԿ ղեկավարը։

Փորձագետը հիշեցրել է, որ նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի լիբերալները եկել են եզրահանգման, որ հետխորհրդային երկրներին առաջարկված տնտեսական մոդելը չի արդարացրել իրեն։ Այժմ նրանք առաջարկում են հմուտ կառավարման վրա հիմնված տնտեսական մոդել։ «Մենք դեռ չենք հասել դրան, չնայած կառավարությունը ընդունել է պետության եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցության հայեցակարգ։ Այդ հայեցակարգը չունի լայն ընդգրկում, բայց այդ գործիքով կարելի է հասնել նրան, որ պետությունը խրախուսի արդյունաբերությունը՝ սուբսիդավորելով ձեռնարկությունները, ունենալով այնտեղ գործնական մասնակցություն, նպաստելով նրանց արտադրանքի սպառումը նոր շուկաներում»,-շեշտել է Սաֆարյանը։

Հարցին, թե ունի արդյոք ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը համապատասխան մասնագետներն ու ռեսուրսները, որ տնտեսությունում իրականացնի այսպիսի արմատական բարեփոխումներ, Վազգեն Սաֆարյանը պատասխանել է․ «Դժվար է պատասխանել, թե ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի մասնագետների բանկը։ Բայց ժամանակավոր կառավարության ձեւավորմամբ անհրաժեշտ է գտնել մարդկանց, որոնք ունեն տնտեսության առանձին ոլորտներում աշխատանքի փորձ։ Մարդկանց ուրեւէ պաշտոնում նշանակելիս պետք է հաշվի առնել, որ կադրերը լուծում են ամեն ինչ»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: