Վազգեն Սաֆարյան. «Պետությունը չի կարող գիշերային պահակի դեր կատարել»

07 Մարտի 2018

«Հայրենական ապրանք արտադրողների միության» և Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն անդրադառնալով երկրում տեղի ունեցած և սպասվող քաղաքական գործընթացներին նշեց, որ իր դիտարկմամբ այս ընթացքում ամեն ինչ տեղի է ունենում սահմանված գրաֆիկով: Անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահի հետ հանդիպմանը նշեց, որ այն արդյունավետ է եղել, ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա ժամանակը ցույց կտա որքանով էին հանդիպումներն օգտակար երկրում առկա խնդիրները լուծելու համար:

«Մեր կողմից բարձրացված բոլոր հարցերը Արմեն Սարգսյանը գրում էր, մտապահելու է և հուսով եմ, որ քայլեր է ձեռնարկելու դրանց լուծման համար: Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, ապա Հանրային խորհրդում կազմակերպված հանդիպման ժամանակ ես նրան հարցրել եմ, որ եթե Մեծ Բրիտանիան, որը դասական կապիտալիզմի միջնաբերդն է, հիմնական ֆոնդերում պետության մասնաբաժինը կազմում է 53 տոկոս, ապա մենք ու՞մ ենք ընդօրինակում: Ես այդ հարցը տվել եմ ինչպես 97 թվականին Բաբկեն Արարքցյանին, այնպես էլ հիմա Արմեն Սարգսյանին, նշելով որ ամեն ինչ սեփականաշնորհելով հասել ենք մի իրավիճակի, որ պետությունը կորցրել է իր կարողությունների 90 %-ը: Եվ պետությունը պետք է վերականգնի իր կարգավորիչ և կառավարող դերը և համապատասխան ֆունկցիա իրականացնի, նաև հետ գնելով այն ակցիաները, որոնք մասնավորի ձեռքում է, բայց շրջանառու միջոցներ չունենալու պատճառով չի կարողանում գործարկել»,- Past.am-ին ասաց Վ. Սաֆարյանը: 

Հասարակական-քաղաքական գործչի կարծիքով նախագահի ինստիտուտը կարող է լրացուցիչ հարթակ հանդիսանալ այսօրինակ հարցերն ուսումնասիրելու և լուծումներ առաջարկելու համար: Նա նաև կարծում է, որ հասել ենք մի հանգրվանի, որ պետք է մի պահ կանգ առնենք ու հասկանանք, թե մինչ օրս ինչ ենք արել, ինչքան ենք սխալվել և այդ կետից սկսենք առաջ գնալ: 

«Իմ կարծիքով այն սխալները, որոնք թույլ են տրվել, պետք է դրանցից ձերբազատվել և գնալ դրանք ուղղելու ճանապարհով, որովհետև մենք այլևս սխալվելու տեղ չունենք: 
Այսինքն, իրավիճակն այնքան է վատացել, որտեղից դուրս գալու համար միայն առաջընթաց քայլեր պետք է իրականացվեն: Լիբերալ ազատական տնտեսությունը հանգեցրել է նրան, որ մենք կորցրել ենք մեր արդյունաբերությունը: 1995-97 թվականներին ազգայնացվել է 52,7 միլիարդ դրամի պետական ունեցվածք, որի 99,3 %-ը իրականացվել է հավաստագրերով: Այսինքն, ազգային ունեցվածքը վաճառվել է իր գնից 1000-ից 1200 անգամ ավելի ցածր գնով: Եվ քանի որ1 դրամը 200 ռուբլու համարժեքով էր հաշվվում, իսկ հավաստագրերը հաշվարկվում էին 20 հազար դրամ, բայց շուկայում, փողոցում վաճառվում էին մոտ 3000 դրամ»,- ասաց Վ.Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ 3 տարվա ընթացքում սեփականաշնորհման արդյունքում բյուջեի մուտքերը պետք է կազմեին 4,8 միլիարդ  դրամ, բայց իրականում մուտքագրվել է 364 միլիոն դրամ, որը կազմում է մուտքագրվելիք գումարի 7, 55 %-ը: Այսինքն,  2 միլիոն հատ սեփականաշնորհման սերտիֆիկատով և 353 միլիոն դրամ կանխիկ գումարով 100 հազար մարդ կամ ազգաբնակչության 3 %-ը մարել է բաշխված սերտիֆիկատների 60 տոկոսից ավելին: Եվ այն, ինչ Արևմտյան Եվրոպայում իրականացվել էր 250-ից 300 տարում, Հայաստանում իրականացվել է 3 տարում և կատարվել ազգային ունեցվածքի վերաբաժանում: 

«Եվ այդ հախուռն սեփականաշնորհման արդյունքում ունենք պատկեր, որ կան սեփականաշնորհված գործարաններ, որոնց մեծ մասը չի աշխատում: Եվ եթե այսօր ունենք 4-րդ հանրապետություն, ապա պետք է իշխանությունները վերլուծություն կատարեն, թե ինչ ենք ունեցել և ինչի ենք հասել: Ազատ շուկան իրեն սպառել է դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսի: Պետությունը չի կարող  գիշերային պահակի դեր կատարել: Պետությունը պետք է ուղղորդող, նպաստող, խթանող լինի, որպեսզի զարգանա: Իսկ եթե ձեռքերը լվանա և կողքից նայի, թե մասնավորն ինչ քայլեր է կատարում և բյուջե ինչ մուտքեր է ապահովում, մենք այսպես շարունակելու ենք խարխափել: Մեզ պետք են կտրուկ քայլեր, որոնք կխթանեն տնտեսության զարգացմանը»,- ասաց Վ. Սաֆարյանը:   

Արմինե Գրիգորյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: