Աստված կամ բնությունը մեզ շռայլորեն տվել է այնպիսի հարստություն, որը չօգտագործելը և Հայաստանը ներկայիս վիճակից չհանելն, իրոք, հանցագործություն է

22 Փետրվարի 2018
Ինչպես է վարվելու ՀՀ վարչապետը` անտարբերությո՞ւն, հանցավոր անգործությո՞ւն, թե սրտացավ ու ճիշտ քայլեր` Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելու համար:
ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր քննարկում Քարակերտի քարաձուլման գործարանի վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ: Այդ մասին զեկուցմամբ հանդես եկավ հանձնաժողովի փորձագետ Գագիկ Դորունցը: Վերջինիս տեղեկացմամբ, «Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանը Հանրային խորհրդին առաջարկություն է ներկայացրել, որպեսզի նշված գործարանը վերագործարկվի:
«Մենք այդ առաջարկությունը ստանալուց հետո փորձեցինք, ընդհանրապես, այսպիսի առաջարկությունների քննարկման ձևը փոխել, առաջինը մենք գնացինք գործարան, որպեսզի տեղում տեսնենք,- ասաց փորձագետը:- Բոլոր տեսակի տեղեկանքները, փաստաթղթերն իրենց հերթին, բայց պետք էր գնալ, տեղում տեսնել: Գնացինք, տեսանք: Ժամանակին մի շատ լավ բան է մտածված եղել, շատ լավ տարածք է, լավ կառուցապատված, և ամենակարևորը` գազից, ջրից, այդ կոմունիկացիաներից բացի, նախատեսված է եղել և գործարանից մինչև «Դալարիկ» կայարան կա երկաթգծի հանգույց: Շենքերի, շինությունների վիճակը վատ չէ, լավ է, դրանց վերականգնման համար մի թեթև վերանորոգման աշխատանքներ են պետք»:
Գ. Դորունցի տեղեկացմամբ, Խորհրդային Միության ժամանակ այդ գործարանի կառուցման պատվերը տվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, նախագիծը 1980թ. մարտի 21-ին հաստատվել է նախկին Մինիստրների Սովետի «Հայգունմետաղ» վարչության կողմից: Գործարանը, ըստ նախագծի, նախատեսված է եղել հանքերի պոչուղիների երեսպատման համար 250X250 չափսերի, 20 մմ և 250X250 չափսերի, 35 մմ հաստության բազալտյա ձուլածո, փայլեցված սալիկների  արտադրության համար: Որպես հումք, նախատեսված է եղել օգտագործել տեղական բազալտները: Գործարանի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել է 2 մլն 995 000 ռուբլի, որից շինարարական աշխատանքների արժեքը` 1 մլն 844 630 ռուբլի, մոնտաժման աշխատանքների արժեքը` 31 960 ռուբլի, արտադրական ֆոնդերի արժեքը` 3 մլն 34 770 ռուբլի: Արտադրական ֆոնդերի մեջ հիմնական ֆոնդերը կազմել են 2 մլն 995 ռուբլի, որից շենքերը և շինությունները` 2 մլն 105 000, սարքավորումները` 648 000: Սալիկների արտադրության տարեկան նախագծային հզորությունը 8500 տոննա է, արտադրանքի մեծածախ գինը` 1 մլն 950 ռուբլի, արտադրանքի ինքնարժեքը, տարեկան կտրվածքով, 838 000 ռուբլի, իսկ տարեկան շահույթը 1 մլն 112 000 ռուբլի է եղել, աշխատողների ցուցակային քանակը` 164 մարդ: Հիմնական սարքավորումներն են քարաձուլման մարտենյան վառարանը` օրական 50 տոննա արտադրողականությամբ, АПТ-10 մամլիչ-ձևավորող մեքենա (2 հատ), բյուրեղացնող վառարան (2 հատ):
«Այս նախագծից հետո կառուցված գործարանի հիմնական մասնաշենքի տարածքում նախատեսվել է կառուցել բազալտե մանրաթելի փորձնական արտադրության տեղամաս,- ասաց Հանրային խորհրդի փորձագետը:- Աշխատանքային նախագիծը մշակվել է «Հայգունմետաղ» գիտաարտադրական միավորման կազմում գտնվող «Հայգունմետաղ» նախագծային և գիտահետազոտական ինստիտուտի կողմից, «Հայգունմետաղ» գիտաարտադրական միավորման առաջադրանքով: Նախագիծը հաստատվել է 1988 թվականին: Տեղամասի շինարարության նպատակն է եղել արտադրել գերբարակ մանրաթել` տեղական բազալտների հումքային բազայի վրա: Պատրաստի արտադրանքը` բազալտյա բամբակը, օգտագործվում է ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ, զտիչ նյութեր պատրաստելու համար, որն, իր հերթին, կարող է բաղադրիչ հանդիսանալ ջերմակայուն ստվարաթղթի և ջերմակայուն թղթի արտադրության մեջ: Տեղամասի շինարարության համար հատկացվելիք կապիտալ ներդրումները կազմել են 39 630 ռուբլի, աշխատողների քանակը` 13 մարդ, արտադրության ծավալը` 78,2 տոննա, շահույթը` 110 000 ռուբլի: Նախատեսված է եղել գործարանում հետագայում նույն տեղական բազալտի հումքի հիման վրա արտադրել նաև ձուլածո խողովակներ: Այդ ձուլածո խողովակները, հաշվի առնելով բազալտի քիմիական կազմը, ռեակտիվ միջավայրերում, ակտիվ միջավայրերում դիմանում են»:
Ինչպես ակնհայտ է արտադրանքի ինքնարժեքի և ստացվելիք շահույթի վերաբերյալ Հանրային խորհրդի փորձագետի հրապարակած թվերից, դեռ խորհրդային տարիներին մենք գործ ունեինք գերշահույթներ բերելու ունակ մի գործարանի հետ, որը եթե 5-6 ամիս աշխատելուց հետո, 1992թ. հարկադրաբար կանգ չառներ Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման, գազի մատակարարման դադարեցման հետևանքով, ապա կարճ ժամանակում ստացված շահույթով կփակեր իր վրա կատարված բոլոր ծախսերը: Անշուշտ, այժմ խորհրդային ռուբլին գոյություն չունի, այլ վճարամիջոցներ են, եթե գործարանը վերագործարկվի, արտադրանքի ինքնարժեքի, շահութաբերության ու մյուս բոլոր թվերն այլ են լինելու, սակայն, ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանի հավաստմամբ, միանշանակ է, որ գործարանը լինելու գերշահութաբեր, առավել ևս, եթե անցնի նաև պեռլիտից (հանքը գործարանին շատ մոտ է) տարբեր ու մեծ պահանջարկ ունեցող արտադրանքների (ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ սալիկներ, բուսական յուղերի արտադրության մեջ օգտագործվող ֆիլտրեր և այլն) արտադրության:
Գ. Դորունցի տեղեկացմամբ, հիշյալ գործարանի համար Խորհրդային Միության ժամանակ ձեռք է բերվել МСМТ-009 մոդելի ձուլման սարքավորում, որի տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս 1 ժամում արտադրել 35-40 մմ պատի հաստությամբ, 592, 680, 780 մմ տրամագծով, 1, 1.5, 2 մետր երկարությամբ 2-3 խողովակ կամ տարեկան 6000 տոննա: Բացի այդ, ինչպես փորձագետը հայտնեց, Սանկտ Պետերբուրգի, Երևանի մետրոպոլիտենների (հավելենք` նաև այլ) կողմից պահանջարկված են մետրոպոլիտենի թունելների երեսապատման համար ձուլածո բազալտից սեգմենտներ, որոնցից (13 հատից) ամբողջանում է թունելի 5.5 մետր տրամագծով յուրօրինակ «խողովակը»: Այդ սեգմենտները շատ դիմացկուն և երկարակյաց են ու թույլ չեն տալիս, որ ստորերկրյա ջրերը, որոնց դեմն առնելը մետրոպոլիտեններում հիմնախնդիր է, թափանցեն թունելից ներս:
Ինչպես նշեց «Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանը, այսպիսի գործարան ունենալը և այն չաշխատեցնելը հանցագործություն է: Դրա համար պահանջվում է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար, որը ընկերության մոտ 50 տոկոսի բաժնետեր Սուրեն Գևորգյանը ու մնացած մասի բաժնետեր նրա գործընկերը չունեն ու փորձում են ձեռք բերել:
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը առաջարկում է պետությանը շահավետ ու ձեռնտու պայմաններով ստեղծել պետական ու մասնավոր բաժնեմասով (խառը սեփականության ձև) նոր ընկերություն, որում պետության բաժնեմասը 50 տոկոսից պակաս չի լինի: Հաշվի առնելով, որ արտադրանքը մեծ պահանջարկ ու շահութաբերություն ունի, այն պետական բյուջեի համար խոշոր գումարների հոսք կապահովի, ինչը թույլ կտա վերագործարկել արդյունաբերական նաև այլ ձեռնարկություններ, ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունը: Այլ կերպ ասած, եթե ՀՀ կառավարության կողմից համապատասխան մոտեցում լինի, Քարակերտի քարաձուլման գործարանը Հայաստանի արդյունաբերության համար լոկոմոտիվի դեր կկատարի` իր ետևից կքաշի և առաջ կտանի նաև արդյունաբերական մի շարք այլ ձեռնարկություններ: Առանց որևէ չափազանցության, կարելի է ասել, որ շուրջ 30 հեկտար տարածքով այս գործարանը արդյունաբերության ոլորտում Խորհրդային Միությունից մեզ մնացած ամենամեծ ու կարևոր ժառանգությունն է, եթե որոշ հանգամանքներ հաշվի առնենք, ապա նույնիսկ «Նաիրիտ»-ին գերազանցող:
Սուրեն Գևորգյանի հիշյալ առաջարկությանը Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի վերաբերմունքը դրական էր, հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը խոստացավ, որ Հանրային խորհրդի կողմից Քարակերտի քարաձուլման գործարանի վերագործարկման հարցը կբարձրացվի կառավարության առջև: Կարիք կա նաև ստեղծել մասնագետներից բաղկացած փորձագիտական խումբ կամ հանձնաժողով, որը կլինի ընկերությունում, կուսումնասիրի ինչ ունի այն, եղածն ինչ վիճակում է, վերագործարկման համար անհրաժեշտ սարքերից, այլ գույքից ինչ չունի, իրականում որքան գումար է անհրաժեշտ գործարանի վերագործարկման, ինչպես նաև բազալտից ավելի հեռանկարային պեռլիտից տարբեր տեսակի արտադրանքների արտադրություն հիմնելու, կազմակերպելու, արտադրանքը Հայաստանից արտահանելու համար, մի խոսքով, իր եզրակացությամբ կտա այս ամենի օբյեկտիվ գնահատականը:
Հանձնաժողովի նիստի ընթացքում հնչած այլ ելույթների, առաջարկների, ինչպես նաև Սուրեն Գևորգյանի առաջարկության հետ կապված զարգացումներին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներով:
Վերջում հավելենք, որ Քարակերտի քարաձուլման գործարանի վերագործարկման, նաև պեռլիտից ձուլածո տարբեր արտադրանքների արտադրություն կազմակերպելու անհրաժեշտությանը «Նոյյան Տապան»-նն արդեն իր մի քանի հրապարակումներով (http://nt.am/am/news/247497/http://nt.am/am/news/247223 ) անդրադարձել է: Աստված կամ բնությունը մեզ հրաբխային ժայթքման ձևով շռայլորեն տվել է այնպիսի հարստություն` պեռլիտ, բազալտ, բենտոնիտ, ցեոլիտ և այլն, որը չօգտագործելը և Հայաստանը ներկայիս վիճակից չհանելն, իրոք, հանցագործություն է:
 
Արթուր Հովհաննիսյան
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: