Նախորդ տարվա նախատոնական շրջանի համեմատ այս տարվա գները շատ ավելի բարձր են. հանիրավի թանկացրել են ապրանքները․ Վազգեն Սաֆարյան

27 Դեկտեմբերի 2017

Սպառողական շուկայում զբաղված մարդիկ փորձում են օգտվել նոր տարվա աժիոտաժից և, իմ կարծիքով, հանիրավի թանկացնում են ապրանքները։

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Նրա համոզմամբ՝ նախորդ տարվա նախատոնական շրջանի համեմատ այս տարվա գները շատ ավելի բարձր են՝ թե՛ կարագի, թե՛ խոզի մսի մասով։ Վազգեն Սաֆարյանը նշում է, որ խոզի բուդը, եթե նախորդ տարի հնարավոր էր գնել 3000-3200 դրամով, այս տարի նվազագույն գինը 3500 դրամ է։

«Օրինակ`Կրասնոդարից ներկրված խոզի միսը 2800 դրամ է, իսկ տեղականը 3500 դրամ։ Հիմա հարց է առաջանում՝ այդքան ծախս անելով բերում են և նա ավելի էժան է, քան տեղական խոզի միսը։ Տավարի մսի իմաստով կարելի է ասել խոտը պակասել էր, դրանով էին պայմանավորում թանկացումը, թեև չեմ կարծում, որ այստեղ ուղղակի կապ կարելի է գտնել։ Ստացվում է, արտադրողները փորձում են լրացուցիչ շահ ապահովել իրենց համար, որովհետև նրանք էլ ուրիշ թանկացած ապրանքներ են առնում»,- նշեց Վազգեն Սաֆարյանը։

Ըստ նրա՝ արհեստական թանկացումների կանխման հարցում շատ կարևոր է պետության դերակատարությունը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է վերահսկի շուկան, բայց, Սաֆարյանի խոսքով, հանձնաժողովի աշխատողների քիչ թվաքանակով հնարավոր չէ ամբողջ շուկայում վերահսկողություն իրականացնել։

«Դրա համար մենք ավելի շատ մեր հոգեբանությունը պետք է փոխենք։ Իհարկե, վերահսկողությունն, անպայման, պետք է լինի։ Ներմուծողների նկատմամբ կիրառվի այնպիսի մոտեցում, որ եթե դու փորձում ես հավելյալ շահույթ ստանալ, այդ հավելյալ շահույթի 90 տոկոսը պետք է բյուջե մուծես։ Այս դեպքում չեն գնա հավելյալ գերշահույթ ստանալու ճանապարհով»,- ասաց նա։

Ընդհանրապես, ըստ Վազգեն Սաֆարյանի, գների բարձրացում չունենալու համար պետք է տեղական արտադրությունը զարգացնել։

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը հայտնեց նաև, որ առաջիկայում գների թանկացման մյուս խնդիրը վառելիքի գնի բարձրացումն է, որը պայմանավորված է ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի ավելացմամբ։ Ըստ նրա՝ սա կանդրադառնա այն ապրանքատեսակների գնի բարձրացման վրա, որոնց ինքնարժեքում առկա է դիզելային վառելանյութը կամ բենզինը։ Հատկապես սա կազդի գյուղատնտեսական մթերքների արտադրության վրա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: