Պետք չէ սպասել, որ մեծ ներդրումներ կգան մեր արդյունաբերության մեջ ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումից հետո. Վ. Սաֆարյան.

15 Նոյեմբերի 2017

«Նոր իրողություններ են ի հայտ եկել, եթե առաջ Եվրամիությունը հստակ հարցադրում էր դնում , որ կամ պետք է ընտրել ԵՏՄ-ն, կամ ԵՄ-ն, հիմա այդ պահանջը վերացվել է: Սակայն պետք է ասեմ, որ թե ԵՄ-ի շրջանակներում, թե ԵՏՄ-ում Հայաստանի առևտրատնտեսական հարաբերույթունները գրեթե հավասար են»:

Այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները կենտրոնանում են մետաղական հումքի վրա . «Դարձել են Եվրամիության հումքային կցորդը: Այս իմաստով մինչև այժմ մեզ համար ավելի շահեկան է եղել ԵՏՄ-ի կազմում լինելը: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ԵՏՄ-ում ապրում են շատ հայեր, որոնք աշխատում են և ֆինանսական տրանսֆերներ են կատարում դեպի ՀՀ :  ՀՀ արտաքին առևտրի արտահանման ծավալները անցել են 1,7 մլրդ դոլարի սահմանը: Մինչև տարվա վերջ այն կհատի 2 միլիարդի սահմանագիծը»:

Սաֆարյանի համոզմամբ՝ ԵՄ-ի մի քանի երկրներ չեն ցանկանա, որ այն երկրները, որոնք իրենց համար հումքային կցորդ են, ինչպես Հայաստանն է, զարգացած երկրներ լինեն.« Այնպես որ, պետք չէ սպասել, որ մեծ ներդրումներ կգան մեր արդյունաբերության մեջ, քանի որ վարկերն ու գրանտները հիմնականում եղել են ենթակառուցվածքներում»,-նշեց նա:

Ըստ տնտեսագետի՝ մտավախություն է առաջացնում ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի քաղաքական ենթատեքստը. «Ինձ մտահոգում է, որ ներկայիս Թուրքիան գնում է դեպի Ռուսաստան, նրանց հարաբերությունները ջերմանում են, իսկ մենք գնում ենք դեպի Եվրոպա: Մենք նման վիճակում եղել ենք 1918- 1920թ-ին, և արդյունքում հսկայական կորուստներ ունեցանք: Դրա համար ԱԳՆ-ն պետք է կշռադատի, հաշվարկի, որպեսզի այնպիսի քայլեր չանենք, որ հետո ստիպված լինենք զղջալ և փնտրել  հետդարձի ճանապարհ»,-ասաց նա:

ՀՊՏՀ-ի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով՝ համաձայնագիրը լայնածավալ ռեֆորմներ ենթադրող փաստաթուղթ է ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների առումով և կարող է մեծ օգուտներ բերել:

«Իրականացման դեպքում կարող է մեծ օգուտներ լինեն: Թերևս դա բխում է ավելի ճկուն արտաքին քաղաքականության վարելու անհրաժեշտությունից, նաև մանևրելու հնարավորությունից, բայց եթե համաձայնագիր կնքվեց, ՀՀ-ն յուրահատուկ կամուրջ կդառնա ԵՄ-ԵՏՄ-ի նման աշխարհաքաղաքական լուրջ կազմավորումների միջև: Երկուսն էլ ուղիներ են փնտրում ընդառաջ գնալու»,-ասաց նա:

Մասնագետը գտնում է, որ համաձայնագիրը զիջում էր Եվրոպական համայնքի կողմից , հետքայլ իր որդեգրած կոշտ դիրքից:

 

Աղբյուրը` "Անկախ" լրատվական

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: