Հայաստանում կապիտալիզմ ա, ոչ թե բոլշևիզմ (Մարինե Պետրոսյան)

20 Սեպտեմբերի 2017

Մի ուրվական ա շրջում Հայաստանում՝ բոլշևիկների ուրվականը։ 

Բայց ուրվականները լավ բան չեն։ Ուրվականները վախի հետ են ասոցացվում։ Ու ոմանք հենց տենց էլ ասում են՝ վախեցեք, բոլշևիկները դեռ մեր կողքին են։ Կամ էլ ասում են՝ բոլշևիկները հեսա հետ են գալու, 37 թիվը կարող ա կրկնվել։ Իրականության հետ աղերս չունեցող նման պնդումները մեզ կխանգարեն ճիշտ տեսնել մեր ներկան։ Բոլշևիկները մեր պատմության մի մասն են, ու նաև՝ աշխարհի պատմության մի մասը։ Պետք չի իրանց դուրս քաշել պատմությունից և սարքել արտաժամանակային-հավերժական բոբո՝ պատմության մասին սթափ խոսակցությունը փոխարինելով հուզական աջափ-սանդալով։ 

Բոլշևիկները հեղափոխականներ էին։ Մարքսիստներ։ Հավատում էին, թե սեփական աչքերով տեսնելու են էն օրը, երբ, ոնց որ Մարքսն էր կանխագուշակում,  մարդու կողմից մարդու շահագործման վրա հիմնված հասարակարգերի դարավոր հերթափոխումը վերջ կգտնի և կգա կոմունիզմը՝ չեն լինի դասակարգեր և պետություն, չի լինի շահագործում, մարդիկ կաշխատեն ոչ թե մի կտոր հաց վաստակելու, այլ սեփական հաճույքի համար, և բոլորը կունենան սեփական պահանջմունքները բավարարելու հավասար հնարավորություններ՝ անկախ աշխատանքից։ Բոլշևիկները ոչ թե պարզապես հավատում էին էդ դրախտային ապագայի գալուն, այլ հենց իրանք էին պատրաստվում բերել էդ ապագան՝ սեփական գործողություններով։ Հեղափոխությամբ։ Բռնությամբ։ Հեղափոխությունները համարյա միշտ են բռնությամբ ուղեկցվում, բայց բոլշևիկների հեղափոխությունը էդ իմաստով երևի թե տվեց անցավ բոլոր հեղափոխություններին՝ բռնությունները շարունակվեցին նաև բուն հեղափոխությունից հետո էլ, տասնամյակներ շարունակ։ Իսկ կոմունիզմն ի վերջո չկառուցվեց։ Եվ Սովետական Միությունը փուլ եկավ։ 

Էս, ինչ որ շատ կարճ պատմեցի, 20-րդ դարի պատմության կարևորագույն, առանցքային էջերից ա։ Ողբերգական էջերից։ Կոմունիզմը տենց էլ չկառուցվեց, բայց կոմունիզմի կառուցման ծրագրով ստեղծված Սովետական Միությունը դարձավ աշխարհի երկու գերտերություններից մեկը։ Ու Հայաստանը դրա մի մասն էր՝ մոտ յոթ տասնամյակ։ 

Հայաստանն, իհարկե, Սովետական Միության մաս էր դարձել Հայաստանի առաջին անկախ Հանրապետության կործանման արդյունքում։ Իսկ Հայաստանի առաջին Հանրապետությունը, թուրքերի հետ դաշնակցած, կործանել էին բոլշևիկները, էդ թվում՝ հայ բոլշևիկները։ Բոլշևիկների համար ազգային պետությունը կարևորություն չուներ, արժեք չէր, կարևորը պրոլետարական հեղափոխությունն էր։ Առաջին համաշխարհային պատերազմը երբ սկսվեց և Ռուսաստանը մտավ պատերազմի մեջ, Ռուսաստանի բոլշևիկները որգեդրեցին սեփական երկրի պարտության կարգախոսը, համարելով որ ցարական Ռուսաստանի պարտության դեպքում իրանց հեղափոխությունը հաղթանակի ավելի մեծ շանսեր կունենա։ Իսկ Հայաստանի դեպքում, քանի որ քեմալական Թուրքիան խորամանկորեն «բոլշևիկացել էր», բոլշևիկները, էդ թվում հայ բոլշևիկները, թուրքերի կողմից էին՝ ընդդեմ Հայաստանի «բուրժուական» հանրապետության։ 

Էն, որ Հայաստանի Հանրապետությունն ապրեց ընդամենը երկու տարի, դրա քաղաքական ղեկավարության՝ դաշնակցականների մեղքը չէր։ Բոլշևիկները հաղթեցին ամբողջ Հարավային Կովկասում։ Եվ սկզբում հավատում էին, թե իրանց հեղափոխությանը կմիանան նաև ամբողջ աշխարհում։ Բայց տենց չեղավ։ Կապիտալիզմը չկործանվեց, այլ գնալով ավելի բարգավաճեց և ուժեղացավ։ Իսկ Սովետական Միությունը բարիկադավորվեց որպես պաշարված ամրոց և կոմունիզմ կառուցելու նպատակը ժամանակի հետ աստիճանաբար խամրեց, մեռավ, վերջում մնացել էր մենակ դասագրքերի ու ճառերի մեջ։ 

Էն Սովետական Միությունում, որը տեսել են էսօր ապրող հայաստանցիները, բոլշևիկներ արդեն չկային։ Կոմունիզմի կառուցմանն արդեն ոչ ոք չէր հավատում, նույնիսկ, կամ գուցե առաջին հերթին, հենց նրանք չէին հավատում, ովքեր դրա մասին ճառում էին։ Բրեժնևյան Սովետում իշխում էին կոնֆորմիստները։ Նրանք որ Հայաստանի էսօրվա իշխանություններին անվանում են բոլշևիկ, էդ բառի տակ գուցե հենց նրանց նկատի ունեն՝ բրեժնևյան շրջանի պարտիականներին։ Հանրապատականների և բրեժնևյան պարտիականների միջև նմանություն իսկապես կա՝ մի բան ասել, կուսակցության ծրագրում մի բան գրել, բայց դրան չհավատալ և լրիվ ուրիշ բան անել իրականում։ Բայց դա բոլշևիզմ չի, այլ ոնց որ ասեցի՝ կոնֆորմիզմ։ Բոլշևիզմի  բերած սարսափները ոչ թե իրանց չունեցած կոնֆորմիզմից էին գալիս, այլ ճիշտ հակառակից՝ հեղափոխական ֆանատիզմից։ Բրեժնևյան շրջանում արդեն չկար էդ ֆանատիզմը, չկային նաև զանգվածային բռնաճնշումները, կար համատարած անհավատություն և զինիզմի հասնող պրագմատիզմ։ 
  
Բայց Սովետը տեսած, կամ ավելի ճշգրիտ ասած՝ Սովետի վերջին շրջանը տեսած հայաստանցիները, էդ երկիրը հիշելիս, մենակ Բրեժնևին ու պարտիականներին չէ, որ հիշում են։ Նրանք հիշում են, որ կյանքը սոցիալապես շատ ավելի ապահով էր, քան հիմա՝ աշխատանքն գտնելն ավելի հեշտ էր, կրթությունն ու առողջապահությունը ձրի էին (կաշառքը չհաշված): Դրա համար էլ էսօր շատ հայաստանցիներ դեմ են կոմունիստների անունով մնացած փողոցները անվանափոխելուն։ Անկախության առաջին տարիներին դրան դեմ եղողները ավելի քիչ էին՝ սոցիալական ապահովության նոստալգիան դեռ չկար։ Սովետի վերջին՝ բրեժնևյան շրջանում, սովետական պրոպագանդան  շարունակում էր խոսել կապիտալիզմի նեխած լինելու մասին, բայց դրան համարյա ոչ ոք արդեն չէր հավատում, սահմանները առաջվա պես լրիվ փակ չէին, մարդիկ գնում գալիս էին ու պատմում, որ ամերիկաներում մարդիկ շատ ավելի լավ են ապրում։ Իսկ Ամերիկաներում կապիտալիզմ էր։ Ու երբ որ Սովետը փուլ եկավ, մենք խանդավառված հենց էդ կապիտալիստական համակարգն էլ վերցրինք։ Բայց մեր խանդավառության գլխին շատ շուտով սառը ջուր թափվեց։ 

Էսօր 2017 թիվն ա, աշուն։ Սովետական Միությունն արդեն քառորդ դարից ավելի ա՝ չկա։ Հայաստանն արդեն քառորդ դարից ավելի ա՝ անկախ ա։ Անկախ ես՝ նշանակում ա ինքդ ես պատասխանատու քո լավի ու վատի համար։ Իսկ լավն ա ու վատը պայմանավորված են երկրում գործող համակարգով։ Հայաստանցիների մի բավական մեծ մաս էսօր հիասթափված ա անկախությունից, որովհետև չի կարողանում անկախ Հայաստանում արժանապատիվ ապրել։ Բոլշևիկներն ու բոլշևիզմը դրա հետ կապ չունեն։ Հայաստանում գործող համակարգը կապիտալիստական համակարգ ա, ոչ թե բոլշևիկյան։ Եթե ուզում ենք էական փոփոխությունների հասնել, էս համակարգի մեջ ա պետք շտկումներ կատարել։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: