Անսահման ագահության մի արշավ են սկսել. սփյուռքահայ գործիչը հակադարձում է Սերժ Սարգսյանին

19 Սեպտեմբերի 2017

«Եթե նա դա ասում է, պետք է նաև գիտակցի, որ երկրում պետք է փոփոխություն լինի, որ 3 միլիոնը դառնա 4 միլիոն: Այդ 4 միլիոն էլ մի սփոփիչ թիվ չէ, պետք է ավելին լինի»,- այս մասին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց ամերիկաբնակ հասարակական գործիչ Զարեհ Պալյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանի բնակչությունը պետք է դարձնել 4 միլիոնի:

Զարեհ Պալյանի խոսքով՝ Հայաստանում իշխանավորները անսահման ագահ են, իսկ Հայաստանում առկա իրավիճակը պետք է սթափեցնի ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ մյուս պաշտոնյաներին:

«Անսահման ագահության մի արշավ են սկսել ու դա չի դադարում: Իհարկե, ի վիճակի են փոփոխություն անելու, բայց մարդիկ մի այնպիսի երանության մեջ են ընկել, որ խոպան են եկել, թալանում են, չեն խղճում չունեւորին: Մարդկանց չեղած գումարներից էլեկտրականության գին են ավելացնում, թանկացում են անում, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց Զարեհ Պալյանը՝ նշելով, որ դա նշանակում է, որ ոչ թե փոխվելու միտք ունեն, այլ ամեն ինչ անում են, որ ժողովուրդը, անպայման, լքի Հայաստանը:

«Համաժողովում Արամ Առաջինի խոսքը իսկապես սրտացավ հայ մարդու խոսք էր, իսկ թե ինչ էին խոսում Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, անհասկանալի էր: Ես չեմ սպասում, որ նրանց ասածը ճշմարտություն է: Ուրիշի գրածը վերցնելն ու կարդալը պատիվ չի բերում»,- նկատեց Պալյանը:

Հարցին՝ սփյուռքահայ գործիչները վստահո՞ւմ են Հայաստանի կառավարությանը, որպեսզի գան ու ներդրումներ անեն Հայաստանում: «Զրո վստահություն, գիտեն, որ թալանում են, դատարան չկա, եթե մարդիկ վեճի մեջ են ընկնում: Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում: Ճիշտ է, շատ մեծ գումարներ չէին, ամեն մեկը մինչեւ 30 հազար դոլար: Չորսն էլ թալանեցին տարան, ո՞ւր է դատարանը, որ ես դիմեմ, որ արդարությունը վերականգնեմ: Հինգերորդն էլ անցած տարի դրեցի, չաշխատեց: Խնդիրը բարոյահոգաբանական ու ազնվական արժեքների բացակայությունն է, դա տանում է դեպի գահավիժում»,- հայտարարեց հասարակական գործիչը:

Զարեհ Պալյանը նաեւ ուշադրություն հրավիրեց Հայաստանում պետական պաշտոններում նշանակվող մարդկանց կենսագրությանը: Նրա խոսքով, ողբերգություն է նաև այն, որ պետական պաշտոնյաների են նշանակվում մարդիկ, որոնց արյան մեջ թալանն ու անդարարությունը կա:

«Ես ոնց կարող եմ նման նախարարին ստիպել, որ հօգուտ ազգի աշխատի և ոչ թե հօգուտ իր գրպանի: Ազնիվ մարդը Հայաստանում հարիֆ է, արհամարհված մի հիմար: Մյուս կողմից, բոլոր բացասական հատկանիշներ դրսևորող անձնավորությունները ճարպիկ են, շնորհքով տղա են: Այ, այսպիսի վիճակ ո՞ւր կհասցնի մեզ»,- եզրափակեց Պալյանը:

Աղբյուրը՝ Հայկական Ժամանակ օրաթերթից

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: