ՀԿԿ-ն զգուշացնում է «Ելք»-ին. «Բոլշեւիկների վաստակի մասին եզրահանգումներ անելը ինչ-որ քաղաքական ուժի որոշելիքը չէ»

15 Օգոստոսի 2017

Հայտարարություն
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկել է անվանափոխել մայրաքաղաքի այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են բոլշևիկ գործիչների անուններ:
Ամբոխահաճության կարգախոսների օգնությամբ ստանալով երևանցի ընտրողների վստահության քվեն՝ նշյալ դաշինքի անդամները, փոխարենը զբաղվելու մայրաքաղաքի հրատապ և այժմեական խնդիրներով, ինչպիսիք են քաղաքի բարեկարգումը, վթարային շենքերի և վերելակների հիմնանորոգումը, կանաչապատումը, աղբահանության որակի բարելավումը և այլն, նպատակ են դրել առաջ քաշելու խիստ քաղաքականացված և որոշակի անթաքույց մտայնություն կրող հարց, որը ոչ այն ինչ է, եթե ոչ հակակոմունիստական մոլեռանդության դրսևորում, որը մշտապես արժանացել է Կոմունիստական կուսակցության քննադատությանը: Նման առաջարկն իր մեջ պարունակում է հակառուսական երանգ, որը կարմիր թելով անցնում է «Ելք» - ի ամբողջ գործունեության միջով և որի վառ վկայությունը Եվրասիական տնտեսական միության դեմ այդ դաշինքի անդամների պարբերաբար կրկնվող ելույթներն ու քննադատական արտահայտություններն են:
Այս ամենը գալիս է ապացուցելու մեկ բան՝ «Ելք» - ը Հայաստանի ներքաղաքական դաշտում առաջ է մղում արևմուտքի շահը: Սեպ խրել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մեջ կամ տրամադրել հայ ժողովրդին Ռուսաստանի դեմ «Ելք» - ին կհաջողվի նույնքան վատ, որքան՝ հայ բոլշևիկների հանդեպ սև PR – ի իրագործումը:
Երախտագետ հայ ժողովուրդը լավ գիտի և սրբորեն պահպանում է Ալ. Մյասնիկյանի, Ստ. Շահումյանի, Ս. Կասյանի և մյուսների վաստակն ու հիշատակը՝ արժանին մատուցելով իր զավակների անցած ուղուն: 
«Ելք» խմբակցության անդամները առաջինը չեն, ում մտքով անցել է փոխել, վերափոխել կամ ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է կոմունիստների անվան հետ: Հակակոմունիստան ու հակառուսական ամենամեծ և ուժգին ալիքը տեղի ունեցավ 90 – ականների սկզբին, երբ գործի էր դրվել «Ռուսները շեկ թուրքեր են» բարբարոսական կարգախոսը, երբ համատարած ատելության սերմանելու փորձ էր արվում ռուսաց լեզվի և առհասարակ կոմունիստական արժեքների նկատմամբ: Ժամանակը, սակայն, ամեն ինչ դրեց իր տեղը, և նման փորձերն ապարդյուն անցան:
Ապարդյուն կանցնի նաև «Ելք» - ի սույն առաջարկը, քանի որ բոլշևիկների վաստակի մասին եզրահանգումներ անելը առանձին վերցրած ինչ – որ քաղաքական ուժի որոշելիքը չէ, այլ ՝ համայն հայ ժողովրդի խնդիրն ու գործը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: