Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ` Վ. Սաֆարյանի ելույթը ՀԱՄԿ-ի Արդյունաբերության աշխատողների արհմիության ճյուղային հանրապետական միության 2-րդ համագումարում

03 Ապրիլի 2018

 2018թ. մարտի 27-ին տեղի ունեցած Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության  2-րդ համագումարում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ,ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ`  Վ. Սաֆարյանը: 

     Նա  հաջողություն մաղթելով համագումարի աշխատանքներին  կարևորեց արհմիությունների դերը աշխատավորության սոցիալ-տնտեսական խնդիրերի լուծման գործում: Նա նշեց, որ արդյունաբերությունը Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների մեջ 2017թ. ապահովել է 12,6% աճ` նախորդ տարվա համեմատ: Արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են 1,661 տրլն դրամ: Արտահանման ծավալները գերազանցել են 2,242 մլրդ դոլարը, որը նախորդ տարվա համեմատ ավել է 25,2%-ով և զիջում է ներմուծմանը 1,8 անգամ: Սա դրական դինամիկա է, եթե հաշվի ենք առնում, որ տարիներ առաջ ներմուծման ծավալները գերազանցում էին արտահանման ծավալներին մոտ 3 անգամ: Արտահանման աճի դինամիկան արդյունք է ՀՀ Կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի ընդունած "Արդյունաբերության զարգացման հայեցակարգի", որի ընդունման համար մեծ ջանքեր են գործադրել և Հայրենական ապրանքարտադրողների միությունը և Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը: Մեր համատեղ գործադրած ջանքերի արդյունքում, ՀՀ Կառավարությունը, համաձայն ընդունված Հայեցկարգի, առաջին անգամ բյուջեից հատկացրեց գումարներ արտահանմանն ուղղված տնտեսվարող սուբյեկտների արդյունաբերական վարկերը 3%-ով  փոխհատուցելու: Ստեղծված Արդյունաբերության զարգարցման հիմնադրամում հոգաբարձուների խորհրդի անդամներ դարձան և Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը  և Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ` Հ. Դանիելյանը: Հետագայում, ցավոք, այդ Հիմնադրամը միացվեց Հայաստանի զարգացման հիմնադրամին և շեշտադրումները արդյունաբերության մասին երկրորդ պլան մղվեցին: Հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանը Խորհրդային ժամանակահատվածում արտադրում էր 9950 հատ մետաղահատ հաստոցներ, 10585 ուղևորաբեռնատար ավտոմեքենաներ, 50 հազ. տոննա քլորոպրենային կաուչուկ, 1,438 հազ. ավտոդողեր և շատ ու շատ այլ մեքեանաշինական, սարքաշինական, քիմիական ապրանքատեսակներ, որի մեծ մասը արտահանվում էր և դա ապահովում էր Հայաստանի արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը: 

  2017թ. Հայաստանից արտահանվող ապրանքների 90%-ից ավելին կազմում են պատրաստի սննդի` (24,1%), հանքահումքային արտադրանքի` (31,5%), թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների` (13,1%), ոչ թանկարժեք մետաղների` (12,6 %): 

  Այս իրավիճակը մեզ խորհելու տեղիք է տալիս այն առումով, որ անհրաժեշտ է զարգացնել Հայաստանի արդյունաբերական ներքին և արտաքին կոոպերացիան, վարել մոբիլիզացիոն արդյունաբերական քաղաքականություն, Կառավարության կողմից վերջերս որդեգրած` պետություն-մասնավոր գործընկերության գործառույթի շրջանակներում: Կարծում եմ, որ մեզ կհաջողվի նոր ձևավորվելիք Կառավարության (ապրիլի 9-ից հետո) հետ առավել արդյունավետ համագործակցել արդյունաբերական քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: 

 Հայրենական ապրանքարտադրողների միության և ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անունից մեկ անգամ ևս ողջունում և հաջողություն եմ մաղթում արդյունաբերության ոլորտի բոլոր աշխատողներին և  Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության աշխատանքը գնահատում եմ բավարար ու  պատրաստակամություն եմ հայտնում առավել գործնական համագործակցություն ծավալել Հայաստանի արդյունաբերության զարգացման գործում:

  Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ` Համլետ Արիստակեսի Դանիելյանը բազմափորձ արհմիութենական գործիչ է,  քաջատեղյակ է արդյունաբերության խնդիրներին, վաստակած հարգանք է վայելում համակարգի աշխատողների շրջանում և լի է վճռականությամբ պայքարելու արդյունաբերության ոլորտում  աշխատողների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար: Ես նույնպես միանում եմ բոլոր այն առաջարկություններին` նրա թեկնածությունը ներկայացնելու  Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: 

Հարգելի պատվիրակներ, Հայրենական ապրանքարտադրողների միության և ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի կողմից թույլ տվեք փոխանցել ուղերձ`  Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության  2-րդ համագումարի պատվիրակներին:

 

 

ՈՒՂԵՐՁ

     Հարգելի ընկերներ

     Հայրենական ապրանքարտադրողների միության և ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անունից ջերմորեն ողջունում եմ Ձեզ` Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության  2-րդ համագումարի պատվիրակներիդ ու Հայաստանի  արդյունաբերության ոլորտի բոլոր աշխատողներին: Ցանկանում եմ կառուցողական և արդյունավետ ընթացք համագումարի աշխատանքներին:

     Համոզված  ենք, որ համագումարում ընդունած որոշումները նոր խթան կհանդիսանան Հայաստանի արդյունաբերության ոլորտի զարգացման, նրա  առաջընթացի, աշխատողների սոցիալ-տնտեսական խնդիրների և աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում:

       Արդյունաբերությունը, իրավամբ, համարվում է մեր Հանրապետության տնտեսության իրական հատվածը, երկրի  տնտեսության հիմքն ու հզորության չափանիշը:

      Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության  նախագահության, Հայրենական ապրանքարտադրողների միության, Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի և ՀՀ Կառավարության միջև  տարված ծավալուն աշխատանքի և  կառուցողական համագործակցության արդյունքում 2011թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ընդունված “Արդյունաբերական քաղաքականության հայեցակարգը” շրջադարձային նշանակություն ունեցավ վերջինիս զարգացման գործում: Այդ Հայեցակարգի գործառույթներով արտահանմանն ուղղված արտադրական ձեռնարկություններին տրվում են 3 %-ով փոխհատուցված վարկեր, որոնք էապես նպաստում են արդյունբերական արտադրանքի ծավալների պարբերական աճին: 2017թ. մակրոտնտեսական ցուցանիշների մեջ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմեց 1,660 տրլն դրամ, որը 12,6 %-ով  գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը,  արտահանման ծավալները կազմեցին  2,242 մլրդ $, աճը նախորդ տարվա համեմատ կազմեց 25,2 %: Հատկանշանական է, որ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը տարեց տարի նվազում է: 

              Հարգելի ընկերներ,

      Ոչ վաղ անցյալում մեր ավագ սերնդի  հերոսական ջանքերի շնորհիվ  Հայաստանը դարձրել էր արդյունաբերական հզոր ներուժ ունեցող երկիր:  Խորհրդային Հայաստանում   գործում էին 700-ից ավելի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ: Ժողովրդական տնտեսության մեջ աշխատում էին 1,642 մլն մարդ, այդ թվում. արտադրական ոլորտում` 1,057 մլն մարդ,   միայն արդյունաբերությունում 495 հազար: 1988թ. ազգային եկամտի (14 մլրդ ռուբլու հասնող) 67,5 %-ը կազմում էր արդյունաբերության մասնաբաժինը, որում իրենց ծանրակշիռ տեղն ունեին մեքենաշինությունը` 26,4% տեսակակար կշռով, քիմիական արդյունաբերությունը 7,9%:  Հայաստանում արտադրված արդյունաբերական ապրանքատեսակները արտահանվում էին աշխարհի 120-ից ավելի երկրներ: Հպարտությամբ կարելի է արձանագրել, որ 1989թ. Հայաստանում արտադրվել են 9950  հատ մետաղահատ հաստոցներ,  որից  9915  արտահանվել է,  5011 հատ կոմպրեսորներ, որից 5070 արտահանվել է, 26179 հատ կետրոնախույզ պոմպեր, որից 25744 արտահանվել է, 10585 հատ ուղևորաբեռնատար ավտոմեքենաներ, որից 9915-ը արտահանվել է, քլորոպրենային կաուչուկ`  50,9 հազ. տն., որից 31,5 հազարը արտահանվել է, սինթետիկ խեժեր և պլաստմասե իրեր`  23,8 հազ., որից 17,9 հազարը արտահանվել է, կաուստիկ սոդա` 57,9 հազ. տն., որից 6,8 հազարը արտահանվել է, 1,438 մլն  հատ անվադողեր, որից 1,399 մլն հատը  արտահանվել է:

         Այսօրվա սերնդի խնդիրն է վերականգնել մեր արդյունաբերական համալիրը, վարելով մոբիլիզացիոն քաղաքականություն, զարգացնելով և ընդլայնելով արդյունաբերական ներքին և արտաքին կոոպերացիան:

      Իրազեկում ենք Ձեզ, որ Հայրենական ապրանքարտադրողների միությունն ու ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական հարցերի հանձնաժողովը ձեռնամուխ են եղել Հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների անձնագրավորման և գույքագրման աշխատանքների կատարմանը, որոնք կներկայացվեն ՀՀ Կառավարություն` ներառվելու  պետություն-մասնավոր համագործակցության հայեցակարգի շրջանակներում վերագործարկելու: Ակնկալում ենք, որ Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը իր անդամ կազմակերպություններով ևս գործուն մասնակցություն կունենա այս կարևոր գործառույթում:

    Հարգելի պատվիրակներ, լիահույս ենք, որ Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության  նախագահ` Համլետ Արիստակեսի Դանիելյանը, օգտագործելով իր բազմամյա փորձն ու հարուստ գիտելիքները, ետայսու ավելի մեծ եռանդով կհամակարգի ճյուղային միության արդյունավետ գործունեությունը հանուն Հայաստանի արդյունաբերության զարգացման և ոլորտի աշախատողների սոցիալ-տնտեսական խնդիրների բարելավման:   

 

  

 

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ,

ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային

Հարցերի հանձնաժողովի նախագահ`  Վ. Սաֆարյան

            27.03.2018թ.

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: