«Նաիրիտի» աշխատակիցները անժամկետ նստացույց են հայտարարել

30 Հուլիսի 2015

Հայաստանի կառավարության շենքի մոտ իրենց արդար բողոքի գործողությունն են շարունակում «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցները։ Ցուցարարները պահանջում են անհապաղ վճարել աշխատավարձի պարտքերը և սկսում են նստացույց։

Այսօր առավոտյան մի խումբ ցուցարարներ փակել էին կառավարության շենք տանող ճանապարհներից մեկը, սակայն մի քանի րոպե անց ոստիկանությունը նրանց մայթ փոխադրեց և վերականգնեց տրանսպորտի երթևեկությունը։

Ցուցարարները վանկարկում էին «ամոթ» և «աշխատավարձ»։

Նրանք ասում էին, որ չեն հավատում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքերին, ով կառավարության այսօրվա նիստում հավաստիացրել է, որ․ «մոտակա երկու օրվա ընթացքում գործարանի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կվճարվեն»։

«Երկու օր առաջ Զախարյանը կրկին նույնն էր խոստանում, սակայն ոչ ոք դեռ աշխատավարձ չի ստացել։ Փորձը ցույց է տվել, որ այդպիսի խոստումներին հավատալ չի կարելի», բացատրում էր գործարանի նախկին մամլո քրտուղար Անուշ Հարությունյանը։

Նրա խոքսերի համաձայն, երեք օրվա ընթացքում կառավարությունն իր պարտքը վճարել է ընդամենը 800 աշխատակիցների, իսկ 1700 մարդ դեռ սպասում է իր փողին։

Հարությունյանն ավելացրել է, որ ցուցարարները մտադիր են կառավարության շենքի առաջ նստել այնքան ժամանակ, մինչև վերջին աշխատողն իր աշխատավարձը ստանա։ Գործարանի աշխատակիցները շուրջօրյա նստացույց են անելու։ Նա նաև ասաց, որ աշխատանքային օրվա ավարտից հետո իրենց են միանալու նաև գործարանի մյուս աշխատողները։

Ակտիվիստները նշում էին, որ կառավարության ոչ մի ներկայացուցիչ իրենց մոտ չի եկել։ Միակ մարդը, ով մոտեցել է իրենց, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է, ով հայտարարել է նաև, որ․ «եթե այդպիսի բարձր տրիբունայից խոստումներ են հնչեցնում, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, պետք է կատարեն»։

Իրավապաշտպանը ցուցարարներին օգոստոսի 3-ին հրավիրել է իր գրասենյակ այն դեպքում, եթե այնուամենայնիվ աշխատավարձերը չվճարի կառավարությունը։

«Մենք կգրանցենք գործարանի բոլոր այն աշխատակիցների անունները, ում պարտքը մարված չէ և կաշխատենք այդ ուղղությամբ», հայտարարել է Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները 2012 թ․-ից բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։ Այս տարի բողոքի մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել։ Հունիսի 9-ին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ նախագահի կարգադրությամբ մինչև հուլիսի 15-ը բոլորի պարտքը վերադարձվելու է։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: