Ադրբեջանը մի քանի հարյուր մետր տարածքի գրավումն օգտագործեց որպես հոգեբանական զենք

19 Մայիսի 2016

Քաղաքագետ Գագիկ Համաբարյանը մեկնաբանում է ՀՀ Նախագահի՝ Վիեննա կատարած այցը և լրագրողների հետ հարցազրույցի որոշ հատվածներ։

ՀՀ նախագահի հայտարարությունը` Վիեննայում կայացած հանդիպումը խոստումնալից համարելու մասին, ավելի շատ կապված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, ովքեր, կարելի է ասել, որ պաշտպանեցին նախագահի առաջադրած երեք նախապայմաններից երկուսը` դա զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մոնիտորինգի պահն է և այսօր հասցեական մեղադրանքներով հանդես գալը, որը բխում է առաջին նախապայմանից: Սակայն պետք է նշեմ, որ մենք չպետք է ուրախանանք այս հանդիպման արդյունքներից, որովհետև մենք գործ ունենք թուրքի հետ, իսկ թե ինչ է ներկայացնում իրենից թուրքը, երևաց երեկոյան բանակցությունների ավարտից հետո, երբ ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով զինադադարը, կրկին ռմբակոծեց մեր դիրքերը, որի հետևանքով մեր քսանամյա զինվորը զոհվեց: Համենայնդեպս, եթե ադրբեջանական կողմը մինչև այս հանդիպումը շարունակ կրկնում էր, որ միակ բանակցության թեզը պիտի լինի ադրբեջանական օկուպացված տարածքների ազատագրումը, այդ թվում նաև Ղարաբաղի, ի չիք դարձան, որովհետև բանակցային գործընթացում երևաց, թե իրականում Մինսկի խմբի համանախագահ երկրները ինչ դիրքորոշում ունեն: Այս ընթացքը Հայաստանի իշխանությունները պիտի օգտագործեն սխալների ուղղման համար, իսկ դրանք բավական շեշտակի են և շատ մեծ: Մեր սխալներն առկա են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ, երբ բանակում պարզվում է` ութսունականների զենքով են մարտնչում, մինչդեռ Ադրբեջանը զինված է 21-րդ դարի սկզբի զինտեխնիկայով: Ես համարում եմ դեմագոգիա և տգիտություն այն մարդկանց հայտարարությունները, թե իբր ութսունականների զենքերն ավելի լավն են:

Արտաքին քաղաքականության ոլորտում մեր սխալն այն է, որ  մենք անընդհատ, չգիտես ինչու, պաշտպանական դիրքերից ենք հանդես գալիս այն դեպքում, երբ մենք պիտի նախաձեռնող լինենք և թույլ չտանք, որ ադրբեջանական կողմը ավելի ագրեսիվ հայտարարություններ անի:

Բոլորովին նորմալ չէ, որ մենք տարածք ենք կորցրել: Տարածքային կորուստները հանգեցրին այն բանին, որ ադրբեջանական կողմը, որը գեթ մեկ գյուղ չէր գրավել, այս մի քանի հարյուր մետր տարածքի գրավումն օգտագործեց որպես հոգեբանական զենք` հասարակությանը համոզելու, որ անպարտ հայկական բանակին կարելի է պարտության մատնել` փորձելով ձերբազատել 22 տարի պարտվածի բարդույթով տառապող ադրբեջանական ժողովրդին այս խնդրից և փորձ կատարեց ուժեղի դիրքից հանդես գալ բանակցային գործընթացում: Նույն Թալիշ գյուղի մոտ գտնվող բարձունքը, նույն Լելե Թեփեն բավական կարևոր տարածքներ են, և չի կարելի ասել, թե սրանք ռազմավարական կամ մարտավարական առումով կարևոր նշանակություն չունեն: Կարծում եմ` Թալիշն ու Մատաղիսը ադրբեջանական ապագա ոտնձգություններից ապահովագրելու համար թե ՛ մեր, թե ՛ Արցախի իշխանությունները պետք է մտածեն Թալիշ գյուղի մոտ գտնվող բարձունքը շուտափույթ ազատագրելու մասին:

 

Աղբյուրը` Yelaket.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: