Մեր ուժը միասնության մեջ է

14 Մայիսի 2016

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տարիներին արդեն 24-րդ գարունն է, որ մայիսի 9-ը ազգովին նշում ենք որպես եռատոն։

Արցախցիները Հայաստանի և Սփյուռքի հայրենակիցների հետ միասին հանդիսավորությամբ տոնում են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի, Շուշի քաղաքի ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օրը։

ԼՂՀ պետական տոների օրացույցում այս տարեթիվն առանձին տեղ է գրավում։ Բայց ոչ միայն այն պատճառով, որ հանգամանքների երջանիկ զուգադիպությամբ այն ներառել է միանգամից երեք նշանակալի, մեր ժողովրդի համար հիրավի օրհասական իրադարձություններ՝ Մեծ հաղթանակի տոն, մեր բանակի և Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշիի ազատագրման օր։ Թերևս մեծ մասամբ և այն պատճառով, որ 1992-ի մայիսին փաստորեն վճռվում էր հենց մեր երիտասարդ հանրապետության ճակատագիրը, որի կես տարուց քիչ ավելի պատմություն ունեցող անկախ պետականությանը սպասվում էր դիմացկունության ամենալուրջ փորձությունը։ Ու թեև հիշարժան տարեթվերի մեր օրացույցում կան և ԼՂՀ պետականության կայացման փուլերը նշանավորող պատմական այլ կարևոր օրեր, այնուամենայնիվ, մայիսի 9-ը այդ շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում։

1992 թվականի այդ օրը ղարաբաղյան զինված ստորաբաժանումների կողմից, վերջապես, ազատագրվեց Շուշին, որն ադրբեջանցիների կողմից վերածվել էր հզոր ռազմական բազայի և մահացու կրակ էր թափում Ստեփանակերտի ու մերձակա հայկական բնակավայրերի վրա։ Այդ գերդժվար խնդիրն իրականացվեց փայլուն կերպով, ու հենց այդ պատճառով Շուշիի ռազմական գործողության հաջողությունը, որը մշակվել և անցկացվել էր բարձր մակարդակով, իրավամբ համարվում է հայկական զենքի, մեր մարտիկների ոգու ուժի և հզոր կամքի փառապանծ հաղթանակ։ Այդ պատճառով է նաև, որ Մայիսի 9-ը համարվում է ԼՂՀ աշտպանության բանակի ծննդյան օր։ Չափազանցություն չի լինի այն պնդումը, որ Շուշիի ազատագրումը ողջ հայ ժողովրդի հաղթանակն էր, որը ցուցաբերեց ազգային ոգու վեհություն ու կարողացավ համախմբվել հանուն Արցախի փրկության, որ դիմակայում էր խիստ վտանգավոր թշնամուն։ Պաշտպանության բանակը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարևորագույն նվաճումներից մեկը և արդարացիորեն արժանացավ նրա անվտանգության ու խաղաղ զարգացման գլխավոր երաշխիքի պատվավոր կոչմանը։ Միանգամայն օրինաչափ է, որ Շուշիի ազատագրման օրը նշվում է հատուկ հանդիսավորությամբ, իսկ նրա ազատագրողները մեր ժողովրդի կողմից առանձին հարգանք են վայելում։

Մայիսի 9-ը աներևույթ թելի պես միացրեց երկու՝ 1945-ին գերմանական ֆաշիզմի դեմ ԽՍՀՄ մեր երբեմնի ընդհանուր հայրենիքի՝ ԽՍՀՄ-ի և Շուշիում 1992 թվականին ադրբեջանական ֆաշիզմի դեմ մեր փոքր և ինքնիշխան հայրենիքի հաղթանակները։ Իրենց ծավալներով 1941-1945 և 1991-1994 թվականների պատերազմներն, իհարկե, անհամատեղելի են, իրենց էությամբ, սակայն, երկուսն էլ միանման՝ Հայրենական են։ Ինչպես և միանման է այդ պատերազմներում տարած հաղթանակների էությունը, քանի որ Շուշիում տարած հաղթանակը ղարաբաղցիների ճակատագրի համար նույնքան հսկայական նշանակություն ուներ, որքան ողջ աշխարհի ճակատագրի համար ֆաշիզմի դեմ հաղթանակը, որովհետև ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում լինել թե չլինելու հարցն էր դրված։ Չլիներ Շուշիի ազատագրումը, Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությանն անխուսափելիորեն կպատուհասեր թուրք-ադրբեջանական ցեղասպանությունների զոհերը դարձած մեր հայրենակիցների բախտը։

40-ականների գերմանական ֆաշիզմի և 90-ականների ադրբեջանական ֆաշիզմի միջև զուգահեռներն ամենևին էլ պատահական չեն. սա տուրք չէ լրագրողական փոխաբերությանը։ Այս երկու գաղափարախոսությունների հիմքում մարդատյացությունն ու ռասայականությունն են։ Ադրբեջանի դեպքում ամենայն համոզչությամբ դա են հաստատում Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը, Մարաղան...  

Եվս մեկ անգամ դա ապացուցեց ապրիլյան վերջին քառօրյա պատերազմը, որի ընթացքում ադրբեջանցիները գլխատեցին հայ զինծառայողներին, անխղճորեն հաշվեհարդար տեսան ծերերի հետ և ծանակեցին իրենց զոհերի դիակները... Բայց այն մեկ անգամ ևս ապացուցեց նաև հետևյալը՝ հենց ԼՂՀ պաշտպանության բանակն է հանդիսանում հանրապետության ու նրա ժողովրդի անվտանգության միակ և հուսալի երաշխավորը, որը կարողացավ հակադարձել զինված ագրեսիան։ Եվ կարևոր է նշել, որ հենց ժողովուրդն է Պաշտպանության բանակի հուսալիության երաշխավորը։ Կարելի է վստահորեն պնդել, որ երբեմնի խորհրդային գաղափարախոսության շղարշով պատված՝ «Ժողովուրդն ու բանակը միասնական են», «Ամեն ինչ ճակատի, ամեն ինչ՝ հաղթանակի համար» կարգախոսներն ապրիլյան այդ օրերին ձեռք բերեցին իրենց իրական, կենսական իմաստը։ Ադրբեջանի ագրեսիայի ծանրագույն պայմաններում ողջ հայ ժողովուրդը մոբիլիզացրեց իր մտավոր ու նյութական ռեսուրսները, ինչպես նաև բարոյական ուժերը և ուղղեց դրանք մեր բանակի աջակցությանը։ Ցանկացած բանակ ուժեղ է իր թիկունքով, և այդ ճշմարտության գիտակցումով էլ մեր ժողովուրդը տոկունորեն դիմագրավեց դիմացկունության հերթական ծանր փորձությունը՝ մեկ անգամ ևս փաստելով իր նվիրվածությունն անկախ պետականությանը։

Մայիսի 9-ի տոնը հանդիսություններ չեն միայն։ Սա, նախևառաջ, հանուն Հայրենիքի պատվի ու արժանապատվության, հանուն ազատության 1940-ական, 1990-ական և 2000-ական թվականներին ընկած մեր հայրենակիցների հիշատակի օրն է։ Ու այդ նպատակի ընդհանրության մեջ դարձյալ ի հայտ են գալիս սերունդների կապն ու հոգևոր միասնությունը, կապն անցյալի ու ներկայի, ներկայի ու ապագայի միջև։ Մեր հաղթանակի համար բարձր գին է վճարվել, ուստի այն, ինչպես և նրա պտուղները, պետք է սրբորեն պահպանել։ Ու երախտագիտությամբ հիշել բոլոր նրանց, ովքեր դրա համար զոհաբերեցին իրենց կյանքը։ Հիշել զոհվածներին՝ հանուն ողջերի։ Հանուն անկախ ապագայի։

 

Լեոնիդ Մարտիրոսյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: