Սոցիալիզմը պետության ընդլայնում չէ

01 Մայիսի 2016

ԱՄՆ-ի քաղաքացի դեմոկրատ-սոցիալիստ Քրիստ Միզանուն պայքարում է ԱՄՆ-ում սոցիալիստական ու արդար հասարակություն ձևավորելու համար: Վերջերս նա մի հետաքրքիր հոդված է գրել, որով ներկայացնում է իր ուսումնասիրությունը՝ ԱՄՆ-ում սոցիալիզմի կառուցման մասին: Կարծում ենք, մեր մտավորականների ու ձախակողմյան հասարակական- քաղաքական ակտիվիստներին կհետաքրքրեն նրա որոշ մտքերը:  

Ներկայացնում ենք հոդվածը թարգմանաբար:  

Համացանցում և զանգվածային լրատվամիջոցներում եթե երկար փնտրենք, կգտնենք ծրագրեր, ծառայություններ ու պետական կազմակերպություններ ներկայացնող այնպիսի պատկերներ, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն այսօր, որոշակի առումով, սոցիալիստական երկիր է: Այդ ապացուցող ծրագրերը բազմաթիվ են, սակայն ինձ համար ընդունելին 55-րդ  ծրագիրն է, որն, իբրև թե, սոցիալիստական է, իսկ ամբողջի հետ ընդհանրությունն այն է, որ դրանք իրագործում է Քեռի Սեմը:

Այդ ծրագրերի որոշ մասը հասարակական պահանջներն են բավարարում, դրանցում ընդգրկված է պետության գործունեությունը՝ եկամտի վերաբաշխմամբ (ընդհանուր գրադարաններ, բարեկեցություն՝ welfare, երեխաների ու կանանց համար հատուկ սննդի ծրագիր, հասարակական անվտանգություն և կերակրի կտրոններ), որոշ մասն առանց որևէ պատճառի արծարծվել է այդ ծրագրում (երեխայի գողությունն ազդարարող ազդանշանային համակարգ, Սպիտակ տուն), մյուս ծագրերը արտակարգ դեպքերին վերաբերվող անհրաժեշտաբար կիրառվող աշխատանքներն են, որ յուրաքանչյուր պետություն, անկախ իր գաղափարախոսական հակումներից, իրագործում է (վիճակագրություն, հրշեջ կազմակերպություններ, ձնամաքրման ծրագիր, կեղտաջրերի հեռացում, փողոցների լուսավորություն և այլն), որոշ ծրագրեր անմիջականորեն կիրառվում են ուժային կառույցներում (ոստիկանություն, «Էֆ Բի Այ», անվտանգության կազմակերպություն, բանակ, դատարաններ և այլն):

ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրարշավին մասնակցող թեկնածու Բեռնի Սանդերսն իր բոլոր առավելություններով հանդերձ գաղափարական խառնաշփոթ է ստեղծել: Անցյալ տարի համացանցում տեղադրած պատկերներով նա իր թաքուն մտայնությունը հայտնեց հետևյալ արտահայտություններով․ «Երբ դուք ընդհանուր գրադարան եք գնում, երբ կապվում եք հրշեջ կազմակերպության ու ոստիկանության հետ, ի՞նչ եք կարծում՝ դուք ի՞նչ եք անում․․․ Դրանք բոլորը սոցիալիստական հաստատություններ են»: Այս տրամաբանության համաձայն, որևէ ընդհանուր ծրագիր, որի բյուջեն գոյանում է հարկերից և պետությունն է իրականացնում, սոցիալիստական համակարգ պետք է համարել:  

Հեշտորեն կարելի է սխալ որակել այս մտածելակերպը: ԱՄՆ-ի նման երկրում, որտեղ պետություն չեն սիրում, սոցիալիզմը համարել պետության որդեգրած ուղի,  ձախ ուժերի դիրքորոշման ամենամեծ սխալը կլինի: Ճանապարհային ոստիկանության լոզունգը, որ  մեծաթիվ նորեկների կարող է գրավել, ԱՄՆ-ում համարում են սոցիալական հավասարության մասին սոցիալիզմին հատուկ լոզունգ։ Ամենակարևորն այն է, որ այսպես պետության բոլոր գործողությունները համեմելով սոցիալիզմին հատուկ լոզունգներով, մեզ կստիպեն պաշտպանել պետության բոլոր տհաճ գործողությունները, հատկապես այն գործողությունները, որ մտադիր ենք ազատ և արդար հասարակություն ստեղծելու համար վերացնել: Այլ բան է  ընդհանուր գրադարանները սոցիալիստական կառույց համարելը, իհարկե պայմանով, որ անկախ մարդկանց նյութական կարողությունից, բոլորին հասանելի լինի, հիմնված լինի  դեմոկրատական սկզբունքների վրա: Գրադարանը սոցիալիստական հասարակության կարևոր հաստատություններից մեկն է, միևնույն ժամանակ ոստիկանությունը սոցիալիզմի գործոն համարելն այլ բան է:

Այն միտքը, որ պետության բոլոր գործողությունները սոցիալիստական հասարակարգին են հատուկ, այդպես չէ, քանի որ դրան հասնելու համար այլ քաղաքականություն է պետք վարել: Եթե համարենք, որ ԱՄՆ-ը որոշակիորեն սոցիալիստական է, ապա մնում է միայն պետությունն ընդլայնել և հասարակարգը տարածել, դարձնել համընդհանուր: Կարիք չէր լինի ո՛չ գոյություն ունեցող ծրագրերի նպատակները փոխելու, ո՛չ պետական հաստատություններում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, քանի որ այդ սոցիալիստական ծրագրերը մասնավոր սեփականության ձեռքբերումը կասկածի չեն ենթարկի և անհրաժեշտություն չի լինի կապիատալի տերերի ու նրանց քաղաքական դաշնակիցների հետ ընդհարվելու: Միակ գործը, որ մնում է կատարել՝ սրտացավ քաղաքական գործիչներ ընտրելն է ու նրանց օրենքներ մշակելու ազատություն տալը՝ սոցիալիզմին հասնելու համար:   

Համալսարանական հետազոտողները, ովքեր ուսումնասիրում են կյանքի հետ կապված քաղաքականությունը, հաճախ են ընկնում այս թակարդի մեջ: Նրանցից շատերը միայն նկատի առնելով պետության ծավալը և ընդհանուր ծախսերը, այն կարծիքին են, որ Ամերիկան ուզի թե չուզի, նախկինից ավելի սոցիալիստական է դառնում: Նրանց կարծիքով, հասարակական մեծ բարեփոխություններն, անկախ ամեն ինչից, իրականացվում են, իսկ պասսիվ մարդիկ ի պաշտպանություն հաջող ծրագրերի միայն այն ժամանակ են ակտիվանում, երբ քաղաքագետներն այդ ծրագրերը մշակում են, գործադիր  մարմիններն էլ իրագործում են: Հնարավոր է ապագայում հասարակական ծրագրերում և այլ աշխատանքներում բնակչության տարիքի բարձրացման պատճառով, ջրի և օդի ճգնաժամի նաև ուրիշ զարգացումների հետևանքով, պետության բյուջեն ավելանա, սակայն ծախսերի ծավալը մեզ շատ բան չի ասում պետության քաղաքական գործունեության ծավալի մասին: Միշտ պետք է պետության գործունեությունների մասին հիմնական հարցերը տալ՝ արդյոք կապիտալի տերերի ուժն ամրացնո՞ւմ են թե թուլացնում, արդյոք մեր կախումը շուկայից ավելանո՞ւմ է, թե շուկայի պահանջներից ելնելով, մեզ ազատվելու հնարավորություն է տրվում:

1980-ական թվականներից պետությունը մեծ գործունեությունների հնարավորություն է ունեցել, նույնիսկ հանրապետականների քաղաքական իշխանավարման շրջանում, սակայն նախորդ մի քանի տասնամյակների ընթացքում խոշոր ծրագրերի մեծ մասը ոչ մի ազդեցություն չեն ունեցել բանվորական ուժի ամրապնդման համար: Քիչ եկամուտ ունեցող տարեցների դեղորայք գնելու համար սուբսիդավորում է տրվում, որը մեծ նվեր է դեղագործական արդյունաբերությանը: Օբամայի առողջության ապահովագրության ծրագիրը բուժծառայությունների շրջանակների ընդլայնման հետևանքով ավելի շատ մարդկանց է ընդգրկել, սակայն մարդկանց պարտադիր ապահովագրությունը միայն շուկայական հարաբերությունների խորացման պատճառ է դառնում և միլիոնավոր մարդկանց մղում է դեպի մասնավոր կառույց ու շահակենտրոն ապահովագրական համակարգ: 2009 թվականին Օբամայի «Խրախուսանքի կապոցը» երկիրը փրկեց մի նոր մեծ ճգնաժամից, սակայն դա ճգնաժամը կանխելու համար բավարար չէր և ծառայեց մեծ հաստատություններին հարկերից ազատելու գործին, ինչի շնորհիվ նոր բանվորներ վարձակալելու փոխարեն նրանք միայն կանխիկ գումար շահեցին: Նման օրինակները շատ են:

Ինչո՞ւ է այսպես լինում: Կա տեսակետ, ըստ որի հարուստները և ուժայինները քաղաքական գործունեության ասպարեզում մեծ կապիտալ են ներդնում, որպեսզի իրենց շահերն առաջ մղեն և արգելք դառնան բարեփոխումների համար: Անցյալ տարվա վերջում, միայն 158 ընտանիք և նրանց ընկերությունները 2016 թվականի ընտրապայքարի ընդհանուր բյուջեի կեսն ապահովեցին (ահռելի գումար՝ 176 միլիոն դոլար): Նրանք ծախսեր կատարելով՝ քաղաքական ազդեցություն են ձեռք բերում, որով կարողանում են հարկային և նման քաղաքականություններն իրենց շահերի օգտին ձևավորել։ Այդ արդյունքը և որոշումները ձեռք են բերվում դատական ու լոբբիստական աշխատանքների շնորհիվ: Քաղաքական երկու վերլուծաբաններ 2014 թվականին ուսումնասիրության արդյունքում ապացուցել են, որ հարուստների քաղաքական իշխանությունն այնքան մեծ է, որ սովորական քաղաքացիների ու պետական քաղաքականություն մշակողների ազդեցությունը հասցրել է զրոյի: Միջին և բարձր խավի մարդիկ ընտրովի կամ նշանակովի կարևոր պաշտոններ ունեն իշխանության մեջ: Նրանք համընդհանուր գաղափարներ ու արժեքներ ունեն ներկա իրավիճակը պահպանելու և որևէ հիմնական մարտահրավեր ճնշելու համար, հատկապես աշխատավոր դասակարգի և ձախակողմյան ուժերի մարտահրավերները: Այսպիսի ուղղակիորեն ներթափանցելու և ազդելու եղանակը ուժ ունեցողների գործողությունների միակ ձևը չէ:

Պետությունները կախված են տնտեսության կայուն նվազագույն մակարդակից, իրենց բյուջեն ապահովելու, հարկային եկամուտներից կամ պարտքերի հսկողությունից: Այս բոլորը վերադառնում են կապիտալիստական տնտեսության վիճակից, աճի տեմպից և օգուտից: Եթե տնտեսության  մակարդակն իջնի, կապիտալիստները դժգոհ են լինելու այն օրենքներից, որոնք բանվորների օգտին են որոշվել: Պետության բյուջեի ապահովումը օրեցօր դժվարանում է: Սա պատճառ է դառնում, որ պետության օրինականությունը և ժողովրդի պետական հովանավորության մակարդակը նվազի: Քանի որ մասնավոր հատվածի կապիտալիստների որոշումները կապիտալի ներդրման բնագավառում մեծ կշիռ ունեն տնտեսական աշխատանքների որակավորման հարցում, ապա այդ ուժերն իրականում կարող են վետո դնել պետական այն քաղաքականությունների վրա, որոնք իրենց համար վնասակար են համարում: Սովորաբար եթե կապիտալիստները չսուբսիդավորվեն և նրանց սուբսիդներ չհատկացվեն, ապա նրանք կապիտալ ներդրումներ չեն կատարի:

Քաղաքականություն մշակողներն ու ղեկավարները հակված են, որ իրենց որոշումներն ու վարած քաղաքականությունը համընկնեն կապիտալիստների շահերի հետ:

Գործարարների վստահությունը շահելը քաղաքականություն մշակողների հիմնական սահմանափակումներից և կապիտալիստների շահերի օգտին կողմնորոշվելու պետության հիմնական պատճառներից մեկն է: Այսպես նրանք իրենց անձնական շահերը կապում են «ընդհանուր» կամ «ազգային» շահերի հետ։

Պայքարող ու ժողովրդական կազմակերպությունների բացակայության պայմաններում պետության գործունեությունը չի կարող ուժերի հավասարակշռությունը փոխել կապիտալից դեպի աշխատուժի, կամ շուկայի օրենքների խորացման փոխարեն նրանց թուլացնի: Քանի դեռ տնտեսության հիմնական կառուցվածքները անփոփոխ են, պետության անհամաչափ գործունեությունը կապիտալիստների շահերի օգտին կլինի: Սակայն դա չի նշանակում, որ նման պայմաններում բարեփոխությունները կապիտալիստական համակարգում չեն կարող առաջընթաց ունենալ և հաղթել, կամ պետությունը ժողովրդի ճնշման տակ ապահով կլինի։ Բարեփոխությունները գործատերերի դեմ մասսաների ուղղակի պայքարի շնորհիվ կարող են իրականանալ: Միայն հարմար քաղաքականություն իրականացնողների ընտրությամբ ու պետության ընդլայնման, զարգացման միջոցով և արագորեն դա առաջ տանելով չեն կարող լինել բարեփոխումներ: Տնտեսական ուժը քաղաքական ուժ է և կապիտալիստական համակարգում կապիտալի տերերը մշտապես ժողովրդական դեմոկրատիայի թուլացման ունակություն կունենան, անկախ այն բանից, թե ով նստած կլինի ԱՄՆ-ի Կոնգրեսում կամ Սպիտակ տանը:       

Իշխանության ուժի վերացումը և դրա օգտագործումը կապիտալիստական հասարակարգին վերջ տալու նպատակով, սոցիալիզմին անցնելու անհրաժեշտ պայմաններից է: Այն պետությունը, որը ղեկավարվելու է սոցիալիստական կուսակցության (կամ ձախ և բանվորական կոալիցիայի) ուժերով, արդյունաբերությունը և տնտեսական կարևոր հաստատությունները հասարակության որևէ ձևի հսկողության տակ պետք է դնեն, սակայն միայն դա բավարար չէ։ 20-րդ դարի դառը փորձը մեզ սովորեցնում է, որ եթե պետության քաղաքական ու վարչական կառույցներն ամբողջովին դեմոկրատական չլինեն, սոցիալիզմը չի կարող առաջ մղել մարդու ազատության գաղափարը: Այստեղ պաշտոնական քաղաքական կառույցներից դուրս, ժողովրդին մոբիլիզացնելը շատ կարևոր է: Սոցիալիզմին անցնելու համար պահպանողական ու կապիտալիստական ուժերի անխուսափելի հակազդեցության դեմ օգնություն ունենալը, ժողովրդական լայն հովանավորությունը և նրանց ուղղակի մասնակցությունը պետական հարցերում անհրաժեշտ է:

Այս հարցը պահանջում է ոչ միայն դեմոկրատական կառույցների ստեղծում՝ սովորական ներկայացուցչական կառույցների փոխարեն, օրինակ՝ Կոնգրեսը, այլև պահանջում է  գործադիր կառույցների ու պետական վարչակազմի հիմնական վերանայում: Այսպիսի ժողովրդական ուժերի մոբիլիզացումն ու տարածումը պահանջում է նախկին ռեժիմին հավատարիմ աշխատողների հեռացում և վարչական կառույցի վերափոխում․ այդ կառույցը հիմա հալածող կամ ճնշող է և օտարացնող, ներկայումս իր ձեռքն է վերցրել ընդհանուր ծառայություններ մատակարարելու հարցը:

Այսպիսով, պետական դպրոցները, բարեկեցության կենտրոնները, ծրագրավորման կազմակերպությունները, դատական մարմինները և պետական մյուս կազմակերպությունները հասարակ ժողովրդին ու բանվորներին պետք է հրավիրեն մասնակցելու հասարակական ծառայությունների, պետական արհմիությունների բաժնի ծրագրերի պատրաստմանն ու գործադրմանը ու դերակատար լինելու այդ բնագավառներում: Այս կերպ նրանք կկազմակերպեն ընդհանուր ծառայություններ ներկայացնողներին և ստացողներին, որպեսզի ներկայիս պետության գործադիր կառույցները արմատապես փոխվեն:

Միայն այդ պայմաններում է, որ պետության աշխատանքները կհավասարվեն դեմոկրատական սոցիալիզմին: Կապիտալի ուժերի առջև «պետության» վերացական հասկացողության փոխարեն պետք է սկսենք ծրագրել նոր կառույցներ ստեղծելու դժվարին գործը, որը պետք է իրականացնի «ժողովրդի իշխանությունը՝ ժողովրդին և ժողովրդի համար» լոզունգը:  

 

Թարգմանեց Արտաշես Մելիքյանը

Աղբյուրը՝ Jacobinmag        

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: