Պետք է անհապաղ ճանաչենք Արցախի անկախությունը

28 Ապրիլի 2016

Առաջիկայում սպասելի է լայանածավալ գործողությունների վերսկսումը, քանի որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը դժգոհ են ապրիլի սկզբի արդյունքներից: Հայկական կողմը դժգոհ էր, քանի որ չհաջողվեց ռազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի խորքերը, իսկ թշնամին էլ դժգոհ է, քանի որ նախնական պլանով ցանկանում էին գրավել Մարտակերտը, Աղդամը, Ֆիզուլին և Ջեբրայիլի շրջանները, բայց փոխարենը աննշան ինչ-որ բարձունքներ են գրավել:

Մենք պետք է ոչ միայն վերադարձնենք 4-օրյա պատերազմում նրանց գրաված աննշան տարածքները, այլև առաջ գնանք ասել է  ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ հավելելով. «Ադրբեջանին թևեր է տալիս միջազգային հանրության լռությունը: Եթե մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի թիկունքում ապստամբություն բարձրանա, քաղաքացիները դժգոհեն, ապա մենք պետք է իրական, լուրջ հաջողություններ ունենանք ռազմաճակատում: Լուրջ չէ խոսել հայկական ոգու հաղթանակների մասին, 21-րդն է ի վերջո, ռազմատեխնիկական զարգացման շրջան… Միայն ոգով ոչ մի նշանակալի հաջողությունների հասնել հնարավոր չէ, պետք է ուշադրություն դարձնել սպառազինությանը:  Ավելին, եթե չենք ցանկանում, որ այս բախումը վերածվի հայ-ադրբեջանական կործանարար պատերազմի, պետք է անհապաղ ճանաչենք Արցախի անկախությունը, որից հետո փոխօգնության պայմանագիր կնքենք:  Իսկ, եթե ոչ, ապա թշնամին այս հակամարտությունը կխեղաթյուրի ու կներկայացնի ոչ թե ադրբեջանա-ղարաբաղյան, այլև Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների խնդիր»:

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, համաձայն որի Ադրբեջանը պետական մակարդակով հարկադրաբար փող է հավաքում սեփական բանակը պահելու և զինելու համար, Գրիգորի Այվազյանը նշեց. «Ադրբեջանում միշտ էլ փող են հավաքել, բայց սա երկրոդական է: Ուշագրավն այն է, որ այս օրերին Իսրայելից խոշոր մասշտաբի զենք են գնում: Ադրբեջանից անընդհատ դատարկ ինքնաթիռներ են շարժվում դեպի Իսրայել ու վերադառնում են՝ բեռնավորված նորագույն զենքով: Դա ստույգ տեղեկություն է, ուստի պետք է ուշադիր լինել: Իրենք անընդհատ զենք են գնում, ոչ մի վայրկյան չեն կորցնում՝ պատրաստվելու ու հարված հասցնելու համար: Եվ, քանի որ սահմանային գյուղերը տարհանվում են, սա հուշում է, որ շուտով Ադրբեջանը կրկին հարված կհասցնի:

Խոսելով թշնամու երկրում տիրող խուճապի մասին՝ ադրբեջանագետը հայտնեց, որ այնտեղ իրոք խուճապային տրամադրություն է, քանի որ  Ալիևը նոր ռազմական սադրանք է նախապատրաստում, իսկ երիտասարդներին օգտագործում է որպես թնդանոթային միս:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: