Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, երբ երկրները սահմաններ են փակում, կրճատվում են բեռնափոխադրումները, չեղարկվում են ավիաչվերթները, փակվում են սպասարկման օբյեկտները, տնտեսության կորուստներն անխուսափելի են: Թե ինչ տնտեսական հետեւանքներ է ունեցել վիրուսը Հայաստանի համար, վերջնականապես պարզ կդառնա հաջորդ ամսվա սկզբում: 
«Վիճակագրական կոմիտեն, սովորաբար, թվերը կունենա ապրիլի 10-ին մոտ եւ համեմատելով նախորդ ամսվա եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, կհրապարակի ցուցանիշները,- ասում է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։- Սովորաբար, մեկ ամսվա արդյունաբերական արտադրանքը 100-110 մլրդ դրամի է լինում:

Իսկ արտահանումը, եթե հաշվի առնենք, որ մենք տարվա մեջ 2,6 մլրդ դոլարի ապրանք ենք արտահանել, ամսական ստացվում է 100-200 մլն դոլարի կարգի: Եթե այս դինամիկան չպահպանվի, ուրեմն, կարող ենք արձանագրել, որ արտակարգ դրությունն է ազդել: Կարծում եմ, միանշանակ ազդելու է»: Ըստ Վազգեն Սաֆարյանի, խոշորներից առաջին հերթին տուժելու է հանքարդյունաբերությունը, որն արտահանման ծավալում մեծ տոկոս է կազմում: «Խնդիրն արտահանման մեջ է: Արտադրելը՝ կարտադրենք, բայց այդ ամբողջ արտադրանքը բեռնատարներով են տանում: Մենք տարեկան 400 հազար տոննա պղնձի խտանյութ ենք արտահանում, պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ մեծ թիվ է: Սննդի արդյունաբերության մեջ չեմ կարծում, որ մեծ կրճատումներ լինեն, բայց արտադրվող ու արտահանվող ապրանքների առումով՝ կոնյակ, պահածոներ, գարեջուր, գինի, մուրաբաներ՝ այստեղ կարող է պանդեմիան որոշակի ազդեցություն ունենալ»: 

Հայաստանի սահմանը փակ է 17 երկրի հետ: Ասում են, որ բեռնափոխադրումները թույլատրված են, բայց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահն այստեղ էլ բարդություն է տեսնում, հոգեբանական գործոնով պայմանավորված: «Դու մարդուն ասում ես՝ առ էս բեռը, տար, ասենք, Մոսկվա: Մարդը մտածում է՝ բա որ գնամ, բա որ վարակվեմ…: Այստեղ խնդիր կա: Որովհետեւ Ռուսաստանում էլ կա ավելանալու դինամիկա, Վրաստանն է Հայաստանի հետ փոխադարձ համաձայնությամբ փակել սահմանը»,- ասում է Սաֆարյանը: 

Նա արդեն երկու օր է, փորձում է իր հեռախոսի վարձը մուծել և չի կարողանում: Կապի օպերատորների գրասենյակները փակ են: «Գրած է՝ օնլայն մուծումներ արեք, բայց ամեն մարդ չի կարողանում մուծել: Ծառայությունների ծավալը մեզանում մեծ թիվ է կազմում՝ տարեկան 2 տրիլիոն, եւ դրանք վտանգի տակ են»,- ասում է նա:

Հարցրինք, թե ինչ կարծիքի է որոշ ձեռնարկություններին հարկերից առժամանակ ազատելու կամ արտոնություններ տալու մասին: «Նրանց, ովքեր հանգամանքների բերումով չեն աշխատում, ու նրանց աշխատանքի արդյունքն առաջին անհրաժեշտության ապրանքներ ու սնունդ չէ, կարելի է ազատել հարկերից: Երեկ վարչապետն ասաց, որ 150 մլրդ դրամով մենք տեղական արտադրողներին պաշտպանելու ենք։ Դա լավ բան է, բայց շատ երկար չի կարող տեւել: Պետք է բոլոր դեպքերում այս վիճակը լուծեն, մարդկանց բուժել ու ճգնաժամից դուրս գալ»,- պատասխանեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը: