Արխիվ Հոկտեմբերի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Ի՞նչ կապ կա ազգության և կապիտալիզմի միջև: Զարգացած կապիտալիզմի ժամանակ ազգերի էությունը ավելի է բացահայտվում և արծածվում, մինչդեռ կարծիք կար, որ կապիատալիզմը ազգերին մի կողմ է դնում: Դա փաստ է, որ մենք ականատեսն ենք համաշխարայնացման կամ համաշխարհային շուկայի ժամանակ, երբ ուզում են աշխարհը միացնել իրար և մոտեցնել: Երբեմն էլ հնչում է, որ միասնական մի մարդկության էություն է ուզում ստեղծվել: Սակայն, քանի որ կուրորեն և առանձին-առանձին է դա կատարվում, տեսնում ենք, որ սա կատարվում է «տարաձայնություն քցիր և իշխիր» քաղաքականությամբ: Որոշ երկրներում օրինակ Շվեդիայում, Դանիայում, Անգլիայում և այլուր չնայած մարդիկ պրոլետարացվում (Աշխատավարձ ստացող են լինում) են, սակայն միևնույն ժամանակ ազգային պատկանելությունը և էությունը նաև վերակառուցվում է: Երկրների տարաձայնությունները, բախումները և ռացիզմի տարածումը, որը իշխող ուժ է դառնում որոշ երկրներում, համաշխարհային տարաձայնությունները և այլ ֆակտորներ պատճառ են դառնում, որ ազգային էությունը վերականգնում կամ վերակառուցվում է: Հասարակությունների կառուցվածքները նաև նպաստում են ազգային վերակառուցմանը:
Պետք է հասկանալ, որ Հայաստանում տնտեսական հարաբերությունները համաշխարհային կապիտալիզմից անջատված չէ, սակայն ունի իր յուրահատկությունները և կարգավիճակը, օրինակ Արցախի հարցը և այլը: Ձախերը Հայաստանում պետք է տեսականորեն դառնան ժամանակակից և բանավեճերը ներկա ժամանակի պայմանների հետ համապատասխանի: Պետք է զինվել տեսական հարցերով, որպեսզի կարողանալ պայքարի դուրս գալ հակաժողովրդական ու կապիտալիզմը և նեոլիբերալիզմը պաշտպանող ուժերի դեմ:


Ռուբիկ Սարդարյան

 

Փաշոն ու Փառնիկը հին հարևաններ են: Փաշոն հին կոմունիստ է, Փառնիկը՝ համառ դաշնակ, իսկ նրա ռուս հարս Օլյան՝ դեմոկրատ:
Բանավիճելիս նրանց քաղաքական տեսակետներն ու աշխարհաքաղաքական ընկալումները պատատուկի պես փաթաթվում են ռուսական սոխի թփին, գլխապտույտ հաջողություններով բարձրանում շիկամազ կուկուուզների վզովն ընկնում, հետո մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ անելով հայտնվում շվայտ ու ցոփ մոլախոտերի քավորության յայլեքում և հետո ջղիլների մեջ մտած երկմության վու՜շ, վու՜շ անում ու մտածում “ինչ անել, ինչից սկսել”:
Այնուհետ փուռեքը հեռվից երևացող անգլոամերիկյան դաղձախեղդ եղած խաղողի քացախով փորձում հայի ճակատի խրոնիկ գլխացավի դեմն առնել, սառը թրջոցներ դնելով և փոխելով:
Հենց այստեղ է, որ եվրոպական ախորժակի ճպճպոցը և չիպսային խրթխրթոցը շփոթահար մատուցողներին հեգնում են, կարծես ասելով, թե ուր էր կորել սոխի գլուխը:
Ահա թե ուր է թաքնված շան գլուխը և անհաջող բեչա տված քաղաքականության ճյուղերը, որը լոք տված ու ճողվածքով կախված է Փաշոյի և Փառնիկի հողամասի հյուսիսային և արևմտյան “որքի’ գլխավերևում, իսկ նրանց մյուս հարևանների հարավային և արևելյան կողմի պատուհանները միշտ ականատես են լինում դիտարկումների ժամանակ, թե Փառնիկի այգու հյուսիսային “որքի” ծառի ճյուղերը ցանկապատից անցել, և շվաք են անում Փաշոյի հողամասին:
Երբ աշնան բերքին Փաշոն միշտ հիշեցնում է Փառնիկին, թե ծառերիդ ճղերը շվաք են անում իր ծառերին, տենց չի լինի պիտի կտրես, Փառնիկն էլ, որ հումորով մարդ է, հորդորում է չկտրել. -"Հո Ավետ Ապերը չեմ, հարևան ջան, ավելի լավ չի կտրելու փոխարեն քո կողմն անցած ճղերի բերքը դու վերցնես, ծառը իզուր տեղը չկտրենք":
Փաշոն էլ թե,- Փառնիկ բոլշևիկ-մենշևիկ, ճղրիդ խաղը քեզ պահի, ես իմ հողի շվաքը քո ճղերի բերքի հետ չեմ փոխի:
-Է՜ Փանիկ ջան, դրա համար են ասում, որ մեր ազգի ջուրը մի առվով չի գնում, ուր մնաց ջահելներին թրջենք, որ ծլարձակեն ու իմ ու քո շվաքի տակ ապրեն ու ճյուղավորվեն:
Մի բեջան մի պատմություն կկերտի Փաշո ջան, արի համաձայնի, օկուպացիա մի արա, էս աննման ծառերի տեղը խրամատ չփորենք:
-Լավ, լավ, այ անտոկոս ավանդ,-ասաց Փաշոն,-հրես խնոցու թան են բերել, արի խմենք:
- Է՜, Փառնիկ, քաղաքականությունը թթու թան չի, ամեն մարդու բան չի, չնայած ասեմ քեզ, ավելի լավ է փորձված թանը, քան անփորձ քամած մածունը: Հետո լսիր Փառնիկ, մեզ յոգուրտային, սերուցքային, անարատ հորած շոռի, չեչիլ պանիրի, անկորիզ քիշմիշ խաղողի դիվանագիտություն է պետք մշակել:
- Հա, Փաշո, հատկապես աղվեսն էլ գա, դունչը ցցի, չհասնի խաղողին, ասի թե խաղողը խակ է:
- Փառնիկ, եթե ռսի կյամ աղվես լինի գործիչ կհասկանա, էդպես եվրոպական բոռերին քշի, մոտ չի թողնի:
- Փաշո, բա որ խաղողին նայողը աղվես չլինի, ասենք լինի շիկակարմիր գայլ, կամ թուրքական էշ լինի:
- Փառնիկ դրան հոշ արա... կանգնեցրու, կդառնա Փաշ-Այգեկցին...
Մենք, հայերս հո գիտենք, որ փիլիսոփա աղվեսին կարող ես բան հասկացնել, իսկ գայլի ախորժակին ջուր չես լցնի, որ զուզան միացրեց կտրել չի լինի:
-Ուզում ես ասել, որ մեր տեսակը Ռուսաստանն է,-ասաց Փառնիկը:
- Փառնիկ ջան, թուրքերը "գյավուր" բառի մեզ ուղղված տիտղոսով (հայի հետին խելքը) գողացել են ու մեզ հայերիս գործազուրկ դարձրել, լոք անելը, ճողվածքը թաքցնելը, դեռևս դիվանագիտություն չէ:
Եվ ուրեմն...
-Եթե ուզում ես կոմունիստ եղիր, դաշնակ, դեմոկրատ-սոցիալիստ, կամ թե հանրապետությունուվ (թամամ աշխարհ պտույտ արա)՝ ելքեր միգուցե կլինեն, բայց հայի համար գլխավոր ելքն ու մուտքը Ռուսաստանն է:
-Փաշո, օրհնվի էն սհաթը, որ ռուսի արդար ոտքը մտավ մեր գյուղը, և ես ու դու էլ ասացինք, հե՜յ, ջա՜ն, Օլյա ջա՜ն, հարս ջա՜ն, եղավ էն, որ փեսան՝ արևելքից, հարսնացուն՝ հյուսիսից:

Նաիրա Հայրապետյան

Բաժին՝ Մշակույթ

Գարնանը ժողովրդի ինքնաբուժության դեղատոմսը “Ելք” գտավ և իր քայլն արեց:

 Հավաքներ, երթեր, իշխանափոխություն և այս ամենը առանց շպագատի և դոպինգի: Ունեցանք Հանրապետության IV նախագահ և սրտանց ասացինք շնորհավոր:

    Անցում եղավ խորհրդարանական կառավարման նոր համակարգի, նոր սահմանադրային հասարակական պատկերացումներ.

   Եվ ուրեմն…

     Անիրավ և մակաբույծ “երիզորդների” միլիարդների հասնող ձվադրումները բնական զայրույթի էին հասցրել հասարակությանը: Ժողովրդի “Եղեգնյա գրիչների” եռերգությունները նոր պատմության մեջ թաթախված թանաքով, գծեցին (դուխով քայլերթի) ուղիները:

Հաճախադեպ չէր նաև քաղաքական խաղերում (պարոն պոլիէթիլեննրի) անկումը: Լուսանցք բերվեց կաստայական, կլանային ուժերը:

   Կոռուպցիայի ինդեքսով բացահայտվեց (սայլի հինգերորդ անիվ) եղածներին:

 Ժողովրդի հուժկու ֆեդերալ ալիքը փլուզեց (Թաթոսանց-մաթոսների) չափառները, որտեղ գերեվարված էր Պլատոնի ուսմունքը, իսկ երբեմն էլ մարդկանց մղելով “երկկենցաղություն”:

 Օրերի քայlերի մեջ, այսօրն ավելի վստահելի է, քան նախկինի դանդաղաշարժությունը: Հույսի կարմիր թել է անցնում կարմիր գորգի վրայով քայլողների մտքում:

   Սոցիալիզմի աչքն էլ ընտեղ ջուր կտրեց, թե ե՞րբ կարմիր թելը կանցնի գորգագործների օբյեկտիվության  “ֆայմում”:

    Մանիր, մանիր իմ ճախարակ… գուցե այսքան լռության հաստ կտավի մեջ միավորվեն  հիշողության  նպաստավոր տեսիլքները: Գուցե սոցիալիստ ժապավենները ծրագրերի կծիկների հյուսվածքում նոր քաղաքացիական համաձայնության լսարան մեկտեղեն` արդիականացնելով  համակարգիչները:

      Սպասենք ասպարեզների “գազգահների’ չխչխկոցին և ասենք ուռռա՜, ուռռա՜…

 

Նաիրա Հայրապետյան

Բաժին՝ Անցուդարձ
Անցած՝ ՄԱԿ-ի 2018-ի ջրի համաշխարհային շաբաթը կենսական պահն է կարեւորելու Հայաստանի ջրային անվտանգությունը, նրա անվտանգ հուսալի մատակարարման եւ պաշտպանման հնարավորությունները:
Պահպանելով ջրային աղբյուրները լայնածավալ դեգրադացումից` աղտոտվածության նվազեցման ճանապարհով եւ վերականգնելով հանրապետության  ջրային անվտանգությանը՝ դրանով  նպաստում ենք հանրապետության տնտեսական եւ մարդկային զարգացմանը՝ ներառյալ հանրային առողջությունը, կայուն աշխատատեղեր ստեղծելը և բազմաթիվ այլ մարտահրավերների դիմակայումը:
Զարգացող երկրների հիվանդությունների գրեթե 80 % կապված է ջրի որակի հետ, եւ աշխարհում 2.1 միլիարդ մարդկանց մոտ բացակայում է անվտանգ խմելու ջրից օգտվելու հնարավորությունը:
Սեւանա լիճը  քաղցրահամ ջրի միակ ռազմավարական աղբյուրն է  ամբողջ տարածաշրջանում եւ Հայաստանում։ Այն ապահովում է Հայաստանի խմելու եւ ոռոգման ջրի շուրջ  80%-ը:
 
Առավոտ օրաթերթում տպագրվել էր մեր նախնական փորձագիտական եզրակացությունը (4 օգոստոսի 2018, https://www.aravot.am/2018/08/06/974018/), որտեղ նշված էր, որ Սեւանում ջրիմուռների ծաղկման ծավալի գերաճը միայն ջրի աղտոտման հետեւանք է  ու հանդիսանում է զգուշացում Հայաստանի պետական անվտանգությանը սպառնացող տնտեսական, սննդի, գյուղատնտեսական, առողջապահական եւ այլ վտանգների ավելացման մասին։ Ջրիմուռների ծաղկումը բացահայտեց նաեւ Սեւանի ծրագրերի անարդյունավետությունը, ՀՀ բնապահպանության, էկոնոմիկայի, գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների (ծաղկումը արտակարգ իրավիճակ է) նախարարությունների երկարատև անգործունեությունը, ինչպես նաև աղտոտման կանխարգելմանն ուղղված միջգերատեսչական գործողության ծրագիրի անհրաժեշտությունը:
 
Նշված հոդվածում հայտնել եմ, որ պահանջվում է Սեւանի պահպանությանն ուղղված ծրագրերի վերանայում` այդ թվում լճի ջրի մակարդակի բարձրացման արդյունավետության ու ցանցային ձկնաբուծության նպատակահարմարությունը նոր վերլուծություն։ Ընդ որում, հաշվի առնելով մարտահրավերի ահռելի  չափը` լճի էկոհամակարգի վերականգնման համար անհապաղ պահանջվում է միջազգային հանրության աջակցությունը։
 
Այդ եզրակացությունը ուղարկվել էր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ գերատեսչությունների ղեկավարներին: Ստացված ՀՀ բնապահպանության նախարարության գրության նշված է, որ տեղեկությունը ընդունվել է ի գիտություն եւ լճի ծաղկման հետ քննարկումներին կհրավիրվեմ առաջարկություններ ներկայացնելու:
 
Միաժամանակ տեղեկացվել եմ, որ նախարարությունը կատարում է Սեւանա լճի էկոհամակարգի եւ ջրավազանի ենթակառուցվածքի ուսումնասիրություն եւ գնահատում, կանխատեսումների մշակում, ու վերականգման միջոցառումների հատակ ձեւավորում: 100-օրվա ընթացքում նախարսրությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Սեւանա լճի պահպանության, ապօրինի եւ արդյունաբերական ձկնորսության եւ դիտարկվել են նաեւ Սեւանա լճի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում հարակից համայնքների բնակիչների ներգրավման մեխանիզմներ:
 
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն մասնագետները ենթադրել են, որ Սեւանա լճում ջրիմուրների աճը կանխելու եւ լճի էկոհամակարգը վերականգնելու համար որպես առաջնային քայլ պետք է հսկողության տակ վերցնել լիճ թափվող կոյուղաջրերը եւ այլ օրգանական նյութերի հոսքերը:
 
ՀՀ Առողջապահության նախարարությունը իր հերթին չի ծրագրում որեւէ միջոցառումներ՝  Սեւանի կապտականաչ բակտերիաների տոքսինների քանակի որոշման եւ ՀՀ բնակչությանը տեղեկացնելու առումով, անտեսելով, որ Համաշխարհային Առողջապահության կազմակերպությունը հրատարակել այդ տոքսինների սահմանային թույլատրելի նորմերը, իսկ ԱՄՆ-ի Առողջության եւ ծառայությունների նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը 2002 թ-ից դիտարկում է թունավոր միկրոջրիմուռների ծաղկումը եւ տարածում է տեղեկություններ լողափների փակման անհրաժեշտության մասին՝ իրազեկելով ինչպես բնակչությանը, այդպես էլ պատասխանատու գերատեսչություններն: Նախարարությունից հայտնում են, որ Եվրասիական բանկի կողմից 1 մլն դոլարի չափով «Առողջության առաջնային պահպանման ոլորտում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների եւ վերահսկման» դրամաշնորհային ծրագիրը ունի միայն նեղ նպատակային ուղղվածություն` ՀՀ երեք մարզում կանանց շրջանում կրծքաղցկեղի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով մամոգրաֆիկ հետազոտությունների իրականացում։  
 
Կարելի է ենթադրել, որ այդ նախարարը ոգևորված է  Հայաստանում  տոքսինները որոշելու  «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի  նորարական մոտեցումներով `  այն է Սեւանի ջուրը ցուցադրաբար խմելը, ապացուցելու համար, որ իբր այն անվտանգ է։ Սակայն ՀՀ Առողջապահության նախարարը որոշել է նրանից ավելի առաջ անցնել։ Փոխանակ թունավոր նյութերի քանակը եւ նրանց վնասակար ազդեցության չափը հետազոտելու, կազմակերպում է իր մասնակցությամբ հեռուստատեսային շոու, ցուցադրելով, թե ինչպես է ինքը լողաում Սեւանում (https://armeniasputnik.am/armenia/20180729/13539918/armenia-sevan-arsen-torosyan-marzpet.html, http://yerevan.today/all/mamuli-tesutyun/19139/arsen-torosyany-oroshel-er-herqel-ir-isk-ghekavarats-karuyci-haytararutyuny-zhoghovurd)։  Այս ամենը չի կարող գնահատվել այլ կերպ, քան թունավոր նյութերի վնասակարության որոշման սեփական՝ «Թրջիր նախարարին Սեւանում» անվանումով նորարական տեխնոլոգիա (որը հնարավոր է ,որ կարող է դրական ազդեցություն ունենալ համաշխարհային բնապահպանական մարտահրավերների լուծելիս)։ Այն հետագայում ներկայցվեց, որպես ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքների ցանկում ինչպես Սեւանա լճի ջրի որակական մոնիթորինիգ, բնակչության իրազեկման բարձրացում (https://www.civilcontract.am/news/news-about-us/hh-arhoghjapahowt-yan-nakharar-arsen-t-orosyani-ashkhatank-ayin-100-orva-ent-ats-k-owm-katarvats-himnakan-ashkhatank-ner):(նախարարությունը հորդորել էր բնակչությանը զերծ մնալ ջրիմուռների ծաղկման վայրերում լողալուց առողջական խնդիրներից զերծ մնալու նպատակով (http://www.moh.am/#1/1431)։
Եւ քանի որ Գեղարքունիքի մարզի գործարարները արդարացի պահանջել էին կատարել ջրիմուրների ծաղկման դեպքի հետազոտություն,ես  առաջարկում եմ նրանց ցուցաբերել մարդասիրություն, քանզի կանաչած ջրի հետազոտությունը Հայաստանում նախարարի նոր մշակած մոտեցումներով՝ կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների պետական ծառայողների առողջության համար (այս իրավիճակում ավելի գերադասելի է համացանցով ստանալ տեղեկություն կապտականաչ բակտերիաների մասին):
 
Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով մարդկանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը՝ համարվում հանցանք (ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդված) և չի համապատասխանում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մաղթանքին` ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, և խելամտություն:
 
ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը որը մշակում և իրականացնում է սննդամթերքի անվտանգություն և բուսասանիտարիայի քաղաքականությունը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, ով մշակում և իրականացնում է քաղաքականությունը բնական պաշարների կառավարման բնագավառում  ընդհանրապես չեն արձագանքել այս իրավիճակին եւ այդ գրությանը, որը Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի կոպիտ խախտում է:
 
Այն հիմք է մի կողմից ենթադրելու, որ բնական պաշարների կառավարման ոլորտում ծանր մետաղներով աղտոտման ու հատկապես ջրիմուռների ծաղկման հատվածում Սեւանից ստացվող սննդամթերքի անվտանգությունը, թույլատրելիությունը կիրառել Սեւանա ջուրը ոռոգման համար, որոնք այդ նախարարությունների կանոնադրական նպատակներն են, դուրս են նրանց վերահսկողությունից:
 
Մյուս կողմից, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածի մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է բնակչությանն այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձի կողմից՝ համարվում է հանցանք:
 
Այսինքն, որոշ գերատեսչությունները չեն ապահովում օրենքի գերակայության եւ արդյունավետ իրագործում իր կանոնադրական պարտադիր պարտականությունը: Սեւանը, որը ունի 1 մլն տարի պատմություն, վերջին մոտ 100 տարվա ընթացքում մարդկային գործունեության արդյունքում դարձել է էվտրոֆիկացված (հունական eutrophos-ից` «լավ սնուցված») լիճ, որը առաջանում է երբ ջրային ռեսուրսը չափազանց հարստացված է հանքային եւ սնուցող նյութերով, նպաստելով բույսերի եւ ջրիմուռների ավելցուկային աճի, իսկ նրանց մահանալուց հետո կենսազանգվածի բակտերիալ դեգրադացիայի պատճառով առաջանում է թթվածնի պակասորդ եւ ճահճացում:
 
Որոշ փորձագետների կարծիքներով այս տարվա տաք ձմեռը առաջացրել էր ջրում Ֆոսֆորի քանակության ավելացում, որը հիմնականում նպաստում է բույսերի ավելցուկային աճի եւ լճի ծաղկմանը, բայց ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ նրա քանակի էական փոփոխություն չի գրանցվել:
 
Մյուս կողմից, համաձայն ներկայցված թվերի, այս տարի Սեւանա լճի ջրի միջին ջերմաստիճանը աման ամիսներին էակական չի տարբերվել նախորդ տարիներից` 19-21 °C (http://travel.org.ua/water.php?t_id = 2704, http: //travel.org.ua/water.php? T_id = 2704 & h = 8) եւ հնարավոր է, որ այդ կայունությանը նպաստել է Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացումը:
 
Սևանի ջրի ջերմաստիճանը պատմական առավելագույնը կազմել էր 24°C, բայց կապտականաչ բակտերիաների համար օպտիմալ ջերմաստիճանը 35°C:
 
Ուրեմն լճի ջրի ջերմաստիճանը եւ Կլիմայի փոփոխությունները չէին կարող հանդիսանալ վճռորոշ գործոն կապտականաչ բակտերիաների կենսազանգվածի 2018 թ. այդ չափ ավելացման:
 
Մյուս կողմից, որպես լճի էկոհամակարգի վերականգնման հիմնական միջոց քննարկվում է ջրի մակերեսի բարձրացման խնդիրը:
 
ՄԱԿ-ի 2011թ. փաստաթղթում «Սեւանա լճի էկոլոգիական ամփոփիչ գնահատում» նշվում է լճի ֆիտոպլակտոնի կենսազանգվածի զգալի աճը (1.5 – 2 անգամ), օրգանական նյութերի` 1930թ. մինչև 2011թ.` 25 մինչև 150 տոննա ավելացումը եւ տարեկան միջինում լիճ մուտքագրվում է 7000 տ ազոտ, 400 տ ֆոսֆոր, մոտ 13 տ պեստիցիդների և 135 տ ծանր մետաղներ: Խորհրդային շրջանում ամրապնդելու ափամերձ հողը ու բարելավելու հանգստի գոտիները տնկվել են անտառների մոտ 13 հա, որոնցից 4000 հա լճի մակարդակի բարձրացման դեպքում պետք էր ոչնչացնել:
 
ՄԱԿ-ը նշում է, որ ցավոք, այն չէր իրականացվել ժամանակին այնքանով, որքանով անհրաժեշտ էր եւ անտառի մի որոշակի մասը մնացել էր ջրի տակ, որը բարձրացրեց օրգանական նյութերի քանակը եւ լճի ճահճացման ռիսկը: Միաժամանակ, լճում հայտնաբերված է ծանր մետաղների թույլատրելի կոնցենտրացիան գերազանցող քանակություն (Va – 5-6 անգամ, CR – 2 անգամ, SE 2-3 անգամ, Cu – 2-3 անգամ ու Mg – 1,2 -1,4 անգամ) (վերոգրյալ իմ հոդվածում 2018 թ. նշված է, որ վերջին 2017 թ. ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով այն դարձել է շատ ավելին):
 
Նույնիսկ այն դեպքերում, երբ ծանր մետաղների պարունակությունը լճի գետերում չի գերազանցում սահմանային թույլատրելի քանակությունները, նրանց գետերի ջրով հոսքը անընդհատ ավելացնում է լրացուցիչ մետաղների քանակության լճում հանքաքարի դաշտերի, հանքերից, 32 լքված պոչամբարներից եւ այլ: Հատկապես, անհանգստացնող էր Սոթքի, Գոլդ Մայնինգի ու Գեգամետ պլյուս հանքավայրերի ազդեցությունը ջրի որակի վրա: ՄԱԿ-ը եզրակացրեց, որ լճի ավազանում հանքավայրի շահագործման բացասական ազդեցության կանխարգելման համար պետք է ձեռնարկվեն եւ համապատասխան սահմանափակող որոշումներ հանքաքարի մանրացումի տեխնոլոգիան վերանայման կամ այն իրականացվի Սևանի ավազանից դուրս:
 
Անցած դարից Ռուսաստանի գիտնականները մասնակցում են Սեւանի լճում փոփոխությունների ուսումնասիրման եւ վերջին տպագրված 2015 թ-ին նյութում «Սեւանի լճի էկոլոգիան ջրի մակարդակի բարձրացման ժամանակահատվածում» նշված է, որ այդ մակարդակի բարձրացումը (այն ժամանակ` մոտ 1.5 մ, իսկ ներկայումս` մոտ 4 մ) նպաստել է ափամերձ տարածքներից լրացուցիչ քանակությամբ բիոգեն տարրերի հոսքին լիճ, որի արդյունքում ավելացել են պիկոպլանկտոնը (ցիանոբակտերաները եւ կանաչ միկրոջրմուռները): Ջրի մակարդակի շարունակական աճի արդյունքում` լճի էկոհամակարգը գտնվում է անկայուն վիճակում եւ մանրամասն եւ մշտական ​​հետազոտություն է պահանջում: Հատկապես վտանգավոր է նաեւ կապույտ-կանաչ ջրիմուռների տոկոսի աճը: Օրգանական նյութերով ուժեղ աղտոտվածության հետեւանքով Սեւանը 1980-ականների համեմատ ավելի աղտոտված է դարձել, ինչի մասին վկայում է աշնանային հովացման ժամանակաշրջանում կրկնակի լճի ջրի կապույտ-կանաչ ջրիմուռների ծաղկումը որը նախկինում երբեւէ չի դիտարկվել:
 
ՀՀ բնապահպանության փոխնախարար Գնել Սանասյանը օգոստոսին 2018 թ. իր ֆեյսբուքի էջից տարածել է ֆոտոշարք, վկայող որ Սեւանա լճի տարբեր հատվածներում անտառի մի որոշակի մասը մնացել էր ջրում (որին ես ավելացնում եմ իմ կողմից 2018 թ. արված ֆոտոնկարը Սեւան քաղաքի լողափից), մեկնաբանելով, որ դա արդյունքը ոչ թե լճի արագ բարձրանալու, այլ հետեւանք է լճի ափամերձ տարածքների փնթի ու անկազմակերպ մաքրման, ինչի համար պատասխան են տալու:
 
Այսինքն, հիմնական պատճառը ջրիմուրների լճում լայնածավալ ծաղկման հանդիսացել է բույսերի մնացորդների եւ հողի հումուսային շերտից օրգանական եւ միներալ նյութերի մուտքը՝ պայմանավորված Սեւանի ջրի մակարդակի բարձրացմամբ ու ափամերձ տարածությունների մաքրման ծրագրերի անարդյունավետությունը:
 
Գտնում եմ, որ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի եւ այլ մասնագետների ու մի շարք հասարակական կազմակերպությունների անհանգստությունը տեղին է, բայց լուծման ձեւը չի արտացոլում խնդրի էությունը: Սեւանա լճից վերցված փորձանմուշներում որոշ աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները արդեն գերազանցվել են 5-7 անգամ, որին անհնարին է լուծում տալ միայն Սեւանի ջրային ծավալի ավելացման միջոցով ու առաջնահերթ է պայքարը նվազացնելու տարբեր աղտոտիչների մուտքը լիճ, այդ թվում նրա հետագա ջրի մակարդակի բարձրացման արդյունքում:
 
Եթե  Սեւանի ջրի մակարդակը շարունակի բարձրանալ, իրավիճակը կարող է միայն բարդանալ, եթե ափամերձ տարածքները չմաքրվեն բույսերի մնացորդներից եւ հողի հումուսային շերտից: Սեւան վնասակար կոյուղաջրերի հոսքի մասին խոսվում է արդեն մի քանի տասնյակ տարիներ, անգամ առաջարկվում էին մեծածավալ թանկարժեք նախագծեր: Վերջին տարիների մի կողմից արտագաղթի պայմաններում Գեղարքունիքի բնակչության քանակը պակասել է, բայց մյուս կողմից ափամերձ տարածքում կառուցվել են կապիտալ շենքեր ու սպասարկման օբյեկտներ եւ այլն ու խնդիրը պահանջում լրացուցիչ ուսումնասիրություններ:
 
Ընդհանրապես, կեղտաջրերի կառավարման եւ հեռացման սխեման ներառում է խոշորածավալ կենտրոնացված կայաններ, որոնք ունեն աէրացիայի համար էներգիա բարձր ծախս (ծախսերի 45-75%):
 
Այդպիսի աէրացիայի կայան ունենք Երևանում, որը գործում է հնացած տեխնոլոգիայով:
 
Այլ ժամանակակից մոտեցումը`ապակենտրոնացված կոյուղաջրերը մաքրման համակարգերն են, կիրառվող փոքր համայնքներում կամ անհատների կողմից առաջացած կոյուղաջրերի մաքրման համար, որոնցից ջրային պակասուրդի ժամանակ մաքրված ջուրը օգտագործվում է նաեւ ոռոգման նպատակով:
 
Համեմատ խոշորածավալ կենտրոնացված կայաններին, նրանց ներդրումային ծախսերը կազմում են ընդամենը 20-50%, իսկ շահագործման ծախսերին – 5-25%: Այդ համակարգերը կիրառվում են անգամ աֆրիկական երկրներում, որոնցում ֆակուլտատիվ եւ հասունացման անաէրոբ լճակներում են (հաճախ 2-ից 5 մետր խորությամբ, կեղտաջրերում ոչ բարձր սկզբնական օրգանական նյութերի քանակությամբ (կենսաբանական թթվածնի պահանջարկը (BOD) 100 գ/մ3/օր) եւ արտադրողականություն (3000 կգ BOD/հա/օր, մաքրման ժամանակահատված`1.0-1.5 օր)), կեղտաջրերի մաքրումը կատարում են ջրիմուռների եւ բակտերիաների կողմից ու վերջին փուլում մանրէները անջատվում են ջրից:
 
Փորձագիտական եզրակացություն:
 
Սեւանի էվտոֆիկացիայի ու ջրիմուռների գերաճի պատճառը հանդիսանում է ջրերի աղտոտումը։ Վերջին տասնամյակներում այն աճել է, սպառնալով Հայաստանի Պետական ու Տնտեսական Անվտանգությանը եւ բնակչության առողջությանը:
 
Պահանջվում է. առաջնահերթ հեռացում ափերից անտառի մնացորդների եւ հումուսային շերտի, հաշվի առնելով նաեւ մյուս տարվանից խոստացած Արփա-Սևան թունելի վերագործակցումը:
 
Այդ գործընթացի համար անհրաժեշտ է պետական ներդրումներ, ինչպես նաեւ մոբիլիզացնել ոչ միայն Գեղարքունիքի այլեւ Երեւանի ու մյուս հարակից մարզերի հանրությանը։
 
Աղտոտիչների մուտքը Սեւան կանխելու համար անհրաժեշտ է կիրառել ապակենտրոնացված կոյուղաջրերը մաքրման լճակներ ինչպես  ու նաև վերագնահատել Սեւանա լճում տեղակայված իշխանի բազմացման ցանցային մեթոդի ու կիրառման աղտոտման ազդեցությունը եւ նպատակահարմարությունը։
 
Առաջնահերթ է կանխել ծանր մետաղների հոսքերը հանքաքարի դաշտերից, հանքերից, 32 լքված պոչամբարներից եւ գործող հանքաարդյունաբերության տարածքներից դեպի Սեւան եւ կատարել ստորգետնյա գրունտային ջրերի հոսքերի ուսումնասիրություն։
 
ՀՀ կառավարությունը պարտավոր է կազմել Սեւանի նոր գործողություների միջգերատեսչական ծրագրի, կատարել ներդրումներ լճի էկոհամակարգի վերականգնման համար, ինչպես նաեւ դիմել միջազգային հանրության աջակցությունը։
 
Արմեն ԱՎԱԳՅԱՆ
ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման եւ ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ,
ԵՄ տարբեր ծրագրերի եւ ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ, ակադեմիկոս,   Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակի դափնեկիր
(աշխարհի 50 հանճարներ, ԱՄՆ), Սրբապատկեր նվաճումների համար միջազգային նախագահական մրցանակի դափնեկիր
(աշխարհի 100 պրոֆեսիոնալներ, Անգլիայի Քեմբրիջ), ոլորտում երկարատև համաշխարհային առաջնորդության ու գերազանցության համար Մարքիուսի «Ով ով է» 2017 և 2018 թ. Մարքիուս Ալբերտ Նելսոնի մրցանակների դափնեկիր,
նախկին ՀՍՍՀՄ մրցանակնեկրերի դափնեկիր
 

Հստակ կարելի է ասել, ովքեր ծանոթ են Մարքսի «կապիտալիզմի քաղաքական տնտեսության քննադատությունը և կապիտալիզմի էությունը» աշխատության հետ (Տարբեր Մարքսիստ տեսաբաների գրքերից օգտվելով), նրանք էլ երբեք լավատեսորեն չեն նայի կապիտալիզմին կամ ընդունեն կապիտալիզմի տարբեր ռեֆորմիստական տեսակները: Մարքսիզմի նման տեսությունների ուժեղ կողմն այն է, որ խիստ ձևով քննադատության է ենթարկում կապիտալիզմը, և դրա կողքին գիտնական ու քաղաքական տեսաբան է դաստիարակում: Հայաստանում համարյա թէ չունենք ձախ կամ Մարքսիստ տեսաբան կամ էլ եթե ունենք նրանք հրապարակում չեն կամ էլ տարիքով են ու հին ուսումնասիորւթյուններին են ծանոթ և ժամանակակից ուսումնասիրությունների հետ ծանոթանալու առիթ չեն ունեցել, սակայն այս պրոցեսը զարգացած երկրների ձախերի մոտ ավելի լավ է առաջանում և պետք է մենք հայերս կարողանանք նրանցից օգտվել մեր հասարակության ու ժողովրդի կյանքը ավելի բարելավելու նպատակով: Ձախերին Հայաստանում անհրաժեշտ է, հին տեսակետները մեզ համար դոգմաներ չդարձնել ու մեզ հասցնենք ծանոթանալու աշխարհում տեղի ունեցած ու զարգացած ձախ և Մարքսիստական տեսակետներին, որպեսզի գործնականում էլ չտուժենք ու շատ սխալների տեղիք չտանք:
Երկու տեսակ մտավորական կարող են լինել ձախերի մեջ՝
1-Այն մտավորականները, որոնք աշխատում են հատուկ համոզմունքներ, ժողովրդական լեզվով մատուցել ժողովրդին, որովհետև այդ խմբի ժողովուրդը առօրյա հարցերով է տարված ու ժամանակ կամ ցանկություն չեն ունենալու զբաղվելու տեսական հարցերով:
2-Մի շարք մտավորականներ կամ տեսաբաններ էլ անհրաժեշտ են ձախ ուժերին, որպեսզի բախվեն բուրժուազիայի մտավորականների ու տեսաբանների հետ: Կամ էլ, եթե նրանց հետ չեն բախվելու, կարողանան հարցերը տեսականորեն, համախմբված ու գիտականորեն բացատրեն ու ներկայացնեն:
Ի՞նչ կապ ունի ազգության և կապիտալիզմի միջև: Զարգացած կապիտալիզմի ժամանակ ազգերի էությունները ավելի են բացահայտվում և արծածվում, մինչդեռ կարծիք կար, որ կապիատալիզմը ազգերին մի կողմ է դնում: Դա փաստ է, որ մենք ականատեսն ենք համաշխարայնացման կամ համաշխարհային շուկայի հետ, որտեղ ուզում են աշխարհը միացնել ու իրար մոտեցնել: Երբեմն էլ հնչում է, որ միասնական մի մարդկության էություն է ուզում ստեղծվել: Սակայն բայց քանի որ դա կույրորեն և առանձին առանձին է կատարվում, տեսնում ենք, որ սա տեղի է ունենում «տարաձայնություն գցիր և իշխիր» քաղաքականությամբ: Որոշ երկրներում օրինակ Շվեդիայում, Դանիայում, Անգլիայում և այլուր չնայած մարդիկ պրոլետարացվում (աշխատավարձ ստացող են լինում) են, սակայն միևնույն ժամանակ ազգային պատկանելությունը և էությունը նաև վերակառուցվում է: Երկրների տարաձայնությունները, բախումները և ռացիզմի տարածումը, որը իշխող ուժ է դառնում որոշ երկրներում, համաշխարհային տարաձայնությունները և այլ ֆակտորներ պատճառ են դառնում, որ ազգային էությունը վերականգնում կամ վերակառուցվում է: Հասարակությունների կառուցվածքները նաև նպաստում են ազգային վերակառուցմանը:
Պետք է հասկանալ, որ Հայաստանում տնտեսական հարաբերությունները համաշխարհային կապիտալիզմից անջատված չեն, սակայն ունեն իրենց յուրահատկությունները և կարգավիճակը, օրինակ Արցախի հարցը և այլն: Ձախերը Հայաստանում պետք է տեսականորեն դառնան ժամանակակից և նրանց բանավեճերը ներկա ժամանակի պայմանների հետ համապատասխանի: Պետք է զինվել տեսական հարցերով, որպեսզի կարողանալ պայքարի դուրս գալ կապիտալիզմը և նեոլիբերալիզմը պաշտպանող ուժերի դեմ:


Ռուբիկ Սարդարյան

Ուրբաթ, 12 Հոկտեմբերի 2018 18:19

2016թ. Սոցիալիզմը ԱՄՆ-ում

ԱՄն-ի Չիկագո քաղաքում յուրաքանչյուր տարի սոցիալիստների համագումար է տեղի ունենում, որտեղ մասնակցում են հիմնականում Ամերիկացի սոցիալիստները և որոշ արտասահմանյան երկրներից հյուրեր, օրինակ Հունաստանից, Բրազիլիայից, Բելգիայից, Ավստրալիայից, Անգլիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: 2016 թվականի համագումարին մասնակցել էին մոտ 1400 հոգի: 2016 թվականի համագումարի յուրահատկություններից մեկն այն է, որ անց էր կացվում մի շրջանում, որը Բերնի Սանդեզը անվանել էր «Սոցիալիզմի» շրջան:
Համագումարը տևեց 4 օր և այդ 4 օրվա ընթացքում 140 դասախոսություններ տեղի ունեցան: Յուրաքանչյուր օր առավոտվա ժամը 9.30-ից մինչև գիշերվա 9.30 տեղի էին ունենում այդ դասալսումները, յուրաքանչյուր մեկ ու կես ժամում 12 դասախոսություն էր լինում տարբեր լսարաններում: Այդ դասախոսությունների ցանկը նախորոք ներկայացված էր մասնակիցներին, յուրաքանչյուր մեկ ու կես ժամից կես ժամը դասախոսություն էր և մնացած մեկ ժամը հարց ու պատասխաններ ու տարբեր մտքերի փոխանակումներ էին լինում: Դասախոսությունների թեմաները բազմաբնույթ էին, օրինակի համար որոշ թեմաներից էին՝ «Եվրոպայի ճգնաժամը և փախստականները», «Բերնի Սանդեզի սոցիալ դեմոկրատիան և սոցիալիզմը», «Ռեֆորմ թէ հեղափոխություն», «Արդյո՞ք կապիտալիզմը կարող է դեպի սոցիալիզմ գնալ», «Արդյո՞ք Եվրախորհուրդը տարանջավելու և լուծարվելու է», «Իմ թշնամու թշնամին իմպերիալիզմը և այսօրվա հակաիմպերիալիզմը», «Ինչպես Մարքսը մարքսիստ դարձավ», «Թարմփը և աջ պոպուլիստի առաջացումը ԱՄՆ-ում», «Պաղեստինը և սևամորթները», «Մարքսիզմ, հավատարմություն ու ազատություն», «Մեր օրերի իմպերիալիզմը և հակաիմպերիալիզմը»: Դասախոսները հիմնականում քաղաքական ակտիվիստներ, ժուռնալիստներ և գրողներ էին ԱՄՆ-ից և այլ երկրներից: Ներկայացված դասախոսությունների և բանավեճերի հետ կարող եք ծանոթանալ youtube-ում:

Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հուշագիր ստորագրելու հարց մեր օրակարգում չկա, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քննարկման ժամանակ նման հարց օրակարգում չի եղել․ ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը: «ՀՅԴ-ն հավատարիմ է մնում իր դիրքորոշումներին և մոտեցումներին, պետք չէ հասարակությանը քաղաքական ուժերի մոտեցումները ձևախեղված ներկայացնել, մենք դեմ չենք արտահայտվել, արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված որևէ հարց չենք ունեցել, մենք դեմ ենք ժամկետներին: Մեր մոտեցումները պայմանավորել ենք անհրաժեշտ քայլերով և գործողություններով, և այդ հաստատումներն արված են կառավարության ծրագրում քաղաքական ուժերի համաձայնությամբ: Մինչ արտահերթ ընտրությունները պետք է հարգել պայմանավորվածությունը և կատարել ծրագրում ամրագրվածը: Մենք ակնկալում ենք տեսնել կոնկրետ ժամանակացույց, թե ինչ ժամանակացույցով է հնարավոր անել այդ քայլերն ու գործողությունները»,- ասել է դաշնակցական գործիչը:

Այլ խոսքով՝ ՀՅԴ-ում հասկացնում են, որ հուշագրի կողմ չեն դարձել իրենց որոշմամբ՝ ընտրությունների ժամկետների հետ կապված սկզբունքային դիրքորոշումների պատճառով։

Իհարկե, ՀՅԴ-ի դիրքորոշումից որևէ բան կախված չէ, որովհետև խորհրդարանի պատգամավորների մեծ մասն անհատական կամ խմբային հայտարարություններով արդեն համերաշխվել է Նիկոլ Փաշինյանի օրակարգին, ու ընտրությունների ժամկետների հետ կապված այլևս քննարկումներ չեն լինելու։ Փաշինյանը մի քանի անգամ հասկացրել է, որ այդ հարցն իր համար սկզբունքային է ու ինքը մտադիր չէ այն դարձնել սակարկության առարկա։

Այս հարթության վրա Համբարձումյանի պնդումները նույնիսկ ժամանակավրեպ են, որովհետև ՀՅԴ-ի հետ որևէ մեկը չի պատրաստվում քննարկել ընտրությունների ժամկետների հետ կապված հարցեր։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ՀՅԴ-ին հետդարձի որոշակի հնարավորություն էր տվել՝ ասելով, թե գործ ունենք բազմաշերտ կուսակցության հետ, որտեղ դիրքորոշումներն ամենևին էլ միասնական չեն։

Սակայն ինչպես տեսնում ենք, ՀՅԴ Բյուրոն ու Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում են արտահայտել հրապարակային դիրքորոշումներ, որոնք գրեթե ամբողջովին ներդաշնակ են ՀՀԿ-ում փաստացի մնացած պատգամավորների հայտարարություններին։ Ակնհայտորեն ՀՅԴ-ն դեմ է արտահերթ ընտրությունների արագ անցկացմանը, որովհետև հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո համոզվեց, որ անցողիկության շեմը հաղթահարելու հնարավորություններ գրեթե չունի։ Իրավիճակն ավելի բարդացել է «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծումից հետո, որը գործում է նույն էլեկտորալ դաշտում՝ կլանելով ՀՅԴ էլեկտորատի մի մասին։

Կուսակցությունը հետհեղափոխական Հայաստանում ամբողջովին կորցրել է քաղաքական ադեկվատությունը՝ խորացնելով ինստիտուցիոնալ ճգնաժամը։ Մոտ երկու տասնամյակ ավանդական կուսակցությունը, որը, ի տարբերություն քաղաքական այլ ուժերի, ունի կայացած համակարգ ու արժեքային այցեքարտ, հետևողականորեն հեռացել է քաղաքական ակունքներից՝ ադապտացվելով քրեաօլիգարխիկ համակարգի կանոններին։ ՀՅԴ վերնախավը «մասնագիտացել» է կոռուպցիոն, ստվերային սխեմաներում՝ կորցնելով հասարակության զարկերակը զգալու հոտառությունը։

Հետհեղափոխական հինգ ամիսները Դաշնակցության մոտ ոչինչ չփոխեցին, ավելին՝ ՀՅԴ վերնախավը փորձեց տեղավորվել Ռոբերտ Քոչարյանի տանիքի տակ, երբ վերջինս հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին։

ՀՅԴ-ն, սակայն, ունի ավելի գլոբալ պրոբլեմ։ Բանն այն է, որ հեղափոխությունը հարվածի տակ կարող է դնել այս կուսակցության համահայկականությունը, միասնականությունը, որովհետև միանգամայն տարբեր են ՀՅԴ տարբեր սեգմենտների, աշխարհով մեկ տարածված կառույցների գնահատականները նոր Հայաստանի, նրա քաղաքական, ինստիտուցիոնալ իրողությունների հանդեպ։

Հեղափոխությունը ՀՅԴ-ին կանգնեցրել է լուրջ տրանսֆորմացիայի անհրաժեշտության առջև, կենսական է դարձրել արդիականացման խնդիրը, հակառակ պարագայում՝ ՀՅԴ հարուստ պատմությունը կամ ավանդույթները չեն կարող երաշխավորել կուսակցության հաջողությունը, անգամ՝ միասնականությունը։

ՀՅԴ-ն այսօր դարձել է Հայաստանի հակահեղափոխական կենտրոններից մեկը, ընդ որում՝ նոր Հայաստանին հակադրվելով նաև արժեքային, գաղափարական դաշտում։ Սա արդեն մարտահրավեր է ոչ թե կոնկրետ իշխանությանը, նրա քաղաքականությանը, այլ նոր ձևավորվող քաղաքական մտքին, Հայաստանի նոր առաքելությանը։ Սա ռևանշիզմ է ոչ այնքան հեղափոխություն-հակահեղափոխություն այսօրվա կոնյունկտուրային համատեքստում, այլ ավելի գլոբալ հարթության վրա, որը ենթադրում է Հայաստանի հետգլորում ոչ այնքան նախահեղափոխական շրջան, որքան մի իրականություն, որտեղ որոշումները կայացվում են ոչ թե ռացիոնալ քաղաքականության, այլ «մաուզերիստական» հայրենասիրության հենքով։ Հայաստանն ու նրա ժողովուրդը դասեր քաղել են պատմությունից, ՀՅԴ-ն շարունակում է կռվել ժամանակի դեմ՝ իրեն անդառնալիորեն կապելով անցյալի հետ, որտեղ հերոսականությունն ու ուրացումը եղել են անբաժան ուղեկիցներ։

Աղբյուրը՝ 1in.am

Բաժին՝ Հայաստանում

Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:

1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով Հայ ժողովուրդը ամրագրեց ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ, ԻՆՔՆԻՇԽԱՆ և ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՈՒՆ  ձևավորելու իր կամքն ու ցանկությունը:

 Երկու տասնամյակների դառը պայքարից հետո թավշյա հեղափոխության հաղթանակով այսօր ժողովուրդը վերագտնում է իր կորցրած ինքնիշխանությունը:

Քրեաօլիգարխիկ համակարգը սակայն դեռ իսպառ վերացած չէ եւ ժողովրդին թալանած ու երկիրը կործանման եզրին հասցրած հին իշխանության թափթփուկները այժմ էլ փորձում են դավադիր քայլերով հեղափոխության ընթացքը կասեցնել եւ իրենց սեւ գործը շարունակել:

Ապրիլյան ժողովրդական շարժումը, որը մայիսի 8-ին հասավ իր առաջին փուլի նպատակին, անհրաժեշտ է հասցնել տրամաբանական ավարտին:

Ժողովուրդը պայքարի ընթացքում բազմահազարանոց հավաքներով պահանջել է ազատ և արդար ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային Ժողով,  ժողովրդին ծառայող կառավարություն եւ անկախ ու արդար դատական համակարգ, որոնք իրավական,ազատ և անկախ պետություն կերտելու համար բացարձակ անհրաժեշտություն են:

Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին զարգացումները, հատկապես հոկտեմբերի 2-ի երեկոյան ժողովրդից թաքուն ԱԺ կանոնակարգի օրենքում հրատապ փոփոխություն մտցնելու գործարքը, ինչին կողմ քվեարկեցին ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, ցույց են տալիս, որ նախկին իշխանության կրողները եւ մաս կազմողները չեն  ենթարկվում ժողովրդի կամքին՝ ձգտելով վերականգնել կոռումպացված համակարգը: Այդ քայլը հակահեղափոխության ռևանշի բացահայտ ցուցադրություն էր: 

ԱԺ-ի կանոնակարգում մտցված նոր փոփոխությամբ, փաստորեն ամրապնդվում է հակաժողովրդական պառլամենտի եւ հին կարգերի շարունակականությունը, ինչը բացարձակապես հակասում է հեղափոխության եւ ժողովրդի շահերին:

Եվրոպայի Հայերի Համագումարը դիմում է Սփյուռքի եւ հայրենիքի մեր բոլոր հայրենակիցներին առավել ամուր եւ միակամ շարունակել պայքարը եւ հասնել ժողովրդի իղձերին ու ցանկություններին դեմ կանգնած ԱԺ-ի անհապաղ լուծարմանը եւ նոր խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

ԱԺ-ի շուտափույթ լուծարումը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները օդի պես անհրաժեշտ են հեղափոխությանը շունչ տալու և առաջ գնալու համար:

Եվրոպայի Հայերի Համագումար

Շվեդիա, Ուփսալա

Բաժին՝ Հայաստանում

Նոբելյան մրցանակի դափնեկիր Դորկ Սահակյանը ծնվել է 1954-ին Փենսիլվանիայում: Դպրոցում նա հատուկ հեռաքրքրություն է դրսևորել բնական գիտությունների նկատմամբ և ծնողները խորհուրդ են տվել ընդունվել Նյու Յորքի Ռենսելերի պոլիտեխնիկ ինստիտուտը, որ հանրահայտ էր դարձել ուսուցման ընթացքում բնական գիտություններին ու տեխնոլոգիաներին դարձվող հատուկ ուշադրությամբ:

 Ինստիտուտը Դորկ Սահակյանն ավարտեց 1977-ին ֆիզիկայի բակալավրի աստիճանով: Ինստիտուտից հետո նա ծառայության անցավ ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմում իբրև օվկիանոսագետ: Ծառայությանը զուգահեռ Դորկ Սահակյանը դասավանդում էր Կոլումբիայի համալսարանում և Օհայոյի Բերդի համալսարանի հետազոտական կենտրոնի գիտաշխատող էր: Այդ ընթացքում նա գրել է 100-ից ավելի գիտական հոդվածներ շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության մասին: Դորկ Սահակյանը ներկայանում էր իբրև տաղանդավոր գիտնական և 1994-ին նրան նշանակեցին Նյու Հեմփշիրի համալսարանի Երկրի, օվկիանոսի ու տիեզերքի ուսումնասիրման ինստիտուտի բիոսֆերայի միջազգային ծրագրի գլոբալ վերլուծական, ինտեգրացիոն ու մոդելային աշխատանքային խմբի գործադիր տնօրեն: 2002-ից Դորկ Սահակյանը Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի տնօրենն է, որ գնահատում է տեխնոգեն գործոնների պատճառով կլիմայի գլոբալ փոփոխությունների ռիսկերը Բեթղեհեմի Լիխայի համալսարանում (Փենսիլվանիայի նահանգ): 2004-ին նա դարձավ ՄԱԿ-ում կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի նախագահը և ստացավ Հարվարդի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

 Դորկ Սահակյանը և ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը մշակել էին գիտական զեկուցումներ կլիմայի հնարավոր փոփոխությունների թեմայով և կազմել էին առաջարկների ցանկ աշխարհի առաջատար երկրների քաղաքական գործիչներին շրջակա միջավայրի փրկության ու պահպանության համար: Զեկույցները ներկայացվեցին ՄԱԿ և ընդունվեցին իբրև ՙդասագիրք՚ աշխարհում կլիմայական ճգնաժամը հաղթահարելու համար: 2007-ին Դորկ Սահակյանը այդ մշակումների համար ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ: Հիմա հայազգի գիտնականը շարունակում է դասավանդել Կոլումբիայի համալսարանում ու գրել գիտական հոդվածներ, որոնց թիվը 2000-ից անցել է:

Աղբյուրը՝ www.irates.am

Բաժին՝ Գիտություն

ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հաագայում պարտավորեցրել է ԱՄՆ-ին հանել արգելամիջոցները Իրան արտահանումներից ու մարդասիրական օգնությունից, դեղամիջոցներից, քաղավիացիայի պահեստամասերից` հոկտեմբերի 3-ին հաղորդել է AFP-ը:

 ՄԱԿ-ի դատարանը քննարկել է Իրանի այս տարվա հուլիսին ներկայացրած հայցը` ԱՄՆ-ի պատժամիջոցների դադարեցման պահանջով: Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին 1955-ին ստորագրված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների ու հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագիրը խախտելու մեջ: Փաստաթուղթը նախատեսում է փոխօգնություն առևտրական կապերին: Դատավորները միաձայն որոշեցին, որ ԱՄՆ-ը «օգտագործելով միջոցները իր ընտրությամբ` պետք է վերացնի բոլոր խոչընդոտները, որ ծագել են 2018-ի մայիսի 8-ի պատժամիջոցների հետևանքով, Իրան դեղամիջոցներ ու բժշկական սարքավորումներ, սնունդ ու գյուղմթերքներ արտահանելու, քաղավիացիայի անվտանգության հետ կապված ծառայություններ մատուցելու համար»: ԱՄՆ-ի սահմանած արգելամիջոցները «կարող են լրջորեն վնասել Իրանի տարածքում գտնվող մարդկանց առողջությանն ու կյանքին»` հայտարարեց դատարանի նախագահ Աբդուլկավի Ահմեդ Յուսուֆը: ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն, սակայն դատարանը որևէ լծակ չունի, որ ստիպի երկրներին կատարել իր ընդունած որոշումները: Նախկինում և ԱՄՆ-ը, և Իրանը անտեսել են դատարանի որոշումները:

Հ.Գ. Ինքնին հասկանալի է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը ԱՄՆ-ը ոչ կբողոքարկի, ոչ կկատարի: Հօգուտ Իրանի կայացված որոշումը ունի բարոյական նշանակություն, որ օգտագործվելու է իբր փաստարկ դիվանագետների ձեռքին: Եվրոպան և ՄԱԿ-ը քայլ-քայլ փորձում են անկախանալ ԱՄՆ-ից ու այդ գործողությունների լավ հարթակ է տալիս Իրանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Աղբյուրը՝ www.irates.am
Բաժին՝ Աշխարհում
Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: