Արխիվ Սեպտեմբերի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

2017թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանի Գրողների միության տանը  տեղի ունեցավ Իրանահայ, այժմ Կանադայում ապրող հանճարեղ մշակութային և գիտական գործունեություն իրականացնող Էդիկ Բաղդասարյանի 98 պատմամշակութային և 40 տեխնիկական գրքերի  շնորհանդեսը:

 Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի գրողների միության նախագահ` Էդուարդ Միլիտոսյանը, որը մասնակիորեն նշեց Էդիկ Բաղդասարյանի հսկայածավալ գործունեության մասին, որ նա իրականացնում է հայագիտության և հայապահպանության բնագավառում, Գրողների միության նախագահը միաժամանակ նշեց Էդիկ Բաղդասարյանի գրած 138 պատմամշակութային և տեխնիկական գրքերի վերաբերյալ, թե դրանք ինչպիսի մեծ նշանակություն են ունեցել Թեհրանում և Կանադայում հայապահպան գործունեությունը ամրապնդելու ուղղությամբ: Շնորհանդեսի նիստը վարող գրականագետ, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը ներկայացրեց ունկնդիրներին, որ Է. Բաղդասարյանի գրքերի շնորհանդեսը այն դրական գործունեության շարունակությունն է, որ այս օրերին ապրում է Հայաստանը` Սփյուռքի մշակութային օրերին, որը ամրապնդում է հայագիտությունը, հայապահպանումը գաղթօջախներում: Ելույթ ունեցավ դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը, որը նշեց  Է. Բաղդասարյանի հայապահպան գործունեությունը գաղթօջախներում, Եղեռնի վերաբերյալ գրականության և նոր պատմական և արխիվային փաստաթղթերի հետազոտման ուսումնասիրության գործում:   Թեհրանում “Արաքս” թերթի խմբագիր` Մովսես Քեշիշյանը բարձր գնահատեց Է. Բաղդասարյանի գործունեությունը:

Բաժին՝ Գրադարան

Պայքարի մթնոլորտը Ֆրանսիայում անցյալ տարվա նման շիկացել է ու աշխատավոր դասակարգը հրապարակ է կանչվել: Բողոքի հիմնական դրդապատճառը աշխատողների օգտին գործող օրենքների ոտնահարումն է ներկայիս պետության ու Ֆրանսիայի կապիտալիստների միջոցով: Նախկինում այդ օրենքները հաստատվել էին աշխատողների ճնշման ներքո: Ֆրանսիայի նեոլիբերալ նորակազմ իշխանությունը սկսել է չեղյալ հայտարարել այն օրենքները, որոնք աշխատավոր դասակարգի միջոցով ձեռք են բերվել ժողովրդի քաղաքական ու տնտեսական բարորության համար: Աշխատավորները փողոց են դուրս եկել ոչ թէ հարձակողական դիրքերից, այլ եղած օրենքները պաշտպանելու նպատակով: Ֆրանսիայի նոր բուրժուական դասակարգը` և քաղաքագետները, և փիլիսոփաներն ու գաղափարախոսները այլևս չեն խոսում դասակարգերի հաշտության մասին, այլ իրենց հաղթած դասակարգ են համարում և իրենց թույլ են տալիս գործադրելու բոլոր այն ծրագրերը, որ բուրժուական դասակարգի շահերի օգտին է:   

Սեպտեմբերի 12-ին, ամբողջ Ֆրանսիայի ավելի քան 180 շրջաններում բողոքի ցույցեր էին կազմակերպվել: Այս ցույցերին մասնակցում էին ավելի քան 400 հազար մարդ: Արհմիություններին ներկայացված է 4000 բողոք անցկացնելու դիմում: Միայն CGT արհմիությունները չեն, որ փողոց են դուրս եկել, այլ նույնիսկ այն արհմիությունները, որոնց ղեկավարները ցույցերի դեմ են, իսկ անդամները արհամարելով նրանց ղեկավարների որոշումները փողոց են դուրս եկել ու բողոքում են աշխատավորների օգտին` օրենքների ոտնահարման դեմ:

Ցույցերը շարունակվում են, սեպտեմբերի 23-ին այդ ցույցերին են միացել բնապահպանները, տարբեր NGՕ-ներ և հակակապիտալիստական ուժեր:   

Բաժին՝ Աշխարհում

Իշխանությունները Սահմանդրության նախագծի քննարկման ընթացքում գրեթե ամբողջությամբ անտեսել են ընդդիմության հիմնական նկատառումներն ու պահանջները: Դա երկրի հիմնական օրենքի համար ևս մեկ լուրջ խնդիր է առաջացնում:
«Մենք ստացել ենք Սահմանադրության այնպիսի նախագիծ, որի ընդունմանը համաձայն չէ ոչ մի քաղաքական ուժ, և, հետևաբար, դրա հանդեպ վստահության աստիճանը բավականին ցածր կլինի», — ասում է Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան համալսարանի ասոցացված պրոֆեսոր, իրավաբան Մալխազ Նակաշիձեն:
Նրա խոսքով, այն Սահմանադրության հանդեպ վստահության մակարդակը, որը հաստատում է մի կուսակցության գերակայությունը մյուսների հանդեպ, արտացոլում է միայն մեկ քաղաքական թիմի հայացքները, չի կարող բարձր լինել.
«Հենց այդ պատճառով էլ Վրաստանում հենց կուսակցությունն իշխանության է գալիս, միանգամից սկսում է Սահմանադրություն փոխել: Ցավոք, այդ փոփոխությունները երբեք հիմնված չեն եղել կոնսենսուսի և համաձայնության վրա»:

Հնդկաստանի «Քերալայ» նահանգի կոմունիստ պետական պաշտոնյաններն ու քաղաքագետները, բանավեճերում ցույց են տվել, որ կապիտալիզմը միակ ալտերնատիվը չէ մարդկային հասարկության համար: Քերալայ նահանգը տնտեսական, հասարական ու շատ բնագավառներում Հնդկաստանի առաջընթացող նահանգներից է:
35 տարի առաջ «Էլամկոլամ Մանակալ Սանկարան Նամբոթիրիփադ»-ը առաջին անգամ ոչ կոմունիստական աշխարհում դարձավ Քերալայ նահանգի նահանգապետը և ընտրվեց մի կոմունիստական պետություն: Այդ նահանգում Հնդկաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ ուժեղ շարժում գոյություն ուներ իմպերիալիզմի, կապիտալիզմի և նեղմտության ու Հնդկաստանի ռացիզմի դեմ:
Այդտեղ Հնդկաստանի Կոմունիստական Կուսակցությունը կարողացավ մի պատմական և հաջող շարժումով Անգլիայի գաղութատիրությունից ազատվելուց հետո, առաջին անգամ, որ կատարվում էր նահանգային ընտրությունները, հաղթի և այդ նահանգի ղեկավարությունը իր ձեռքում վերցնի: Սակայն երկու տարի անց Հնդկաստանի կենտրոնական իշխանությունը և Հնդկաստանի Ազգային կոնգրեսը, որոնք խիստ աշխատում էին կոմկուսի դեմ, անօրինական ձևով հեռացրին իշխանությունից: Այդուհանդերձ արդեն այդտեղ հեղափոխական շարժման սերմերը ցանվել էին: 6 տարի անց Հնդկաստանի Կոմունիստական Կուսակցությունը հաղթանակ տարեց նահանգային ընտրություններում և իշխանության հասավ: Հետագայում 1967, 1980, 1996, 2006 և վերջերս 2016 թվականին կրկին ընտրություններում հաղթանակ տանելով այդ նահանգի իշխանությունը իր ձեռքում վերցնելով կազմեց պետություն:
Ներկայումս այդ նահանգի պետությունը կազմված է ձախ դեմոկրատիկ ուժերի դաշինքից, որի մեջ են մտնում սոցիալիստական ու կոմունիստական տարբեր խմբեր: Մեծ ձեռքբերումներ է ունեցել այդ նահանգը և աստիճանաբար դառնում է մի նմուշ և օրինակելի նահանգ մյուսների համար: Օրինակի համար այդ նահանգում երեխաների մահացությունը և անգրագիտությունը ամենացածր մակարդակի վրա է գտնվում, կյանքի տևողությունը և դպրոցներում արձանագրվելու մակարդակը աշխարհի առաջիների մակարդակին է հասնում և այլը:

Բաժին՝ Աշխարհում

Սոցիալիստական գաղափարախոսները անդրադարձել են նաև հետսոցիալիստական հասարակության բնույթին, սակայն արդյո՞ք այդ հասարակությունը հասանելի է, թէ միայն իդեալներ են: Նման հասարակությունը ներկայումս այնքան աբստրակտ կամ վերացական, ուտոպիա և իրականություններից հեռու է, որ լրջորեն սոցիալիստական շարժումների օրակարգ չի դառնում: Սա չի նշանակում ուտոպիայի մերժում, մարդը առանց ուտոպիայի, առանց երազանքների չի կարող գոյատևել, իսկ մարդը իր ձգտումները, երազանքները, գաղափարները իրականացնելու համար պետք է շարունակ հետևողականորեն աշխատի: Ինչքան հասարակությունը զարգանա, առաջ ընթանա, այնքան էլ մեծանալու են նրա պահանջմունքները, հույսերի ու սպասելիքների մակարդակը և հենց այս ընթացքն է, որ անվերջ է:
Խոսվել է ու պատկերացում է կազմվել, որ սոցիալիստական հասարակությանը հաջորդելու է մի այնպիսի հասարակություն, որտեղ չի լինելու ոչ իշխանություն և ոչ էլ դասակարգեր: Այդ հասարակությունում մարդիկ հեռու են լինելու մրցակցությունից, ապրելու են ըստ իրենց «Կարիքների» և ոչ թէ «Կարողությունների»: Հասարակությունում գոյություն են ունենալու բոլոր տեսակի սպասարկումներ ու պահանջվող իրեր: Մի գուցե այսօրվա մարդու համար դա վերացական թվա ու դա բնական է, բայց մարդկային երևակայությունը սահման չունի և սրանք այնպիսի գաղափարներ են, որոնք կարող են օգտավետ լինել մարդուն պատկերացումներ կազմելու համար` հետսոցիալիստական հասարակության մասին: Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ սա ապագայի հարց է և ապագայի մարդիկ մեզանից ավելի լավ կարող են կողմնորոշվել այս հարցում:
Սոցիալիզմի կազմավորման ժամանակ տարբեր սխալներ են թույլ տրվել: Սոցիալիստական երկրներում շատ ընկերություններ ու մեծ ու փոքր տնտեսական միավորներ պետականացվեցին: Սոցիալիստական իշխանությունները ոչ միայն չվերացրին «Պետական Մեքենան» այլև բոլոր տեսանկյուններից զարգացրին ու հզորացրեցին: Ընդհանուր պետականացումները իրենց բնորոշ հետևանքները ունեցան, որոնցից մեկը հասարակական հավասար խավի առաջացումն էր:
Նորօրյա Սոցիալիստական հասարակարգի ձևավորման համակիրները քննադատություններ են հնչեցնում սոցիալիզմի փորձառությունների նկատմամբ, բայց երբեք չեն պարզում, թէ իրենց պատկերացրած սոցիալիզմը ինչ տարբերություններ ունի անցյալի սոցիալիզմի հետ: Սեփականության հասարակայնացման որ ձևերն են պատկերացնում և մասնավոր սեփականության վերացման ինչ մակարդակով ու ձևերի են կողմնակից, օրինակի համար արդյո՞ք համաձայն են փոքր արհեստանոցների, խանութների, սպասարկման, արտադրության ու բաժանման փոքր մասշտաբի սեփական միավորների ու նման միավորների գոյության հետ, թէ ոչ: Ներկայիս սոցիալիստական մի շարք երկրներում կարող ենք ականատեսը լինել մի շարք նման միավորների գոյությանը: Արդյո՞ք ուժ գործադրելով պետք է գյուղատնտեսական հողերը պետականացնել թէ փոխադարձ համաձայնությամբ համագործակցության կոոպերացիայի այլ ձևեր ընտրել, արդյո՞ք դիմադրողների նկատմամբ պետք է ուժ գործադրել: Առողջ մրցակցության հարցի ճակատագիրը ինչպես է լինելու, և նման այլ հարցեր, որոնք պետք է աստիճանաբար ըստ պայմանների ու ժամանակի ուսումնասիրվեն սոցիալիստական համակարգի համակիրների կողմից ու պարզաբանումներ մտցնեն այս հարցերում, որպեսզի ժողովուրդը էլ ավելի վստահի սոցիալիստական համակեցության ջատագովներին` ստեղծելու սոցիալապես արդար քաղաքական ու տնտեսական համակարգին:


Վարդան Ղազարյան

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ վաղը Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն: Պատվիրակության կազմում են կոնգրեսական Ֆրանք Փալոնը, ով դեռևս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստան էր բերել ամերիկյան օգնություն, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն, կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, ում նախաձեռնությամբ օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշեց հավելյալ գումար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար: Հայաստան կայցելեն նաև Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը և Վիսքոնսինը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները:

«Սա երևի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է կոնգրեսական Սփիր Կանչելյանը: Կոնգրեսականների հիմնական նպատակն է օգնել Հայաստանին ձերբազատվել երկրում դեռևս մնացած կոռուպցիայի դրսևորումներից, ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը: «Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանա, որովհետև ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ»,-ասել է կոնգրեսական Սփիր Կանչելյանը:

ԱՄՆ-ի օրենսդիրները նախատեսում են քննարկել հայկական կողմի հետ Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման հարցը, քանի որ այժմ էներգակիրների մատակարարման առումով Հայաստանը կախված է Ռուսաստանից, որն էլ, կոնգրեսականի խոսքով, ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը:

Կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցը անկախության տոնի նախօրյակին արդեն ինքնին Վաշինգտոնի կարևոր քաղաքական մեսիջն է, որ ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության համատեքստում ավելի մեծ դեր է վերապահվում Հայաստանին՝ նրա սուվերենության հատուկ ընդգծումով:

Մյուս կողմից՝ էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ կոնգրեսականները «հայկական» օրակարգում ներառել են ոչ թե ավանդական հարցեր, որոնք վերաբերում են Ցեղասպանության ճանաչմանը մեծ իմաստով, այսպես կոչված՝ պատմական արդարության վերականգնմանը, այլ խնդիրներ, որոնք առնչվում են պրակտիկ քաղաքականությանը՝ այսօրվա Հայաստանի զարգացմանը:

Ամերիկացի կոնգրեսականներն իրավամբ կարծում են, որ Հայաստանին ամերիկյան աջակցության հիմքում պետք է լինի մեր երկրի հավատարմությունը ժողովրդավարությանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Հայաստանի պաշտոնյաները միշտ սովոր են եղել հայամետ կոնգրեսականների հետ քննարկել պատմությանը վերաբերող հարցեր, հիմա ամերիկյան կողմը նախաձեռնում է ավելի պրակտիկ և ռացիոնալ օրակարգ՝ ադեկվատ միջպետական հարաբերություններին: Մնում է հուսալ, որ մեր քաղաքական էլիտան կարող է համարժեք արձագանքել հյուրերի օրակարգին, իսկ դա ենթադրում է անկեղծ դիսկուրս, նաև քննադատության ընդունում և ելքերի առաջարկ:

Կոնգրեսականների պատվիրակության մյուս առաքելությունը, որը թերևս ամենակարևորն է, ռուսական կայսերականությանը դիմակայելու հարցում Հայաստանին աջակցելն է: Ամերիկյան մեսիջը թափանցիկ և հստակ է՝ եթե Հայաստանը ցանկանում է պայքարել իր ինքնիշխանության համար, ապա կարող է ակնկալել Վաշինգտոնի համապարփակ աջակցությունը: Ի դեպ, սա է նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ Հայաստանում ութ միլիարդ դոլարի ամերիկյան ներդրում իրականացնելու պատրաստակամության հիմնական մոտիվը:

Հատկանշական է, որ ամերիկացի կոնգրեսականների այցի նախօրյակին «Ելք» խմբակցությունը հանդես է եկել ԵՏՄ-ում Հայաստանի անդամությունը չեղարկելու նախաձեռնությամբ: Ընդդիմադիր դաշինքը կարող է պոտենցիալ դաշնակից լինել արևմտյան պետությունների, ինստիտուտների համար, սակայն անհրաժեշտաբար պետք է հարստացնի իր օրակարգը՝ ԵՏՄ խնդրից զատ, ուրվագծելով Հայաստանի այլընտրանքային զարգացման իր տեսլականը գլոբալ և ռեգիոնալ ինտեգրացիայի հարթություններում:

Եվ վերջապես՝ ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության նման այցը Հայաստան Վաշինգտոնի անուղղակի արձագանքն է մեր երկրում կառավարման մոդելի սպասվող փոփոխությանը: Խորհրդարանական համակարգերում մեծ տեղ է վերապահված պառլամենտական դիվանագիտությանը: Այս հարթության վրա Երևանը պետք է ավելացնի իր քաղաքականության նախաձեռնողականությունը, եթե նույնիսկ մեր ԱԺ-ի պոտենցիալը, մեղմ ասած, չի ձգտում կրեատիվ լուծումներով հանդես գալու մակարդակին:

 

Աղբյուրը՝ 1in.am

Բաժին՝ Աշխարհում

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով օրեր առաջ ազատվել է Բաքվի բանտից, իր ՖԲ էջում գրառում է թողել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանը` մեկնելով  Իսրայել:

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:

«Ամաչում եմ խոստովանել, որ ադրբեջանական բանտում հայտնվելուց առաջ ես հավատում էի, թե ղարաբաղյան կոնֆլիկտը, որը շատ վիճելի հարց է,  կլուծվի Ադրբեջանի ազգային սահմանները հարգելու միջոցով: Ինչ հիմարն էի ես: Ադրբեջանը դեռ 1988-ին է ահաբեկչություն իրականացրել հայերի նկատմամբ` Բաքվում, Սումգայիթում և Ղարաբաղում:

Իմ մեղադրական եզրակացության մեջ, որը ստորագրել էր Ադրբեջանի  գլխավոր դատախազը, բառացիորեն գրված էր հետևյալը. «Մեղադրյալ Լապշինը օկուպացված Ղարաբաղի շրջանն անվանել է «Արցախ»»: Առավոտից երեկո հանդուժողականության մասին խոսող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անվանման` «Արցախ»-ի կիրառումը համարում է անօրինական: Այսինքն` հայոց լեզուն օրենքից դուրս է: Ստացվում է, որ հայերը չպետք է խոսեն հայոց լեզվով, չպետք է ունենան իրենց կրոնը, քանի որ, ըստ հետախույզ Թալիբովի, «Հայերի ցեղասպանությունը մտացածին է, եթե թուրքերը նրանց մորթեին, մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք»:

Գեբելսը նյարդային ծխում է…

Հայե'ր, դուք դիմանում եք: Այդ մարդիկ ձեզ ցանկանում են մեռած տեսնել, և վերջակետ: Եվ եթե դուք բանակցությունների արդյունքում կամ Հայաստանի դիրքերի թուլացման արդյունքում կորցնեք Ղարաբաղը, իմացեք, որ նրանք կգան և ձեզ կմորթեն այնպես, ինչպես վարվել են թուրքերը 100 տարի առաջ: Նրանց գազանացումը անցել է բոլոր սահմանները»:

Լապշինն իր գրառումն ավարտել է հեշթեգով` «Ազերոմարազմ»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահից ներում ստանալուց հետո բլոգեր Ալեքսանդր Լապշինն իբր անմիջապես նամակ է գրել Իլհամ Ալիևին: «Այժմ ես ստացել եմ անվիճելի ապացույցներ` Ղարաբաղը կա և կլինի Ադրբեջանի հողը: Հուսով եմ, որ Ղարաբաղի հարցը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով»,- նշված է եղել նամակում:

Հայաստանի քաղաքական շրջանակները հայտարարեցին, որ նամակը գրվել է Ադրբեջանի իշխանությունների ճնշման ներքո: Լապշինի այսօրվա գրառումը գալիս է ապացուցելու, որ այդ վարկածը ճիշտ էր:

Բաժին՝ Աշխարհում
Էջ 1, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: