Հայաստանը մենք ենք օտարում մեզանից

16 Մայիսի 2016

Մայիսի 12-ին, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցում էին տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը և պատմաբան Գևորգ Յազըճյանը:

Հացպանյանը ցույց տալով ՄԱԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետության քարտեզը, որը տպագրվել է մեր երկրում, հարց բարձրացրեց այն մասին, որ Հայաստանի վարչական քարտեզում Արծվաշենը բացակայում է:

«Մենք ունենք մի հողատարածք՝ Արծվաշենը, որը ՀՀ անբաժանելի մասն է, և Ադրբեջանը 1992թ. ամռանից այն բռնազավթել է: Ադրբեջանը, որը իբր թե երկիր է և սիրում է խոսել տարածքային ամբողջականության մասին, իսկ մենք ինչու չենք խոսում մեր Արծվաշենի մասին: Այն ժամանակ, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Թալիշ գյուղի վրա, առաջին իսկ ժամում մեր զինված ուժերը պետք է ազատագրեին Արծվաշենը։ Նման բան, եթե մեկ այլ երկրում լիներ, մեծ աղմուկ կբարձրանար, սակայն այդ լռության մեղավորները ոչ թե միջազգային կառույցներն են, այլ մենք»,- ասում էր փորձագետը։

Պատմաբան Գևորգ Յազըճյանը, զուգահեռներ անցկացնելով Սիրիայի հետ, նշեց, որ ներկայում կան տարածքներ, որոնք գտնվում են ԻՊ գրոհայինների տիրապետության տակ, սակայն եթե Սիրիայում որևէ մեկն իրեն թույլ տա երկրի քարտեզից հանել այդ տարածքները, ապա նրան մեղադրանք կառաջադրվի քրեական հանցագործություն կատարելու համար և նա կդատապարտվի երկարաժամկետ բանտարկության:

«Սա ցույց է տալիս, որ Հայաստանը մենք ենք օտարում մեզանից և մեր հոգեբանության մեջ հայոց տարածքները չենք ընկալում որպես հայրենիքի տարածք: Ես չեմ լսել, որ որևէ մեկը մեր դիվանագետներից այս մասին ձայն հանած լինի: Ի՞նչ է, գործա՞րք է եղել, որ այդ մասին լռում են»,- հարց ուղղեց պատմաբանը՝ հավելելով, որ եթե իշխանությունները ծածկում են այս և նման երևույթները, նշանակում է՝ արդարացնում են այն: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ նրանք շարունակում են նախորդների «գործը»:

Խոսելով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության մասին՝ պատմաբանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, նրանք որևէ հարցում թերացել են և այդ պատճառով են հեռացվել համակարգից, սակայն հասարակությունից այդ մանրամասները թաքցնելն անընդունելի է:

«Ինչո՞ւ մենք չպետք է իմանանք այդ մասին, չէ՞ որ մենք հարկատուներ ենք և նրանք հարկատուների հաշվին են աշխատավարձ ստանում: Ուրեմն մենք իրավունք չունե՞նք իմանալու, թե ինչ են նրանք արել: Յուրացրե՞լ են, վատնե՞լ են, թե՞ այլ պատճառով են նրանց հանել: Ինչո՞ւ են մարդկանց ապուշի տեղ դնում: Մենք ուզում ենք իմանալ, թե ուր են գնում մեր փողերը, իսկ ով սխալ է գործել, պետք է պատժվի, քրեորեն հանցանք է կատարել, պետք է դատվի և իշխանությունները պարտավոր են այդ մասին տեղեկացնել հասարակությանը»,- ասաց պատմաբանը:

Հացպանյանը, բերելով Ֆրանսիայի օրինակը, նշեց, որ այդ երկրում ցանկացած պետական պաշտոնյա, անկախ դիրքից, պետք է կարողանա ապացուցել թե՛ իր եկամուտների, թե՛ ծախսերի հավաստիությունը, իսկ լրագրողները մեկ ժամի ընթացքում կբացահայտեին, թե ինչն ինչոց է:

«Ինչպե՞ս կարելի է գողանալ սեփական ժողովրդից, սեփական զավակներից և այսքան աղքատացած երկրում ինչպե՞ս կարելի է Օսմանյան պետության ժամանակների թուրքական սուլթանների չափ հարստություն դիզել և պատասխանատվության չենթարկվել»,- ասում է Հացպանյանը:

Անդրադառնալով պանամական օֆշորային սկանդալին՝ նա նշեց նաև, որ այս օրերին, երբ ողջ աշխարհը շարունակում է մանրամասներ ներկայացնել միջազգային այդ սկանդալի մասին, հայկական լրատվամիջոցները զարմանալիորեն լռում են, մինչդեռ պետք է, որ այս ընթացքում բավականին բացահայտումներ արած լինեին:

Բանախոսների կարծիքով՝ 25 տարվա անկախություն ունեցող երկիրն իրականում այս իրավիճակում չէր հայտնվի, եթե ժամանակին երկիրը թալանողները պատասխանատվության ենթարկվեին:

 

Աղբյուրը՝ Orer.am

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: