Ի՞նչ քաղաքականություն պետք է վարի Հայաստանը

23 Ապրիլի 2016

Հայաստանը պետք է իր ռազմաքաղաքական արժեքը՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ միջազգային համայնքի առաջ բարձրացնի: Մենք գիտենք, որ Հայաստանն աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի, բայց մենք 25 տարվա ընթացքում կամաց-կամաց Ռուսաստանի առաջ կորցրեցինք այդ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական արժեքը: Այսինքն՝ միայն Ռուսաստանի առաջ մենք կորցրեցինք մեր ռազմաքաղաքական արժեքը, բայց նույն ձևով, եթե վերցնենք Հայաստանը միջազգային բեմի վրա, ապա բարձրացրեց իր ռազմաքաղաքական արժեքը: Այդ հակասության մեջ ենք այսօր:

Ինչ վերաբերում է Լավրովի այցին, ապա քանի որ Լավրովը մոտ է հայերին, լավ է որ ինքը գա, ոչ թե Մեդվեդևը, Ռոգոզինը կամ ուրիշ մեկը: Տեսնենք, թե ինչ պետք է առաջարկի, ես դա չեմ կարող կանխատեսել: Ասում են՝ «Պուտինի պլան» կամ «Լավրովի պլան», բայց ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի վերջին հայտարարությունից պարզ դարձավ, որ ոչ մի «Լավրովի պլան» չկա, միայն Մինսկի խմբի փաստաթղթերն են: Ուրեմն, կարծում եմ, որ չափազանցություն է խոսել «Լավրովի պլան»-ի մասին:

Ապրիլյան օրերին միջազգային բեմի վրա Հայաստանը բարձրացրեց իր ռազմաքաղաքական արժեքը:

Նախ՝ Հայաստանը հաղթեց պատերազմում: Արևմուտքի համար դա կարևոր էր: Բացի այդ, հիմա, երբ Իրանի վրայից հանվեցին պատժամիջոցները, Հայաստանը՝ իբրև պետություն, ավելի մեծ տեղ ունի: Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, ուղղակի կարող է պաշտպանել իր շահերը միջազգային հարթակում, իսկ անկախությունից առաջ դա չէինք կարող: Հետևաբար, կարևոր է ունենալ ինքնիշխան պետություն: Բոլոր հայերը պետք է հասկանան, որ առաջնահերթ խնդիրը Ղարաբաղի հարցն է, անվտանգությունը: Երկրորդական հարց է Ցեղասպանությունը: Իհարկե, կապ կա Ցեղասպանության ու Ղարաբաղի հարցի միջև, անվտանգության հարց է, բայց ուզում եմ ասել՝ երբ միջազգային հարթակում ենք ներկայանում՝ ԱՄՆ կամ Ֆրանսիա ենք գնում, առաջին հերթին պետք է Ղարաբաղի մասին խոսենք, ժողովրդի անվտանգության մասին, որովհետև դա այսօրվա խնդիր է, չենք ուզում, որ Ցեղասպանությունը կրկնվի: Սա է կարևորը:

Այս հաղթանակը պահպանելու ու ոչ հայանպաստ լուծումներից զերծ մնալու համար Հայաստանը պետք է դուրս գա հետխորհրդային հանրապետության կեցվածքից: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք տակավին հետխորհրդային վիճակի մեջ ենք և պետք է դուրս գանք այդ կարգավիճակից: Երբ սահմանին զոհվում են մեր տղաները, դա ամոթ է այն կոռուպցիայի պատկերի վրա, որը կա Հայաստանում: Մեր տղաները գնում են սահման, բայց օլիգարխների ու նախարարների երեխաները՝ ոչ: Ինչո՞ւ են միայն սոցիալապես անապահովները զոհվում: Համակարգը պետք է փոխվի, կոռուպցիայի դեմ իրոք պայքար տարվի, մենք համակարգը փոխելով՝ շատ բան կշահենք: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ համահայկական զարթոնք կա: Մեր մեջ է խնդիրը, ոչ թե Ռուսաստանի, Ադրբեջանի կամ Թուրքիայի: Մինչև ե՞րբ մենք պետք է մեզ նայենք իբրև վասալ: Այդ կեցվածքը պետք է փոխվի, մենք ինքնիշխան պետություն ենք և չենք կարող մեր պատմության առաջ վասալի կեցվածք ընդունել:

Այս փուլում Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծման հնարավորություն ես չեմ տեսնում, այսօր նման օրինակ չկա: Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն ուզում է իր հսկողության տակ պահել Հայաստանն ու Ադրբեջանը, բայց մեկ բան պետք է հարցնել Ռուսաստանի նախագահին՝ պարոն Պուտին, ի՞նչ է ձեզ համար դաշնակցային հարաբերությունը, կամ ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար դաշնակից պետությունը, կամ ձեր բոլոր դաշնակիցները վասալ պետք է լինե՞ն: Պուտինը  պետք է բացատրի,  թե ինչ է Ռուսաստանի համար դաշնակիցը:

Հայաստանի իշխանությունները, դիվանագետները, քաղաքական գործիչները պետք է պահանջեն Ռուսաստանից՝ մեզ հարգեք: Այնպես, ինչպես ԱՄՆ է վերաբերվում Իսրայելին, նույն կերպ Ռուսաստանը պետք է վերաբերվի Հայաստանին: ԱՄՆ-ն Իսրայելի դաշնակիցն է, բայց չի վաճառում զենք, որը կարող է ուղղվել Իսրայելի դեմ:

Հայաստանի իշխանությունները պետք է լավ օգտագործեն բոլոր կարողությունները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում և միջոցներ գտնեն, որ Ռուսաստանը մեր արժեքը հասկանա: Եթե կոռուպցիայի դեմ իրոք պայքար մղվի, որպեսզի գումարը ոչ թե իշխանությունների գրպանը, այլ պետության գրպանը մտնի, այն ժամանակ ավելի հզոր պետություն կունենանք, ավելի շատ գումար կունենանք բանակի ու զինվորի համար: Երկրորդ, ժողովրդավարական պետություն ունենալը ամենակարևոր հարցն է երկրի անվտանգության համար: Ավելի հեշտ է պաշտպանել անվտանգությունը, երբ երկիրը ժողովրդավարական է: Եթե այս երկու հարցերը լուծենք՝ Ռուսաստանի առաջ մեր արժեքը բարձրացնենք ու երկրի ներսում խնդիրները լուծենք, այն ժամանակ իրոք Հայաստան կունենանք:

Ամեն ինչ տվեցինք Ռուսաստանին, հիմա մեր արժեքը ռուսների առաջ ի՞նչ է: Պետք է այնպես անել, որ Ռուսաստանն ինքը մեր կարիքն ունենա: Մենք պետք է Ռուսաստանին ասենք, որ Հայաստանը չի դադարեցնում իր հետ հարաբերությունները, դա հնարավոր չէ, բայց հարգեք մեզ: Հայաստանն ու Ռուսաստանն ամուսնական զույգի են նման, երբ տղամարդը հարվածում է կնոջը, իսկ Հայաստանը՝ իբրև կին, ոչինչ չի ասում, վախենում է ասել: Բայց միայն ռուսներն են կարողանում հարվածել Հայաստանին, ուրիշները՝ ոչ: Դեռ մի քանի տարի առաջ էր այն խնդիրը, որ Ռուսաստանը զենք էր վաճառում Ադրբեջանին: Ի՞նչ էին ասում Հայաստանի իշխանությունները, ասում էին՝ նորմալ է, բիզնես է: Հիմա նոր ասում են, թե մտահոգիչ է, հիմա, երբ արդեն ռուսական զենքն օգտագործվեց Հայաստանի դեմ, նույնիսկ Նալբանդյանն ասաց, որ դա մտահոգիչ է, բայց ուշ է: Ինչո՞ւ սպասել, ինքներս մեզանից վախենում ենք խոսել, հայտարարություններ անել:

Ռուսաստանի համար ամենակարևոր կետը հետևյալն է՝ ինչ անել, որպեսզի Թուրքիան  միջամտություն չունենա Հարավային Կովկասում ու Ղարաբաղյան հիմնախնդրում: Ռուսաստանը երեք տարբերակ ունի իր սեղանին: Առաջինը՝ ամեն ինչ անել, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը կամաց-կամաց քաղաքական լուծում ստանա՝ նոր առաջարկներով և այլն: Դեռևս ի վնաս հայերի կամ ի նպաստ ադրբեջանցիների տարբերակի մասին չգիտենք: Սա առաջին տարբերակն է, որպեսզի Թուրքիան չմիջամտի: Երկրորդ տարբերակը՝ կոշտ պատասխան տալ Թուրքիային, բայց ոչ անպայման Հարավային Կովկասում, այլ ուրիշ տեղ: Երրորդ տարբերակը՝ պատասխան տալ Թուրքիային՝ խփելով Ադրբեջանին: Ես ենթադրում եմ, որ կլինի կամ առաջինը, կամ երկրորդը, բայց ոչ երրորդը:

Եթե մեր մեջ լուծենք մեր ներքին խնդիրը, ինքնության խնդիրը, ամեն ինչ լավ կլինի, մեր մեջ է խնդիրը: Պետք չէ վախենալ, մեր բանակը հզոր է, թշնամուն դիմադրում է, Հայաստանն ավելի հզոր է այսօր, քան առաջին պատերազմում: Ամեն ինչ կա, ինչո՞ւ չենք նայում դեպի ապագան՝ սրբագրելով սխալները:

 

Կայծ Մինասյան

Քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: