Ո՞րն է Ալիևի նպատակը և նրա ավանտյուրայի հնարավոր երաշխիքները

06 Ապրիլի 2016

Երեկ «ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ» վերնագրով գրեցի՝ «Մեր սահմանապահ 18-20 տարեկան զինվորը խառնեց ու լուծարեց ինչ-որ տեղում, ինչ-որ «մեծ» հորջորջվող ստահակների ողջ ծրագրերը՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում»:

Այո՛, 18-20 տաերկան մեր զինվոր սահմանապահ երեխեքը, ազդանշանային կանսերվի բանկեքով հագեցված փշալարային սահմանը պահեցին ու կարողացան խափանել թշնամու գերեազանցող ուժերը ու ադրբեջանական «բլից-կրիգ» ծրագիրը: Իսկ տարիներով մեր բանակի պետական փողերը լափող կոստյումավորները, որոնք նույնիսկ ժամանակակից տեխնիկայով չէին ապահովել սահմանի ազդանշանային անվտանգությունը, առաջիկայում դիվանագիտական հաղթանակ պետք է ապահովեն, որը կասկածելի է... (սա իմիջիայլոց, իսկ հիմա անցնեմ հիմնականին):

Դեռևս 1920-1921 թթ. Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանագրային հարաբերություններում կատարեց շատ խելացի քայլ, որը կարելի է համարել ժամանակի մեծ կտրվածքով «ձիու գամբիտ»: Թուրքիան շահագրգիռ էր, որ ստեղծվի իր սահմաններից ու ազդեցությունից դուրս ԽՈՐՀՐԴԱՅԻՆ Ադրբեջան, որի կազմի մեջ պետք է ներառվեին Նախիջևանը, Արցախը և այլն: Հեռահար ծրագիր, որի նպատակն էր՝ Ադրբեջանը, ի վերջո, կլինի թուրքական երկրորդ պետություն: Եվ եղև՛... (թե չէ՝ սոցիալիզմ, կապիտալիզմ, ՆԱՏՕ կամ ԽՍՀՄ կամ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ու նման ժամանակավոր բաներ՝ նրանց ճիվերին չի, պրագմատիկ են ու հաշվարկով):

Այսօր Ադրբեջանն իր մեծ եղբոր խորհրդով կատարում է նույն քայլը՝ Կրեմլին նոր խայծ է նետված՝ Ադրբեջանի Եվրասիական Միության անդամ դառնալու խայծը: Իսկ Կրեմլի կողմից մեր տարածաշրջանում Ռուսաստանի վերջնական գերակայությունը հաստատելը ոչ միայն ցանկալի, այլ նաև անհրաժեշտ է համարվում:

Միացյալ Նահանգները դեմ է մեր տարածաշրջանում ռուսական գերակայության վերջնական ամրապնդմանը և որպես հակակշիռ ռուսական խաղաքարտի, օգտագործում է Արցախի անկախության ճանաչման հնարավոր լծակը խաղացնելու մանևրը: Թեև, Ալիևը ԱՄՆ-ում պատահաբար չէ, որ հանդիպեց ԱՄՆ-ի և միջազգային հրեական քաղաքական լոբբինգի լծակների լիդերներին, հավանաբար գոնե բանավոր ստացել է այս մասի՝ այս ազդեցիկ մասի երաշխիքները:

Ալիևի թվացյալ արկածախնդրությունն ունի լավ հաշվարկած ծրագիր ու երրորդ կողմի անդրկուլիսային աջակցություն՝ երաշխիքներ: Եվ միամտություն կլինի այդ երրորդ կողմը համարել միայն Թուրքիան: Այդ աջակցությունը կարող էր լինել ռուսական և ամերիկյան: Ադրբեջանական «բլից-կրիգի» հաջողության դեպքում՝ Արցախյան սահմանային բարձունքների գրավման պարագայում, երբ հայկական կողմի վիճակը դառնար ծայրահեղ, Կրեմլը Ադրբեջանի Եվրասիական Միությանը միանալու դիմաց հայկական կողմին պետք է պարտադրեր ազատագրված 5 տարածքներից հրաժարում կամ ավելի դանդաղ տարբերակ՝ «ռուսական իբր խաղաղապահների տեղակայում Արցախում» տարբերակը:

Սակայն 18-20 տարեկան հայ զինվորը խափանեց Կիլդիմ Ալիևի և Կրեմլյան գործատեր Պուտինի պլանները՝ ադրբեջանական «բլից-կրիգը»:

Մնում է, որ մեր կոստյումավոր դիվանագիտության հանճարեղ ստահակները մեր սահմանապահ երեխաների կյանքի գնով հաջողությունը գետնով չտան՝ ինչպես դա եղավ 1994 թվին:

ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ:

Գրում է Արթուր Արմինն իր ֆեյսբուքի էջում

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: