Ո՛վ քաղաքակիրթ մարդկության ծպտյալ մունետիկներ, թող ես թքեմ ձեր որձևէգ արդարադատության․․․․

17 Սեպտեմբերի 2015

Բոլորիս համար ծանոթ երևույթ է այլևս՝ երեկվանից մնացած ու հնացած «Արաբական գարունն» իր բազմերեսությամբ, որ միայն կարմիր արյունով ներկեց արաբական աշխարհն ու դեռ հակառակ անցնող տարիներին շարունակվելու են արյան ջրհեղեղները, իր տեսակի մեջ եզակի և ատելի մարդակերությամբ։

«Արաբական գարուն» ծրագիրը հնարողները, գործադրողները և տնտեսապես դրա գոյությունն ու շարունակականությունը գնահատողները, դրա սկիզբ առնելուց մոտավորապես հինգ տարի հետո՝ վերջերս իրենք իրենց հետ թուխս նստելուց հետո, հիմա նոր հավկիթներ են սկսում ածել․․․ Հիմա հավատալով, թե Իրաքի և Սիրիայի տարածքներում ահաբեկիչներ կան, որոնք վտանգավոր են նույնիսկ իրենց և ողջ մարդկության համար։

Սիրելի ընթերցողներ, «Լեռը մուկ ծնեց»՝ լսեցի՞ք, հավատացի՞ք Արևմուտքի քաղաքական գործիչների նոր գյուտին։ Զարմանալի՜ է, ինքնագինովությունը հինգ տարի հետո կրկին սկսել է կորցնել իր ազդեցությունը, միա՜յն։ Հինգ տարվա գարնան դժբախտ աշնանաբերքը հստակ է։ Միայն Սիրիայում ավելի քան 300.000 մարդկային զոհ, 700.000 վիրավոր կամ անդամալույծ, բազմահազար կորուսյալներ (որոնց մեջ բազմատասնյակ մեր հայ հայրենակիցներն են), միլիոնավոր գաղթականներ, բազմաթիվ քաղաքների և գյուղերի կործանում, տնտեսությունների ահռելի քանդում և ոչնչացում․․․ և հանկարծ նոր գյուտ․․․ «Ահաբեկիչներ կան Սիրիայի և Իրաքի տարածքներում և պետք է միավորվել՝ նրանց դիմադրելու համար»։

Չքնաղ Արևմուտքի հարգարժան, հեռատես ու գիտակից ղեկավարներ, արդյոք նո՞ր արթնացաք ձեր «գարնանային» թմբիրից, ո՞ւր էիք, երբ 83 պետություն որոշել էր հարվածել Սիրիային և կարճ, շատ կարճ ժամանակում նոր իշխանություններ հաստատել այնտեղ։ Ի՞նչ փոխվեց հանկարծ, այս ի՞նչ դիմափոխություն է, ինչպե՞ս արևածաղկի նման դեմքներդ ու գույներդ փոխեցիք և պատրաստվում եք ձեր փակած դեսպանատներն ու հյուպատոսարանները վերստին բացել։

Սիրիական վտանգն անցա՞վ, ձեր փորձանքին վերջ տրվե՞ց, ի՞նչ շահեցիք այս բոլորից հետո․ միայն Եվրոպայի սրտում 430.000 գաղթակա՞ն։ Հետաքրքիր է, ո՞վ պետք է մի օր հաշիվ պահանջի այս բոլորի համար, ո՞վ։

Արևմուտքի ղեկավարների հոտառության արվեստին մենք՝ հայերս փոքրիշատե ծանոթ ենք, հայերս լավ գիտենք Արևմուտքի «Մարդկային գութը» և օտարի նկատմամբ վերապահած կարեկցանքը։ Բոլորիս ուշադրությունը ներկա հանգրվանում կենտրոնացած է փոքրիկ պաստառի վրա, որից արյուն է կաթում մինչև այսօր, մահ, սպանդ, քանդում՝ այստեղ ու այնտեղ, մարդկային աղետը կանգ առնել չգիտի։ Իսկ Միջերկրական ծովը միայն գաղթականների մարմիններ է լափում անհագուրդ ախորժակով։ «Արաբական գարունը» ստեղծող ու գործադրողներից մեկը՝ Թուրքիան, լարախաղացի նման իր սև խաղը խաղալուց հետո և իր հողերում բազմահազար գաղթականներ ընդունելուց հետո (մեծամասնությունը՝ քրդեր), հիմա նրանց փոքր լաստանավերով իրար հետևից ճանապարհում է դեպի եվրոպական երկրներ։

Այսպիսի կացության հանդեպ նա հստակ նպատակ է հետապնդում, առաջին հերթին՝ ազատվել քուրդ զանգվածներից, հաճախ անմարդկային զգացումով դիտելով ծովամույն նավակները և ծփացող, ապա ծովափ հասած դիակները, որոնք մեծ մասամբ մանուկներ են։ Ավելին, դատաարտելով եվրոպացիների ցուցաբերած քարսրտությունը։

Դեռևս հինգ տարի առաջ գաղթական կոչվող այս մարդիկ խելոք նստած էին իրենց բնակարաններում և քաղաքներում, ապրում էին խաղաղ, անհոգ ու ապահով, բարի դրացիությամբ, հերկելով, ցանելով, հնձելով կամ իրենց սեփական աշխատանքով վաստակելով հանապազօրյա հացը։

Բայց հանկարծ ո՞վ հրահրեց, ո՞վ խանդավառեց, ո՞վ խրախուսեց, նամանավանդ ո՞վ զինեց ու ըմբոստության դրոշ տվեց նրանց ձեռքը, նրանց մղելով կռվելու, սպանելու հեռավորներին ու մոտավորներին՝ ժողովրդավարություն հաստատելու մտայնությամբ։ Իսկ հիմա ո՞վ է քաջալերում նրանց լքելու տունուտեղը, հեռանալու իրենց երբեմնի տաքուկ կիսաքանդ տներից, որպեսզի նրանք գրկաբաց ու գիտակցաբար գնան դեպի մահվան դուռը, իրենց հետ ծովի քմահաճույքին հանձնելով անչափահաս երեխաներին։ Այլ խոսքվ, նրանք հիմա գտնվում են անորոշության օրրանում՝ հավատալով, թե պիտի փախչեն դժոխքից, գնալու համար ուրիշ՝ անծանոթ դժոխքներ։

Խե՜ղճ ու տարաբախտ գաղթականներ, Եվրոպայի ճանապարհների վրա հիմա նրանք տուն-տեղ, կեցության փոքրիկ անկյուն են որոնում, մի պատառ հաց են փնտրում, նրանք սոված ու ծարավ քայլում են։ Քայլում են դեպի անծանոթը, ոչ ցերեկ ունեն, ոչ էլ գիշեր, արևահարվում են տաք, ցուրտ, անձրև ու քամի, միայն թե մի երկիր, մի պետություն խղճա՜ իրենց և ապաստան, կացարան տա, որպեսզի տաքացնեն իրենց մրսող հոգիները։

Մենք՝ հայերս շատ լավ հասկանում ենք գաղթականի վիճակը և հոգեբանությունը, մեր ժողովուրդը շատ լավ ըմբռնում է գաղթականության ցավը և խորապես ցավում է այսօրվա գաղթականների հետ։

Եվրոպայում այսօր նրանց հետ դժբախտաբար վարվում են ոչ մարդկայնորեն, մերթընդմերթ հիշեցնելով հարյուր տարի առաջ ապրվածները։ Կարծես թե իրենք՝ եվրոպացիները Մարդ, իսկ գաղթականներն անասուններ լինեն։

Հայ ժողովուրդը դեռևս նոր է ոգեկոչել Ցեղասպանության 100-ամյակը։ Հիշողության մեջ միշտ էլ թարմ են Եղեռն ու գաղթականությունը, աքսորն ու անօթևանությունը։ Այս պատճառով էլ ցավում ենք, ցավում ենք, որովհետև երբ հայ ժողովուրդը զանգվածաբար արտաքսվում էր իր բնօրրանից և պարտադրաբար գաղթում էր դեպի Սիրիայի դեղին անապատները, արաբ ազնիվ ժողովուրդը մեր հետ կիսեց իր առօրյա հացը և մեզ տունուտեղ, տաք անկյուն տվեց, իսկ այսօր նույն ժողովուրդն է դարձել գաղթական, ինչպե՞ս չցավենք։

Եվրոպացի դիվանագետները բարոյագիտության դասեր և խրատներ տալու մեջ բացառիկ են, բայց մոռանում են, որ այս դժբախտության պատճառն իրենք են։ Իրենք ելնելով իրենց անձնական ու պետական շահերից, քանդել տվեցին արաբական երկրները, իսկ հիմա իբր թե ցավում են արաբների համար։

Հավատա՞նք, բացառությունները միշտ հարգելի են, անշուշտ։ «Գնա՛ մեռիր, արի՛ սիրեմ»։ Հետաքրքիր է, ցավել ու սիրել գիտե՞ն Արևմուտքի քաղաքակիրթ մունետիկները և հիմա նոր դիմակներով ուզում են սիրիական տագնապը լուծել ոչ թե ռազմական ուժով, այլ քաղաքական հասկացողությամբ։ Եթե այդպես էր, ինչո՞ւ ձեր քարոզչությունը երկարացրիք գրեթե հինգ տարի։

Թող ես թքեմ այսպիսիների որձևէգ արդարադատության և կեցվածքի վրա, որոնք դեպի դժոխք են առաջնորդում մարդուն՝ փոխարենը ստանալով «մանանա» և «սև ոսկի», ըստ շահի կողմնացույցի սլաքների ուղղության։

 

Համբիկ Մարտիրոսյան

«Զարթօնք» օրաթերթ

Արևելահայերենի վերածեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: