Humbug` սուտը ճարպկորեն քողարկած ճշմարտություն

29 Օգոստոսի 2015

Պետությունն ստեղծվում է ոչ միայն, որ մարդիկ այնտեղ ապրեն,

այլև որպեսզի ապրեն երջանիկ։

Արիստոտել

Անհնար է վերախմբավորել պատմական փաստերը, հարմարեցնելով օրվա քաղաքական նպատակներին և ծառայեցնել որևէ քաղաքական խմբավորման շահերին։ 1995 թ․ հուլիսի 5-ին Հայաստանն ընդունեց իր առաջին Սահմանադրությունը՝ որպես հիմք ունենալով Ֆրանսիայի 1958 թ․ Սահմանադրությունը։ Անցած քսան տարիներն ապացուցեցին, որ այդ սահմանադրությունը չէր բխում հայ տեսակին բնորոշ աշխարհընկալման պետական մոդելի, նրա մենթալիտետի պահանջներից։ Սահմանադրությունը մշակողները և «գլխավոր տեսաբան» Լևոն Տեր-Պետրոսյանը մոռացել են իրենց ազգային պատմությունը, հարազատ անցյալը, իրական արժեքները։

Սահմանադրությունը՝ որպես պետության գլխավոր փաստաթուղթ, իրական կյանքում չառարկայացրեց ու չնյութականացրեց  սեփական երկրի տեր լինելու գերագույն արժեքը։ Այդպես էլ չպարզվեց, որն է մեր պետության մոդելը, նրա իրավաստեղծագործական, իրավակիրառական կարգի, ժողովրդավարական զարգացման և կատարելագործման ավանդույթը, այն չդարձավ ձևով ազգային, բովանդակությամբ համամարդկային արժեքներին համահունչ, հիմնարար օրենքների հանրագումար։

Ժողովրդավարական պետություն հռչակած Սահմանադրության մեջ չամրագրվեց պետության կառուցվածքի, հասարակական կյանքի կառավարման ձևի, պետության և հասարակության միջև անձի իրական կարգավիճակի, իշխանությունների տարանջատման, պետություն և քաղաքացի փոխադարձ կապի, պետություն և օրենք պլատոնյան բանաձևի, արդարության և պետության արիստոտելյան մոտեցումների, Ջոն Լոքի իրավունքի և պետության հասարակական պայմանագրերի և իշխանությունների տարանջատման պատկերացումների վերաբերյալ պահանջները։ Չունեցանք նաև ազգային գաղափարախոսություն,  որը պետության կողմնացույցն է, դրանով է ստուգվում պետության երթի ճշտությունը։  Հասարակական զարգացման բոլոր տնտեսական ֆորմացիաներում, հասարակական հարաբերությունների ձևավորման և զարգացման փուլերի ուսումնասիրությունը կարևոր է պետության պատմական ընթացքի գնահատման համար։

600 տարի պետականությունը կորցրած ժողովուրդը 1918 թ․ իր պատմական հողի փոքր հատվածում Դաշնակցության ղեկավարությամբ ձևավորեց Առաջին Հայկական պետությունը։ Չնայած այն 2,5 տարի տևեց, բայց պետական պառլամենտի որոշմամբ փոխանցվեց կոմունիստներին, որոնք էլ 70 տարվա ընթացքում Երկրորդ հանրապետությունը դարձրին Խորհրդային Հայաստանը, այն վերածեցին զարգացած արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության և մշակույթի հզոր երկրի։

ԽՍՀՄ-ի կազմալուծումից հետո ժողովրդի պահանջով և պարտադրանքով կոմունիստները երկիրը հանձնեցին ՀՀՇ-ին, որն էլ դարձավ Երրորդ հանրապետության հիմնադիրը։

Անտրամաբանական է, որ մեր պետությունը պաշտոնապես հայտարարում ենք 24 տարեկան և սկիզբը համարում Երրորդ հանրապետությունը, որը բնակչությանը պարտադրեց 50% արտագաղթ, մատնեց սովի, աղքատության, թշվառության, գործազրկության, թալանեց ժողովրդին պատկանող պետական գույքը։

Հպարտանում ենք, որ ունեցել ենք 12 մայրաքաղաք, որ Երևանը Հռոմից հին է, մեծ է 29 տարով, որ հազարամյակների պատմություն ունենք, աշխարհին մշակույթ ենք տվել, որ Նարեկացի, Քուչակ ունենք, Համբարձումյաններ, Խաչատրյաններ, Ալիխանյաններ, Սարյաններ ենք տվել աշխարհին, Ադամյանները, Փափազյանները, Գասպարյանները, Ջիգարխանյանները զարդարել են  աշխարհի լավագույն բեմահարթակները, և մեր պետությունն ընդամենը 24 տարեկա՞ն է։ Ծիծաղելի է, որ չի էլ հիշվում Առաջին հանրապետությունը, Երկրորդ հանրապետությունը, որը համարվեց հայ ժողովրդի ոսկեդար։

Ֆրանսիացիներից վերցրինք սահմանադրության լավագույն մոդելը, իսկ ինչո՞ւ չենք ընդօրինակում ֆրանսիացիներին, երբ նրանք հպարտանում են, որ կատարել են երեք հեղափոխություն և ունեցել են հինգ սահմանադրություն, շարունակ կատարելագործել են իրենց քաղաքական հասարակությանը բնորոշ հանրային կյանքը, համապատասխանեցնելով 1948  դեկտեմբերի 10-ի ՄԱԿ-ի հռչակագրի 23-րդ հոդվածի պահանջներին։

Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելը պայմանավորված է պետության զարգացման փուլերում հասարակության մեջ առաջացող փոփոխություններով։ 2005 թ․ նոյեմբերի 27-ին Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները տնտեսական, սոցիալական, մշակութային   ոլորտներում պետության հռչակած դեկլարատիվ հասկացություններին չտվեցին կիրառական բնույթ։ Սահմանադրության մեջ ընդգրկված են սոցիալիզմի սկզբունքները՝ նենգափոխված ձևերով, ավելացվել են վայրի կապիտալիզմի բոլոր արատները, դրանք միահյուսվել են կապիտալիզմին բնորոշ ցինիզմով, և պահանջում ենք դրական երևու՞յթ։

Բացասականների հանրագումարը դրական չի լինում։ Միայն կույրը կարող է չտեսնել, որ այսօր ժողովուրդը ապրում է առանց սահմանադրության կամ չգործող օրենքներով, դատաքննչական մարմինների կամայականություններին և պարտադրանքներին ենթարկվելով, չինովնիկների ցանկությունն ու պահանջը կատարելով, ապա ազգային մաֆիայի ստորացուցիչ պահանջներին դիմակայելով, պետական օղակների մանր չինովնիկների հանձնարարություններին ու պահանջին անտրտունջ ենթարկվելով։

Հիշում եմ հանճարեղ լոռեցուն՝ մեծն Թումանյանին․ «Թե տանուտերին գանգատ ես գնում, բան չես վաստակում, բացի դուշմանից»։

Այսօր երկրում գերիշխում է մարդու տնտեսական եսամոլական հայեցակարգը, որտեղ չկա ազնվարյուն, հոգու մեծարման զգացմունքների անաղարտություն, որն էլ նենգափոխում է նրա մարդ լինելու գլխավոր հատկանիշը, հայտնվել են բարեպաշտներ, որոնք եկեղեցիներ են կառուցում իրենց կողոպտածի հաշվին։ Պետք է ենթադրել, որ աստծու համար միևնույն է, թե ինչ միջոցներով են դրանք  կառուցվում։ Բարեպաշտները խախտում են քրիստոնեության 10 պատվիրանները։

Մեր ազգակից Կարապետ բեյ Եսայանը մի մզկիթ շինել տալով պատվավոր տեղ գրավեց ազգային ջոջերի շարքում, և  Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջեր» գրքում։

Հարգելի ընթերցող, այս ամենը թանձր մառախուղի պես նստել է ժողովրդի կքված ուսերին, մոլորված, աղքատ, անսովոր վիճակում հայտնված ժողովրդի համար օլիգարխ վերնախավը սահմանադրություն, օրենք է մշակում՝ չհասկանալով, որ ժողովրդի հետաքրքրությունների առանցքից բացակայում է սահմանադրություն կա կամ չկա, դրանում փոփոխություն կատարված է կամ չի կատարված։ Երկրում սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու գործընթացը վստահորեն թևակոխում է երկրորդ փուլ, իսկ քաղաքական որոշ շրջմոլիկներ քննարկում, բանավիճում են, իսկ ԼՏՊ-ի ճտերը չեն համաձայնվում սահմանադրության մեջ փոփոխություն կատարելուն։

Դիմում եմ այդ քաղաքական տկարամիտներին․ պարոնայք, անցած 25 տարիները բավական չէի՞ն համոզվելու համար, որ ԼՏՊ-ի ստեղծած ժողովրդավարական, սոցիալական պետությունը և սահմանադրությունը Հայաստանի համար չեն։

Հիշենք՝ իր աշխատասենյակում սպանվում է հանրապետության դատախազը, զբոսնելիս զոհվում է անվտանգության ծառայության պետը, երկաթգծի պետ Ղանդիլյանին սպանում են այն բանի համար, որ հրաժարվում է ստորագրել գողացված նավթամթերքի կեղծ փաստաթղթերը, երկու երիտասարդ ոստիկանի ողջ-ողջ թաղում են, քանի որ նրանք հրաժարվում են Սերժ Ջիլավյանի սպանության հանձնարարությունը կատարել, իր տան մոտ սպանում են Գրողների միության նախագահին, չինովնիկներից մեկի պահանջով սպանում են պաշտպանության երկու փոխնախարարի։ Զինված խումբը ներխուժում է ազգային ժողով և սպանում ԱԺ նախագահին, վարչապետին և վեց պատգամավորի։ Ռեստորանում ծեծելով սպանում են զինվորական բժշկին  և այսպես ողբերգությունների  մի ամբողջ պատկերասրահ է ԼՏՊ-ի ձևավորած ժողովրդավարական երկրում։

1996 թ․ նախագահական ընտրություններում հաղթեց Վազգեն Մանուկյանը, բայց ԼՏՊ-ն իշխանությունը չհանձնեց, դեռ ընտրությունները չավարտված, հեռուստատեսությամբ ի լուր աշխարհի արհեստավարժ տղերքը շնորհավորում են Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հաղթանակի համար և լկտիորեն ասում, որ «եթե նույնիսկ Վ․Մանուկյանը հարյուր տոկոս ձայներ ստանար, նրան պետություն չենք տա»։

Նախագահի ընտրության այս միջնադարյան ձևն ատելություն առաջացրեց բնակչության մոտ։ Եթե նախագահն է խախտում իր հաստատած սահմանադրությունը, խոսելն ավելորդ է, եզրակացությունը թողնենք ընթերցողին։

Եվ այսպես ձևավորվեց մեր պետությունը՝ փակ բաժնետիրական ընկերության  բռնազավթած տարբերակներից մեկը արևմուտքի ժողովրդավարական դարբնոցում, այնտեղ և կռել կոփելուց հետո ասել էին, որ իր սեփական պետությունն է, ուրիշի չհանձնի։ Ոգևորված արևմուտքի հովանավորությունից, ԼՏՊ-ն հրավիրեց արևմուտքի փորձառու  երկիր քանդողներին՝ Լիպարիտյանին, Թաշչյանին և Օսկանյանին, ու իր արհեստավարժ տղաների հետ սկսեցին քանդել ու թալանել երկիրը։

Միայն 1996 թ․ ընտրությունից մեկ տարի անց մասնավորեցվեց 5,7 մլրդ դոլարի գույք իր արժեքից 1800-2000 անգամ պակաս գնով,  բյուջեում մուտքագրվեց 0,7%: Զարմանո՞ւմ ենք, որ նախկին վարչապետը հոգևորականի հետ հայտնվեց օֆշորային գոտում։

Նախկին վարչապետ Հ․ Բագրատյանը  2 մլրդ արժողության կոնյակի գործարանը վաճառեց  29 մլն դոլարով իր ֆրանսիացի գործընկերներին, հետագայում դարձավ դրա նախագահության անդամ և այսպես շարունակ․․․

Խավարի տիրակալը Հայաստանի թշնամին է,  նա հայ ժողովրդի համար դրական բան չի անի։ ԼՏՊ-ն արդեն ձևավորել էր պետական մի մոդել, որը խիստ գաղտնի էր։ Այն բացահայտվեց նրան իշխանությունից հեռացնելուց հետո։ Նրա մոդելն ավազակապետությունն էր, որը և դարձավ խավարի տիրակալի երազանքների գլխավոր բովանդակությունը։ Ամեն անգամ այդ մոդելի անունն արտասանելիս, ծերունի հանցագործը նոր լիցք ու էներգիա է ստանում։ Որքան էլ փորձենք այդ սահմանադրության հոդվածներում փոփոխություններ կատարել, և քաղաքական ինչ պրիզմայով էլ դիտարկենք, այն չի կարող հայ ժողովրդին դրական բան տալ, այն պետք է փոխվի հիմնովին, քանի որ ԼՏՊ-ն իր անկարողությամբ գիտակցաբար մեր պետությունը գցել է Եվրոպական դիվանագիտության կեղծ խաղերի մեջ։

Փիլիսոփա Պլատոնի մտքերը այժմ էլ շատ կենսունակ են ու արդիական․ «Ես տեսնում եմ այն պետության մոտալուտ կործանումը, որտեղ օրենքն անզոր է և գտնվում է ինչ-որ մեկի իշխանության տակ, իսկ այնտեղ, որտեղ օրենքը կարգավորողների տիրակալն է, իսկ նրանք օրենքի ստրուկները, ես տեսնում եմ այդ պետության փրկությունը»։

Քիչ ժամանակ է մնում հասկանալու, որ չի կարելի պետականաշինության կառուցողական գործունեությունը թողնել տարերքի քմահաճույքին։ Կորցնում ենք հայրենիքը, ընդհատվում է սերունդների միջև եղած կապը, անտեսվում է բազում տեղծագործական մտքի և հոգու վիթխարի ժառանգություն, իսկ դրանից հետո համաշխարհային ազգ չենք դառնա, կդառնանք տարաշխարհիկ գնչու։

Այսօր որքան էլ արևմուտքին ծառայող քաղաքական շպիոնիկները հրապուրվեն Եվրոպայի և միջազգային դիվանագիտական խաբուսիկ խաղերով, ամեն պարագայում մենք հայ ենք, Հայաստանը մեր հայրենիքն է, մենք ենք նրա տերը։ Որքան ընդդիմություն, այնքան իշխանություն, որքան փառասերներ, եսամոլներ, դիլետանտներ, հոգեխախտներ, այնքան էլ կայացած քաղաքական և տնտեսական լուրջ գործիչներ կան։ Հայաստանում շարունակվում է Սահմանադրության նոր խմբագրման ակտիվ քննարկումը։ Դրանում Եվրամիության և քեռի Սեմի ճնշումների հետևանքով հոդվածների ու կետերի տողատակերում խցկվել են արևմուտքի ստվերային դիվանագիտությունը, որի գլխավոր սկզբունքն է կեղծիքը և խաբեությունը միահյուսված։

Անգլերենում humbug բառը նշանակում է սուտը ճարպկորեն քողարկած ճշմարտություն։ Այն եվրոպական դիվանագիտության գլխավոր սկզբունքն է։ Չերչիլն իր գործունեության ընթացքում շատ է օգտագործել այդ բառը։ Տողերիս հեղինակի կարծիքով, այդ բառի օգտագործումը դիվանագիտության մեջ միլիոնավոր ժողովուրդների ոչնչացման  և թշվառության պատճառ է դարձել։

Պատահական չէ, որ Վենետիկյան հանձնաժողովը դժգոհել է, որ սահմանադրությամբ փաստացի ամրագրված է միասեռականների ամուսնության արգելքը։ Երեխաների իրավունքների վերաբերյալ արհեստական դրույթներ են հայտնվել, որից յուվենալ արդարադատության հոտ է փչում դեպի օրինականացվող մանկապղծություն։ Շատ հոդվածներում արևմուտքի գաղափարների իրականացման նպատակով ցայտուն երևում է երկրում անլեգալ գործող 5-րդ և  6-րդ շարասյուների նպաստավոր պայմանները, ինչպես նաև արտաքին կառավարման միջամտությունը և ազգային  ինքնության թուլացման տարրերը։

Սահմանադրության քննարկվող տարբերակում շատ հոդվածների և կետերի համայնապատկերում պարզորոշ երևում է Վենետիկյան հանձնաժողովի՝ որպես սահմանադրություններ ձևավորողի փայլատակող և խաբուսիկ աչքերը։

Սահմանադրությունը դեռ քննարկման փուլում է, իսկ ԱՄՆ դեսպանն արդեն միջամտում է փոփոխությունների գործընթացին, հանդիպում է ֆինանսների նախարարին, քննարկում է հարկային ոլորտի հարցեր, առաջարկում է փոխել հայ-ամերիկյան խորհրդարանական խմբի նախագահին, հանդիպում է կուսակցությունների ղեկավարների հետ և իրեն չվերաբերող բազմաթիվ հարցերին է խառնվում։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան, հարգելի պրն Միլս, գեղեցիկ է, երբ դիվանագետներն իրենց իրավունքների և պարտականությունների շրջանակներում են գործում։ Ձեր վարվելաձևը ընդունելի չէ  և շատ վիրավորական է։ Ձեր հիշողությունը թարմացնելու նպատակով համատեղ պատմական էքսկուրս կատարենք 20-րդ դարի 20-ական թթ․ և զուգահեռներ անցկացնենք։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը նոր էր կազմավորվել, երբ 1919 թ․ հուլիսի 5-ին Հայաստանում գերագույն կոմիսար նշանակվեց ամերիկացի գնդապետ Հասկելը, ով չորս ամիս հետո պարտադրեց Հայաստանի կառավարությանը Ադրբեջանի հետ կնքել փոխադարձ համաձայնության պայմանագիր՝ Ղարաբաղը ժամանակավորապես Ադրբեջանի կազմում թողնելու մասին, հետագայում նրան միացրեց Շուշին, Ջիբրայիլը, Ջևվանշիրը։ Իսկ Նախիջևանը, Զանգեզուրը, Շարուրի և Դարալագյազի հետ միասին դարձնել ամերիկյան վարչական հատուկ գոտի, պահանջելով նաև Վեդի Բասարը, Երևան-Ջուլֆա երկաթգիծը, իսկ հայկական բանակը տեղափոխել Արարատյան դաշտ։

Հարգելի պրն Միլս, հայ ժողովուրդն արևմտյան ձեր դիվանագիտության դառը պտուղների համը վաղուց է զգացել, ողբագին արցունքներն աչքերին դեգերելով օտար ափերում, կորցնելով իր հայրենի բնօրրանը, ձեր խորհրդի և օգնության կարիքը չունի, որքան էլ քեռի Սեմը գումարներ վատնի, միևնույն է «Նարնջագույն հեղափոխություն» այս երկրում չի լինի։

Հայաստանի Հանրապետության հարգելի նախագահ, ինչպես ճկունորեն դիմակայում եք միջազգային դիվանագիտական քաղաքական խաղերին՝ մեր պետության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի կարգավորման ուղղությամբ, խնդրում եմ, այդպիսի մտահոգություն և հետևողականություն հանդես բերեք երկրի գլխավոր փաստաթուղթը հիմնովին փոխելու, իսկական սոցիալիստական պետության Սահմանադրություն  դարձնելու հարցում։ Ժողովուրդը սպասում է, բարի եղեք կատարելու նրա միակ կամքը։

 

Գեղամ Գալստյան, հայ կոմունիստ      

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: