Նոմենկլատուրան և սոցիալիզմը

17 Օգոստոսի 2015

2014 թ․ Մեքսիկայում տեղի ունեցած Առաջավոր գիտության միջազգային համաժողովի մասնակից գիտնականները գտնում էին, որ սոցիալիզմի գաղափարները չեն կորել, այլ հարմարվելով 21-րդ դարի նոր իրականությանը, համախոհների բանակն են մեծացնում և ընդլայնում են սոցիալական բազան։

Համաժողովի մասնակիցները գտնում էին, որ գոյություն ունեցող սոցիալական հարաբերությունները չեն համապատասխանում մարդկության զարգացման տեխնոլոգիական նոր փուլին, ինչն էլ խորը հակասություններ է ստեղծում։ Այդ ճգնաժամից ելքը կարող է լինել միայն  հետկապիտալիստական նոր հասարակության ձևավորումը։

Ինչու փլուզվեց սոցիալիզմը՝ այնպիսի մի առաջավոր կառույց, որը տիրապետում էր անսպառ ներուժի։ Ինչ է սպասվում մեզ։ Ամենակարևոր ուղղությունն իրական ժողովրդական իշխանությունն է։ Սակայն ժողովրդական իշխանությունը անհամատեղելի է մասնավոր սեփականության հետ։ Կապիտալիստական հասարակության մեջ կանոնները թելադրում են նրանք, ովքեր շատ փող ունեն։ Եվ Ջոն Սմիթը, և Ռոքֆելերը ԱՄՆ քաղաքացիներ են, սակայն նույնիսկ կապիտալիզմի ամենաթունդ պաշտպանը չի համարձակվի ասել, որ հավասար իրավունքներ են տիրում իրենց մոտ։ Իրական դեմոկրատիայի հիմնաքարը հասարակական սեփականությունն է։

Սոցիալիզմի կործանման պատճառը կամ պատճառները։

ԽՍՀՄ փլուզման պատճառների մասին իմ մտորումները ձևավորել է նոմենկլատուրային սոցիալիզմի տեսությունը։ Մարքսիստներն ուսուցանում են, որ բուրժուական հասարակությունը բաժանված է միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված դասակարգերի՝սեփականատիրության  հատկանիշներով։ Ունևորներն իրենց սեփականությունն օգտագործելով կողոպտում են ունեզուրկներին։ Այդ պատճառով հեղափոխականների գլխավոր նպատակը մասնավոր սեփականության վերացումն էր։ Սակայն ԽՍՀՄ-ում հասարակությունը շատ արագ կրկին բաժանվեց տարբեր շահեր ունեցող երկու  դասակարգի՝ նոմենկլատուրա և մյուսները։ Այն բաժանվեց իշխանական իրավասություններ ունենալու համար։ Ձևականորեն արտադրության միջոցները ընդհանուր սեփականություն էին, իսկ նոմենկլատուրան, կարծես թե, ի դեմս ժողովրդի միայն կառավարում էր։ Փաստորեն, նոմենկլատուրան  արտոնությունների մեխանիզմի միջոցով վեր էր ածվել  շահագործող դասակարգի, որը իշխանության մենատիրություն էր սահմանել։ Այս բանը  որևէ տեսություն չէր կանխատեսել և մինչ օրս հասարակության մեծ մասը չի հասկանում։

Նոմենկլատուրային սոցիալիզմը պատահական շեղում չէ, այն անխուսափելի փուլ է դեպի սոցիալիզմ անցման ճանապարհին։ Դա է ապացուցում առանց բացառության սոցիալիստական բոլոր երկրների փորձը։ Քիչ է հասարակության սեփականություն հռչակելը։ Հասարակական գիտակցությունը երկար ժամանակ շարունակում է ապրել հին աշխարհի ստերեոտիպերով։ Դա, ամենից առաջ, դրսևորվում է արտոնությունների նկատմամբ վերաբերմունքով։ Հասարակությունը դրանք ընդունում է որպես իշխանության հետ անքակտելիորեն կապված անհրաժեշտություն, չհասկանալով, որ սոցիալիզմի ժամանակ արտոնությունները ծնում են նոր կառույցի թշնամիների։ Հասարակությունը չի գիտակցում արտոնությունների վտանգավորությունը, բացակայում է նախազգուշացման համակարգը արտոնյալ խմբերի նկատմամբ, որոնք անպատիժ կերպով աճում են, վերածվելով ընտանեկան կլանների և էթնիկական խմբերի։ Սոցիալիստական հասարակության համար պետք է նոր հասարակության օրենքները հասկացող և ընդունող անհատականություն։ Զանգվածային գիտակցության այդպիսի փոփոխությունը չի կարող տեղի ունենալ մեկ-երկու սերնդափոխության ընթացքում։ Այս շատ կարևոր դասը պետք է հաշվի առնեն հետագա այն սերունդները, որոնք կառուցելու են սոցիալիզմ։ 

Խորհրդային նոմենկլատուրան ձևավորվեց և իրեն զգաց ընդհանուր շահերով  համախմբված  խումբ միայն 50-ականների սկզբին, և այդ ժամանակից սկսած գործում էր ի նպաստ խորհրդային կառույցի կործանման։ Սոցիալիզմի կործանման բազմակողմ գործընթացն սկսվեց 20-րդ համագումարին, երբ հարված հասցվեց սոցիալիզմի խորհրդանիշ համարվող առաջնորդին։ Խրուշչովին ընդունված է հիմար համարել, նա բոլորին և ամեն ինչ աննպատակ բարեփոխում էր։ Ես կարծում եմ, նրա գործողությունների նպատակը սոցիալիզմը վարկաբեկելն էր, ցույց տալը, որ սոցիալիզմը առաջադիմական կառույց չէ, որը հիմնված է գիտակցական նվաճումների վրա, այլ  կամայականության, քաոսի համակարգ է, որը հասարակությանը հնարավորություն չի տալիս արդյունավետորեն օգտագործել իր ներուժը։

Այդ նույն ուղղությամբ, սակայն այլ կողմից էին աշխատում Կոսիգինի բարեփոխումները։ Խորհրդային ձեռնարկությունների արդյունավետության գլխավոր ցուցանիշների թվում ընդգրկված էր շահույթի ցուցանիշը։ Սակայն սոցիալիստական համաժողովրդական տնտեսության մեջ շահույթը չի կարող ինքնուրույն դեր խաղալ։ Դա կապիտալիստական ձեռնարկությունների գնահատման գլխավոր չափանիշն է, որի համար մյուս բոլոր սուբյեկտները մրցակիցներ կամ սպառողներ են։ Երբ ձեռնարկությունները նպատակաուղղվեցին անհատական շահույթի հասնելու, խորհրդային ժողտնտեսության համալիրը մասնատվել էր տնտեսվարող սուբյեկտների միջև։ Պլանային կարգապահությունը փլուզվել էր, ի հայտ էր եկել շահութաբեր և ոչ շահութաբեր արտադրանք։ Շահութաբեր արտադրանքը խառնիխուռն էր, օրինակ՝ շինարարները սկսեցին ավելի սիրել ձմեռային շինարարությունը, քանի որ ձմեռային աշխատանքի գործակիցը շահութաբեր էր, հետևաբար պարգևատրումներն ավելի բարձր էին։

Կոսիգինը հիանալի գիտեր, թե ինչ է անում։ Ստալինը մահվանից առաջ հրատարակել էր մի փոքրիկ գրքույկ «ԽՍՀՄ-ում սոցիալիզմի տնտեսական հիմնախնդիրները» վերնագրով, որտեղ բոլորին զգուշացնում էր, որ սոցիալիստական տնտեսության մեջ շահույթը չի կարող կողմնորոշիչ լինել։ Նշանակում է, մինիստրների խորհրդի նախագահ Կոսիգինը գործում էր միանգամայն գիտակցաբար, իր դասակարգի հանձնարարությամբ։

Բարեփոխիչները գործում էին բոլոր ուղղություններով։ Արգելակում էին ամեն տեղ ու ամեն ինչ, որտեղ և ինչ հնարավոր էր։ Գրքում խոսվում է ԷՀՄ և ավտոմեքենաների արտադրության բնագավառում արգելքների մասին։ Այդ ժամանակներից շատ բան հայտնի դարձավ, իսկ այդպիսի պատմություններ կարելի է  յուրաքանչյուր բնագավառի մասին պատմել։ Հետ չէին մնում նաև գաղափարախոսության ասպարեզում։  

Արևմուտքը կարգավորել էր ԽՍՀՄ-ի մասին հաղորդումները, իսկ խորհրդային   անդառնալի արդյունաբերությունը անմիջապես ծավալեց ձայնային ալիքներ որսացող ռադիոընդունիչների թողարկումը։  Այդ ձայները սկսեցին բազմաթիվ այլադավանների փիառով զբաղվել։

Խրուշչովյան անկարգությունը չկարողացավ սոցիալիզմի հանդեպ հավատը սասանել, սակայն քաոսին փոխարինելու եկած նոմենկլատուրան երկիրը  սուզեց լճացման քայքայման մեջ։ Սակայն դա լճացում էր աշխատավորների համար։ Նոմենկլատուրան տեղում կանգնած չմնաց։ Տարածաշրջաններում հասունացել էին  գորբաչովներն ու ելցինները, Հարվարդում քանդել էին սովորում գայդարները, նեմցովները, նավալնիները։  1985 թ․-ին եկավ նրանց ժամը, վրա հասավ փլուզման վերջնափուլը, երբ նոմենկլատուրան դեն նետեց դիմակները և ապշած հասարակության աչքի առաջ կուսակցական քարտուղարներն ու խորհրդային տնօրենները կերպարանափոխվեցին «բիզնեսմենների», ժողովրդական բարիքների սեփականատերեր դարձան։

ԽՍՀՄ փլուզումից հետո անհամար բացատրություններ հորինվեցին կատարվածը բացատրելու համար։ Նախ՝ ամեն ինչում մեղադրեցին Գորբաչովին։ Ընթացք ստացան գաղտնիության տեսությունները՝ Արևմուտքի մեքենայությունները։

Նոմենկլատուրային սոցիալիզմը ի սկզբանե ժամանակավոր կազմավորում էր, անցումային շրջան։ Նմանատիպ ժամանակավոր կազմավորում էր նաև ՆԷՊ-ը՝ պետական կառույց, որտեղ արտադրության միջոցներին տիրում են կապիտալիստները, իսկ իշխանությունը, կառավարման ապարատը գտնվում է կոմունիստների ձեռքում։ Ռուսաստանում այդ կառույցը  այնքան էլ երկար գոյություն չունեցավ, մոտ տասը տարի, բայց Չինաստանում այն ծաղկում է արդեն մոտ կես դար։ Կարելի է կարծել, թե կոմունիստական ապարատն աստիճանաբար միաձուլվում է Չինաստանի կապիտալիստների հետ։ Հենց դա է բացելու իրական սոցիալիզմի համար դռները։

Վերակառուցումը հին կառույցի վերանորոգումն է։ Դա շատ հայտնի գործընթաց է, որ ուղեկցել է բուրժուական բոլոր հեղափոխություններին։  Պատմական այդպիսի շտկումն անհրաժեշտ է նոր կառույցին, որպեսզի ազատվի առաջին փուլի հիմարություններից։ Վերանորոգումների դարը երկար չէ։  Հասարակությունն արդեն գիտի, որ կարելի է այլ կերպ ապրել, և նա սկսում է գիտակցաբար ձգտել նոր կառույցի։ Հիմա ամենուր վերանորոգումների բարձրակետին են հասել։ Իշխողներն անդադար կրկնում են, որ այլևս հեղափոխությունների կարիք չկա։ Ավաղ, առաջընթացը հնարավոր չէ կանգնեցնել գեղեցիկ խոսքերով, նոր հարաբերություններն ամեն ինչ կպատռեն։ 

Առաջադիմական հայացքների տեր բոլոր մտածող մարդկանց խնդիրն է հասկանալ նախկին համակարգի թուլություններն ու թերությունները և մշակել նոր համակարգ, որն ընդգրկի մեր հայրերի բոլոր ձեռքբերումները, օգտագործի նոր կառույցի ողջ ներուժը։ Առավել ևս, որ այլընտրանք չկա։ 

Աշխարհի գերբնակեցվածության պայմաններում պայքար է մղվում ոչ միայն ռեսուրսների, այլև գոյատևման տեղի համար, տարածքի համար։ Գաղութատիրական, օլիգարխիկ կապիտալիզմը չի կարող պաշտպանել երկիրն այդ պայքարում։

Այսօրվա հասարակությունը գտնվում է գաղափարական փլուզման վիճակում։ Մարդկանց ուղեղներին իշխում են կրոնը, ազգայնականությունը, միստիկան, անջատողականությունը։ Սոցիալիստական գաղափարները վարկաբկված են նոմենկլատուրային սոցիալիզմի գործունեությամբ և բուրժուական քարոզչությամբ։ Շատ կարևոր է հասկանալ, որ նոմենկլատուրային սոցիալիզմը իրականում շատ հեռու է առանց ածականների սոցիալիզմից, որ դա ընդամենը միջանկյալ փուլ էր սոցիալիզմի և կապիտալիզմի միջև, երբ կապիտալիզմն արդեն ոչնչացվել էր, իսկ սոցիալիզմը դեռ ի հայտ չէր եկել։ Եվ շատ կարևոր է թույլ չտալ, որ իշխնությունը կրկին հայտնվի նոմենկլատուրայի ժառանգների ձեռքում։ Իսկ ամենակարևորն այն է, որ հասարակական սեփականությունն է հաղթելու։    

 

Ռուս սոցիալիստ Վլադիմիր Կորոլյով

Թարգմանեց՝ Ռուբինա Ռաֆայելյանը

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: