Ետ նայիր ու տես (Մի կորցրու խարիսխը սոցիալիզմի հետ)

04 Դեկտեմբերի 2019

Աշնան արևը գունագեղ լուսանկարչությամբ՝ հավերժացնում էր դաշտերի և այգիների ծաղկավոր շրջազգեստները, ձորակների ու բլրակների տաբատի գրպանից թափվող աշնան էջանշան տերևաթափը, արտերի աշնանացանը, հանդերի “բոստանփուզին” :
Ողջո՜ւյն հողի աշխատավորին, ողջո՜ւյն…
-Բարև, բարև, կարմիր արև,- ասացին գյուղացիները:
Արևի շողերը ներթափանցեցին անպատուհան այն սենյակը, որի պատից կախված էր Լենինի ժպտացող դիմանկարը: Նկարն իր ուղեծրի հետևում ուներ յոթանասունամյա սոցիալիզմի վառ ու պայծառ կոմունիզմի աստղը: Հիրավի, երբ փակում ենք սոցիալիզմի աչքերը, ներկան դառնում է աճպարարություն: Մարգարեական գրության մեծ ծրագիր կոչեմ, թե ընկեր Լենին, կամ թե Մարքսիզմ կամ կոմունիզմի փաստերի վերելակային զրույց, համոզված եղեք, որ դա է կյանքի կարմիր գիծը, աշխարհի ու մարդկության բոլոր գույների միությունը: Չի կարող լինել կյանքի իմաստի ավելի նուրբ շերտեր, ինչը որոշիչ էր սոցիալիզմում: Նա բերեց գաղափարների ջերմ ու կենսունակ մասուն՝ խորհրդային պատմության մեր զգացմունքներին և հեղինակավորը դարձավ կրկնօրինակման բոլոր դպրոցներից:
Մի կորցրեք սոցիալիզմի խարիսխը աշխարհի հետ, ոչ էլ տակտը, և ոչ էլ սղոցեք նրա ոտքերը: Հաղորդություն տալով սոցիալիզմի մասին՝ եկեք իմաստները չցրենք...
Պարզից էլ պարզ է, թե ինչ են ուզում "սոցիալականից" արտաբերել ներկայիս իշխանության լոգոպեդները, միմիայն ծրագրերի ճրագալույս, կուսակցությունների ռասիզմ, թաղանթապատ ծրագրեր՝ ոչնչի և չնչինի միջև: Ինչպե՞ս կարելի է չհիշել սոցիալիզմի գաղափարախոսության համեմունքները, պատասխանների անսպառ բանկը:
Կան գաղափարական մկաններ, որոնք պետք է մարզել, հակառակ դեպքում մերօրյա խնդիրների ուրվագծերն ու կորագծերը, նախագծերի խախուտ միջնագծում կվերջանան ու խցանված կանգ կառնեն և այն էլ ավա՜ղ, կոմունիզմի դիմապակու հայելու դիմաց:
Այսօր կոմունիստներն ունեն այն կանխազգացումն, որ պետք է հաճախ հետ նայել... Գուցե սոցիալիզմի ոգին կհուշի՝ որտեղ են աճում օդային արմատները և որ այն պետք է տնկել հողում ու կարմիր ժապավենով պիրկ կապելով՝ պատվաստել վերստին: Կարմիր ուղեգորգի վրայով տես քայլում են բոլոր ժամանակների առաջատարները... տես նորերը եկան, գալիս են... լուսանկարիչներ պատրաստ եղեք:
- Այս կարմիր գլխարկը քեզ շատ է սազում:
- Հետ նայիր ու տես:
Գյուղ մեկնող ավտոբուսի պատուհանից հորիզոնը կարմիր էր, ասես վառելափայտ գեղեցկություն: Մոռացության այս խարույկի կրակը բոցավառվելու մղումով, գյուղ հասնելուն պես՝ այցելեցի մեր հարևան Սեփիկ պապին:
Հոկտեմբերիկի նման պայծառացավ դեմքը, երբ տեսավ ինձ.
- Բարև Նան ջան, ո՞նց ես,
- Լավ եմ Սեփիկ պապ, դու ասա, առողջությունդ լա՞վ է,
- Բալիս ասեմ, էս քանի օրը լավ չեղա, բայց դզվի, գիդաս խի՞, որովհետև հին քոք եմ, ինձ բան չի լինի, չէ նոր սերնդի նման, հենց մի բան չեղած <տիզիվավա> են...
Ձեր սերնդի բախտը բերել է Սեփիկ պապ, դուք կոմունիզմի ծիածանով անցաք, իսկ մեր սերունդը մժի միջով: Մինչև հիմա էլ մառախուղի ժամանակ արևի ակնոց եք դնում, որ արև դուրս գա, բայց սև ամպերը գալիս ծածկում են: Մեկ-մեկ արև է լինում, բայց շատ քիչ է տևում:
- Բա դրանց կախարդական փայտիկը ու՞ր են մտցրել, թող հանեն սև ամպերին ցրեն:
- Խի՞, բրդի հասարակ ճիպոտով ուզում են դմակավորի բուրդը չփխեն, հետո տան սուտլիկ որսկաններին, թե տարեք ծախեք Կեկելի ու Փեփելի վրա ու "Անբան Հուռի " հիմնադրամին էլ ասեք, թող գործ անեն, Ձախորդ Փանոսի կացինը գտել ենք... էտ ո՞նց...
- Նան ջան, ամեն տեղ անբան երազողներ կան, դրանք էլ իրենց հերթին Փանոսի կացնից կօգտվեն, կեթան շամբուտից մի ղամիշ կկտրեն ու անկախության ջահով էնքան ջրի մեջ աջ ու ձախ կանեն, կանեն, մինչև, որ Ամուլ սարի մի ոսկու կտոր կգտնեն, դրանով էլ իրենց "սթրեսի" վարկը կմարեն: Էն ճանճ մորքուրն էլ ուրախությունից կնկնի թանի մեջ ու կերգի՝ <էն գորտերի կռկռոցին ես մատաղ>, բա աչոն ջան:
- Սեփիկ պապ, գիտե՞ս, որ թոշակների ու աշխատավարձերի 10% բարձրացումները շարունակական է լինելու, թռիչքաձև:
-Նախ Նան ջան, թող տաս տոկոսը դնեն իրենց քամակի ջեբը, դա քամակ ծածկելու փող է, ուղիղ մի թիզ: Իծամորուքները իրենց աշխատավարձի միլիոնով առաջն ու դեմն են ծածկում, իսկ հասարակ ժողովրդին էլ համոզում են, թե եկեք մասնակցեք "ով է ուզում դառնալ միլիոնատեր" խաղին՝ գուշակիր, թե կարող ես: Ջահելները երևում է լավ են սերտել "Արջն ու գյուղացին" ոտանավորը, դրա համար կրկնում են...
- Ինձ արմատն ու հողունը,
- Քեզ տերևն ու ցողունը:
- Բալա ջան, դու ասա, տաս տոկոսով ով ո՞մ կարա բարև տա, բարև առնի մարդավարի, մի գլուխ սեր ու համերաշխություն են քարոզում, բայց որ մի աղջիկ ու մի տղուն են հավատում "Անահիտն ու Վաչագանը" հեքիաթին, որ մնաց սիրահարին՝ հեղինակին... գնա՜ց զանգակ-բամբակ ասվածը: Նան ջան, լավ բաներ շատ կան, բայց թանկ ու կրակ, դրանցից մենակ հարուստները կարան օգտվեն, իսկ մենք՝ ինչպես միշտ, "հավատարիմ չօգտվող" երկրորդ սորտ, հմի դու ասա, աչոն ջան, դա չեղավ դասակարգային աևտուր: Սենց որ գնաց, իրոք ժողովուրդը բաժանվելու է երկու մասի՝ մոմպասների ու շոկոլադապատների :
- Հրեն Ազգային Ժողովի ամբիոնը դարձրել են նորից խմորի դաշտ: Մի դրբի հարցեր են մաղմ, շաղախմ, հունցմ ու գնդմ, հետո տաք գլխով թխած գնդերը շպրտում են իրար վրա, թե հարցերը վառած են, նորից պետք է գնդել ու գրտնակել:
Թեժաթուխները չեն իմանում, որ գյուղացին իր ալյուրի մեշոկը ցախերի վրա կգցի, երեք մատերը կծալի ու մատնաքաշ ցույց կտա խմորչուն: Փշո-փշո անելով՝ սրանք էլ ուզում են օրենքի երկիր դարձնեն Հայաստանը, բայց պլոճիկն են դեռ փոխում, ոչ թե սիրտը, իսկ անսրտի առաջ ինչքան ուզում ես դուխով եղիր, պոչքեքի աչքը լույս: Նան ջան, էս ժողովուրդը մեղք է, հերիքա ատամները քաշեն, չնայած ատամ չի մնացել, լինդն է երևում: Հատուկենտ իմաստության մի քանի ատամ են թողել, որ դա էլ հանկարծ քաշեցին, կդառնանք դրանց փիլիսոփայության պռոտեզի թեզը: Խեղճ գյուղացին էլ կհավատա՞ կախարդական փայտին, որ մի հատ էլ իր ձեռնափայտով չայը խառնի ու խմի: Էս ալևոր բիձեն ցնդում է Նան ջան, հետ նայի ու տես...
Հետ նայեցի, աշխարհը հետ ու առաջ էր անում, որ մի բան գտնի, իսկ մենք կարծես անիմաստ քայլում ենք, գուցե գտնելու էլ բան չունենք կամ թե վարժված ենք կորցնելուն ...

Նաիրա Հայրապետյան
Լրագրող, մշակութաբան
Նոյեմբեր 2019թ.

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: