«Հայ-ռուսական հարաբերությունների ֆոնը ավելի վատ է դարձել»

25 Օգոստոսի 2018

Հանրապետության հրապարակում ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հավաստիացնել, թե Ռուսաստանի մեր գործընկերների հետ հարաբերությունները լավ են` հիմնվելով նրա վրա, որ երկու անգամ հանդիպել եւ երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելին` ըստ Ն. Փաշինյանի, հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավ են, այլ գնալով ավելի ու ավելի լավանալու են: Սակայն, սա ընդամենը մեդալի մի կողմն է, ընդ որում` չհիմնավորված: Մինչդեռ օրեր անց Ն. Փաշինյանի կառավարությանը սատարող եւ իշխանափոխությունից հետո ազատության մեջ հայտնված ՊՊԾ գունդը գրավողների պարագլուխներ Վարուժան Ավետիսյանը եւ Ժիրայր Սէֆիլյանը «գաղտնազերծեցին», թե ինչ ասել է «հայ-ռուսական հարաբերությունները լավ են»: Վերջիններս երեկ ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարեցին, որ անհրաժեշտություն կա հայ-ռուսական սահմանից ռուս սահմանապահներին հանելու, ռուսական ռազմաբազան Հայաստանին հանձնելու եւ անգամ ռուսական հեռուստաալիքները ՀՀ-ի տարածքում արգելելու: Թե ինչ են մտածում այս ամենի մասին ռուսական փորձագիտական շրջանակները, «Իրավունքը» զրուցեց Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն, անկախ ռուս քաղաքագետՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԻ հետ:

«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿՆ ԱՌՆՎԱԶՆ ԴԱՐՁԵԼ Է ՄՏԱՀՈԳԻՉ»

– Պարոն Միխեեւ, ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը` հաշվի առնելով, որ արդեն 100 օր է, ինչ Հայաստանում նոր իշխանություն է ձեւավորվել:

– Հայ-ռուսական հարաբերությունները հիմա այսպիսին են` կարծես թե, ամեն ինչ նորմալ է, բայց ֆոնը միանշանակ չէ, ավելին` կարելի է ասել, որ ֆոնը ավելի վատ է դարձել: Այն խոսակցությունները, տրամադրությունները, չասված խոսքերը, որոնք կան, անհասկանալի են, եւ դրանք դարձել են միանշանակ ավելի շատ: Այսինքն` տարածաշրջանն ու Մոսկվան գուցե տպավորություն են ուզում թողնել, թե իբր ամեն ինչ կարգին է: Բայց բոլորն էլ հասկանում են, որ ֆոնն այս հարաբերություններում վատացել է: Եվ վերջին ոչ հասկանալի միջադեպը ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված, այստեղ հարցեր առաջացրին: Կոպիտ ասած` այսօր ավելի տհաճ խոսակցություններ, տեղեկություններ կան, եւ թեեւ ոչ նշանակալի փաստեր կան, որ հարաբերությունների վատթարացում չկա, այդուհանդերձ, կարելի է ասել, որ այն առնվազն դարձել է ավելի մտահոգիչ:

– Ձեր կարծիքով` այս ամենն ինչի՞ կարող է հանգեցնել:

– Դեռ մենք հույս ունենք, որ այս ամենը ոչ մի վատ բանի չի հանգեցնի: Հիմնականում այսօր մենք գործ ունենք ընթացիկ նշանակության հարցերի եւ փաստերի հետ, դեռ շատ քիչ ժամանակ է անցել: Սպասենք եւ կտեսնենք, թե ինչ կլինի հետագայում, որովհետեւ այսօր անել միանշանակ կանխատեսումներ` ինչի կհանգեցնի այս ամենը, դժվար է: Իսկ առհասարակ, այս ամենը տպավորություն է, որ կհանգեցնի աշխարհի վերջին եւ վերջ:

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆՈՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ»

– Իսկ որպես արտաքին դիտարկում` ինչպե՞ս եք վերաբերվում այն իշխանափոխությանը, որ տեղի ունեցավ Հայաստանում:

– Ամեն ինչ այդ առումով, կարծես թե, ասված է, միայն կարելի է նշել, որ լավ կլիներ, որպեսզի այդ ամենը տեղի ունենար լեգիտիմ միջոցներով, օրենքի շրջանակներում եւ սահմանադրական մեխանիզմներով: Իհարկե, ֆորմալ առումով այդ ամենը պահպանվել է, բայց բոլորը շատ լավ հասկանում են, որ իրավիճակը էքստրիմալ էր, եւ իշխանության փոփոխությունը հենց այդ ճնշման տակ տեղի ունեցավ: Այսօր հարցն այն է, որ արդյոք նոր իշխանությունը կարող է այնքան պատասխանատվություն վերցնել իր վրա, որպեսզի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությունը Հայաստանի լինի արդյունավետ: Իսկ դրա համար դեռեւս նախադրյալները քիչ են:

– Ըստ Ձեզ, Արցախյան հիմնահարցի վերաբերյալ ի՞նչ փոփոխություններ կարող են լինել:

– Խոսակցությունները, որոնք կան ե՛ւ Երեւանից, ե՛ւ Բաքվից, թե ինչ-որ մեկը հայաստանյան կառավարությունում պատրաստ է գնալ բանակցությունների, փոխհամաձայնությունների, դրանք, իհարկե, հետաքրքիր են: Բայց ես այդքան էլ չեմ հասկանում, թե դա ինչպես կարող է իրացվել իրականում: Լսում ենք, որ Արցախի հարցում կարող է լինել ինչ-որ համաձայնություն` կարգավիճակի դիմաց եւ տալ ինչ-որ տարածքներ: Այս ամենը հայտնի է, տեղեկություններ կան, բայց այս ամենն իրական չէ եւ կարող է բերել նոր լարվածության սահմանում: Եթե այդ լուրերը շարունակաբար տարածվեն, այն հաստատ խիստ բացասական կընկալվի նաեւ հայ հասարակության կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աղբյուրը՝ iravunk.com

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: