Սովետական քաղաքակրթությունը կեղծողներին

03 Հոկտեմբերի 2017

Իմ նպատակը չէ դիմել նրանց խղճին, ովքեր ջանք չեն խնայում վարկաբեկելու սովետական քաղաքակրթությունը, սոցիալիզմը, քանի որ դա նրանք երբեք չեն ունեցել։ Չեմ ուզում ընդարձակորեն պատասխանել, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում սովետական քաղաքակրթությունը, ինչպիսի՞ն է այսօր նրա նշանակությունը, սովետական քաղաքակրթությունը ընդմիշտ մնացե՞լ է անցյալում, թե՞ նրան է պատկանում ապագան: 

Գիտեմ, որ այս հարցերը շատերին է հուզում, ինչպես նրա կողմնակիցներին, այնպես էլ նրա հակառակորդներին: 
Մեր կյանքում տեղի է ունեցել ոչ միայն հասարակական-քաղաքական կացութաձևի փոփոխություն, այլ կատարվել է հասարակության նոր, մեծ պառակտում: Սկսած 1990-ական թվականներից մեր իրականության մեջ խառնվել է ամեն ինչ: Ստորն ու բարձրը փոխել են իրենց տեղերը: Երկրի ճակատագրի համար խոր, գաղափարական, հույժ կարևոր և սկզբունքային դատողությունների փոխարեն ասպարեզում թելադրողի դիրքի են ձգտում ստորությունն ու զազրախոսությունը: 
Հունից հանված ընթերցող հանրությունը դադարել է հասկանալ, որտեղ է կեղծիքը և որտեղ է ճշմարտությունը, այդ թվում՝ պատմական ճշմարտությունը, սկսվել է ամեն ինչի այլանդակ սևացումը, և դա ընկալվում է որպես նորմ, ընդհանուր կանոն, ընդօրինակման համար որպես նմուշ և որպես ձեռքբերում, նվաճում: 
Վերը հիշատակված հակառակորդները համառորեն երիտասարդ սերնդին սովետական ժամանակաշրջանը ներկայացնում են համատարած ողբերգություն, այնտեղից հանել են այն ամենը, ինչը մարդկանց ուրախացնում էր, ինչով մարդիկ իրավացիորեն հպարտանում էին: 

Այստեղ ուզում եմ հիշել ռուս նշանավոր փիլիսոփա, այլախոհ Ալեքսանդր Զինովևին, ով սովետական ժամանակաշրջանը անվանել է ռուս և մյուս ժողովուրդների պատմության գագաթը: 

Այսօրվա երիտասարդները պետք է իմանանան ճշմարտությունը սովետական քաղաքակրթության մասին, նրա ունիկալ նվաճումները ուշադրությամբ ուսումնասիրեն և ապագայում լիաչափորեն ստեղծագործաբար օգտագործեն: 

Մեր աչքի առջև աշխարհն արմատապես փոխվում է, խորտակվում են հին պատկերացումները, իրականացվում է ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականությունը, ԱՄՆ-ի ձեռքերով գլոբալիզացիան փորձում է ամբողջ երկրագնդին թելադրել իր կամքը: 

Այսպիսի պայմաններում աշխարհում նշանակալիորեն մեծանում է հետաքրքրությունը սովետական քաղաքակրթության նկատմամբ: Դա կապված է աշխարհն ընդգրկած ճգնաժամի հետ, որի փոսում հայտնվել է ավելի քան 200 երկիր: 

Համաշխարհային ճգնաժամից դուրս գալու միջոցների որոնումն անխուսափելիորեն ուշադրություն է դարձնում սովետական փորձի վրա: 
Նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Օբաման իր նախընտրական ծրագրում հարկադրված էր խոսել կյանքի առավել չափով մեծ սոցիալիզացիայի մասին, կապիտալը սանձելու գործում պետության դերի ուժեղացման մասին: 

Խոր պրոբլեմների առջև է հայտնվել թվացյալ բարեկեցիկ Եվրոպան: Երբ գրվում էին այս տողերը, 2012 թ. սեպտեմբերի 8-ին արմատական և քաղաքական-տնտեսական վերափոխումների նախապատրաստմանը մասնակցած, ֆինանսների ասպարեզում համաշխարհային առաջատար մասնագետներից մեկը` Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, Եվրոպայում կոմունիստական ռեժիմների անկումից հետո հիասթափված, գտնում է, որ այժմ Եվրոպան վերադառնում է կառավարման սոցիալիստական մեթոդին: 

Չեխիայի նախագահն ընդգծել է, որ «այժմ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում հեղափոխական փոփոխություններից և կոմունիզմի անկումից հետո ամբողջ Արևմտյան Եվրոպան վերադառնում է սոցիալիզմին և հասարակության պետական կառավարմանը»: 
Կապիտալիզմի գոյության պատմության 150 տարվա ընթացքում, մասնագետների հաշվարկով, տեղի է ունեցել 12 խոշոր ճգնաժամ` ընդգրկելով աշխարհի մեծագույն մասը: 

20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած երկու համակարգային ճգնաժամերն ավարտվեցին երկու համաշխարհային պատերազմով: Եվ Սովետական Միությունը աշխարհը դուրս բերեց այդ ճգնաժամից, մարդկությանը փրկեց կրախից: 

Սովետական քաղաքակրթությունն ուներ իր բաղկացուցիչ մասը` աներևակայելի հարուստ և ինքնատիպ մշակույթը: 
Իմ կարծիքով սովետական ժամանակաշրջանի գլխավոր առանձնահատկությունը մարդու ներքին զգացողությունն էր: Մարդն ուներ վստահություն վաղվա օրվա համար: Որովհետև նա գիտեր, որ պետությունը նրան կրթություն կտա, կապահովի աշխատանքով ու բնակարանով, կբուժի: 
Ահա այս վստահությունը վաղվա օրվա նկատմամբ, երբ մարդը զգում էր իր կյանքի լիակատար տերը` ամենից արժեքավորն է: 

Սովետական տարիներին, ինչպես բոլորը, ես նույնպես շրջել եմ Սովետական Միության շատ վայրերով, հանդիպել եմ տարբեր ազգերի մարդկանց: Եվ իմ մոտ նույնիսկ միտք չի առաջացել, որ կարող է ինձ հետ ինչ-որ վատ բան կատարվի և այլն: Մենք այն ժամանակ թերագնահատում էինք, թե ինչ ժամանակ էինք ապրում: Իսկապես ճիշտ էր ասվում այն ժամանակվա երգերից մեկում. «Ես ելնում եմ իմ տանից, բայց, կարծես մտնում եմ իմ տուն»: 
«Սովետական մարդ», իսկապես բարձր էր հնչում:

Հիշում եմ Հայաստան այցելած ցեյլոնցի մի պատմաբանի խոսքերը. «Սովետական Միությունը,- ասում էր նա,- իմ երկրին ցույց է տալիս օգնություն, որը շատ անգամ զիջում է ամերիկացիների և անգլիացիների ցույց տված օգնությունից: Բայց դրա փոխարեն ինչպիսի~ մարդիկ էին ՍՍՀՄ-ից մեզ մոտ գալիս, ինչպիսի~ հարաբերություններ: Ահա դա է, որ մենք չենք ստանում որևէ մեկ այլ երկրից»: 

1970-ական թվականների վերջերին Սովետական Միություն էր եկել հանրահայտ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: Վերադառնալով ԱՄՆ, նա գրել է. «Ես մի քիչ նյարդայնանում էի, երբ վայրէջք կատարեցի Մոսկվայում: Ես մտածում էի, որ կտեսնեմ ճմրթված մի երկիր` մռայլ մարդկանց ամբոխով` մտածող ռոբոտների և իմ սենյակը լսող հատուկ ծառայությունների գործակալների: 

Բայց ես տեսա հարյուր ազգությունների մի երկիր, որոնք ապրում էին ներդաշնակորեն: Ես տեսա միայն մեկ ոստիկանի: Ոչ մի զենք: Ոչ մի հանցագործություն, ոչ մի պոռնիկ, ոչ մի հոմոսեքսուալիստ»: 

Սովետական քաղաքակրթության նշաններից մեկն էլ այն էր, որ քաղաքացիները հուսալիորեն պաշտպանված էին վնասակար սննդամթերքից: Այժմ վախով ենք գնում միս, կաթ, միրգ ու բանջարեղեն, քանի որ չգիտենք, թե դրանք ինչ են պարունակում: Մենք հիմա չգիտենք, թե ինչ ենք ուտում: 
Իմ համոզմամբ այսօր, երբ կոնյուկտուրայից ելնելով, անձնական մղումներով ղեկավարվող քաղաքագետներն ու հասարակագետները, նրանց հետևող պատմաբաններն ու այլք այնպես են կեղծում և սևացնում Հայաստանի սովետական ժամանակաշրջանը, զանազան միջոցներով երիտասարդ ընթերցողին համոզելով, թե նրանում որևէ լավ բան չի եղել: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի նույնիսկ փորձ չանեն մտածելու, թե Սովետական Հայաստանում եղել է ինչ-որ լավ բան: 

Իրենց նպատակին վերջնականապես հասնելու համար, բոլորիս հայտնի միջոցներով առաջացած վերնախավն ու նրա հլու կամակատար քաղաքագետներն ու հասարակագետ-պատմաբանները սովետական ժամանակաշրջանը վարկաբեկելու հետ միասին հանրությանը ոչինչ չեն կարողանում մատուցել` բացի կեղծ ապրանքներով լցված խանութներով ապացուցելը, թե Հայաստանում կապիտալիստական վերափոխումներն այլընտրանք չունեն: 
Եվ այդ ամենն արվում է նրա համար, որպեսզի երիտասարդության մտքով չանցնի, թե սովետական ժամանակաշրջանում եղել են դրական պահեր: 
Վերջապես ժամանակն է վերջ տալ մեր պատմությունն ամերիկացիների աչքերով մատուցելուն: Այնտեղ այնքան սուտ կա, որից ազատվելը դարձել է հրամայական պահանջ: 

Մինչդեռ սովետական ժամանակաշրջանը հայ ժողովրդի պատմության մասն է, իր օրինական տեղն ունի հայ ժողովրդի պատմության մեջ: 
Ես պատկերացնում եմ, թե իմ մտքերն ինչպես են ընդունելու այն հաստիքային քաղաքագետներն ու հասարակագետ-պատմաբանները, որոնք մասնագիտացել են ոչ վաղ անցյալի Հայաստանի բացասական կերպարը ստեղծելու մեջ և սովետական ժամանակաշրջանը սևացնելուց բացի, ուրիշ ոչինչ արժեքավոր ու մնայուն գործ չեն ստեղծել: 

Կանխազգալով նրանց բարձրացրած աղմուկը, ուզում եմ ասվածն ամփոփելով, նրանց պատասխանել, հիշելով մեր ժամանակի նշանավոր մտածող ու փիլիսոփա Ալեքսանդր Զինովևի խոսքերը: Երբ նրան հարցնում են. «Դուք պաշտպանո՞ւմ եք կոմունիզմը», նա պատասխանում է. «Ոչ, ես պաշտպանում եմ ճշմարտությունը կոմունիզմի մասին»: 

Բավարարվեմ ասվածով և ընդգծեմ, որ բոլորովին չպետք է զարմանալ, որ Հայաստանի պայմաններում, մեր ընտանի կեղծարարները ոչ միայն անվանարկում են իրական ազգային գործիչներին (ընդգծումը՝ խմբ․), այլև իրենց տպագրված աշխատություններում ու հրապարակային ելույթներում (հատկապես գիտաժողովներում) ուղղակի նենգափոխում են Սովետական Հայաստանի պատմությունը, ծաղրի են ենթարկում տասնյակ սերունդների աշխատանքով ստեղծված արժեքները: 

Այո, զարմանալու փոխարեն պետք է զայրանալ: Եվ եթե Ադրբեջանում են թույլ տրվում այդպիսի կեղծիքներ, ապա ինչ անուն տալ այն փաստին, որ, օրինակ՝ Շահումյանին անվանարկելու մեջ մեր ընտանի կեղծարարները ձայնակցում են ադրբեջանական կեղծարարներին: 
Ստ. Շահումյանին ապագայում էլ անվանարկելու փորձեր կլինեն: Բոլոր ներկա և ապագա փորձերի հեղինակներին կարծես նկատի ուներ Ստ. Շահումյանը, ասելով հետևյալը, «Թուղթը, ճիշտ է, չի բողոքում ոչ մի բանի դեմ, ամեն ինչ տանում է, բայց պարոններ, հարկավոր է մի քիչ ամաչել»: 
Այո, Ստ. Շահումյանը պաշտպանության կարիք չունի: Բայց մենք մեր պարտքն ենք համարում բռնել իսմայիլովների, խոմիզուրիների և նրանց ձայնակցող ընտանի կեղծարարների ձեռքը և թույլ չտալ կեղծել իրողությունը, թյուրիմացության մեջ գցել անտեղյակ ընթերցողին: Նրանց թխած «առասպելների» հետևից երևում են անգլիական գաղութարարների ու նրանց կամակատարներ վրաց մենշևիկների և ադրբեջանական մուսավաթականների պարագլուխների երկար ականջները: 

Եթե սովետական տարիներին ադրբեջանցի հեղինակները հայ ժողովրդի պատմության առանձին հարցերի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները տալիս էին բավականաչափ զգուշությամբ, այն ներկայացնում էին ինտերնացիոնալիզմի փաթեթով, ապա այժմ չկա այդ զսպաշապիկը և նրանք բոլոր միջոցներով հարձակվում են Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության դեմ, կեղծելով ամբողջ ճշմարտությունը: 

Ադրբեջանցի կեղծարարներն իրենց հարվածի թիրախը հատկապես ուղղել են Սովետական Հայաստանի ամբողջ պատմության դեմ` այն աջ ու ձախ կեղծելով: Եվ դա զարմանալի չէ: Ադրբեջանում պետական մակարդակով տարվում է հզոր քարոզչական արշավանք հայ ժողովրդի պատմությունը կեղծելու համար: 
Զարմանալին այն է, որ Հայաստանում, մեր ընտանի հեղինակներից ոմանք, կարծես մրցության մեջ են մտել ադրբեջանցի կեղծարարների հետ և ամեն միջոցով կեղծում են Սովետական Հայաստանի պատմությունը, սևացնում այն ու բացի ԳՈՒԼԱԳ-ից որևէ լավ բան չեն տեսնում: 

Հարկ չեմ համարում այստեղ հիշատակել ընտանի այդ հեղինակներին, բայց խնդրեմ, թող ընթերցողը ծանոթանա վերջին երկու տասնամյակի ընթացքում հրապարակված աշխատություններին, ապա դրանց մեծ մասի բովանդակությունից նրա համար պարզ կլինի կեղծիքի անչափելի սահմանները: 
Այդ ընտանի ժխտողների մեջ նույնիսկ կան առանձին հեղինակներ, որոնք կեղծիքը հասցրել են զավեշտի, պնդելով, թե Սովետական Հայաստանը պետություն չի եղել: Այս կեղծարարները գոնե չեն ամաչում այդ տարիներին իրենց ստացած դիպլոմների վրա եղած Սովետական Հայաստանի պետական կնիքի մակագրությունից: 

Այդ կեղծարարները, որոնք հետ չեն մնում ադրբեջանցիներից, բարոյական առումով այնքան փոքրհոգի ու սաղր են, որ իրենց հետ չհամաձայնվողների հետ գաղափարախոսական տարաձայնությունները իջեցնում են անձնական հարաբերությունների մակարդակին: Եվ դժվար չէ պատկերացնել դրա հետևանքները, մանավանդ, երբ այդպիսի անձանց վստահվում է ինչ-որ պաշտոն: 

Վլադիմիր Պետրոսյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: