Արխիվ Հունվարի 2020 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Ուրբաթ, 17 Հունվարի 2020 17:41

Նոր Հրատարակություն Անգլերենով

Մենք կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպական արհմիության ինստիտուտի (ETUI) մեր գործընկերների նոր գրքիւթքի

Այս գրքում ներկայացված է ETUI- ի ինտերնետային եւ պլատֆորմի աշխատանքային հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են Բուլղարիայում, Հունգարիայում, Լատվիայում, Լեհաստանում եւ Սլովակիայում, 2018-2019 թվականներին: Նպատակն է եղել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում (ԵՏՀ) թվային (digitala) աշխատանքի ծավալների քարտեզագրումը ` ելնելով եկամտի ստեղծման առցանց աղբյուրների երկու տեսակի վերլուծության եւ դրա ենթաբազմության ու պլատֆորմային աշխատանքի հիման վրա: Հետազոտողները չեն գտել որեւէ ապացույց, որ ցույց տա թե իբրեւ ինտերնետային եւ պլատֆորմային աշխատանքը ստեղծում է նոր բանվորական շուկա, որը կարող է ոտնձգությունների ենթարկել ավանդական ու սեռային բաժինների վրա: Այն նաեւ «ուսանողական աշխատատեղերի» շուկա չէ: Ավելին, ինտերնետի եւ պլատֆորմի աշխատողների աշխատաշուկայի իրավիճակը մի փոքր ավելի անորոշ էր, քան թե ընդհանրապես վարձակալված աշխատողների,

Բաժին՝ Գիտություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

 
 

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռականորեն տրամադրված է ակտիվ համագործակցության Ռուսաստանի Դաշնության նոր կառավարության հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերության հետագա ամրապնդման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման ուղղությամբ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հարստացնել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության օրակարգը և նոր ազդակ հաղորդել մեր բազմակողմ համագործակցությանը՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:     

Բաժին՝ Աշխարհում

Ո՞րն է Բաբո մեր հայրենիք…

Էն, որ ուներ պայծառ երկինք…

Էն, որ ուներ արտ ու այգի,

Կարմիր դրոշ նախնյաց փառքի…

Ո՞րն է Բաբո մեր հայրենիք…

Էն, որ ուներ ծաղկուն գալիք,

Էն, որ գիտեր փշրել չարիք,

Թե փորձեցին սահման հատել:

Ո՞րն է Բաբո մեր հայրենիք,

Էն, որ գիտեր կերտել բարիք,

Իր օջախը ինքն է ծխում

Իր սուրբ հացը ինքն էր թխում,

Զարմացել էր թուրքը անգամ…

Խորհրդային հարգ ու կարգով

Համայնական իր հրաշքով:

Ո՞րն է Բաբո մեր հայրենիք…

Էն, որ ուներ մատյան ու գիրք,

Ընչաքաղցի բիրտ մտրակով,

Ախտահարված սիրտ ու հոգով՝

Իր որդիքն են իրեն լլկում

Իր որդիքն են կյանքն իր բեկում,

Թշնամու պես հողում իրեն

Չունի պաշտպան ու ապավեն,

Ե՛վ նախագահ, և՛  վարչապետ,

Ե՛վ նախարար , և՛ դատավոր.

Փոքր ու մեծ դանակավոր,

Գեներալներ, որ դեռ երեկ՝

Կրում էին պատիվ ու զենք,

Դարձան գողեր, դարձան չարչի,

Ընչաքաղցներ ու թալանչի,

Ծվատում են երկինք հայոց,

Ժողովրդին նետում փողոց:

Բաժին՝ Մշակույթ

Ովքեր դույզն-ինչ չափով ծանոթ են Հայ Յեղափոխական դաշնակցության Հայաստանի անկախության առաջին տարիների գործունեությանը կհիշեն հայաստանյան մամուլում հրապարակված հազարավոր փաստական նյութերին, որոնք վերաբերում էին Դաշնակցության կողմից ստեղծված Դրո ռազմականացված ահաբեկչական կառույցին։ Չնայած պատանեկան տարիքիս, այս և այլ ահաբեկչական ակտերի մասին նյութերը մշտապես եղել են իմ ուշադրության առարկան:
Մինչև իմ դեմ դատական հայց ներկայացնելը ՀՅ Դաշնակցության հարգելի գործընկերները պետք է առնվազն հիշեին, որ 2006-2009թթ․ իմ անազատության մեջ գտնվելու տարիներին Նուբարաշեն ՔԿՀ-ում մտերմացել և ընկերացել եմ դաշնակցության՝ ահաբեկչական գործերով ցմահ ազատազրկման դատապարտված մի շարք անձանց հետ:
Թե ինչեր են պատմել նորանկախ Հայաստանի առաջին տարիների ՀՅ Դաշնակցության գործունեության, ահաբեկչական ակտերի, կատարած սպանությունների մասին ինձ դատի տված շատ հարգելի դաշնակցականների՝ 90-ականներից ազատազրկման մեջ գտնվող կուսակից ընկերները, չեմ պատրաստվում առայժմ հանրայնացնել, բայց թողնում եմ, իհարկե, բոլոր դաշնակցականների խղճին:
Այն ժամանակ, երբ Հայաստանը անհավասար պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ, դուք երկրի ներսում զբաղված էիք ձեր քաղաքական հակառակորդներին սպանելով և ոչնչացնելով։ Դուք երկար ժամանակ չէիք զանազանում իրական քաղաքականությունը ահաբեկչությունից։
Սա իմիջիայլոց․․․
բայց իհարկե կհանդիպենք դատարանում․․․
Հ․Գ․ Դաշնակցության ահաբեկչական անցյալը ոչ մի դեպքում չի նշանակում, որ այս կուսակցության ներսում չեն եղել և չկան պատվելի հայրենասերներ և ազգի նվիրյալներ։ Նրանք կան և վստահ եմ, որ հենց նրանց շնորհիվ է այս կուսակցությունը վերագտնելու իր դերն ու նշանակությունը հայրենիքում, և սփյուռքում:

Բաժին՝ Հայաստանում

 Այդ կոնֆերանսում ելույթ է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վ. Սաֆարյանը <<ԽՍՀՄ-ի ազատագրական շարժումը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ և նրա որոշիչ դերը հաղթանակի ձեռք բերման գործում>> թեմայով:

Ստորև ներկայացվում է Վ. Սաֆարյանի ելույթն ամբորջությամբ:

Հարգելի վետերաններ

Թույլ տվեք Հայրենական ապրանքարտադրողների միության անունից ջերմորեն ողջունել ձեզ և շնորհակալություն հայտնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանսի կազմակերպիչներին` այս միջոցառման կազմակերպման համար:
2020թ. մայիսին լրանալու է Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների` գերմանական ֆաշիզմի և նրա դաշնակիցների դեմ տարած հաթանակի 75-ամյակը:
Երկրորդ Համաշխարհային աշխարհամարտը տևել է 6 տարի, որում ընդգրկված են եղել 61 երկրներ, նրանց զինված ուժերի թվաքանակն անցնում էր 120 մլն մարդուց, իսկ ռազմական գործողություններն ընթացել են 40 երկրներում:
Այդ աշխարհամարտում իրենց մասնակցությունն է ունեցել հայ ժողովուրդը, որի 600 հազար զավակները կռվում էին Երկրորդ աշխարհամարտի տարբեր ռազմաճակատներում:
Խորհրդային Միությունում բնակվող հայ ազգաբնակչությունից ռազմաճակատ զորակոչվեցին 500 հազար հայեր, որոնցից 340 հազարը` Հայաստանից, այն դեպքում, երբ հանրապետության ազգաբնակչությունը կազմում էր ընդամենը 1.3 մլն մարդ:
Մեր ազգային հպարտության գագաթը Մեծ Հայրենականի ռազմաճակատներում մեր ժողովրդի ծոցից դուրս եկած 107 Սովետական Միության հերոսներն են, Փառքի երեք աստիճանի շքանշանի 27 ասպետները, 70 հազար տարբեր մեդալների արժանացած զինվորներն ու սպաները, 64 գեներալները և, իհարկե, 5 մարշալները` Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խամփերյանցը, Սերգեյ Ագանովը և ծովակալ Հովհաննես Իսակովը: Ցավոք, 270 հազար հայորդիներ զոհվեցին հանուն հայրենիքի…
Այդ պատերազմի ելքը մեր ժողովրդի համար կարող էր լինել ճակատագրական: Թուրքիան, հավատարիմ մնալով իր ցեղասպանական ավանդույթներին, Ստալինգրադի ճակատամարտում Կարմիր բանակի պարտության դեպքում, իր 26 դիվիզիաներով` մոտ մեկ միլիոն զորաբանակով, պատրաստ էր ներխուժելու Հայաստան: Հայ ժողովրդի 30 հազար զինվորները կռվում էին նաև Ստալինգրադի ռազմաճակատում, և նրանք գիտակցում էին, որ Ստալինգրադի անկման դեպքում վտանգված կլինի հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը:
Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918թթ) հետո Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը չդարձավ համաշխարհային խաղաղության երկարաժամկետ երաշխավորը, ինչպես նախատեսել էին դրա հեղինակները:
Ուժեղի դիրքերից վերաբաժանված աշխարհում 20 տարի անց պարտված կողմը` Գերմանիան, բացահայտ ցուցադրում էր իր նկրտումները` աշխարհը նորից վերաբաժանելու համար: Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած երկրները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ցանկանում էին պահպանել ստատուս քվոն, իսկ Գերմանիան էլ ցանկանում էր նախ իր տիրապետությունը հաստատել Եվրոպայի իր հիմնական հակառակորդների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի նկատմամբ և ապա հարձակվել ԽՍՀՄ-ի վրա: Ճապոնիան հավակնություններ ուներ Հարավ-արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների վրա, որն էլ հանդիպում էր ԱՄՆ-ի դիմակայությանը:
Բացի այդ աշխարհի քարտեզի վրա իր հաստատուն և հիմնարար տեղն արդեն ուներ ԽՍՀՄ-ը, որը նոր տնտեսակարգ էր զարգացնում և գնալով սրվում էր երկու համակարգերի` կապիտալիզմի և սոցիալիզմի միջև գաղափարական և տնտեսաքաղաքական պայքարը:
Ճապոնիան 1931 թվականին ներխուժեց Մանջուրիա, իսկ 1937թ. սկսվեց ճապոնա-չինական պատերազմը: 1935թ. հոկտեմբերի 3-ին առանց պատերազմ հայտարարելու ֆաշիստական Իտալիան ներխուժեց Եթովպիա և 8 ամսվա ընթացքում օկուպացրեց այն:
1936 թ. հոկտեմբերի վերջին Իտալիան և Գերմանիան իրենց զորքերն ուղարկեցին Իսպանիա` պաշտպանելու Ֆրանկոյի ֆաշիստական ռեժիմը:
1936թ. հոկտեմբերի 25-ին Գերմանիան և Իտալիան ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որը դարձավ << Բեռլին-Հռոմ>> ռազմաքաղաքական առանցքի հիմքը, իսկ 1 ամիս անց նրանք ստորագրեցին հակակոմունիստական պակտ` ուղղված ԽՍՀՄ-ի դեմ:
Ճապոնիան ուներ հավակնություններ ԽՍՀՄ-ի արևելյան տարածաշրջանների` Պրիմորիայի, Խաբարովսկի, Սախալինի, հարավային Կամչատկայի նկատմամբ և ծրագրել էր 6 ամսում հասնել Բայկալ լճին: Սակայն Ճապոնիայի առաջին իսկ պարտությունները` 1938թ. Խասան լճի մոտ, 1939-ին` Խալխին Գոլի մոտ, սթափեցրեցին ճապոնական միլիտարիստներին:
1938 թ. սեպտեմբերին Մյունխենյան համաձայնագրով, որը կնքվեց Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի միջև, Չեխիայի Սուդեթական մարզը և Ավստրիային հարակից Չեխական շրջանները հանձնվեցին Գերմանիային: Գերմանիայի արտգործնախարար Յոահիմ Ռիբենտրոպը այս գործարքից հետո հայտարարել էր. <<Այսօր այս ծերուկը` Նևիլլ Չեմբեռլենը-Անգլիայի պրեմիեր մինիստրը, ստորագրեց Բրիտանական կայսրության մահավճիռը, իսկ այն իրականություն դարձնելու օրը մենք կորոշենք>>:
1939թ. ապրիլի 17-ին ԽՍՀՄ-ը նորից առաջարկեց Անգլիային, Ֆրանսիային կնքելու եռակողմ համաձայնագիր` ընդդեմ Գերմանիայի հնարավոր ագրեսիայի: 1939թ. օգոստոսի 11-ին Հիտլերը հայտարարեց, որ, ինչ որ իրենք անում են, ուղղված է ԽՍՀՄ-ի դեմ:
1939թ. օգոստոսին սովետական ղեկավարությունը տեղեկատվություն ստացավ, որ Գերմանիան որոշել է ռազմական ճանապարհով լուծել Լեհաստանի հարցը: Դա դարձավ վերջին ազդանշանը, որ 1939թ. օգոստոսի 23-ին կնքվի Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը` ազդեցությունների բաժանման մասին իր գաղտնի արձանագրություններով հանդերձ: Անգլիան և Ֆրանսիան ենթադրում էին, որ Գերմանիան առաջինը կսկսի պատերազմել ԽՍՀՄ-ի դեմ: Անգլիայի մամուլը քննարկում էր, որ Հիտլերի հաջորդ հարձակումը կլինի Ուկրաինայի դեմ: Լեհաստանի արտգործնախարար Յու. Բեկը 1939թ. հունվարին Ռիբենտրոպի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ են օգնել Գերմանիային և միանալ հակակոմինտեռնական պակտին, եթե իրենց թույլ տրվի Ուկրաինան գրավել և ելք ունենալ դեպի Սև ծով: Սակայն այդ հողերին և հենց Լեհաստանին տիրանալու ցանկություն ուներ հենց Գերմանիան և այսպիսով Լեհաստանի ճակատագիրը վճռված էր…
1939թ. սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա: Սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը տևեց 6 երկար ու ձիգ տարիներ: 1939թ. սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային, քանի որ Լեհաստանի հետ ունեին փոխադարձ օգնության պարտավորություններ: Անգլո-Ֆրանսիական կոալիցիային միացան բրիտանական դոմինիոնները և գաղութները` Ավստրալիական Միությունը, Նոր Զելանդիան, Հնդկաստանը, Հարավ-Աֆրիկյան Միությունը, Կանադան և ուրիշներ: Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի հետ միասնաբար հանդես եկան Իտալիան, Ճապոնիան, հետագայում նրանց միացան Հունգարիան, Ռումինիան, Սլովակիան, Բուլղարիան, Խորվաթիան:
1940թ. մայիսի 10-ին հիտլերյան Գերմանիան իր դաշնակիցների 350 հազարանոց բանակներով դուրս եկան դեպի Լամանշ, կտրեցին Բելգիայի և Ֆրանսիայի միջև կապը: 1940թ. հունիսի 22-ին Ֆրանսիան կապիտուլացվեց և դուրս եկավ պատերազմից:
1941թ. գարնանը <<եռյակ առանցքի>> ռազմական ուժերը օկուպացրեցին Բալկանները: Շարունակում էին իրենց ագրեսիաները ճապոնացիները` Չինաստանում, իսկ իտալացիները` Աֆրիկայում: Հաշված ամիսների ընթացքում Արևմտյան և Կենտրոնական Եվրոպան նվաճվել էր Գերմանիայի ու իր դաշնակիցների կողմից: Եվրոպայի ռեսուրսները 1939թ. սեպտեմբերից մինչև 1941թ. հունիսը աշխատում էր Գերմանիայի և իր դաշնակիցների օգտին: ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը 1939թ. սեպտեմբերի 1-ին ընդունեց օրենք <<Համընդհանուր զինապարտության մասին>>: ԽՍՀՄ զինված ուժերը հունիսի 21-ի դրությամբ ավելացան` 2.8 մլն-ից հասնելով 5.7 մլն մարդու:
1941թ. ապրիլի 13-ին ԽՍՀՄ-ը պայմանագիր ստորագրեց Ճապոնիայի հետ չհարձակվելու մասին, որով կանխվեց երկու ճակատով կռվելու հանգամանքը:
ԽՍՀՄ-ը շարունակում էր ամրապնդել իր պաշտպանական դիրքերը: Նա իր զորքերը մտցրեց Արևմտյան Ուկրաինա, Բելառուսիա, Բեսարաբիա և Հյուսիսային Բուկովինա, իսկ Լենինգրադի անվտանգությունը մեծացնելու նպատակով, Սովետա-ֆիննական պատերազմի արդյունքում ընդլայնեց իր տարածքները Հյուսիսային ուղղությամբ դեպի Ֆիննական Վիբորգ քաղաքը և որոշ տարածքներ Կարելյան թերակղզուց` համաձայն 1940թ. մարտի 12-ին սովետա-ֆիննական պատերազմի ավարտման համաձայնագրի: Մերձբալթյան հանրապետությունների կառավարությունների խնդրանքով ԽՍՀՄ զորքերը մտան այդ երկրները:
1941թ. հունիսի 22-ին Գերմանիան իր դաշնակիցների հետ ուխտադրժորեն հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա:
Սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը:
Գերմանական զորքերը պատերազմի սկզբում ունեցան հաջողություններ, շրջափակեցին Լենինգրադը, որի պաշարումը տևեց 900 օր: Դեկտեմբերին հասան Մոսկվայի մատույցներին, սակայն լուրջ դիմադրության հանդիպելով պարտություն կրեցին և նահանջեցին: Հօդս ցնդեց պատերազմն արագ ավարտելու հիտլերյան ծրագիրը (Блиц-крик-ը):
1943 թ. փետրվարի 3-ին գերմանական 300 հազարանոց բանակը Ստալինգրադի մատույցներում ընկավ շրջափակման մեջ և ֆելդմարշալ Պաուլյուսն իր 24 գեներալների հետ գերի հանձնվեցին:
1942թ. նոյեմբերին Հյուսիսային Աֆրիկայում Բրիտանական 8-րդ բանակը պարտության մատնեց գերմանա-իտալական ուժերին Էլ Ալամեյնում, որի հրամանատարն էր գեներալ Ֆելդմարշալ Էրվին Ռոմելը: 1941թ. դեկտեմբերի 7-ին ճապոնական օդուժը ռմբակոծեց ԱՄՆ-ի Պեռլ Խարբորի ռազմածովային բազան, որից հետո ԱՄՆ-ը մտավ պատերազմի մեջ:
Ստալինգրադյան հաղթանակից հետո Հայրենական Մեծ պատերազմում բեկում մտցվեց: Դրան հաջորդեցին Կուրսկի ճակատամարտը, Դնեպրի անցումը և այլ հաղթանակներ: 1944 թ. Խորհրդային զինված ուժերը ամբողջովին ազատագրեցին ԽՍՀՄ տարածքները գերմանական զավթիչներից:
1944 թ. հունիսի 6-ին ԽՍՀՄ-ի դաշնակիցների կողմից բացվեց Երկրորդ ճակատը, իջեցվեց դեսանտ Նորմանդիայում: Ռումինիան, Բուլղարիան, Ֆինլանդիան և Հունգարիան դուրս եկան Գերմանիայի հետ դաշնակցային կոալիցիայից: 1944 թ. դեկտեմբերի 16-ին անգլո-ամերիկյան ուժերը խոշոր պարտություն կրեցին Արդեններում (դաշնակիցներն ունեին 73 դիվիզիա, որից 11-ը տանկային, 76890 զինվոր, որից 8607-ը սպանվեցին, 42127-ը վիրավորվեցին): Ուժերի հարաբերակցությունն այսպիսին էր` 840 հազարը դաշնակիցների զորքերն էին, 240 հազարը գերմանականն էր: Դաշնակիցների բանակը գլխավորում էին Դուայտ Էյզենհաուերը և Բեռնարդ Մոնտգոմերին, գերմանական զորքերը գլխավորում էր Գերդ ֆոն Ռունդշտեդտը և Վալտեր Մոդելը:
Ուինստոն Չերչիլը 1945թ. հունվարի 6-ին խնդրանքով դիմեց Ստալինին` ժամանակից շուտ հարձակում սկսել Վիսլայի ուղղությամբ, որին Սովետական ղեկավարությունը` հավատարիմ մնալով իր դաշնակցային պարտըավորություններին, ընդառաջ գնաց և ժամանակից շուտ հարձակում սկսեց Վիսլայի ուղղությամբ: Դրանով իսկ գերմանական զորախմբեր Արդեններից տեղափոխվեցին Արևելյան ճակատ, որն էլ կանխեց դաշնակիցների հնարավոր պարտությունը:
1945թ. հունվարին սովետական զորքերը Լեհաստանի և Արևելյան Պրուսիայի տարածքներում թշնամու խոշոր զորամիավորումներին հուժկու հարվածներ հասցրեցին: 1945թ. ապրիլի 25-ից մինչև մայիսի 2-ը սովետական զորքերի ռազմական գործողությունների արդյունքում գրավվեց Բեռլինը: Մայիսի 9-ին ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան:
Ավարտվեց նացիստական Գերմանիայի վերջնական ջախջախումը` սկիզբ դնելով Կենտրոնական և Հարավ Արևելյան Եվրոպայի երկրների ազատագրմանը: Ու. Չերչիլը Ի. Ստալինի 80- ամյակի կապակցությամբ Անգլիայի Համայնքների պալատում 1959թ. ասել էր, որ Ստալինը կարողացավ ոչնչացնել իր թշնամուն, օգտագործելով նաև մեր` իմպերիալիստական երկրներիս ուժերը:
Երկրորդ Համաշխարհային պատերազմն ավարտվեց Ճապոնիայի ջախջախմամբ: 1945 թ. օգոստոսի 9-ին ԽՍՀՄ-ը մտավ պատերազմի մեջ Ճապոնիայի դեմ և ջախջախեց Մանջուրիայում կենտրոնացած ճապոնական կվանտունյան բանակը:
1945թ. սեպտեմբերի 2-ին Ճապոնիայի կառավարությունը ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը և դրանով վերջ դրվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմին:
Գլխավոր ծանրությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմում ընկած էր ԽՍՀՄ-ի վրա: Պատերազմի ընթացքում սովետա-գերմանական ճակատում միաժամանակ գտնվել են 8-ից մինչև 12.8 մլն զինվորականներ, 84-ից մինչև 163 հազար թնդանոթներ և ականանետեր, 5.7-ից մինչև 20 հազար տանկեր և հրանոթային տեխնիկա, 6.5-ից մինչև 18.8 հազար ինքնաթիռներ:
Սովետա-գերմանական ճակատում Գերմանիան և իր արբանյակ դաշնակիցները հարկադրված էին պահել իրենց ցամաքային զինուժի հիմնական մասը. 1941թ. ամռանը` 95%-ը, իսկ 1944թ. կեսերին` 74%-ը:
Սովետա-գերմանական ռազմաճակատը 1941թ. ձգված էր 4000 կմ, իսկ 1942-ին`6000 կմ, որը 4 անգամ գերազանցում էր հյուսիս-աֆրիկյան և արևմտյան ճակատներին:
1418 օր տևած ԽՍՀՄ-ի դեմ պատերազմում ակտիվ ռազմական գործողություններ են իրականացվել 1320 օր, իտալական ճակատներում` 663 օրից 492 օր, արևմտյան ճակատներում`338 օրից 293 օր, հյուսիս-աֆրիկյան ճակատում` 973 օրից 309 օր:
Սովետա-գերմանական ճակատում իրականացվել է 37 խոշորամասշտաբ հարձակողական օպերացիաներ, արևմտյան ճակատում`6, իտալական և հյուսիս-աֆրիկյան ճակատներում`3:
Կարմիր բանակը 1941-1945թթ ջախջախել և գերեվարել է 607 թշնամական դիվիզիա, անգլո-ամերիկյան զորքերը` 176 դիվիզիա:
ԽՍՀՄ զինված ուժերը ֆաշիզմի ճիրաններից ազատագրեցին Եվրոպայի շատ ժողովուրդների: 7 մլն սովետական զինվորներ գրեթե 15 ամիս համառ մարտեր են մղել Եվրոպայի և Ասիայի 12 երկրներում, որոնց բնակչությունն անցնում է 145 մլն-ից:
ԽՍՀՄ տարածքում ձևավորվել են ազգային զինվորական միավորումներ, որոնց թվաքանակն անցնում էր 550 հազարից, նրանց տրվել են 960 հազար հրացաններ և ավտոմատներ, 40.5 հազար գնդացիրներ, 16.5 հազար ականանետներ և հրանոթներ, 2300 ինքնաթիռներ, 1100 տանկեր և ինքնագնաց հրանոթներ:
1945թ. հունիսին <<Նյու-Յորք Հերալդ Տրիբուն>> թերթը գրել է. <<Կարմիր բանակը փաստորեն դարձավ Եվրոպայի ազատագրման բանակը… առանց այդ բանակի և նրա անսահման կորուստների նացիզմի դաժան լծից ազատագրվելը կլիներ պարզապես անհնար>>:
1944թ. սեպտեմբերի 27-ին Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Ու. Չերչիլը Ի. Վ. Ստալինին գրած նամակում հայտնել է. <<Ես կօգտվեմ առիթից, որպեսզի Համայնքների պալատում կրկնեմ այն, ինչ ասել եմ ավելի վաղ, որ հենց ռուսական բանակը դուրս թափեց գերմանական ռազմական մեքենայի աղիքները>>:
ԱՄՆ-ի նախագահ Ֆ. Ռուզվելտը 1942թ. մայիսին գրել է. <<Դժվար է չնկատել այն իրական փաստը, որ ռուսական բանակները ոչնչացնում են հակառակորդի ավելի շատ զինվորներ և ռազմատեխնիկա, քան մնացած 25 պետությունները միասին վերցրած>>:
Անգլիական գրող Պիրս Պոլ Ռիդը գրել է. <<Հիտլերի պարտությունը, պատերազմի ելքը և ֆաշիստական բանակների պարտությունը կանխորոշվել է ոչ թե Հյուսիսային Աֆրիկայի անապատներում, կամ էլ Նորմանդիայում, այլ Ստալինգրադում, Լենինգրադում և Կուրսկում: Հիտլերի համար Անգլիան և Հյուսիսային Աֆրիկան ունեցել են ծայրամասային նշանակություն: Ռուսաստանում է նա պարտվել>>:
Այսպիսով Մեծ Հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում ձեռք է բերվել հակահիտլերյան կոալիցիայի մեջ մտնող բոլոր պետությունների ժողովուրդների ջանքերով, սակայն վճռական դերը ֆաշիզմի ջախջախման գործում ունեցել է Սովետական Միությունը և նրա զինված ուժերը:
Երկրորդ Համաշխարհային պատերազմը կտրուկ փոխեց Եվրոպայի և Ասիայի ժողովուրդների ճակատագիրը, աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան: Ձևավորվեց սոցիալիզմի համաշխարհային համակարգը:
- Մեծացավ ԽՍՀՄ-ի միջազգային հեղինակությունը և ազդեցությունը ամբողջ աշխարհում:
- Փլուզվեցին գաղութատիրական ռեժիմները (Բրիտանական, Ֆրանսիական, Պորտուգալական, Իսպանական) և ակտիվացան ազգային ազատագրական շարժումները (Հնդկաստանում, Ֆիլիպիններում, Մալազիայում, Բիրմայում, Ինդոնեզիայում և այլն):
Պատերազմի ավարտին Սիրիան, Լիբանանը, Վիետնամը և Ինդոնեզիան հռչակեցին իրենց անկախությունը:
- Լեհաստանին վերադարձվեցին Օդեր և Արևմտյան Նեյսե գետերի միջակայքում գտնվող տարածքները, որոնք գտնվում էին Պրուսիայի ենթակայության տակ:
Էլզասը և Լոթարինգիան միացվեցին Ֆրանսիային:
- Վերականգնվեցին Բուլղարիայի և Ռումինիայի սահմանները ու բերվեցին 1941թ. հունվարի 1-ի դրության:
- Քյոնիգսբերգը միացվեց ԽՍՀՄ-ին:
- Վերականգնվեցին Չեխոսլովակիայի սահմանները ըստ 1938թ. դրության` ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի համաձայնությամբ:
- 1955թ. մայիսի 15-ին ԽՍՀՄ-ի նախաձեռնությամբ վերականգնվեց Ավստրիան, որպես անկախ պետություն:
- Հարավային Սախալինը, նրան հարակից կղզիները և Կուրիլյան կղզիները վերադարձվեցին ԽՍՀՄ-ին:
Հակահիտլերյան Կոալիցիայի երկրների Յալթա-Պոտսդամի քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնագրերի ընդունմամբ համաշխարհային հանրությունը 7 տասնամյակ զերծ է մնացել խոշորամասշտաբ կոնֆլիկտներից, թեև Չերչիլի 1946թ. մարտի 5-ին Ֆուլտոնյան քոլեջում արտասանած ճառով սկիզբ դրված <<սառը պատերազմը>>, որը ոչ պակաս քայքայիչ գործունեություն ծավալեց աշխարհում: Այդ պայքարում օգտագործելով ագիտացիայի և պրոպագանդայի բոլոր հնարավոր միջոցները կարողացան փլուզել ԽՍՀՄ-ը և սոցիալիստական համակարգը:
1956թ.հոկտեմբերի 19-ին Մոսկվայում ԽՍՀՄ-ը և Ճապոնիան ստորագրեցին համատեղ դեկլարացիա` պատերազմի դադարեցման վիճակի վերաբերյալ, դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների վերահաստատման մասին, սակայն մինչև այժմ այդպես էլ չի կնքվել խաղաղության պայմանագիր:
Ցավոք, պետք է նշել, որ պատերազմի ժամանակ տարբեր հասարակական-քաղաքական կառուցվածք ունեցող երկրները միացան ընդդեմ ֆաշիստական ուժերի, իսկ պատերազմի ավարտից հետո իրարից հեռացան` դառնալով սառը պատերազմի կողմեր:
Ավելի քան 1 մլն սովետական զինվորներ են զոհվել Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Բալկանների, Չինաստանի և Կորեայի ազատագրման համար մղվող մարտերում, այդ թվում Լեհաստանում` 600 հազար մարդ, Չեխոսլովակիայում և Հունգարիայում` 140.հազարական մարդ, 100 հազար զինվորներ են զոհվել Գերմանիայի ազատագրման համար: 13.7 մլն սովետական քաղաքացիներ զոհվեցին ռմբակոծությունների և հրետանային ռմբահարումների, մասսայական հարկադրական տեղահանումների, համակենտրոնացման ճամբարներում, իսկ ԽՍՀՄ-ից մարդկային կորուստների ընդհանուր թիվն անցնում էր 27 մլն մարդուց:
Նացիստները ոչնչացրել են Լեհաստանում` 4.1 մլն մարդ, Հարավսլավիայում` 1.7 մլն մարդ, Հունաստանում` 450 հազար մարդ, Հոլանդիայում` 210 հազար մարդ, Բելգիայում` 88 հազար մարդ:
Հակահիտլերյան Կոալիցիայի երկրների կորուստները կազմեցին ԱՄՆ-ից` 400 հազար մարդ, Մեծ Բրիտանիայից` 370 հազար մարդ, Ֆրանսիացիներից` 600 հազար մարդ: Չինացիների կորուստները կազմել են 35 մլ ն մարդ: Հիտլերականները ոչնչացրել են Եվրոպայում` 23.6 մլն բնակելի տուն, 14.5 մլն հասարակական տներ, 200 հազար կմ երկաթգծեր, 25 մլն մարդ մնացել էին անօթևան, քանդվել են 1710 քաղաքներ, 70 հազար գյուղեր, ավելի քան 6 մլն շենքեր և շինություններ, 32 հազար արդյունաբերական ձեռնարկություններ, 4100 երկաթուղային կայարաններ, 1870 կամուրջներ, թալանվել են 98 հազար կոլխոզներ, 1876 սովխոզներ, 2890 մեքենատրակտորային կայաններ:
ԽՍՀՄ-ի ընդհանուր ֆինանսական կորուստները պատերազմի արդյունքում կազմել են 2 տրլն 449 մլրդ ռուբլի, որը համարժեք է ԽՍՀՄ-ի 80-ական թվականների 4 տարիների բյուջեներին միասին վերցրած: Այս պատերազմը իր դաժանությամբ և մասշտաբներով ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն մարդկության դեմ:
Հետպատերազմյան տարիներին Հայրենական Մեծ պատերազմի և Երկրորդ Համաշխարհային պատերազմի իրադարձությունները հայրենական և համաշխարհային պատմագրության մեջ դարձել են սուր գաղափարախոսական հակադրության առարկա` փաստերի միտումնավոր խեղաթյուրումներով և տարբեր բնույթի աղճատումներով ու բացահայտ ստերով: Տարբեր երկրներում <<հերոսացնում են>> նացիստներին և նրանց մոտ ծառայություն իրականացնող դավաճաններին: Չեխիայում հերոսացնում են դավաճան գեներալ Վլասովին, ապամոնտաժում են սովետական զորահրամանատարների արձանները: Մենք պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք Հայրենական Մեծ պատերազմի դասերին, ոպեսզի դրանք երբևէ չկրկնվեն: Եվ լիովին հասկանալի է Ռ.Դ. Նախագահ Վ.Վ. Պուտինի ցանկությունը` մեծ շուքով և ամենայն հանդիսավորությամբ նշելու Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովուրդների տարած հաղթանակի 75-ամյակը:
Հավերժ փառք Հայրենական Մեծ պատերազմում զոհված բոլոր զինվորներին, սպաներին, միլիոնավոր անմեղ զոհերին:
Մեկ անգամ ևս կրկնենք հայտնի տողերը` Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել: Հավերժ փառք նրանց անմար հիշատակին:

Վ. Սաֆարյան
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ

Բաժին՝ Անցուդարձ
Ուրբաթ, 10 Հունվարի 2020 23:43

Իրան-ԱՄՆ կռվում հաղթողը Պուտինն է

Գեներալ Սոլեյմանիի սպանության, դրան հաջորդած` ամերիկյան ռազմաբազաներին Իրանի հարված, կարճ ասած` Իրան-ԱՄՆ ծայրոհեղ վտանգավոր ճգնաժանի ամենաէական դրվագները, ինչ խոսք, թվարկված բուն փաստերն էին: Սոլեյմանին, անկախ կշռից եւ դիրքից, Իրանի սուվերեն պետության պաշտոնյա էր, որին մեկ այլ պետություն սպանեց, այն էլ երրորդ պետության մայրաքաղաքում: Եվ Թրամփը, տալով սպանության հարմանը, պարզապես փորձեց ցույց տալ, թե կարող է թքել ամեն մի միջազգային նորմի վրա եւ հարցերը լուծել «չոր» ուժի միջոցով: Իսկ դա նշանակում է` համաշխարհային խաղի հին կանոնները չեղարկված են, չեն գործում:

Եվ մյուս կողմից Իրանը, հարվածելով ամերիկյան բազաներին, ցույց տվեց, որ կարելի է աշխարհում թիվ 1 ռազմական ուժի համարում ունեցող ամերիկյան բանակին թիրախավորել: Սա եւս նշանակում է, որ գլոբալ խաղի կանոնները հիմքից փոխված են:

Աչքաթող չանենք նաեւ այս փաստը. աշխարհը տեսավ նաեւ, որ այդքան փառաբանված ամերիկյան գերտեխնոլոգիական բանակը չկարողացավ անգամ ամենեւին էլ համաշխարհային հրթիռաշինության լավագույն նմուշներ չհանդիսացող իրանական գոնե մեկ հրթիռ չեզոքացնել: Ճիշտ է, ԱՄՆ-ն սկսեց արդարանալ, թե այդ բազայում ՀՕՊ համակարգ չուներ, քանի որ դրա կարիքը չկա, սակայն դա ավսուրդ է: Նախ, կան այդ բազայի լուսանկարները, որպես պարզ երեւում են «Պետրիոտ» համակարգերը: Երկրորդը, բազայում տեղակայված է կործանիչ ավիացիա, որն ինքնին  ՀՕՊ համակարգի բաղկաղուղիչ է: Այսինքն, անգամ մեկ հրթիռ չչեզոքացնելու փաստը ամերիկյան ՀՕՊ պաշտպանության խոցելիության արձանագրումն է: Դրանից հետո, իհարկե, իրեն հարգող ամեն մի պետության հատուկ ծառայություններում լուրջ ուշադրություն կդարձնեն մեկ պարզ հարցադրման վրա. իսկ ի՞նչ պատկեր կլինի, եթե ամերիկյան բանակը գրոհի ենթարկվի ոչ թե իրանական միջին մակարդակի չկառավարվող, այլ, ասենք, չինական, էլ չասած` ռուսական գերժամանակակից հրթիռներով: Մինչդեռ ԱՄՆ-ն վերջին տարիներին իր զորության գրավականներից է համարում Ռուսաստանը ՀՕՊ համակարգերով շրջապատելը: Սակայն Իրանի օրինակը ցույց տվեց, որ այդ համակարգը խոցելի է անգամ սպառազինությունից կամաց-կամաց հանվող ռուսական բալիստիկ հրթիռների համար, իսկ ահա նորագույն հիպերձայնային հրթիռների համար նման պաշտպանական համակարգի լինել-չլինելը որեւէ նշանակություն չունի: Արդյունքում, ամերիկյան ռազմաբազայի վրա իրանական գրոհը աշխարհի աչքին վերածվում է գլոբալ ստրատեգիական բալանսը ոչ ի օգուտ ԱՄՆ-ի փոխող գործոն: Կարճ ասած, տեղի ունեցածը Վաշինգտոնի համար ռազմական, այստեղից էլ` քաղաքական հեղինակության հսկայական կորուստ էր, րը ԱՄՆ-ի համար այս ողջ պատմության ամենամռայլ դրվագն է: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ իրանական հարվածից հետո անգամ ԱՄՆ-ի դաշնակիցները բավարարվեցին միայն «կեսբերան» հայտարարություններով Վաշինգտոնին աջակցելով, սակայն սկսեցին զորքերը հանել Իրաքից` «մեծ եղբորը» մենակ թողնելով: Ու ինչպե՞ս կվարվեն, եթե հանկարծ ԱՄՆ-ը որոշի ուղղակի ռազմական բախման մեջ մտնել ռուսների հետ:

Անշուշտ Թրամփը շատ կցանկանար, իր ասածով, դաժան պատժի ենթարկել Իրանին: Սակայն նա իրթիռային հարվածներից հետո սկսեց բանակցություններից խոսել, ինչը խոստովանություն է, որ չկարողացավ Իրանի հարցը լուծել: Իսկ այդ փաստը Թրամփի եւ ԱՄՆ-ի միջազգային վարկանիշից զատ, նաեւ ծանր հարված հասցրեց Թրամփի ներամերիկյան վարկանիշին, եւ այդ հանգամանքից նրա իմպիչմենտին ձգտող դեմոկրատները, իհարկե, կփորձեն մինչեւ վերջ օգտվել:

Ավելի ճիշտ, այս ողջ իրավիճակը Թրամփի համար երկկողմ թակարդի վերածվեց: Գնալ խիստ անորոշ ելքով պատերազմի, դա Թրամփի համար երաշխավորված ինքնաոչնչացում էր: Չգնալ պատերազմի ուղղությամբ. սակայն այս դեպքում էլ նա արդեն իսկ ընկալվում է որպես մի նախագահ, որի քայլերի պատճառով ամենազորեղ երկրների ցանկում չգտնվող Իրանն անգամ կարող է հրթիռային հարված հասցնել ամերիկյան բազային եւ հեղինակությանն ու անպատիժ մնալ, ավելին` դրանով օրինակ ծառայել ուրիշներին: Այս բեռով նախագահական ընտրությունների գնալը նորից Թրամփի համար ինքնաոչնչացման պես մի բան էր:

Այս իրավիճակում Թրամփին մնում էր մեկ ելք` «պաուզա» վերցնել, ինչը եւ արեց նախօրեին` իր հայտարարությամբ: Այսինքն, պահելով սպառնալիքների տոնը, նա այնուամենայնիվ, փորձեց նաեւ խաղաղարար ներկայանալ, թե ավելի լավ է բանակցել` մեծ պատերազմ թույլ չտալու համար: Սակայն սա ժամանակավոր միջոց է: Այսինքն, պետք է կարճ ժամանակից սկսել բանակցել ու դրանով բացատրել, թե ինչու է «կուլ տվել» ամերիկյան բազայի վրա հարձակումը: Բայց եթե չստացվի բանակցային սեղան ձեւավորել, ապա կմնա կա´մ անցնել ուժի տարբերակին` դրանից բխող թվարկված հետեւանքներով հանդերձ: Կա´մ ետ քաշվել, որը արտաքին եւ ներամերիկյան հարթակում կընկալվի, որպես ԱՄՆ-ի փախուստ` իր հերթին բազում հետեւանքներ առաջացնելով:

Մի խոսքով հասկանալի է, թե Թրամփն ինչու սկսեց բանակցություններ սկսելու փորձեր ձեռնարկել: Սակայն այստեղ կա մեկ խնդիր. Ո՞ւմ միջնորդությամբ: Այն, որ Իրանն ամերիկյան բազային հարվածելու համարձակություն ունեցավ` թիկունքին զգալով Մոսկվայի շունչը, կասկածից դուրս է: Միանշանակ է նաեւ, որ միայն Մոսկվան է, որ ի զորու է նման բանակցային գործընթացում ռեալ միջնորդ հանդիսանալ: Ավելին, համաշխարհային հեղինակություն համարվող մի շարք գործիչներ միայն Պուտինին են տեսնում, որպես նման գործընթաց առաջ տանելու կարող անհատականություն:

Այս թեժ իրավիճակում Սիրիա, ապա` Թուրքիա այցելելով, Պուտինը ցույց տվեց, որ «խաղի մեջ» է: Ավելին, համաշխարհային հեղինակություն համարվող, տնտեսաքաղաքական գործիչ Փոլ Ռոբերտսի գնահատմամբ. «Պուտինը կարող է ոչ միայն միջնորդություն առաջարկել, այլեւ` պնդել: Դա Պուտինի դերն է, որովհետեւ չկա մեկը, ով ունի իշխանություն, ազդեցություն եւ օբյեկտիվություն նման միջնորդության համար»: Եվ նման միջնորդության հիմնական իմաստը, Ռոբերտսի կարծիքով. «Ոչ այնքան Իրանին փրկելն է, որքան Թրամփին պարտված պատերազմից դուրս բերելը, որը կոչնչացնի Թրամփին»: Իսկ թե ինչի դիմաց, ապա Ռոբերտսը կարծում է. «Իրականում Պուտինը կարող է պահանջել այն ամենը, ինչ կցանկանա»:

Իրավիճակը, որը նկարագրում է Ռոբերտսը, ինչ խոսք, միանգամայն տրամաբանական է: Կրկնենք. ամերիկյան ռազմական հեղինակության նման անկումը ստրատեգիական բալանսը նկատելիորեն փոխում է ՌԴ-ի ուղղությամբ: Դրա քաղաքական հետեւանքներն ավելի վաղ էին տեսանելի, երբ Թուրքիան, չնայելով վաշինգտոնյան որեւէ ճնշման, մասնավորապես` ռուսական C-400-ների հարցով իրենը մինչեւ վերջ պնդեց, որը հանգեցրեց նախօրեին կայացած «Թուրքական հոսք» գազատարի գործարկմանը, որի շրջնակներում Անկարան դեպի Եվրոպայի հիմնական գազամատակարարներից մեկը դառնալու լուրջ շանսեր է ստանում: Վաղը նախատեսված է Մերկելի այցը ՌԴ, եւ որ ներկա իրողությունները նկատելիորեն կազդեն նաեւ Եվրոպայի առաջատար Գերմանիայի եւ ՌԴ-ի հարաբերություների վրա, դժվար չէ կանխատեսել: Եվրոպական մյուս առաջատար Ֆրանսիան արդեն իսկ Մոսկվայի հետ այդ կարգի հարաբերությունների մեջ է: Եթե այսքանի հետ մեկտեղ, նաեւ Թրամփն իրեն դրեց Մոսկվայից փրկության ելքի սպասողի դերում, ապա դա մեկ բան է նշանակում` ՌԴ-ին գործնականում հաջողվեց վերականգնել ԽՍՀՄ-ի փլուզմամբ կորցրած իր աշխարհաքաղաքական դիրքերը եւ մի բան էլ ավել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Աղբյուր՝ iravunk.com

Ավելի քան 250 միլիոն հնդկաստանցի բանվորներ, ուսուցիչներ, բանկերի աշխատողներ, հանքերի աշխատողներ, հաղորդակցության, շինարարության և այլ բնագավառի աշխատողներ բողոքի ցույցի են դուրս եկել պետության տնտեսական քաղաքականության ու պետական հիմարկների հանձման դեմ մասնավոր բաժնին: Հնդկաստանն իր այս քաղաքականության համար քննադատության էր արժանացել Հնդկաստանի կուսակցությունների մեծ մասի կողմից: Նարենդրամուդի իշխանությունը պնդում է, որ պետք է այս ռիակցիոն քաղաքականությունը իրականանա և արտասահմանյան մասնավոր կապիտալին իրավունք տրվի կապիտալ ներդրում կատարի երկրում: Բանվորական արհմիությունների մեծ մասը հայտարարել են, որ պետությունը պետք է բոլոր բանվորների առողջապահական ու հասարակական անվտանգությունը ապահովագրի և աշխատավարձը երկու անգամ բարձրացնի՝ համեմատած ներկայումս առաջարկվող աշխատավարձի չափսի, որպեսզի նկատի ունենալով ներկայիս գնաճը, բանվորները կարողանան իրենց ապրուստի պահանջները հոգալ: Այս ցույցերը կաթվածահար են արել Հնդկաստանի նահանգների տրանսպորտի զգալի մասը: Բանվորները ներկայացրել են 12 պահանջներ, որտեղ նշվում է, որ աշխատավարձը պետք է դառնա ամսական 18000 ռուփիե, իսկ կենսաթոշակները երեք հազար ռուփիե:

Բաժին՝ Աշխարհում

Իշխանությունը այլասերում է մարդկանց
Իսկ անվերահսկելի իշխանությունը նրանց կրկնակի է այլասերում:
/Ֆրանսուա դը Լարոշֆուկո/

Մեր օրերում յուրաքանչյուր ճշմարտություն փնտրող անհատի մոտ ողջամտության սարսափելի գլխապտույտ է առաջանում, չնայած դա ողբերգություն է, բայց փաստ է: Երբեմն մտածում ես՝ գուցե Հայաստանում կենսաբանական փոփոխություն է կատարվել, որը ազդել է հայ անհատի տրամաբանության և մտածելակերպի վրա: Դատարանում քննվում է երկրորդ նախագահի գործը՝ մարտիմեկյան դեպքերի, ժողովրդին պատկանող ազգային արժեքները իր յուրայինների հետ թալանելու և յուրացնելու համար: Մի խումբ ընկերներ այսօր նրան Արցախի և Հայաստանի հերոս են անվանում: Տրամաբանություն ունեցող մարդը պետք է հասկանա, որ հերոսները սեփական ժողովրդին չեն թալանում, զարմանալի է, բայց գուցե ամենամեծ չարագործները նրանք են, ովքեր իրենց խիղճն ու պատիվը շուկա հանած փորձում են հիմնավորել նրա ներումը: Ինչպես կարելի է ներել մի մարդու, որը զբաղեցնելով՝ անսահման իրավունքներ ունեցող պետության իշխանական ղեկը՝ կազմակերպել է մարտիմեկյան խարդավանքները, Մեղրիի միջանցքին հանձնելու հեռանկարային ծրագիրը, երկրի թալանը իր մտերիների և շրջապատի հետ, իսկ քաղաքական դաշտում նրա արարքը երբեք չի մոռացվի, խլելով ԱԺ կոմունիստների խմբակցության ունեցած 12%-ից 6%-ը նվիրեց դաշնակներին, իսկ մնացած 6 %-ը՝ տարբեր կուսակցությունների, որոնք ծառայում են արևտյան կենցաղավարական աղբը տեղափոխել Հայաստան:
Հարգելի ընթերցող, վերհիշենք ոչ հեռու անցյալում տեղի ունեցած դեպքը՝որպես դասական օրինակ Ա. Շիրվանզադեի “Քաոս” վեպի հերոս, գործարար, վաճառական Պետրոս Մասիյանը՝ իր գավառական տրեխները պահում էր իր տան նկուղի ոսկյա պահարանում և բոլոր նշանավոր տոներին իջնում էր նկուղ և տրեխների պատվին աղոթում և մոմ էր վառում: Եկեք հարցնենք Ռ. Քոչարյանի աջակցողներին, Երևան գալուց առաջ երկրորդ նախագահը, որտեղ է թողել իր ծակ շալվարը, գուցե Լաչինո՞ւմ, Պետրոս Մասիյանի օրինակով պահում է իր ննջասենյակի պահարանում և ամեն օր աղոթում: Ռ. Քոչարյանը դատավարության ժամանակ որքան էլ առույգ ու ըմբոստ ձևանա, վերջին ապաստանը բանտի խուցն է, որտեղ պետք է ավելացվի ևս երկու մահճակալ՝ առաջին և երկրորդ նախագահերի համար: Բանտախցի ճակատին մեսրոպյան տառերով պետք է գրվի Հայաստանի 3 նախագահների անունները: Այսօր անկախության սերունդը հզոր ներուժ է, ոտքի է կանգնել, պահանջատիրոջ իրավունքով ուզում է պատժել թալանչի ղեկավար այրերին՝ իրենց պապերի ստեղծած երկիրը քանդելու, թալանելու և գողոնը ետ բերելու պետ բյուջե: Դա ներկա սերնդի հզոր նետն է, որ կարող է ճեղքել ցանկացած պետական և օլիգարխիկ միացումից ձուլված ամենամոտ վահանը: Դաշնակները ամբողջ ուժով օգնում են իրենց "պապային" և նստացույցի առումով դաշնակցական կուռ շարքերից հեռացրել են երկու երիտասարդ աղջիկների: Ես չեմ ճանաչում այդ երիտասարդներին, բայց կարող եմ ասել, որ դա մեծ կորուստ չի և համոզված եմ, որ ոչ մի ազդեցություն չի ունենա նրանց հետագա կարիերային և առաջընթացին: Նրանք ժամանակին Գ. Նժդեհին էլ վտարեցին դաշնակցությունից: Հիշատակենք այդ դեպքը. <Սիմոն Վրացյանը չէր կարողանում ներել Նժդեհին 1921թ. փետրվարյան խռովության ժամանակ իրեն չենթարկվելու և իր հրավերը մերժելու համար, որը դարձավ հիմնական պատճառներից մեկը՝ Գ. Նժդեհին դաշնակցական կուսակցությունից հեացնելուն>: Այդ առիթով Նժդեհը գրել է "Ժողովրդի համար չկա ավելի մեծ չարիք, քան անհատապաշտություն դավանող ղեկավարը, նա հեշտությամբ դառնում կոլեկտիվ ջանքերի ու շահերի թշնամի": Այդպիսի ղեկավարն ընկնում է սեփական իրավունքների քան պարտավորությունների ետևից, նրա իդեալը մեկուսի անձնական երջանկությունն է: Այսօր այդպիսին են նրանք, որոնք կոչված են ղեկավարելու Քրիստաֆորի և Ռուստամյանի կուսակցությունը՝ աշխարհայացքի անորոշություն, քաղաքական անկարողություն, ոչ բավարար պատասխանատվության զգացում, ահա այս 3 չարիքները, որոնցից աղետալի կերպով տուժել է մեր ժողովուրդը և ինքը դաշնակցությունը: Այս գիտակցելով՝ ես հեռացա դաշնակցությունից: Հարգելի երիտասարդներ, եթե Գ. Նժդեհի նման պետական գործիչը չի ափսոսացել, դուք պիտի ուրախ լինեք, որ այդ կուսակցության անդամ այլևս չեք, ձեզ բարի երթ՝ մեր անկայուն քաղաքական դաշտի քառուղիներում:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Ֆրանսիական «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա» (CGT) արհմիության ղեկավար Ֆիլիպ Մարտինեզը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ամանորյա ուղերձում չի գտել կենսաթոշակային բարեփոխմանը առնչվող հարցերի պատասխանը եւ երկրի քաղաքացիներին կոչ է արել էլ ավելի զանգվածային գործադուլների։ Այդ մասին նա հայտարարել է BFM հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այդպես երկրի բնակիչները պետք է ավելի հզոր «տագնապի ազդանշան» տան նախագահին եւ նրան հայտնեն, որ երկրում կան չլուծված հարցեր, նշել է նա։

Միաժամանակ, լրագրողի այն հարցին, թե ցանկանում է նա արդյոք ֆրանսիացիներին զրկել տեղափոխվելու իրավունքից եւ խանգարել աշխատավայր հասնել, երբ խոսում է երկրի բոլոր ութ նավթավերամշակման գործարանների փակման մասին, CGT-ի առաջնորդը պատասխանել է, որ «եթե գործադուլ է ընթանում, այդ թվում նաեւ կրթական ոլորտում, երեխաները դպրոց չեն հաճախում»։

Մակրոնը երեքշաբթի իր ամանորյա ուղերձում վստահեցրել է, որ կիրականացնի արհմիությունների այդքան սուր հակազդեցությանն արժանացած կենսաթոշակային բարեփոխումը։ Նա նշել է, որ կառավարությանը հանձնարարել է «գտնել փոխզիջումային լուծում», եւ չնայած բոլորի համար նոր համակարգի հավասարության մասին նախկինում արված հայտարարությանը, խոստացել է ֆիզիկապես ծանր աշխատանք կատարողների համար նախատեսել ավելի վաղ կենսաթոշակի անցնելու հնրավորություն։ Խոսելով ընթացող բողոքների եւ քաղաքական պայքարի մասին, նա նշել է, որ միջոցներ կկիրառվեն «ազգային միասնությունը խաթարողների դեմ»։

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ գործադուլների շարքը արհմիությունների նախաձեռնությամբ սկսվել է դեկտեմբերի 5-ին։ Ցույցերին մասնակցում են տրանսպորտի ոլորտի աշխատողները, բժիշկները, ուսուցիչները, դատապաշտպանները, հրշեջները եւ շատ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս կենսաթոշակային բարեփոխման դեմ։ Նրանց դժգոհության գլխավոր պատճառներից է քաղաքացիների տասնյակ խմբերի համար կենսաթոշակային սակագնի վերացման կառավարության որոշումը, ինչպես նաեւ՝ մինչեւ 64 տարեկանն ավելացնել այն տարիքը, երբ կենսաթոշակը վճարվում է ողջ ծավալով։ Արհմիությունները հայտարարել են, որ մտադիր են շարունակել գործադուլն այնքան, քանի դեռ Ֆրանսիայի կառավարությունը չի հրաժարվի կենսաթոշակային բարեփոխման գոյություն ունեցող տարբերակից։

 

Աղբյուր՝ news.am

Բաժին՝ Աշխարհում
Էջ 2, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: