Մոնթե Մելքոնյանի կյանքը և մահը

30 Օգոստոսի 2017

(Հուղարկավորթյունը 1993 թվական)

     Երբ 1993թ. հունիսի 12-ի առավոտյան լսափողը վերցրի և լսեցի քրոջս ձայնը, հասկացա, որ նրա զանգը վերաբերվում է մեր եղբորը` Մոնթեին: Նա մեզնից 8000 մղոն հեռավորության վրա էր, նախկին Խորհրդային Միության մի ռազմադաշտում: Բայց առաջին անգամ չէր, որ ինձ լուր էր հասնում նրա մահվան մասին: Տասնհինգ տարվա ընթացքում լսել էի, որ նրան դիպուկահար է սպանել, որ նա հրանոթային արկի պայթյունի զոհ է դարձել, ռազմական սավառնակների թռիչքից առաջացած օդային հոսանքները նրան թողել են քարաբեկորների տակ, և նրան գնդակահարել են օդանավակայանի ոստիկանները: Այնուամենայնիվ, այս անգամ գիտեի, որ վատ լուրը ստույգ է: Ես քրոջս տվեցի մտքիս եկած առաջին երկու հարցը` որքան է տևել նրա մահանալը: Եվ նրան թիկունքից են սպանել: Քույրս այդ հարցերի պատասխանը չուներ: Երկու օր անց կանգնած էի Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներում` Մայլեի, մորս, հորս և եղբորս լավ ընկերոջ հետ, ով ապրում էր Կալիֆորնիայում, ինչպես մենք: Մինչ քայլում էինք դեպի կառավարական հուղարկավորության վայրը, թաղմանը եկած մարդիկ սկսեցին ինձ մի կողմ քաշել ու հայտնել իրենց կասկածնները մահվան վերաբերյալ: Դավաճանության մասին նման խոսակցությունն անհիմն չթվաց: Տարիների ընթացքում Մոնթեն հակառակվել էր բազմաթիվ մարդկանց կամքին, ոչ միայն թուրքական, իսրաելյան, ամերիկյան, հետախուզական գործակալությունների, այլև ծայրահեղ ազգայնական հայրենակիցների, ինքնակոչ “գաղտնի բանակի” նախկին խմբավորումների և ով գիտի թե ում:

   Թաղման առավոտյան 1993թ. հունիսի 19-ին, դիահերձարանի աստիճանների վրա, մեզ հանդիպեց արկի պայթյունից ցնցակաթված ստացած մի զինվոր; Նա գիշերնն այնտեղ էր անցկացրել, ինքն իրեն պահակ նշանակելով ու քարե աստիճանների վրա ջղաձգորեն ննջելով: Նա ողբում էր ու շարունակ հայհոյում: Նույն առավոտյան, ավելի ուշ Մոնթեի ութ զինակից ընկերներ ինքնաձիգներն ուսերից հանեցին` դագաղը տանելու համար: Մենք նրանց հետևեցինք, դեպի Սպայի տուն: Համաձայն Los Angeles Time’s-ի` այդ կեսօրին դագաղի հետևից փողոցներով գնացող մարդկանց թիվը եղել էր մոտ 100000: Տեղացի լրագրողները չափազանցրել էին, հասցնելով մինչև քառորդ միլիոնի, բայց ով կարող էր հաշվել:

          Մոնթեն Հայաստանում շատ քիչ էր խոսել իր կյանքի մասին, ուստի զարմանալի չէր, որ նրա շուրջը բազմաթիվ ասեկոսեներ կային:  Կյանքի վերջին տարիներին, երբ զինվորական պարտականություններն լիովին կլանել էին նրան, նա իրեն նկարագրելը թողել էր ուրիշներին: Նորաթուխ Ադրբեջանի Հանրապետության խոսնակներից մեկը Վաշինգտոնում Մոնթեին ներկայացրել էր որպես “հանցավոր անցյալ ունեցող ահաբեկիչ”: Միացյալ Նահանգների Պետական Դեպարտամենտի աշխատակիցները նրան համարել էին ազգային անվտանգության համար սպառնալիք, FBI-ի մի գործակալ, որի խոսքերը հրապարակել էր Los Angeles Time’s –ը Մոնթեին նկարագրել էր իբրև  պարզապես մարդկանց սպանել սիրող մի վարձկանի: Հարավային Կովկասի լեռնականները նրան սուրբ էին հայտարարել` կոչելով մեր “սուրբ տղա”: 

    Հուղարկավորությանը եկած քիչ մարդկանց էր սակայն, հայտնի, որ “Ավո” մականունով հրամանատարը ժամանակին եղել է հնագիտության բաժնի` բազում լեզուների տիրապետող ուսանող, ով հրաժարվել էր Օքսֆորդի համալսարանում իր կրթությունը շարունակելուց` հանուն հեղափոխական Իրանում և պատերազմից բզկտված Լիբանանում իր հայրենակիցների պաշտպանության համար կռվելու:

    Իրականում Մոնթեն փոխվում էր վերածվելով տարբեր անձնավորությունների, տարբեր անձնագրերով և բնակության տարբեր վայրերում: Չգիտեմ, թե ինչպես նա հրամանատար էր դարձել չորս հազար մարտիկների, որոնք մաս էին կազմում “նախկին Խորհրդային Միությունում կռվող պատերազմից ամենից շատ դաժանացած ու ամենամոլեռանդ դրդապատճառներով առաջնորդվող ուժի” , ինչպես որ Լեռնային Ղարաբաղի բանակը որակել էր անհամակիր մի լրագրող: Այդուհանդերձ, նրա մահվանից մոտ երեք ամիս առաջ, մի ճակատամարտի նախօրյակին, PBS-ի համար Մոնթեի հետ հարցազրույց վարած լրագրողը նրան նկարագրել էր իբրև “բարեկիրթ կալիֆոռնիացի”: Հակառակ բոլոր փոփոխություններին ու եղբորս ինձնից բաժանող օվկիանոսներին, հակառակ լռության տարիներին և մեր տարբեր հետաքրքրություններին ու խառնվածքներին` ես հույս ունեի, որ լրագրողը ճիշտ էր ասել:

    Քանի որ տարիների ընթացքում ասեկոսեները բազմապատկվել են, առասպելները վստահելի տվյալներից զատելու անհրաժեշտությունն ինձ համար ավելի ակնհայտ է դարձել:

    Մոնթեն վարել էր աստանդական կյանք, ապրել տասնյակ երկրներում, տասնյակ մականուններով ու տասնյակ կեղծ անձնագրերով: Նա իր տարիների կեսն անցկացրել էր փախստականներով բնակեցված ետնախորշերում, պարտիզանական ռազմակայաններում, թաքստոցներում, մեկուսարաններում ու բանտերում, հեռավոր խրամատներում: Նրա ճամփորդությանը մասնակցել էին բազմաթիվ մարդիկ` լավ ու վատ, բայց նա շատ վայրեր լքել էր շտապ ու անսպասելի: Ուստի միայն տարիներ անց, ուսումնասիրությունների, հարցափորձի ու հայտնագործությունների շնորհիվ, ես և Սեդան կարողացանք հետևել այն քայլերին, որոնք ի վերջո նրան հասցրին ժայռոտ բարձունքի գագաթը, որտեղ նա թաղվեց ամառային այդ շոգ օրը:

      Սույն գիրքն այսպիսով, արդյունքն է իմ վեց տարվա որոնումների, երբ փորձում էի գտնել եղբորս հուղարկավորության օրը ծագած հարցի պատասխանը, ինչպես էր նա մահացել, ով էր նրան սպանել, թշնամի թե “բարեկամ”: Իսկ իմ ուսումնասիրության մյուս` էլ ավելի առաջնահերթ նպատակն էր` պարզել, թե ինչ մարդ էր դարձել իմ փոքր եղբայր Մոնթեն:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: