Հովիկ Աբրահամյանի այցը Վրաստան

27 Հուլիսի 2015

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի հետ   հուլիսի 27-ին այցելել է վրաց-ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ, ասվում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Երկու երկրների վարչապետները տեղում ծանոթացել են սահմանային անցակետի աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին մասնավորապես հետաքրքրել է, թե ինչ խնդիրներ են ունենում Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան մեկնող մեքենաները, որքան ժամանակ է անհրաժեշտ փաստաթղթերը զննելու ու համապատասխան ընթացակարգերն անցնելու համար: Հ․ Աբրահամյանը զրուցել է նաև անցակետով Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի քաղաքացիների հետ:

Շրջայցից հետո, երկու երկրների վարչապետներն ամփոփել են այցի արդյունքները: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը կերկարացվի ևս 3,5 ժամով, այսինքն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում 6.5 ժամով, և նոր պայմանավորվածության համաձայն կգործի 05.30-24.00-ն: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ևս, երկու վարչապետների քննարկման արդյունքում աշխատանքային գրաֆիկը 3 ժամով ավելացել էր (06.00-18.00-ի փոխարեն սահմանվել էր 06.00-21.00):

Կողմերը քննարկել են վրացական անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաև՝ Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվող արտահանումների գործընթացը դյուրացնելու հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական սահմանին կառուցվելիք «Բարեկամության» կամուրջի շինարարության հարցին: Կողմերը պայմանավորվել են արագ ժամկետներում սկսել կառուցման գործընթացը:

Երկու երկրների վարչապետների քննարկման օրակարգում էր նաև Վրաստանը Ռուաստանին կապող մայրուղու այն հատվածների հարցերը, որտեղ մշտապես սողանքների, քարաթափման վտանգ կա:

Վրացական կողմը տեղեկացրել է, որ նախատեսում է քայլեր ձեռնարկել ճանապարհահատվածն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ճանապարհի լայնացման, ինչպես նաև լուսավորման հետ կապված աշխատանքներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Հայաստան:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: