KfW բանկի ոռոգման թիմի այցը ՋՏՊԿ

23 Մարտի 2016

Մարտի 22-ին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանն ընդունել է գերմանական KfW բանկի պատվիրակությանը հետևյալ կազմով՝ Դանիելա Բեսե-ոռոգման  ծրագրերի հայաստանյան պատասխանատու, Թոմաս Վոլֆ-KfW  բանկի ինժեներ, Զառա Չատինյան-KfW բանկի երևանյան գրասենյակի պատասխանատու: Այցի նպատակն էր ՋՏՊԿ-ի հետ քննարկել հետևյալ հարցերը.

Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքը,

Կապսի ջրամբարի կառուցման տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրությունների և կառուցապատման աշխատանքների ապահովագրության հետ կապված խնդիրներ,

Կապսի ջրամբարի կառուցման շրջանակներում ջրերի համապարփակ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի հետ կապված հարցեր:

Կապսի ջրամբարը «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» ծրագրի մեկ բաղադրիչն է: Այս ծրագիրն առանձնանում է նրանով, որ, լինելով ջրամբարաշինության ծրագիր, իրենում ներառում է նաև ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման բաղադրիչ: Հիմնականում հետապնդելով ջրամբարման նպատակ, ծրագրի 2-րդ փուլով նախատեսվում է ենթակառուցվածքների ստեղծում, որի միջոցով ջրամբարում կուտակված ջրի զգալի մասը կհասցվի Արարատյան դաշտ՝ դրանով իսկ թուլացնելով ճնշումը Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային ռեուրսների վրա: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ա. Հարությունյանը կարևորեց Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հրատապությունը, առաջարկեց բանկին սահմանել գործողությունների «ճանապարհային քարտեզ», որպեսզի հնարավոր լինի վերահսկել թե՛ խորհրդատուների և թե՛ ԾԻԳ-ի ընթացիկ աշխատանքների արդյունավետությունը:

Կապսի ջրամբարի շինարարությունն ունի իր առանձնահատկությունը: Ջրամբարի թասի տակով անցնում է Ախուրյան գետը: Անվտանգության երաշխիքներ ապահովելու նպատակով բանկն առաջարկում է ապահովագրել և՛ տեխնիկատնտեսագիտական հետազոտության, և՛ հատկապես շինարարական աշխատանքները: Այդ նպատակով կոմիտեն նախապես դիմել է Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններին՝ ճշտելու այդ ընկերությունների հնարավորություններն ու փորձառությունը նմանատիպ աշխատանքներ ապահովագրելու առումով: Կողմերն արձանագրեցին, որ պետք է առավել մանրամասն  քննարկվեն թե՛ ապահովագրման «օբյեկտի» խնդիրը և թե՛ ապահովագրման մեխանիզմներն ու ֆինանսական աղբյուրները:

Քննարկելով «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» ծրագրի  շրջանակներում համապարփակ կառավարման հետ կապված հարցերը, կողմերը համաձայնություն ձեռք բերեցին ծրագրի բաղադրիչներն ու գործողությունները քննարկել մասնագետների՝  առաջիկայում հրավիրվելիք աշխատաժողովում:

  

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: