Վ․ Սաֆարյան․ «Կառավարությունը պարտավոր է ապահովել ներքին կոոպերացիան»

13 Դեկտեմբերի 2015

Ինչպես գիտենք ՌԴ իշխանություններն արդեն հայտարարել են թուրքական ապրանքի ներմուծումն արգելելու մասին։ Հայտնի է, որ Թուրքիայից ներմուծվող գյուղատնտեսական մթերքի արգելքը վերաբերվում է մրգերին ու բանջարեղենին։ Ընդ որում, ՀՀ գյուղնախարարը շտապեց հայտարարել, որ Հայաստանը կարող է փոխարինել Թուրքիային ռուսական շուկայում։ Արդյոք, կարող ենք իրականություն դարձնել այդ բարձրագոչ հայտարարությունը։ Այս և մեր տնտեսության զարգացմանը վերաբերող այլ հարցերի մասին իր տեսակետներն է հայտնում ՀԱՄԿԿ Կենտգործկոմի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը։

Եթե մենք ուզում ենք իրական քայլեր կատարել Ռուսաստան գյուղատնտեսական մթերք փոխադրելու ուղղությամբ, ապա պետք է ընդլայնենք ջերմոցային տնտեսությունը։ Դա այն ուղին է, որը հնարավորություն է տալու մեր բարի ցանկությունները կոնկրետ գործի վերածելու։ Այսօր Հայաստանում ջերմոցային համալիրների շինարարությունը առաջնային է, արդեն այդպիսի հինգ համալիր գործում է։ Սակայն դա բավարար չէ, պետք է այդ ցանցն ընդլայնել։

Հիշում եմ, որ կառավարությունը հայտարարեց Երևանի ՋԷԿ-ի մոտ խոշոր ջերմոցային համալիր կառուցելու ծրագրի մասին։ Բայց ո՞ւր է այն։ Այդ ուղղությամբ անհրաժեշտ է ներդրողներին հրապուրել՝ նրանց առաջարկելով շահավետ պայմաններ, հարկային արտոնություններ, առավելություններ։ Հիմնականում պետք է հիմնվել մասնավոր սեկտոր-պետություն համագործակցության վրա։ Այդպես կարելի է ավելի շատ և՛ օտարերկրյա, և՛ մեր հայրենակիցների ներդրումները ձեռք բերել։

Մեր քաղաքացիները բանկերում պահում են ավելի քան 1 տրիլիոն դրամ ավանդ։ Այդ գումարների մի մասը կարելի է վերածել ներդրումային կապիտալի՝ ֆիզիկական անձանց առաջարկելով ավելի շահավետ բանկային տոկոսներ։ Ենթադրենք բանկը ավանդատուներին վճարում է տարեկան 13 տոկոս, պետությունը կարող է առաջարկել 3-4 տոկոսով ավելի։ Այդ ժամանակ մարդիկ կիմանան, որ իրենց փողը ներդնելով իրական սեկտորում, արտադրության մեջ, նախ՝ կստանան ավելի շատ տոկոս, երկրորդ՝ կնպաստեն որևէ կոնկրետ արտադրության զարգացմանը։ Արդյունքում կավելանա ՀՆԱ-ն, կաճեն ազգաբնակչության եկամուտները, աշխատավարձերը, թոշակները։

Փող հայթայթելու մեկ այլ տարբերակ է պետական վարկերը, որոնք կարելի է ուղղել կոնկրետ ծրագրի իրագործմանը, տվյալ դեպքում՝ ջերմոցային համալիրների կառուցմանն ու զարգացմանը։ ՄԱՀ-ը կամ Համաշխարհային բանկը այդպիսի նախագծերի համար փող չեն տա։ Սակայն իրատեսական է վարկ վերցնելը Չինաստանից, Ռուսաստանից։ Նեկայում ճիշտ ժամանակն է վարկ վերցնելու, օրինակ՝ Ռուսաստանից և դրա դիմաց վճարել ջերմոցներում աճեցրած մթերքով։

Եթե գործող ջերմոցների քանակը հասցնենք, ենթադրենք, մի քանի տասնյակի, մենք կարող ենք ամբողջ տարի Ռուսաստան արտահանել գյուղմթերք, առավելապես բանջարեղեն։ Խոսքը տարեկան 130-150 հազ․ տոննա բանջարեղենի մասին է։ Սա միայն այն թիվն է, որը կարելի է ստանալ՝ օգտագործելով բացառապես ջերմոցները։ Ես գտնում եմ, որ գյուղատնտեսության նախարարությունը անպայմանորեն պետք է մշակի համապատասխան համալիր ծրագիր այս ուղղությամբ։

Մեկ այլ կարևոր գործոն է սպառողական կոոպերացիայի վերականգնումը։ Խորհրդային տարիներին գոյություն ուներ «Հայկոոպ», որը միջնորդ էր պետության և մասնավոր արտադրողի միջև, այն ծայրաստիճան անհրաժեշտ է նաև այսօր։ Հիշենք, թե այս տարի ինչ հերթեր էին գոյացել խաղողի մթերման համար։ Իսկ դրանից կարելի էր խուսափել։ Այս տարի մենք Ռուսաստան ենք արտահանել ընդամենը 10 հազ․ տոննա խաղող, չնայած այդ թիվը կարող էր 10 անգամ ավելի լինել, հաշվի առնելով առատ բերքը։ Ավելի քան 300 հազ․ տոննա բերք ենք ստացել, սակայն ընդամենը 10 հազ․ տոննա ուղարկել ենք Ռուսաստան։ Հասկանալի է, որ բերքի հիմնական մասն օգտագործվել է գինու և կոնյակի արտադրության համար, բայց միևնույն է, Ռուսաստան կարելի էր ավելի շատ արտահանել։

Հիմնական խնդիրն այն կառույցի բացակայությունն է, որը կարող էր ստանձնել գնումը, պահպանումը և բեռնափոխադրումը։ Մենք ունենք մասնավոր ընկերություններ, որոնք զբաղվում են փոխադրումով, սակայն դրանք ավելի արդյունավետ կարող էին աշխատել սպառողական կոոպերացիայի կազմակերպությունների և պետության տանդեմում՝ մասնավոր արտադրող-պետություն համագործակցության շրջանակներում։

Այս ամենով անհապաղ պետք է զբաղվել այսօր, եթե մենք իսկապես ուզում ենք կլոր տարի ռուսական շուկա արտահանել մեր գյուղմթերքը։ Իսկ ինչ վերաբերում է մրգերին, ապա կրկին մասնավոր արտադրող-պետություն համագործակցության շնորհիվ միանգամայն իրատեսական է կազմակերպել չրերի արտադրություն, ինչն ավելի թանկ է, քան թարմ մրգերը և անպայման պահանջարկ կունենան ռուսական շուկայում։ Այսօր գործում են փոքրիկ ձեռնարկություններ, որոնք մասնագիտացած են չրերի արտադրությամբ, անհրաժեշտ է, որպեսզի տվյալ ուղղությունը հասցվի լուրջ ագրոարդյունաբերության մակարդակի։

Անպայմանորեն պետք է գյուղական տնտեսությունները խոշորացնել։ Մենք շատ առաջարկություններ ենք ստանում մեքենատրակտորային պարկի ստեղծման և զարգացման մասին։ Այդպիսի կայաններ գործում էին խորհրդային տարիներին և գերազանց դրսևորում էին իրենց։ Ներկայում Թալինի տասնյակ գյուղերից առաջարկներ ենք ստացել․ նրանք ցանկանում են ունենալ մեքենատրակտորային կայան, որպեսզի համատեղ մշակեն հողը և մեզ են դիմել՝ խնդրելով, որպեսզի օգնենք գյուղտեխնիկա՝ տրակտորներ, կոմբայններ և այլն ձեռքբերելու հարցում։ Շատ կարևոր է, որպեսզի ֆերմերները հնարավորություն ունենան իրենց ուժերը, իրենց հողը միավորելու, որ հեշտ լինի մշակելը։ Մեր հանրապետությունում 440 հազ․ հա հողից 150 հազ․ հա չի մշակվում, ընդ որում, չմշակվող հողի 70 տոկոսը ոռոգելի չէ։ Աշխատող ձեռքը չի բավարարում․ սա է ամբողջ խնդիրը։ Ովքե՞ր են այսօր գյուղատնտեսությամբ զբաղվում․ մեծ մասամբ՝ ծերունի ամուսիններ, ահա մեր ամբողջ տնտեսությունը։ Պետք է խոշորացնենք, միավորենք գյուղական տնտեսությունները, միաժամանակ պահպանենք մարդու սեփականության իրավունքը, այլ ուղի չկա։ Իմ համոզմամբ, պետությունը պետք է մասնակցի միավորվող գյուղական տնտեսությունների համար գյուղտեխնիկայի ձեռքբերման գործին։

Հայաստանում հողի անբարեխիղճ սեփականատերեր շատ կան, ովքեր հողն ըստ նշանակության չեն օգտագործում։ Խոշոր կալվածքների տեր մարդիկ կան, ովքեր հող են գնել և չեն օգտագործում ։ Պետք է գույքագրում կատարել, որպեսզի պարզ պատկեր ունենանք, թե ով ինչքան հող է ձեռքբերել և անարդյունավետ է օգտագործում։ Ես գտնում եմ, այս հարցում մեր իշխանությունը պետք է խիստ մոտեցում դրսևորի։ Սակայն մեզ մոտ այս իրավիճակն առանձնահատկություն ունի, ինչպես ասացի, 150 հազ․ հա հող մեր հանրապետությունում ընդհանրապես չի մշակվում։ Դրանց մեծ մասը, ինչպես վերը նշեցի, կալվածատերերի սեփականությունն է կամ նրանց վարձակալած հողերն են։ Այս հարցը մանրամասնորեն պետք է քննության ենթարկվի։ Կրկնեմ միտքս՝ որպեսզի մենք կարողանանք մշակել մեր հողերը, պետք է պետության մասնակցությամբ մեծ կոոպերատիվներ ունենանք։ Պետք են նաև սպառողական միություններ լինեն, որպեսզի դասավորեն և իրացնեն պատրաստի արտադրանքը։

Ժամանակին մենք մեր կոլտնտեսություններն ու սովխոզները կազմալուծեցինք և բոլորին սեփականատեր հայտարարեցինք։ Իսկ ի՞նչ ստացանք դրանից։ Հայաստանում 339 հազ․ գյուղական տնտեսություն կա․ դրանք մասնավոր սեփականատերերն են, որ հիմա կոչվում են ֆերմերներ։ Շատ հպարտ է հնչում, բայց տխուր պատկեր ունի։ Ծերունի ամուսիններ, որոնց երեխաներն ապրում են Հայաստանի սահմաններից դուրս, ահա սրանք են մեր ֆերմերները։

Վերադառնալով սկզբում արտահայտածս մտքին ասեմ, որ մենք, իհարկե, համալիր միջոցառումներ կիրառելով, կարող ենք ավելի շատ գյուղմթերք արտահանել Ռուսաստան, թեև ամեն դեպքում, խոսքը ռուսական հսկայական շուկայի շատ փոքր հատվածի մասին է, սակայն դա էլ ինչ-որ բան է։ Հայաստանը չպետք է հիմնականում հենվի գյուղատնտեսության վրա։ ՀՆԱ 20 տոկոսը գյուղատնտեսությանն է բաժին հասնում։ Սա ավելի շատ է, քան արդյունաբերության բաժինը։ ՀՆԱ հետագա ավելացումը պետք է կատարվի առավելապես արդյունաբերության հաշվին։ Այդ դեպքում կենսամակարդակը մի քանի անգամ կբարձրանա, համապատասխանաբար նաև աշխատավարձերը և թոշակները կբարձրանան։

Ես մի քանի անգամ ասել եմ, որ պետք է զարգացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ներառյալ պղնձաձուլական գործարան կառուցվի, գործարկվի «Նաիրիտը», Վանաձորի քիմկոմբինատը և այլն։ Ի դեպ Վանաձորի քիմկոմբինատը հենց վաղն էլ կարող է աշխատել։ Սակայն չի աշխատում, քանի որ սեփականատերերը անտարբեր են։ Պետք է այդ սեփականատերերին հրավիրել և պատասխան պահանջել ստեղծված վիճակի համար։ Նրանք, իհարկե, կասեն՝ այս բանը չկա, այն բանը չկա։ Այդ դեպքում թող վաճառեն իրենց բաժնետոմսերը, իսկ պետությունը դրանք ձեռք կբերի։

Մենք կարող ենք արտադրել 40 հազ․ տոննա ամոնիակ, կարբամիտ, հանրապետության ամբողջ պահանջարկը ծածկել սելիտրայով։ Իսկ մենք այդ սելիտրան բերում ենք Վրաստանից, այն դեպքում, որ կարող ենք մենք արտադրել։ Պետությունը պետք է ստանձնի ներքին կոոպերացիայի զարգացման իրական ընթացքը։ Այդ ժամանակ մենք կիմանանք, թե Հայաստանի որ գործարանը ինչ կարող է արտադրել, որպեսզի ծածկենք մեր ներքին պահանջարկը և առանց պատճառի մեր փողերը մեր երկրից չհանենք։

15 տարվա ընթացքում մենք ձեռք ենք բերել օտարների ապրանքները 41 մլրդ դոլարով։ Արժի մտածել այս թվի մասին։ Նավթը, գազը, որ Հայաստանը ստիպված է գնել, հասկանալի է, սակայն կան բաներ, որ մենք ի վիճակի ենք արտադրել։ Այդ նույն 15 տարվա ընթացքում մենք Հայաստանից դուրս ենք բերել 14 մլրդ դոլարի ապրանք։ Բացասական հաշվեկշիռը 27 մլրդ դոլար է։ Եթե նույնիսկ այդ գումարի կեսը մնար Հայաստանում, ներդրվեր արդյունաբերության մեջ, ապա շահույթը շատ մեծ կլիներ։

Ինչ վերաբերվում է «Նաիրիտին», ապա այն կարող է աշխատել։ Այս դեպքում կրկին հիմնախնդիրը որոշումներ կայացնողների անփութությունն է։ «Նաիրիտը» քանի՞ անարդյունավետ աշխատող սեփականատեր է ունեցել։ Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին վաճառվեր «Նաիրիտը», որից հետո մենք պիտի ապավինեինք նրա բարեհաճությանը։ Փորձը ցույց է տալիս, որ մասնավոր սեփականատիրոջ բարեհաճությանը չպետք է ապավինել։

Պետությունը պետք է մասնակցի աշխատանքներին և հրավիրի մասնավորին, որպեսզի ապահովի մասնավոր սեկտոր-պետություն համագործակցությունը։ Մեր կառավարությունն արդեն ընդունել է այդպիսի մեթոդը՝ որպես իրագործելի։ Ուրեմն թող սկսի կիրառել մասնավոր սեկտոր-պետություն համագործակցությունը «Նաիրիտից»։ Եթե պետությունը միջոցներ է ներդնում, այդ դեպքում մասնավորները կներգրավվեն։ Իսկ երբ մասնավոր սեփականատիրոջն ասում են՝ գնա, ինչ ուզում ես արա, և նա տեսնում է, որ պետությունն իրեն ոչնչով չի աջակցում, ապա դրանից հազիվ թե մի բան դուրս գա։

Մենք կարող ենք ուսումնասիրել Անգլիայի փորձը․ օրինակ՝ պետությունը եթե տեսնում է, որ ձեռնարկությունը սնանկացման եզրին է, ձեռք է բերում նրա բաժնետոմսերը, անհրաժեշտ ներդրումներ է կատարում, որից հետո վաճառում է իր բաժնետոմսերը։ Մեզ մոտ այդպիսի օրինակ ես չեմ տեսնում, սակայն դա շատ կարևոր է։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: