Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները

07 Դեկտեմբերի 2015

20-րդ դարի վերջին, իսկ ավելի ճշգրիտ 1988 թվականին, Հայաստանի բնակչությունը և ամբողջ հայ ժողովուրդը երկու մեծ ցնցում ապրեցին: Դրանցից առաջինը ղարաբաղյան շարժումն էր, որը վերաճեց Արցախի ազատագրական պատերազմի և ավարտվեց հայ ժողովրդի հաղթանակով: Չնայած մարդկային և նյութական մեծ կորուստներին, այսօր Արցախն անկախ է և Մայր Հայաստանի հետ միասին նոր կյանք է կառուցում: Երկրորդը Սպիտակի երկրաշարժն էր, որն իր երկու` իրար հաջորդող հզոր ցնցումներով Հայաստանի Խորհրդային Հանրապետության մի զգալի հատվածը՝ 700 հազարից ավելի բնակչությամբ, մի քանի վայրկյանում վերածեց աղետի գոտու: Բնական աղետից մարդկային ու նյութական կորուստները շատ ավելին եղան, քան արցախյան ազատամարտի 6 տարիներին, իսկ հետևանքներն ավելի ծանր, որոնք լիովին դեռ հաղթահարված չեն, թեև 27 տարի է անցել 1988 թ. դեկտեմբերի 7-ից հետո:

1988 թվականի այս երկու մեծ ցնցումները նաև երկու մեծ արտակարգ իրավիճակներ ստեղծեցին հայ ժողովրդի համար, որոնցից դուրս գալու համար մեր նորանկախ հանրապետությունը ստիպված էր մեծ ջանքեր թափել և շարունակելու է դա անել՝ վերջնականապես հաղթահարելու համար դրանց հետևանքները: Անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը միավորի իր ջանքերը՝ լրջագույն այդ երկու խնդիրները լուծելու համար, իսկ դրա համար նա պետք է լավագույնս իրազեկված լինի դրանց մասին:

Արցախի հիմնախնդրի մասին մեր ժողովուրդը, նաև երիտասարդությունը, ինչ որ չափով տեղեկացված են, այն արդեն դպրոցական դասագրքերի նյութ է դարձել և գրեթե ամեն օր լուսաբանվում է հեռուստատեսությամբ, ռադիոյով, իսկ այժմ նաև ինտերնետի միջոցով: Նույնը չի կարելի ասել երկրաշարժի մասին։

Սպիտակի երկրաշարժի դասերը լիովին չի ընկալել մեր ժողովուրդը: Խոսքն այստեղ ոչ միայն բուն երկրաշարժի և նրա պատճառած ավերածությունների մասին է, այլև այն սխալների, որ նախորդեցին և հաջորդեցին երկրաշարժին և որոնց պատճառով աղետի գոտու վերականգնման խնդիրների լուծումը դժվար ընթացք ունեցավ:

Երկրաշարժի առաջին օրվանից՝ 1988 թ. դեկտեմբեր 7-ից սկսած մինչև 1989 թ. սեպտեմբերի 7-ը (ուղիղ 9 ամիս) աշխատելով աղետի գոտում իմ դասընկերներ, հիանալի հայեր ու լավ մասնագետներ Ա. Գրիգորյանի ու Ս. Ալիխանյանի հետ, որոնք, ցավոք, այլևս մեզ հետ չեն, մի նպատակ էինք հետապնդում, ավերումից փրկել երկրաշարժի ազդեցությունը համեմատաբար լավ տարած շեքերը: Զննումների արդյունքները եղան 100-ից ավելի եզրակացություններ, որոնք մենք գրեցինք Լենինականի, Ախուրյանի և շրջակա գյուղերի բնակելի ու հասարարական շենքերի համար: Մեզ հաջողվեց քանդելուց փրկել մի 4 տասնյակ շենք, ոչ ավելին. ավերող, քանդող ուժերը ավելի հզոր գտնվեցին և նրանք Լենինականին ու Ախուրյանին ավելի մեծ վնաս հասցրեցին, քան երկրաշարժը:

1989 թ. սեպեմբերին ես ստիպված էի երկարատև գործուղման մեկնել արտասահման: Մեկնելուց առաջ տպագրության պատրաստեցի մի ծավալուն ելույթ, որը հանրագումարն էր իմ բոլոր ելույթների՝ հանրապետական ռադիոյով, Լենինականի գլխավոր հատակագծի քննարկումների ժամանակ, ինչպես նաև մեր կատարած հետազննումների որոշ արդյունքների, որոնք ամփոփված էին մեր հաշվետվություններում: Սակայն, զանազան պատճառներով, իմ այդ ելույթն այն ժամանակ լույս չտեսավ: Այժմ հնարավորություն կա ոչ միայն տպագրելու, այլև այն տեղադրելու ինտերնետային կայքում:

Վերընթերցելով տարիներ առաջ գրածս, գտա, որ իմ ելույթը հարկավոր է լույս ընծայել այնպես, ինչպես գրել եմ այն ժամանակ, ոչինչ չփոխելով, անգամ քաղաքների անվանումները, որպեսզի ընթերցողին հասկանալի լինեն իմ այն օրերի մտավախություններն ու մտահոգությունները, որոնցից մեծ մասը, ցավոք սրտի, իրականություն դարձան: Լենինականը օտար արտասանությամբ այսօր կոչվում է Գյումրի, Կումայրու փոխարեն, Կիրովականը՝ Վանաձոր, Ղուկասյանը՝ Աշոցք, Կալինինոն՝ Տաշիր, Բոգդանովկան՝ Նինոծմինդա: Անգամ անվանափոխության հարցում լենինականցիների բախտը չբերեց և հույժ կարևոր է, որ լավ ապագայի արժանի մեր սիրելի քաղաքը ունենա հայերեն հնչողությամբ անվանում:

Ցավալի է նաև, որ Սպիտակի երկրաշարժի մասին նյութերը, որոնք սփռված են աշխարհով մեկ, մինչև այժմ հավաքված չեն ինտերնետային հայկական մի որևէ կայքում, ինչը հնարավորություն կտար մեր նոր սերնդին և հատկապես շինարարի մասնագիտություն ստացող ուսանողներին ավելի հեշտությամբ ծանոթանալ այդ նյութերին: Կարծում եմ, որ մեր համախոհների օգնությամբ այս անգամ մեզ կհաջողվի իրականացնել մեր այս վաղեմի ցանկությունը:

Վերականգնման և վերակառուցման աշխատանքները Լենինականում, Ախուրյանում ու մի շարք այլ բնակավայրերում հենց սկզբից սխալ ընթացք ստացան և ոչ մի կերպ հնարավոր չեղավ ազդել այդ վնասակար գործընթացների վրա, քանի որ խորհրդային և ապա նորանկախ Հայաստանի իշխանությունները արդյունավետ չէին գործում ի շահ մեր ժողովրդի: Հետագայում, մեր հանրապետության ղեկավարությունը նախագահ Ռ. Քոչարյանի անմիջական մասնակցությամբ ստիպված էր մեծ ջանքեր թափել այդ սխալները ուղղելու համար, բայց լիովին վերացնել դրանք չհաջողվեց և 27 տարի անց էլ աղետի գոտու վերականգնման խնդիրները լիովին լուծված չեն:

Սպիտակի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրության նախնական արդյունքների, ինչպես նաև աղետի գոտու վերականգնման աշխատանքների կազմակերպման ընթացքում թույլ տրված սխալների լուսաբանմանը նվիրված մեր այս փոքրիկ աշխատանքը մտածելու առիթ կտա բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրի և իրենց անձնական անվտանգության հանդեպ:

Եթե մարդ գտնվում է դաշտում, ապա անգամ շատ ուժեղ երկրաշարժի հետևանքը կլինի միայն վախը, ուրիշ ոչինչ: Երկրաշարժը շատ կարճ է տևում 15-25 վայրկյան, բայց քանի որ հանկարծակի է և գետինը փախչում է մարդու ոտքերի տակից, սկզբում նույնիսկ չի էլ հասկացվում, թե ինչ է տեղի ունենում, և միայն հետո է մարդ կռահում, որ տեղի է ունեցել երկրաշարժ և անմիջապես էլ մտածում է իր տան, շենքի, գյուղի կամ քաղաքի մասին: Սակայն գյուղում կամ քաղաքում պատկերն այլ է:

Փողոցում գտնվող մարդը կարող է ականատես լինել, թե ինչպես է փլվում բարձրահարկ կամ նույնիսկ ցածրահարկ շենքը, բայց և նկատում է, որ որոշ բարձրահարկ շենքերի ոչինչ չի լինում, դրանք մնում են իրենց տեղում անվնաս, նույնիսկ առանց ճաքերի, նույնը որոշ լավ կառուցված ցածրահարկ շենքերը: Շենքերում գտնվող մարդիկ այդ բոլորը չեն կարող տեսնել, նրանք խուճապահար դուրս են փախչում իրենց կացարաններից: Իհարկե, եթե վստահ լինեին իրենց շենքի ամրության վրա և մի քիչ էլ վարժված, ապա հանգիստ կմնային իրենց տեղում: Այս բոլորը տեսան և զգացին Սպիտակի, Լենինականի, Կիրովականի, Ստեփանավանի և շատ այլ բնակավայրերի բնակիչները: Եվ հարցը, որ հնչում է այն է, թե արդյո՞ք հնարավոր էր այնպես կառուցել, որ չլինեին այդ ահավոր ավերածություններն ու հսկայական մարդկային զոհերը: Պատասխանը միանշանակ է, հնարավոր էր, բայց այդպես չեղավ, և մենք ապահովագրված չենք, որ նման ողբերգություն մեզ հետ չի կրկնվի Հայաստանի մեկ այլ շրջանում: Եվ նորից հարց է առաջանում՝ եթե գիտենք ինչպես կառուցել, որ ապագա ուժեղ երկրաշարժերից շենքերը չավերվեն, ինչն է խանգարում, որ այդպես անենք: Խանգարում են մեր ազգային որոշ գծեր, մոռացկոտությունը, ծուլությունը, եսասիրությունը և էլի շատ բաներ, որ մեզ խանգարում են նորմալ ապրել մեր անկախ երկրում:

Մեր երկրում կային և հիմա էլ կան սեյսմակայուն շինարարություն կորիֆեյներ, գիտնականներ, կրթություն ստացած նախագծողների և շինարարների հսկայական բանակ, բայց չկար (և հիմա էլ երևի չկա) սեյսմակայուն շինարարության պարզագույն սկզբունքների պահպանման և կիրառման ցանկություն ու կամք (իսկ թե ինչու չկար, այլ խոսակցության նյութ է):

Մինչև 1926 թվականի Լենինականի երկրաշարժը, Հայաստանում, մասնավորապես Երևանում ու Լենինականում, շենքերը կառուցվում էին քարե պատերով, որոնցում օգտագործվում էր կրային շաղախ, իսկ ծածկերը կամ միջհարկային ծածկերը անում էին փայտից: Շենքերի ամրության հարցերը լուծում էին, հաշվի առնելով շինարարության բազմադարյան փորձը, այդ թվում նաև ավերիչ երկրաշարժերի փորձը: 1926 թվականի երկրաշարժի հետևանքները ուսումնասիրելուց հետո արվեցին ճիշտ հետևություններ, այն է, որ քարե պատերը իրենց վրա կարող են բավական լավ կրել ծածկերից և միջհարկային ծածկերից եկող ծանրությունը, բայց շատ թույլ են, երբ կա երկրաշարժի հորիզոնական ազդեցությունը, հատկապես, եթե միջհարկային ծածկերը մի միասնական ամուր վահան չեն կազմում (քանի որ առանձին գերաններից են կազմված) և ամուր չեն կապված պատերի հետ: Այդ ժամանակ էլ առաջարկվեցին միջոցառումներ, ապահովելու համար միջհարկային ծածկերի ամուր կապը պատերի հետ (սեյսմակայունության գոտիներ), մեծացնելու հենց իրենց՝ ծածկերի ամրությունը և կոշտությունը, ինչպես նաև բացվածքների (դռների և լուսամուտների) ամրությունը մեծացնելու ուղիներ: Այդ բոլոր միջոցառումները նախատեսված էին քարե պատերով շենքերի համար և 1937 թվականի Երևանի երկրաշարժը ցույց տվեց, որ դրանք ճիշտ կիրառելու դեպքում շատ են օգնում շենքերի դիմադրության բարձրացմանը երկրաշարժի դեպքում: Հետո եկավ երկաթբետոնի դարը, մի շինանյութ, որն իր էությամբ հնարավորություն էր տալիս կառուցել երկրաշարժին դիմագրավող բացարձակ դիմացկուն շենքեր: Խնդիրը շատ պարզ էր, պետք է ճիշտ օգտագործվեր նրա այդ հատկությունը: Լենինականում կային կառուցված միաձույլ երկաթբետոնից միջհարկային ծածկերով ու սյուներով շենքեր (օրինակ՝ կահույքի մի արտադրամաս), որը բոլորովին չէր տուժել երկրաշարժից: Սակայն 50-ական թվականներից հետո կուսակցական հրահանգով սկսեցին իրականացվել հավաքովի երկաթբետոնից շենքեր (թղթե տնակներ), խախտելով երկաթբետոնի բնական առավելությունը, որով կարելի էր կառուցել երկրաշարժերին դիմագրավող, իսկապես բացարձակ ամուր շենքեր:

Որպես հարավային հանրապետություն մեզ բոլորովին պետք չէին հսկայական էներգիա կլանող հավաքովի երկաթբետոնի գործարանները, շենքերը պետք է շարունակեին կառուցել միաձույլ երկաթբետոնից և կատարելագործվեին դրանց օգտագործման ձևերը: Դրա փոխարեն մեր նախագծողներն ու ինժեներները մեծ ոգևորությամբ (կուսակցական ցուցումով) սկսեցին հնարել հավաքովի շենքերի նորանոր ձևեր և լուծումներ, ավելի ու ավելի հեռանալով միաձույլ երկաթբետոնի էությունից և ընձեռած առավելություններից: Արդյունքում մենք ունեցանք հավաքովի երկաթբետոնից այնպիսի անհեթեթ կառուցվածքի բնակելի շենքեր (111 սերիայի), որոնք ուղղակի փլվեցին թղթե տնակների նման Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

Այն շենքերը, որոնցում շատ չէին խախտվել միաձույլ երկաթբետոնի էությունը (խոշորապանել 1А-451 КП սերիայի), դիմացան երկրաշարժին: Մյուս շենքերի վարքը նույնպես կախված էր նրանից, թե ինչ չափով էր խախտված երկաթբետոնի միաձուլության սկզբունքը: Մոռացության էին տրվել քարե պատերով շենքերի դիմադրությունը մեծացնող միջոցառումները՝ սեյսմակայունության գոտիները կամ դրանք իրականացվել էին խախտումներով: Վերջին հաշվով չէր գործում կամ չկար ազգի անվտանգության գաղափարը, որը չէր գործել կամ չէր եղել նախկինում էլ, ուրիշ պարագաների դեպքում: Այդ թղթե տնակներից շատ են կառուցվել հանրապետության տարբեր քաղաքներում, մասնավորապես Երևանում: Ստացվում է, որ մեր ժողովրդի բախտը նորից բնության (թե՞ աստծո) ձեռքին է, իսկ ինչպես հայտնի է նա այնքան էլ բարեհաճ չէ մեր նկատմամբ: Տնտեսական դժվարությունների պայմաններում, բնական է, ծրագրեր կազմել այդ շենքերի ուժեղացման վերաբերյալ հնարավոր չէ, մեծ փողեր են պետք, բայց չպետք է մոռանալ նաև երկրաշարժի վտանգի մասին: Գոնե պետք է հետևել, որ շենքերին լրացուցիչ վնասներ չհասցվեն, իսկ նոր կառուցվող շենքերում ձգտել թույլ չտալ անցյալում կատարված սխալները: Ահա այս նպատակով է, որ որոշեցի լույս ընծայել տարիներ առաջ գրած իմ այս փոքրիկ աշխատանքը, որը թեև գիտական չէ և գրված է երկրաշարժի հետևանքների ուսումնասիրության սկզբնական տպավորության տակ, կարող է օգտակար լինել շատերի և հատկապես շինարարական մասնագիտություն ստացող ուսանողների համար:

Հիշեցնենք, որ Սպիտակի երկրաշարժի գլխավոր ցնցումը տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41 րոպեին, որին 4 րոպե անց հետևեց երկրորդ հզոր ցնցումը, որը իր ուժգնությամբ քիչ էր տարբերվում գլխավոր ցնցումից: Ըստ Ռիխտերի սանդղակի, գլխավոր ցնցումի ուժգնությունը կազմել էր 6,8 մագնիտուդ, իսկ երկրորդինը՝ 5,9: Այս երկու հզոր ցնցումներին հաջորդեցին հարյուրավոր հետցնցումներ՝ աֆտերշոկեր, իսկ երկրաշարժի հաջորդ օրն իսկ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 6-ին տեղի էին ունեցել երկու ֆորշոկեր, որոնց մասին հաղորդում չէր եղել:

Հետագայում Սպիտակի երկրաշարժը մանրամասն ուսումնասիրեցին խորհրդային և օտարերկրյա մասնագետները:

Չինաստանում և մի շարք այլ երկրներում, որտեղ ուժեղ երկրաշարժեր են լինում, կան դասընթացներ, որոնց նպատակն է բնակչությանը տալ տարրական գիտելիքներ երկրաշարժերի մասին:

Հայ ժողովուրդը, որի դառը ճակատագրի անկապտելի մաս են կազմել երկրաշարժերը և որին գուցե այդ գիտելիքները շատ ավելի են պետք, քան չինացիներին, այսօր զուրկ է այդ գիտելիքներից: Բայց անհերքելի է, որ երկրաշարժից պաշտպանվելու խնդիրը, հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո, հայ ժողովրդի գոյապահպանման համազգային ծրագրի բաղկացուցիչ մասը պետք է կազմի, ինչպես լեզվի կամ ազգային մշակույթի պահպանման խնդիրը: Այդ պատճառով էլ երկրաշարժերի և նրանցից պաշպանվելու մասին գիտելիքների տարածումը ժողովրդական լայն զանգվածների մեջ առաջնահերթ խնդիր պետք է դառնա զանգվածային ինֆորմացիայի միջոցների և «գիտելիք» ընկերության համար:

Ի՞նչ ցույց տվեց 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը

Մեր պատմիչները գրում են, որ ոչ թուրք–սելջուկների ավերածությունները և ոչ էլ երկրաշարժը կործանեցին հոյակապ քաղաք Անին, այլ բարքերի անկումը: Աղաների տղաները եկեղեցի ձիով էին մտնում: Եվ ակամայից ուզում ես հարցնել, թե արդյո՞ք պատմությունը չի կրկնվում մեր օրերում:

Հիմա հաճախ կարելի է լսել դատողություններ այն մասին, որ շենքերի զանգվածային փլուզումները Լենինական, Սպիտակ, Կիրովական և այլ քաղաքներում և որպես հետևանք մարդկային հսկայաքանակ զոհերը տեղի ունեցան, քանի որ Սպիտակի երկրաշարժը եղել է չտեսնված ուժի: Իհարկե, մեղավոր են նաև շինարարները, որոնք կառուցել են անորակ: Թվում է, ուրիշ մեղավորներ կարելի է չփնտրել: Բայց արդյո՞ք դա այդպես է: Դրա համար պետք է իմանալ մի շարք հարցերի պատասխանները, որպեսզի լավ հասկանալ տեղի ունեցածի էությունը, ապագայում նման ողբերգություններից խուսափելու համար:

Առաջին հարց. հնարավոր էր արդյո՞ք կանխագուշակել Սպիտակի երկրաշարժը: Շատերը պնդում են, քանի որ ներկայումս գիտությունը դեռ ի վիճակի չէ դրական պատասխան տալ այդ հարցին, հետևաբար հնարավոր չէր: Իսկ դա նշանակո՞ւմ է արդյոք, որ կանխագուշակման հարցերով չպետք է զբաղվել: Հայտնի են մի շարք հաջող կանխագուշակումներ, օրինակ՝ 1975 թ. Չինաստանի երկրաշարժը, երբ մի ամբողջ տարի երկրաշարժի զարգացմանը հետևելուց հետո, մեկ ամիս առաջ պարզ էր դրա էպիկենտրոնի տեղը, ուժգնությունը և առաջանալու մոտավոր ժամանակը: Իսկ 8 ժամ առաջ ճշտելով նաև առաջացման ժամանակը, չինացի մասնագետները համոզվեցին, որ բնակչությանը պետք է էվակուացնել: Քանի որ երկրաշարժը լինելու էր երեկոյան, զբոսայգիներում անվճար կինոցուցադրումների միջոցով բնակիչներին դուրս հրավիրեցին տներից: Կատաստրոֆիկ երկրաշարժը մեծ ավերածություններ պատճառեց, բայց մարդկային զոհեր համարյա չեղան: Չնայած, նույն այդ Չինաստանում, հաջորդ՝ 1976 թ. տեղի ունեցավ մի կործանարար երկրաշարժ, որի կանխագուշակմամբ նույնպես զբաղվել էին, բայց չէին կարողացել ճիշտ որոշել առաջանալու ժամանակը, որի հետևանքով 500 հազարից ավելի մարդ զոհվեց: Այս օրինակն էլ, այնուամենայնիվ, ցույց է տալիս, որ կանխագուշակման հարցերով պետք է զբաղվել: Դեռ 10-15 տարի առաջ մեր երկրում նույնպես միջոցներ բաց թողնվեցին այդ նպատակի համար, մի շարք ինստիտուտներում, ինչպես օրինակ՝ Լենինականի գիոֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտում ստեղծվեցին կանխագուշակման լաբորատորիաներ: Օգտագործվում են մի շարք մեթոդներ, երկարաժամկետ կանխագուշակման համար՝ երկրի մակերեսի դեֆորմացիաների գեոդեզիական չափումների միջոցով, միջին և կարճաժամկետ կանխագուշակումների համար՝ երկայնական և լայնական սեյսմիկ ալիքների արագությունների հարաբերության փոփոխության միջոցով, գրունտային ջրերի մակարդակի, ջերմության և քիմիական կազմի փոփոխության միջոցով և այլն:

Բայց մեր մասնագետները, որոնք այդ պրոբլեմի լուծմամբ են զբաղված, ամեն ի՞նչ են արել, որ կանխագուշակեին Սպիտակի երկրաշարժը: Այսօր արդեն պարզվում է, որ այդ երկրաշարժի կանխագուշակմամբ ոչ ոք չի զբաղվել, չնայած նախանշաններ եղել են և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ կանխագուշակումների համար, բայց ոչ ոք դրանց ուշադրություն չի դարձրել: Նույնիսկ ավելին, սեյսմոլոգների քարտեզի վրա Սպիտակի շրջանը նշված է որպես «հանգիստ գոտի», պարզ է, որ հավատալով այդ կախարդական բառակապակցությանը հազիվ թե որևե մեկը զբաղվեր այդ էպիկենտրոնով: Ճիշտ է, այժմ ամոթխած փորձեր են արվում, ցույց տալու համար, որ կանխագուշակման փորձեր այնուամենայնիվ արվել են, բայց դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ, համենայնդեպս, ժողովրդին փրկելու համար ոչինչ չի արվել: Նույնիսկ դեկտեմբերի 6-ի երկու ֆորշոկերի մասին ժամը 19.30-ին և 22-ին հաղորդում չեղավ, չնայած դրանք բավականաչափ ուժեղ էին եղել: Իսկ երկրաշարժից մի քանի օր առաջ հաղորդումն այն մասին, որ Թուրքիայի տարածքում թունավոր կարիճները միգրացիա են անում, ընդհանրապես անուշադրության էր մատնվել: Սակայն մեր կարծիքն այն է, որ Սպիտակի երկրաշարժն, այնուամենայնիվ, կանխագուշակված է եղել, միայն թե ոչ մեր բարեկամների կողմից: Դա ցույց է տալիս քաղաքական անցուդարձը, որը նախորդեց երկրաշարժին ընդհուպ դեկտեմբերի 6-ը:

Երկրորդ հարց. արդյոք ճիշտ է կազմված եղել Հայկական ՍՍՀ-ի տարածքի սեյսմիկ շրջանացման քարտեզը: Այսօր արդեն պարզ է, որ ո՛չ: Եվ այստեղ մեղքը ոչ միայն սեյսմոլոգներինն է, որոնք անմիջականորեն զբաղվել են այդ հարցի լուծմամբ, այլ նաև երկրաբաններինը, գիոֆիզիկոսներինը և այլն: Զրույցներից նրանց հետ պարզվեց, որ նրանք քիչ են զբաղվել երկրաբանական խզվածքների ուսումնասիրությամբ, այդ հարցում այսօր էլ պարզություն չկա: Քիչ է ուսումնասիրված հանրապետության տարածքի սեյսմոտեկտոնիկան, պատկերացումներ չկան նախկինում տեղի ունեցած երկրաշարժերի առաջացման մեխանիզմների մասին և այլն: Հայտնի է, որ հայ պատմիչները թողել են մի շարք երկրաշարժերի մանրամասն նկարագրություններ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարածքում:

Թվում է, որ այդ տվյալների օգտագործումը սեյսմոլոգներին հնարավորություն կտար Հայաստանի տարածքի համար ավելի ճշգրիտ սեյսմիկ շրջանցման քարտեզ կազմել, քան այն տեղերի համար, որտեղ այդպիսի տվյալները բացակայում են: Հատկապես, որ որոշ գիտնականներ տագնապով նախազգուշացնում էին այդ մասին: Ահա թե տառացիորեն ինչ է գրում Ա.Ա. Նիկոնովը դեռ 1984 թ. իր «Երկրաշարժեր» գրքում. «Անդրկովկասի մի շարք շրջանների համար ընդունված է 8 բալ, թեև այդ տեղերում նախկինում եղել են 9 բալ ուժգնությամբ երկրաշարժեր: Գտնվել են ուղղակի վկայություններ հայերեն լեզվով, կատարվել են քանակական գնահատումներ, ուսումնասիրվում են պատմա-ճարտարապետական նյութերը: Միայն թե, եթե մենք չենք ուշացել հարցը փակել՝ բնությունը կարող է մեզ դաժանորեն պատժել»:

Իսկ իրականում ամեն ինչ հակառակն է եղել: 1940 թ. սեյսմիկ շրջանցման քարտեզի վրա Լենինականը, Սպիտակը, Կիրովականը ինչպես նաև Քաջարանը և Ղափանը համարվել են 8 բալանոց շրջաններ: Հաշվի առնելով 1931 թ. Զանգեզուրի երկրաշարժը, այնտեղ նույնիսկ երկու շրջան համարվել են 9 բալանոց: Ընդհակառակը, Վայոց ձորի, Սիսիանի, Դվինի շրջանները, որոնք հայտնի են նախկինում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերով, մտցվել են 6 բալանոց գոտու մեջ: Հետո եղել են Հայկական ԽՍՀ-ի տարածքի շրջանացման քարտեզի երկրորդ և երրորդ տարբերակները 1951 և 1957 թթ., որոնցում կատարվել են ճշգրտումներ, բայց, չգիտես ինչու, Զանգեզուրի շատ շրջանների վերագրվել է 7 բալանոց գոտի: Ընդ որում, հաշվի չեն առնվել, կամ ուղղակի մոռացվել են 1931 թ. Զանգեզուրի ավերիչ երկրաշարժի հետևանքները:

1967 թ. կազմվել է սեյսմիկ շրջանցման քարտեզի չորրորդ տարբերակը, որտեղ Հայկական ԽՍՀ-ի տարածքը հիմնականում մտցվել է 8 բալանոց գոտու մեջ, իսկ Զանգեզուրի շրջանը, հիշելով 1931թ. երկրաշարժը, լրիվ դարձվել է 8 բալանոց: Արդեն հաջորդ, 1968 թ. Զանգեզուրում տեղի ունեցավ 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը հաստատեց ուշացումով կատարված ուղղման ճշտությունը: Ի դեպ, այն ժամանակ արդեն կային նախանշաններ, որ Սպիտակի շրջանում ձևավորվում է երկրաշարժ, 1967 թ.գրանցվել են ցնցումներ, բայց սեյսմիկ շրջանացման քարտեզի նոր տարբերակում, որի վրա աշխատանքները սկսվել էին 1973 թ. սկսած, այդ հանգամանքը հաշվի չառնվեց, չնայած 1975 և 1978 թթ. Սպիտակում տեղի էին ունեցել բավական մեծ ուժի երկրաշարժեր:

Ընդհակառակը, 1978 թ. սեյսմիկ շրջանացման քարտեզի վրա Սպիտակ և Կիրովական քաղաքները, ինչպես նաև Ստեփանավանը, Ապարանը, Կալինինոն և Սևանը, չգիտես թե ինչու, դարձվեցին 7 բալանոց, այսինքն՝ մեկ բալով իջեցվեցին, որը նշանակում է հնարավոր մեծագույն ուժի երկրաշարժի ուժգնությունը այդ շրջանների համար փոքրացվեց երկու անգամ: Այսպիսի «վայ ճշգրտումը», որը կատարվել էր առանց եղած սեյսմոլոգիական, երկրաբանա-գեոֆիզիկական տվյալների խորը գիտական վերլուծության, իհարկե, ոչ մի լավ բան չէր կարող խոստանալ:

Շատերը այս հարցում մեղավոր են ճանաչում միութենական մինիստրություններին, որոնք շահագրգռված են եղել բալի իջեցման մեջ, շինարարությունը էժանացնելու նպատակով: Բայց արդյո՞ք մինիստրություններն են որոշում ժողովրդի բախտը, իսկ ինչի՞ համար են գիտական և նախագծային հիմնարկությունները, կուսակցական և խորհրդային մարմինները, վերջապես հանրապետության ղեկավարությունը:

Հաճախ անճշտություններ են թույլ տրվել նաև քաղաքների սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզները կազմելիս: Որպես օրինակ կարելի է նշել Լենինականի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը: Վաղուց նկատվել էր, որ որտեղ էլ գտնվելիս է եղել երկրաշարժի էպիկենտրոնը, նրա ուժգնությունը Լենինականի տարածքում ավելի մեծ է եղել, քան ուրիշ տեղերում: Տրամանաբանական էր ենթադրել, որ դա կապված է գրունտային պայմանների հետ, բայց այդպիսի եզրակացության համար բացակայում էին երկրաբանական և հիդրոերկրաբանական տվյալներ: Ի դեպ, ամերիկացի սեյսմոլոգներն այդ երևույթը անմիջապես նկատել էին 1988 թ. դեկտեմբերի 31-ի աֆտերշոկի գրանցումների հիման վրա, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակի և Կիրովականի միջև: Լենինականում գետնի ցնցումները ավելի մեծ ուժգնությամբ էին եղել, քան կարելի էր սպասել:

Այդ երևույթի բացատրությունը կապված է այն բանի հետ, որ Լենինականի տարածքի տակ 200-300 մ խորությամբ լճային նստվածքներ են: Վերևից այն տեղ-տեղ ծածկված է տուֆի բարակ 2-7մ հաստության շերտով, որը երկրաշարժի ժամանակ մի տեսակ թրթռահարթակի դեր է կատարում և նույնիսկ ուժեղացնում է նրա ազդեցությունը: Ընդ որում երկրաշարժի ուժեղացման երևույթը պայմանավորված է այդ ամբողջ շերտի հատկություններով և ոչ թե միայն վերևի բարակ շերտի կազմությամբ: Սակայն քաղաքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը կազմելիս, որի վրա աշխատանքները սկսել էին 1973 թ. և ավարտվել 1980 թ., այս հանգամանքը հաշվի չէր առնվել: Քաղաքի որոշ տեղամասերում, որտեղ հիմնատակերը եղել են տուֆեր, գրունտները ըստ սեյսմիկ հատկությունների համարվել են 1-ին կարգի և սեյսմայնությունը 1 բալով իջեցվել է, որը, ինչպես տեսանք, չէր կարելի անել: Եվ ստացվել էր այնպես, որ նույն քաղաքի տարածքում առանձնացվել էին 7, 8 և 9 բալանոց գոտիներ (նկ.1)ընդունելով, որ նույն 8 բալանոց երկրաշարժի դեպքում 9 բալանոց գոտում երկրաշարժի ուժը 4 անգամ ավելի մեծ պետք է լինի, քան 7 բալանոց գոտում, որը հաճախ գտնվում էր 9 բալանոցի հարևանությամբ: Իհարկե, սա անհեթեթություն է, և նորմաների պահանջը, համաձայն որի կատարվել է այդ ուղղումը, կարիք ունի ճշգրտման, քանի որ զերծ չէ թերություններից: Բացի այդ, քաղաքի միջին մասում վերջին 2 տասնամյակի ընթացքում գրունտային ջրերի մակարդակը բավականին բարձրացել է: Սակայն այդ տեղերում կառուցվել են պատասխանատու շենքեր, ինչպես օրինակ ունիվերմագի շենքը, որը ոչ մի դեպքում, նույնպես, չէր կարելի անել: Երկրաշարժից հետո Լենինականի սեյսմիկ միկրոշրջանացման նոր քարտեզը կազմելիս թույլ է տրվում նույն սխալը, բալայնության ճշտումը կատարվում է գրունտների վերին 10-15մ խորությամբ շերտերի ուսումնասիրության միջոցով: Բայց, ինչպես նշվեց, առավել կարևոր է իմանալ, թե երկրաշարժի ժամանակ ինչպես են իրենց պահում 200-300 մ խորություն ունեցող նստվածքային շերտերը և ինչպես են տատանումները սեյսմիկ ալիքների միջոցով ժայռից հաղորդվում շենքերին: Ճիշտ է բալայնությունը քաղաքի ոչ մի տեղամասի համար չի իջեցվում, բայց և առանձին տեղամասերին 10 բալ վերագրելը հիմնավորված չէ և չի կարող հիմք ծառայել ինչպես հաշվարկային բալի ընտրության համար, այնպես էլ լավ պահպանված շենքերի քանդելու հարցի լուծման համար, հակառակ դեպքում Լենինականի հյուսիս-արևմտյան մասում նոր թաղամասեր չի կարելի կառուցել, ինչը, ցավոք սրտի, արդեն արվում է։

Երրորդ հարց. իրականում ի՞նչ ուժի է եղել Սպիտակի երկրաշարժը: Իհարկե, երկրաշարժի ուժը էպիկենտրոում և դրանից հեռու տարբեր է և կախված է շատ գործոններից: Երկրաշարժի ուժը տվյալ տեղում ճիշտ կարելի է որոշել, եթե կան գործիքային գրանցումներ: Ցավոք, Սպիտակի երկրաշարժի ժամանակ գրանցումներ քիչ են արվել (որակով է միայն Ղուկասյանի սեյսմիկ կայանի գրանցումը, որը էպիկենտրոնից հեռու է գտնվել), այդ պատճառով էլ սկզբնական շրջանում նրա ուժի մասին տարբեր կարծիքներ կային: Սակայն այդ հարցին ի վերջո օբ յեկտիվ պատասխան կտրվի, քանի որ այդ աշխատանքին, բացի մեր մասնագետներից, մասնակցում են նաև ամերիկյան, ֆրանսիական և մի շարք այլ երկրների սեյսմոլոգներ: Դրա համար անրաժեշտ է խորապես ուսումնասիրել երկրաշարժի առաջացման մեխանիզմը, օջախի խորությունը, սեյսմիկ ալիքների տարածման օրինաչափությունները և այլն: Սակայն երկրաշարժի ուժի մասին կարելի է դատել նաև նրա հետևանքների ինժեներական վերլուծության և մարդկանց սուբեկտիվ զգացողության միջոցով: Այդ նպատակով օգտագործում են 12 բալանոց սեյսմիկ սանդղակ, որի 1 բալի փոփոխությունը նշանակում է երկրաշարժի ուժի փոփոխություն 2 անգամ: Համաձայն այդ սանդղակի, երկրաշարժի ուժը՝ արտահայտված բալերով, կարելի է որոշել այն շենքերի քանդվածքների միջոցով, որոնք կառուցվել են առանց հակասեյսմիկ միջոցառումների իրականացման, այսինքն առանց երկրաշարժի ազդեցության հաշվառման: Մեր հանրապետությունում այդպիսին են համարվում սեփական տները և 30-40-ական թվերից առաջ կառուցված շենքերը: Ինչպես հայտնի է, այդպիսի տները մեծ չափով վնասվել կամ քանդվել են էպիկենտրոնային մասում՝ Սպիտակում և մոտակա գյուղերում, որտեղ երկրաշարժի ուժը գերազանցել է 9 բալից: Լենինականում այդ տիպի շենքեր, որոնք ավելի ամուր են կառուցված, համարյա չեն տուժել, որը ցույց է տալիս, որ երկրաշարժի ուժը այնտեղ եղել է 8-9 բալ, այսինքն հաշվարկային բալը գերազանցվել է միայն այն տեղամասերի համար, որտեղ բալը իջեցված է եղել մեկով: Սակայն ժամանակակից բազմահարկ բնակելի շենքերի, արդյունաբերական և քաղաքացիական կառույցների զանգվածային փլուզումները չեն կարող պատկերացում տալ երկրաշարժի ուժի մասին: Ավելի շուտ դրանք ցույց են տալիս այն սխալները, որոնք թույլ են տրվել հաշվարկային բալի ընտրության մեջ, շենքերի հատակագծային-կոնստրուկտիվ լուծումների մեջ, նախագծման և շինարարության մեջ: Այստեղից էլ հետևում է.

Չորրորդ հարցը. արդյո՞ք պահպանվել են սեյսմակայուն շինարարության հիմնական դրույթները: Արդեն կան շատ նախագծերի որակի վերաբերյալ փորձագետների եզրակացությունները, որոնցում, առանց խոր վերլուծության, հիմնականում նշվում են նախագծերում թույլ տրված շեղումները նորմաների պահանջներից: Բայց առավել կարևոր է պարզել, թե արդյո՞ք պահպանված են սեյսմակայուն շինարարության հիմնական դրույթները և ի՞նչ չափով: Այս իմաստով մեր հանրապետությունում ընդունված զանգվածային շինարարության մի շարք դրույթներ իրենց չարդարացրին: Դրանցից առաջինը 50-ական թվերի վերջին զանգվածային անցումն էր հավաքովի շինարարությունը: 30 տարուց ավելի է մեր շենքերը կառուցվում են հավաքովի կոնստրուկցիաներից, բայց մինչ այժմ էլ չեն գտնված դրանց միացման հանգույցների իրականացման եղանակները, որոնք թույլ կտային ապահովելու հանգույցի ավելի մեծ ամրություն, քան դրան հարող որևէ հատվածքի ամրությունն է: Առավելապես դա վերաբերվում է հավաքովի կարկասային շենքերին: Ընդհանրապես կարկասային շենքերով հրապուրվելը, ինչպես ցույց տվեց երկրաշարժի փորձը, մեծ սխալ էր: Բանը նրանում է, որ կարկասային շենքերի սեյսմակայունության վերաբերյալ մեր պատկերացումները հիմնվում են սեյսմակայուն շինարարության արտասահմանյան փորձի վրա: Բայց մեծ տարբերություն կա կարկասային շենքերի կառուցման արտասահմանյան փորձի և մեր փորձի միջև: Նրանք կառուցում են միաձույլ երկաթբետոնից, հաճախ կոշտ ամրանով, երբ կարկասը հավաքվում է մետաղական պրոֆիլներից և հետո բետոնացվում է, իսկ մեր երկրում հիմնականում կառուցում են հավաքովի երկաթբետոնե էլեմենտներից, որոնք ամրանավորված են ճկուն երկայնական ամրանով: Ընդ որում, հաճախ չի պահպանվում նաև այն կարևոր պահանջը, որ միացման հանգույցները պետք է իրականացնել այն տեղերում, որտեղ ծռող պահերն ամենափոքրն են: Որպես հարավային հանրապետություն մենք չպետք է հրաժարվեինք միաձույլ երկաթբետոնից: Երկրաշարժից ավերված քաղաքների վերականգման համար անհրաժեշտ է կառուցել տներ միաձույլ երկաթբետոնից, սակայն համապատասխան տեխնոլոգիա մշակված չկա, որը կարող է արգելակել շինարարության տեմպերը երկրաշարժից տուժած շրջաններում:

Երկրորդ. չի կարելի սեյսմիկ շրջանների համար նախագծել այնպիսի շենքեր, որոնց սեյսմակայունությունը կախված է միայն մի էլեմենտի ամրությունից, ինչպես օրինակ, շրջանակային սխեմայի կարկասային շենքերի կայունությունը կախված է սյուների ամրությունից, բարձրացվող միջհարկային ծածկերով շենքերինը՝ միջուկի ամրությունից և այլն: Պետք է նախագծել այնպիսի շենքեր, որոնց կրող էլեմենտները մի քանիսն են և դրանք հուսալիորեն կապված են միմյանց հետ, ինչպես օրինակ խոշորապանել և քարե պատերով շենքերը, նման շենքերում մի էլեմենտի շարքից դուրս գալը դեռ չի նշանակում շենքի փլուզում, քանի որ սեյսմիկ ազդեցությունը իրենց վրա են վերցնում մյուս էլեմենտները: Ահա թե ինչու, առաջին տիպի շենքերը երկրաշարժից լրիվ ավերվեցին, իսկ երկրորդ տիպի շենքերը մնացին կանգուն: Ի դեպ, դեռ 15 տարի առաջ մեր հետազոտություններից անսպասելիորեն պարզ դարձավ, որ կարկասային շենքերը սեյսմակայուն չեն: Բանը նրանում է, որ մեր երկրում սեյսմիկ շրջաններում կառուցվող կարկասային շենքերի կոնստրուկտիվ լուծումները, կրող կոնստրուկցիաների, հատկապես սյուների հատվածքների չափերը, համարյա չեն տարբերվում ոչ սեյսմիկ շրջաններում կառուցվող շենքերի կոնստրուկտիվ լուծումներից և չափերից: Սակայն գոյություն ունի նորմաների պահանջ, համաձայն որի հաշվարկային ուժի երկրաշարժի դեպքում կրող կոնստրուկցիաները (սյուները) պետք է ենթարկվեն պլաստիկ դեֆորմացիաների: Այդ դեպքում շենքերի վրա ազդող հորիզոնական սեյսմիկ ուժերը փոքր կլինեն: Բայց եթե շրջանակային սխեմայի կարկասային շենքերի սյուների հատվածի չափերը հարկայնության մեծացման հետ չեն մեծացվում, ապա դրանք պլաստիկ չեն կարող դեֆորմացվել: Օրինակ, եթե սյան հատվածքի չափերը չեն գերազանցում 40×40 սմ, ապա արդեն 5 հարկի դեպքում առաջին հարկի սյուները այնքան լարված են, որ չնչին հորիզոնական ուժի ազդեցությունից դրանք կարող են փխրուն կոտրվել: Այդ դեպքում որոշ դեր կարող է ունենալ նաև սեյսմիկ ազդեցության ուղղաձիգ բաղադրիչը, որը գործող նորմաներով հաշվի չի առնվում: Հետևաբար, կարկասային շենքերի սեյսմակայունության ապահովման առաջին պայմանը այն է, որ հարկայնության մեծացման հետ ցածր հարկերի սյուների հատվածքի չափերը մեծացվեն, որը ցավոք մեզ մոտ չի արվում: Օրինակ, ճապոնիայում 10 հարկանի շենքի առաջին հարկի սյուների հատվածքի չափը 80×80սմ է, որը կրկնակի անգամ գերազանցում է մեզ մոտ կառուցվող նույն հարկայնության շենքերի սյուների հատվածքի չափերից: Իսկ եթե սյուների հատվածքի չափերը չեն մեծացվում, ուրեմն որևէ միջոցով պետք է սահմանափակել դրանց հորիզոնական տեղափոխությունը: Դա արվում է կապերի կամ կոշտության դիաֆրագմաների միջոցով: Արդեն հինգ հարկանի կարկասային շենքերը պետք է ունենան կոշտության դիաֆրագմաներ: Մեր շինարարական պրակտիկայում ընդունված է եղել կոշտության դիաֆրագմաներ դնել 9 և ավելի հարկայնության շենքերի դեպքում, և այն էլ ոչ միշտ: Սակայն ինչպես ցույց տվեց երկրաշարժի փորձը, հավաքովի դիաֆրագմաները հաճախ չեն կատարում իրենց դերը, քանի որ դրանց միացումները սյուների հետ եռակցումով է, իսկ դիաֆրագմայի և սյան միջև եղած բացակը չի բետոնացվում: Այսինքն, տեղի է ունենում սյուների հորիզոնական տեղափոխություն, որի հետևանքով դրանք փխրում քայքայվում են։

Երրորդ. նախագծերում չի կարելի մշակել միացման հանգույցների այնպիսի կոնստրուկցիա, որը նախագծողին հայտնի պատճառներով տեղում չի կատարվելու: Օրինակ, հայտնի պահանջ է, որ սեյսմակայուն շենքերի միջհարկային ծածկերը պետք է իրենցից ներկայացնեն կոշտ վահաններ: Դրա համար անհրաժեշտ է ապահովել անցքավոր սալերի հուսալի միաձուլում ինչպես միմjանց, այնպես էլ հեծանների հետ, որոնց վրա դրանք հենվում են: Հաճախ նախագծում այդ պահանջը իրականացվում է, բայց շինարարությունում՝ ոչ, և այդ մասին քաջ հայտնի է նախագծողին: Սա բաձարձակապես անթույլատրելի է, եթե չասենք հանցագործություն: Ընդ որում հարկ է նշել, որ շենքերի սեյսմակայունությունը, հատկապես քարե շենքերինը, առաջին հերթին կախված է նրանից, թե ինչ չափով է ապահովված միջհարկային ծածկերի միաձուլությունը: Շատ են դեպքերը, երբ շենքերի պատերի ամրությունը փոքր է եղել, բայց երկրաշարժից չեն վնասվել, քանի որ միջհարկային ծածկերը եղել են միաձույլ երկաթբետոնից, կամ ապահովված է եղել դրանց միաձուլությունը: Եվ ընդհակառակը, պատերի ամրությունը մեծ է եղել, բայց շենքը փլվել է, քանի որ արված չեն եղել հակասեյսմիկ գոտիները, կամ սխալ են արված եղել: Ցավոք, այդպիսի օրինակներ շատ կան Լենինականում, որտեղ շինարարության շատ ղեկավարներ և անգամ մասնագետներ լավ չեն պատկերացնում հակասեյսմիկ գոտիների իմաստը:

Չնայած հակասեյսմիկ գոտիների գաղափարը հայ շինարարները օգտագործել են վաղուց, բայց երբ 1926 թ. երկրաշարժից հետո Կ. Ս. Զավրիևը Լենինականի վերականգնման իր նախագիծը ներկայացրեց, իր բացատրագրում նա երկու կարևոր առաջարկ արեց: Առաջինը, դա շենքերի սեյսմիկ հաշվարկի դինամիկական մեթոդն էր: Մինչ այդ մեզ մոտ, փաստորեն, շենքերի հաշվարկ սեյսմիկ ազդեցությունների դեպքում չէր կատարվում: Եվ երկրորդ, որ հակասեյսմիկ գոտիները պետք է անել միաձույլ երկաթբետոնից, հատկապես, եթե միջհարկային ծածկերը իրականացվելու են հավաքովի էլեմենտներից: Այդ առաջարկության իմաստն այն է, որ հակասեյսմիկ գոտին, գրկելով միջհարկային ծածկի պանելներին, ստեղծում է հորիզոնական կոշտ վահան, որը հորիզոնական սեյսմիկ ուժերի ազդեցությունը համաչափ է բաշխում ուղղաձիգ կրող կոնստրուկցիաների՝ պատերի և սյուների վրա: Այս դեպքում դրանց մեջ առաջանում են փոքր ճիգեր: Այդ պատճառով էլ միաձույլ երկաթբետոնից հակասեյսմիկ գոտին պետք է իրականացնել միջհարկային ծածկի մակարդակում, ծածկի պանելների դիմաց: Սկզբնական շրջանում դա այդպես էլ արվել է: Ինչպես հայտնի է, 1937թ. երկրաշարժի ժամանակ Երևանում այդ եղանակով կառուցված շենքերը լավ են դիմացել երկրաշարժին: Սպիտակի երկրաշարժի ժամանակ նույնպես, շենքերը, որոնցում հակասեյսմիկ գոտիները ճիշտ են արվել, լավ են տարել երկրաշարժի ազդեցությունը: Բայց շատ շենքեր, հատկապես Լենինականում, կառուցվել են առանց հակասեյսմիկ գոտիների, կամ այսպես կոչված գոտի-բարավորների ձևով, որոնք արվել են միջհարկային ծածկերի հենման տեղերում՝ դրանց տակ: Բնական է, դրանք հակասեյսմիկ գոտու դեր տանել չէին կարող և այդ ձևով կառուցված շենքերը երկրաշարժից շատ են վնասվել և նույնիսկ փլվել են:

Չորրորդ. դա սեյսմիկ գոտում, քաղաքների կառուցման ոչ ճիշտ մոտեցումն է: Ինչպես հայտնի է, այնպիսի երկրներում ինչպիսին ԱՄՆ-ը և Ճապոնիան են, բնակելի տները կառուցվում են ցածրահարկ, իսկ բազմահարկ կառուցում են վարչական շենքերը, հյուրանոցները և այլն: Մեր հանրապետությունում, ընդհակառակը, ցածրահարկ կառուցում են վարչական շենքերը, իսկ բնակելի տները և նույնիսկ հիվանդանոցները կառուցում են բարձրահարկ: Բացի այդ, նշված երկրների շինարարական նորմաները ավելի խիստ պահանջներ են ներկայացնում հիվանդանոցների, դպրոցների նախագծմանը, իսկ մեզ մոտ հաճախ չեն պահպանվում նորմաների պահանջը, որ 8 և 9 բալանոց շինհրապարակում երեք հարկից ավելի հիվանդանոց չի կարելի կառուցել: Ավելին, մեր երկրում և հանրապետությունում շինարարությունը իրականացվում է հիմնականում տիպարային նախագծերով, այսինքն նույն նախագծով երբեմն կառուցվում են հարյուրավոր շենքեր: Բնական է ենթադրել, որ տիպարային նախագծով կառուցվող շենքերի հուսալիությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան անհատական նախագծով կառուցվող շենքերինը և դրանք պետք է ավելի խիստ փորձագիտական քննության ենթարկվեն: Ցավոք սրտի, ոչ մեկը և ոչ էլ մյուսը այսօր չի իրականացվում տիպարային նախագծերի նկատմամբ:

Հինգերորդ. որ ճարտարապետը այսօրվա վիճակով պատասխանատվություն չի կրում կոնստրուկտորի հետ միասին երկրաշարժից շենքի քանդվելու համար: Սակայն շենքի կառուցվածքը որոշում է ճարտարապետը և դրանով անմիջականորեն ազդում է շենքի կրող կոնստրուկցիաների համակարգի ընտրության վրա: Եթե նա չգիտի կոնստրուկցիաների սեյսմակայունության պահանջները, ապա հեշտությամբ կոնֆլիկտի մեջ է մտնում կոնստրուկտորի հետ: Շատ ճարտարապետների մոտ այն սխալ պատկերացումը կա, որ նրանց ցանկացած հորինվածքը կարելի է միշտ հաշվել և նախագծել այնպես, որ նա լինի սեյսմակայուն: Բայց արդեն վաղուց հայտնի է, որ շենքի կրող կոնստրուկցիաների ճարտարապետական ճիշտ լուծումը հաճախ ավելի կարևոր է, քան սեյսմիկ ազդեցությունից դրանցում ճիգերի որոշումը և հատվածքի ընտրությունը: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ ճարտարապետը լավ իմանա հատակագծում շենքի թույլատրելի ձևերը և չափերը, բոլոր կրող և չկրող կոնստրուկցիաների նախագծային դիրքերը, չափերը և թե դրանք ինչպես են ազդում շենքի դիմադրության վրա երկրաշարժի ժամանակ: Այդ պատճառով էլ սեյսմակայուն շենքերի նախագծման համար հավասարապես պետք է պատասխանատու լինեն և կոնստրուկտորը և ճարտարապետը: Ցավոք, ճարտարապետների մեծ մասը սեյսմակայուն շինարարության հիմունքների հետ ծանոթ չեն, քանի որ ինստիտուտում այդ առարկան չեն սովորում: Շատ սխալներ, որոնք կախված են շենքի, որպես համասեռ համակարգի կառուցվածքի խախտման հետ, հետևանք են ճարտարապետի և կոնստուկտորի վատ համագործակցության: Այդպիսի օրինակներ շատ կան 111 սերիսյի կարկասապանելային և 1А-450 սերիայի քարե պատերով շենքերի նախագծերում, որոնք երկրաշարժից հաճախ տուժել են նաև այդ պատճառով: Բայց դա հատուկ հետազոտության կարիք ունի և կքննարկվի առանձին:

Վերջապես հինգերորդ հարցը. արդյո՞ք շինարարության որակը համապատասխանում է սեյսմիկայի պահանջներին: Պատասխանը այստեղ միանշանակ է, ո՛չ, չի համապատասխանում: Ինչպես ցույց են տալիս փորձագետների հետազոտությունները, ամենավատ որակը նկատվել է Լենինականի շենքերում, այնուհետև Սպիտակում և ավելի քիչ Կիրովականում: Համապատասխանորեն զանգվածային փլուզումները Լենինականում, թվարկված այլ պատճառների հետ միասին, հետևանք են նաև շինարարության վատ որակի: Իհարկե, որակը շինարարությունում կախված է շատ գործոններից և դրանք հայտնի են շատերին: Բայց ինչպե՞ս է բետոնի վատ որակը, որը պատրասված է գործարանային պայմաններում կամ շինհրապարակում, եռակցումների վատ կատարումը, միացման հանգույցների չհամապատասխանելը նախագծային պահանջներին և այլն, ազդում շինարարության վրա, առանձին մեծ հարց է: Սակայն, այս ամբողջ ասածից մեկ հետևություն կարելի է անել, որ Սպիտակի երկրաշարժի ողբերգական հետևանքները արդյունք են սեյսմակայուն շինարարությունը ապահովող շատ օղակների վատ աշխատանքի: Մեղքի մեծ բաժին ունեն նաև կուսակցական և սովետական ղեկավար մարմինները, որոնք, հաճախ, օգնելու փոխարեն, վատացրել են այդ օղակների աշխատանքը: Ի վերջո այդ բոլոր օղակների վատ աշխատանքը նաև արդյունք է այն անբարոյական ժամանակաշրջանի, որը «լճացման» շրջան անունն է ստացել: Չէ որ տները, որոնք կառուցված են եղել մինչև հեղափոխությունը, «անհատի պաշտամունքի» կամ «սուբյեկտիվիզմի» ժամանակաշրջաններում, ավելի քիչ են տուժել երկրաշարժից, քան «լճացման» շրջանում կառուցված տները: Եվ երկրաշարժը ոչ միայն վեր հանեց, թե ինչ սխալներ են թույլ տրված եղել սեյսմակայուն շինարարության բնագավառում, այլ նաև ցույց տվեց, թե ինչ չափով մեր հասարակությունը բարոյական անկում էր ապրել «լճացման» շրջանում և թե ինչպիսի ողբերգությամբ դա կարող է վերջանալ: Դա նաև նախազգուշացում է, որ եթե մենք դուրս չգանք այդ բարոյական ճգնաժամից, ապա ինչպես հարկն է չենք կարողանա վերականգնել մեր ավերված քաղաքները ու գյուղերը:

 

 

ԵՊՀ-ի դոցենտ Ի. Ս. Պալյան

Ազբյուրը՝ spitakseism.info

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: