Եղվարդի ջրամբարի կառուցմամբ տարեկան 90 մլն խ/մ ջուր կպահեստավորվի

23 Նոյեմբերի 2015

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավում» ծրագրի միջանկյալ հաշվետվությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով  նոյեմբերի 23-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝  Կոմիտեի նախագահը արդյունավետ է գնահատել մինչ օրս իրականացված համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ աշխատանքներն ընթանում են ծրագրվածին համաձայն և ընթացքում ծագած բոլոր խնդիրներն ու բարձրացված հարցերն անհապաղ լուծում են ստանում:

Անդրադառնալով  հոկտեմբեր ամսին Եղվարդի ջրամբարի կառուցման նպատակով  իրականացված հանրային լսումների արդյունքներին՝ Արամ Հարությունյանը կարևորել է հանրային հատվածի դժգոհությունների և մտահոգությունների բացակայությունը, այն համարելով բնապահպանական անհրաժեշտ ցուցիչ:

Հյուրերին ներկայացնելով կառուցվելիք երեք՝ Վեդիի, Կապսի և Եղվարդի ջրամբարների առաջնահերթությունները՝ Կոմիտեի նախագահը հատկապես առանձնացրել է Եղվարդի ջրամբարն իր մեծությամբ և դիրքի շահեկան առավելությամբ:  «Եղվարդի ջրամբարի կարևոր առանձնահատկությունն իր դիրքն է, քանի որ ջրի հոսքն ու ջրամատակարարումն իրականանալու են ինքնահոս եղանակով, ինչը հոսանքի լուրջ տնտեսում է ենթադրում, որն էլ իր հերթին դրական է անդրադառնալու գյուղմթերքի ինքնարժեքին»,-նշել է Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ ջրամբարի կառուցումը թուլացնելու  է Սևանա լճից կախվածությունն ու լճից  վերցվող  ջրի  տնտեսումը՝   տարեկան  50 մլն խ/մ-ով:

Այս ջրամբարի կառուցմամբ նախատեսվում է վարարումների  և տեղումների շնորհիվ  տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում,  ոռոգվող հողատարածքների ավելացում շուրջ 3000 հա-պոմպային, մեխանիկական ոռոգման ծախսերի կրճատում, ջրամբարի սպասարկման տարածքում անցում ինքնահոս ոռոգման: Ինչ վերաբերում է ջրի տեղափոխման արդյունավետությանը, ապա նախատեսվում է այն  բարձրացնել  50 %-ով:

Հանդիպմանը քննարկվել է ջրամբարի տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրությունն իրականացնող աշխատանքային թիմի ընթացիկ գործունեությունը:

Կողմերն անդրադարձել են նաև JICA-ի կողմից առաջիկայում ներկայացվելիք միջանկյալ հաշվետվությանն առնչվող որոշ տեխնիկական մանրամասների, ինչպես նաև ջրամբարի կառուցման փորձագիտական հիմնավորումների անհրաժեշտությանը՝ ինչը ներառելու է  արտակարգ իրավիճակների հակաճգնաժամային ծրագրեր:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը, կոմիտեի նախագահի խորհրդական Վիկտոր Մարտիրոսյանը:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության պատվիրակության կազմում էին Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրենի օգնականներ, Հայաստանի պատասխանատու Ակիկո Վակուին և  Շոտարո Օնոն:

 

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: