Համատարած թանկացումներ են, կառավարությունը պետք է արագացնի իր քայլերը

19 Սեպտեմբերի 2018

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում 2018թ.-ի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 2,5%։ Ամենաշատը թանկացել է կարագը՝ 33,6%-ով, տավարի միսը՝ 21,6%-ով, խոզի, ոչխարի և այծի միսը՝ 19,2%-ով, ձուկն ու ծովամթերքը՝ 11,4 %-ով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 4,2%-ով, իսկ 8 ամսվա կտրվածքով էժանացել են՝ շաքարավազը՝ 11,9%-ով, հավկիթը՝ 9,6%-ով, մրգերը՝ 2,5%-ով, բանջարեղենը՝ 7%-ով։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ վերջին 17 տարվա ընթացքում 47 միլիարդ դոլարի ապրանք է ներմուծվել Հայաստան, իսկ արտահանումը կազմել է 17 միլիարդ դոլար, այսինքն՝ բացասական հաշվեկշիռը կազմել է 30 միլիարդ դոլար, և սա այն դեպքում, երբ ներմուծվող շատ ապրանքատեսակներ կարելի էր տեղում արտադրել և խնայել այն միջոցները, որոնք դրա վրա են ծախսվել։

«Օրինակ՝ կոնկրետ մսամթերքի պարագայում հասկանալի է, որ Հայաստանն իր ներքին շուկան չի կարողանում ապահովել տեղական արտադրության մսով, դրանք հիմնականում բերվում են դրսից. մասնավորապես՝ խոզի մսի 23%-ն է, որ ունի տեղական ծագում, իսկ մնացած մասը բերովի է, և, բնականաբար, այդ բերովի միսն էլ իր հերթին թանկանում է, եթե որոշակի տատանումներ լինում են ներմուծման հետ կապված, իսկ տավարի մսի առումով մենք ավելի բարվոք վիճակում ենք, դրա տեղական արտադրությունը մի քանի անգամ գերազանցում է խոզի մսին, բայց տավարի մսի թանկացումն էլ պայմանավորված է անասնագլխաքանակի որոշակի չափով կորստի հետ: Այս ամենը, սակայն, չունի արդարացում, որովհետև պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության համատեքստում պետությունը պետք է օժանդակի տեղական արտադրանքի ծավալների մեծացմանը, իսկ ամեն ինչը թողնել միայն մասնավորի հայեցողությանը, բնականաբար, սխալ է»,- նկատեց Վազգեն Սաֆարյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ մնացած ապրանքատեսակների թանկացումն ունի շղթայական ռեակցիայի էֆեկտ։ Այս համատեքստում բանախոսն ուշադրություն հրավիրեց նաև բանջարեղենի թանկացման վրա, մինչդեռ նկատենք, որ ըստ ԱՎԾ տվյալների՝ բանջարեղենն առաջին 8 ամիսների կտրվածքով էժանացել է 7%-ով։

«Բնակչության մեջ շատ մեծ դժգոհություն է առաջացրել հատկապես լոլիկի գնի թանկացումը, որն առաջին անհրաժեշտության ապրանք է և մեծ սպառում ունի։ Այս տարի Հայաստանից շատ մեծ քանակությամբ լոլիկ է արտահանվել՝ շուրջ 30 հազար տոննա, բայց տեղական շուկայում լոլիկի գինը թանկ է, որովհետև սկզբնական փուլում դաշտի լոլիկի սածիլները շոգ եղանակի պատճառով չորացել են, հետո երկրորդ անգամ են այդ սածիլավորումն արել, և գուցե սրանով է պայմանավորված լոլիկի թանկացումը, այսինքն՝ այլևս չեն հասցրել վերականգնել լոլիկի արտադրության այն ծավալները, որը թույլ չէր տա գնի բարձրացում։ Թանկացել են նաև վարունգը, սմբուկը»,- նշեց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ սա, իհարկե, ռեալ հիմնավորում չէ, քանի որ շարքային սպառողները պետք է կարողանան իրենց ստացած կենսաթոշակին կամ աշխատավարձին համարժեք մթերք սպառել։

«Դրա համար պետք է գնալ նրան, որ մեր հողատարածքները լիարժեք օգտագործվեն. այսօր Հայաստանում կա 446 հազար հեկտար հող, որից շուրջ 150 հազարը չի օգտագործվում, ուրեմն այս չօգտագործվող հողերի վրա պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությամբ պիտի ֆերմերային տնտեսություններ ստեղծել՝ ինչպես անասնապահական, այնպես էլ բանջարաբոստանային կուլտուրաների մշակման»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ համատարած այս թանկացումները կարող են դառնալ սոցիալական ընդվզման պատճառ, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «Հաշվի առնելով այն ոգևորությունը, որն այսօր ունի մեր ժողովուրդը՝ կապված քաղաքական այս վերափոխումների հետ, չեմ կարծում, որ սա կարող է դառնալ սոցիալական բունտ, քանի որ ժողովուրդն ըմբռնումով է մոտենում և գիտակցում է, որ նոր կառավարությունը գուցե դեռևս չի հասցրել ամբողջությամբ ուսումնասիրել ու հասկանալ տնտեսական վիճակը, բայց մյուս կողմից էլ՝ այսպես երկար շարունակվել չի կարող, կառավարությունն էլ իր հերթին պետք է արագացնի իր քայլերը, զսպի այս գնաճը, որովհետև առաջիկայում գները կարող են ավելի բարձրանալ։

Գյուղատնտեսական արդյունավետ քաղաքականություն է պետք վարել, արդյունաբերությունն է պետք վերականգնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Media

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: