Ժողովուրդը պահանջում է արդարություն

03 Մայիսի 2018

Ցույցի դուրս եկած ժողովուրդը և նրանց ղեկավարները զզվել են վերջին տասնամյակներում Հայաստանում տիրող անարդարությունից: Անարդարությունը բոլոր բնագավառներում, հատկապես տնտեսական ու երկրի հարստության անարդար բաժանումից: Ժողովրդի հիմնական հարցը կյանքի ցածր մակարդակն է, աղքատությունն ու անգործունեությունը: Հուսով ենք՝ շուտով շարժման ղեկավար պրն. Նիկոլ Փաշինյանը կընտրվի որպես երկրի վարչապետ ու կներկայացնի իր թիմն ու ծրագրերը: Այդ ժամանակ կսկսվի ամենադժվար աշխատանքը, որտեղ դատական մարմինը պետք է լինի անկախ, պետք է բացահայտվեն այն մարդիկ, որոնք անօրինական ձևով գողացել են երկրի հարստությունը, մերկացվեն մենաշնորհները և ամենակարևորը ժողովրդին ապահովել աշխատանքով ու մինիմում տնտեսական կյանքի մակարդակին հասցնել: Հասկանալի է, որ այս հարցերը աստիճանաբար են տեղի ունենալու, սակայն մեծ նշանակություն ունի տնտեսական կիրառվող այն համակարգը, որը կորդեգրի նոր իշխանությունը:
Ցուցարարների լոզունգների մեծ մասը ձախակողմյա բնույթ ունեն և պահանջներն էլ մեծ մասամբ ձախակողմյա են՝ աղքատության վերացում, աշխատանքի ապահովում, մեծահարուստների անօրինական հարստանալու սահմանափակում ու մենաշնորհների վերացում, աշխատավոր դասակարգի օգտին տնտեսական քաղաքականության կիրառում և այլն: Եթե շարժման ղեկավարությունը նպատակ ունի չկորցնելու իր ժողովրդավարությունը, ստիպված կլինի գործի դնել աշխատավոր ու ոչ մեծահարուստներին նպաստող տնտեսական ու քաղաքական համակարգ, սա հեշտ գործ չէ ու նախկին իշխանավորները և տնտեսական լծակներ ունեցողները հեշտ չեն հրաժարվի իրենց առավելություններից ու տնտեսական շահերից: Շարժման ղեկավարները պետք է կողմնորոշվեն՝ կամ պայքարելու են աշխատավոր ժողովրդի օգտին կամ էլ իրենց իշխանությունը պահպանելու նպատակով պահպանողական դիրք են բռնելու և իրենց համոզմունքներին հակառակ քաղաքականություն են վարելու, որի արդյունքում ժողովրդի տնտեսական վիճակը այնքան չի լավանալու ու կրկին ժողովուրդը կհուսահատվի ու կպասիվանա:
Վստահ ենք, որ շարժման լիդերները լավ են գիտակցում այս իրողությունը և հավատարիմ կմնան իրենց ծրագրերին, որ ներկայացնում են ժողովրդին ու մինչև վերջ կպայքարեն հանուն ազատ և արդար Հայաստանի:


Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 04/05/2018

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: