Կառավարությունն առաջին հերթին պետք է մտածի սեփական շուկան ապահովելու, այնուհետեւ արտահանման մասին

26 Հունվարի 2018

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ եւ այլք:
Տարբեր ոլորտի ներկայացուցիչներ ներկայացրեցին գնաճն ու դրա պատճառները, իսկ ՀԿ ներկայացուցիչներն ու գիտնակները խոսեցին գնաճի հետեւանքները մեղմելու իրենց մեթոդներից:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐԱՅՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով թանկացումներին եւ դրանց հետեւանքները մեղմելու մեթոդներին, փաստեց, որ 452 ապրանքների մասով հաշվարկվել է 2,6 տոկոս, սակայն եթե հաշվարկվի առաջին անհրաժեշտության ապրանքների գծով` կարագի, ձկնամթերքի, ձեթի եւ այլն, ապա գնաճն ավելի շատ կլինի: Նրա խոսքով` գոյություն ունի ընդունված կարգ, այն է, եթե գնաճն անցնում է 6 տոկոսից, ապա կառավարությունը պետք է բարձրացնի թոշակներն ու աշխատավարձը, սակայն Հայաստանի պարագայում նման բան տեղի չունեցավ.«Բնակչությունն իր կենցաղի վրա զգում է գնաճի ազդեցությունը, մարդիկ փորձում են ամեն օր օգտագործել կարագ եւ առաջին անհրաժեշտության մթերքներ: Իրոք գնաճ կա, բայց որեւէ մեկը չասաց, թե ինչ կարելի է անել այն մեղմելու համար»,-փաստեց Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա, գնաճի հետեւանքները մեղմելու համար պետք է մտածել ապրանքային արտադրության կազմկերպման, զարգացման եւ որոշ ուղիներ որոնելու ուղղությամբ, ինչը նշանակում է պետություն-մասնավոր հատված գործառույթի ընդլայում, այսինքն, շատ ներկրվող ապրանքեր փոխարինել տեղականով.«Նախորդ տարվա համեմատ, այս տարի 13 հազար խոշոր եղջերավոր անասուն է արտահանվել, հայկական միսն իր համային հատկանիշներով բարձր է գնահատվում, այդ պատճառով էլ պահանջարկ կա: Կառավարությունը պետք է ճանապարհ գտնի զսպելու խոշոր եղջերավոր անասուների արտահանումը եւ առաջին հերթին մտածի սեփական շուկան ապահովելու մասին, այնուհետեւ արտահանի ավելցուկը: Կարծում եմ` պետք է խոշորացվի գյուղացիական տնտեսությունները, այսօր Հայաստանում կան 340 հազար գյուղացիական տնտեսություններ, բայց ինչ են դրանք իրենցից ներկայացնում`մի ընտանիք , մեկ երեխա, իսկ լավագույն դեպքում ամուսիներ, մյուսներն արտագաղթել են, եւ նրանք համարվում են գյուղացիական տնտեսություններ: Այստեղ պետք է դրվի գյուղացիական կոպերատիվների զարգացման խնդիրը, այսինքն` գյուղացիները միավորվեն իրենց հողակտորներով եւ միասնական ուժերով մշակեն հողը»,-շեշտեց մեր զրուցակիցը: Նրա բնորոշմամբ, ազատ տնտեսական շուկայական քաղաքականությունը Հայաստանին հասցրեց այն օրվան, որ տարիներ շարունակ չի բարձրանում համախառն ներքին արդյունքը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Աղբյուրը՝ iravunk.com լրատվական

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: