Տնտեսական ազատականացում թե՞ անտերություն

09 Հունվարի 2018

ԽՍՀՄ հանցավոր և դավադիր փլուզումը մեծ վնասներ տվեց մեր ժողովրդին:

      Ժողովրդական տնտեսության ճյուղերը, որ թել առ թել կապված էր միմյանց հետ, հայտնվեցին կաթվածահար վիճակում:

       Գյուղատնտսությունը ևս հայտնվեց անմխիթար վիճակում: Սեփականաշնորհման անվան տակ լուծարվեցին և վերացվեցին խորհտնտեսությունը, կոլտնտեսությունները: Թալանվեցին ու բաժանվեցին գյուղ տեխնիկայի, գյուղքիմիայի, սերմնաբուծական, անասնաբուծական կայանների տեխնիկական գույքը, շենքերը:

  Հազարավոր հեկտարներով հողատարածություննր մնացին անմշակ: Ավելի վատ  էր վիճակը անասնաբուծության մեջ: Ոչինչ չարած՝ մարդիկ սեփականացրին պետական անասնաքանակը և արտադրությամբ զբաղվելու փոխարեն մաս-մաս հարկադիր մորթի ենթարկեցին ֆերմաների, տոհմաբուծարանների անասուններին:

  Լուծարվեցին մեքենա-տրակտորային կայանները: Բանը հասել էր  այնտեղ, որ բաժանվում էին գյուղ մեխանիզմների առանձին մասերը, տրանսպորտային միջոցները, ագրեգատները:

   Այս ամենի միջով անցնող ժողովուրդը մի կերպ գտավ իրեն և 2000 թվականից ի վեր, սկսեց ինչ որ չափով վերականգնել կորցրածը: Բազում դժվարությունների միջով անցնելով ստեղծեց նոր այգիներ, բարերարների միջոցով ձեռք բերվեց գյուղ տեխնիկա, որոշակիորեն նորացվեցին ոռոգման ցանցերը և ջրատաները: Բայց պրոբլեմները անպակաս էին: Եվ որքան էլ զավեշտալի է, դժվարությունների զգալի մասը հարուցվում էր տեղական և հանրապետական իշխանությունների կողմից: Վերջին տարիներին Արագածոտնի մարզում աճեցվում է զգալի քանակությամբ բերք՝ կեռաս, ծիրան, խնձոր, դեղձ և այլն: Բերքի զգալի մասը օգտագործվում է տեղական շուկայում վաճառելու համար: Որոշ մասը վերամշակման է ուղարկվում: Շուրջ կեսը արտահանվում է  ԵԱՏՄ երկրներ:  ԵԱՏՄ երկրներում պտուղների վաճառքի շուկան ուսումնասիրելիս՝ հանգում ենք հետաքրքիր երևույթի: Մասնավորապես Ռուսաստանի շատ քաղաքներում ծիրանը վաճառվում  է   վերածված ՀՀ արժույթի 1300-1500 դրամով, դեղձը՝ 1200-1300, կեռասը՝ 1800-2000, խնձորը՝ 1000-1200 դրամով:

   Տեղափոխող կազմակերպությունները ՀՀ-ում գին են սահմանում ծիրանի համար՝ 300-400, կեռասի համար՝ 700-800, խնձորի համար՝ 200-300, դեղձի համար՝ 200-300  դրամ: Դուրս է գալիս՝  արտադրողը իր ապրանքը վաճառում է ինքնարժեքին մոտ գնով, իսկ տեղափոխող կազմակերպությունը, հանած տրանսպորտային ծախսերը՝ ապահովում է մեկ կգ համար գրեթե 600-700 դրամ մաքուր շահույթ: Էլ չենք խոսում այն դեպքերի մասին, երբ արտադրողները իրենք են ցանկանում արտահանել իրենց ապրանքը, առաջանում են բազում արհեսական դժվարություններ և խոչընդոտներ: Ակամաից, հարց է առաջանում որտե՞ղ է պետության և կառավարության հովանավորությունը մանր և միջին բիզնեսի նկատմամբ:

   Կարևոր նշանակություն ունի ոռոգման ջրի հարցը: Սակագինը շատ բարձր է և բերքի ինքնարժեքի մեջ այն մեծ տոկոս է կազմում: Շատ է ջրի կորուստը, որը անդրադառնում  է եկամուտների վրա: Անորակ է ոռոգման ցանցի զգալի մասը: Չեն վերանորոգվում շատ ջրատարներ: Համայնքներով հոսող ոռոգման ջրի վրա չկա հսկողություն և այն աղտոտվում  է կենցաղային իրերով: Թանկ ոռոգման ջուրը հաճախ ընդհատվում է ամենաշատ պահանջ ունեցող ամսվա՝ սեպտեմբերին և օգտագործվում է այլ նպատակներով: Եվ սա այն  դեպքում, երբ հանրապետության գրեթե բոլոր գետերը նոյեմբերից մինչև մարտ աննպատակ հոսում են և հիմնականում թափվում Կասպից ծովը (Արաքսի և Քուրի միջոցով):

  Բազմաթիվ ահազանգերից, դիմում-պահանջներից  հետո էլ այս հարցին ուշադրություն չի դարձվում: Չեն կառուցվում ամբարտակներ, ջրամբարներ, ջուրը կուտակելու և ոռոգման շրջանում՝ էժան գներով ժողովրդին վաճառելու համար: Վատ է վիճակը գյուղատնտեսական տեխնիկայով ապահովվածության ուղղությամբ: Հաճախ անորակ և ժամկետանց են լինում նաև ձեռք բերված անօրգանական պարարտանյութերը:

   ՀՀ Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այս հարցերի վրա: Լուծումներ գտնի, որից կշահի և ինքը և գյուղ մթերք արտադրողը:

Հեղինակ՝ Գուրգեն  Հովհաննիսյան

Արագածոտնի մարզ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: