Բաց նամակ բնապահպանության նախարարին

28 Հուլիսի 2015

«Փրկենք Թեղուտը» նախաձեռնությունը հետևողական պայքար է մղում հայրենի բնության պահպանման, էկոլոգիական մաքրության և մեր սերունդների առողջ գոյությունն ապահովելու համար։ Այսօր ևս «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունը հերթական բաց նամակն է գրել ՀՀ պատասխանատու պաշտոնյային՝ բնապահպանության նախարարին։

Ի՞նչ արձագանք ենք ունենալու․․․


«Հարգելի պարոն Գրիգորյան,

2012 թվականից ի վեր մեր նախաձեռնությունը և Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս դիմել են տարբեր ժամանակներում պաշտոնավարող բնապահպանության նախարարներին՝ այդ թվում Ձեզ՝ ներկայացնելով հիմքեր Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման վերաբերյալ և պահանջելով իրականացնել տեսչական ստուգումներ՝ խախտումները վեր հանելու և համարժեք քայլեր ձեռնարկելու նպատակով:

Ի վերջո, բնապահպանական հասարակական կազմակերպություններն ու ազդակիր համայնքի բնակիչները դիմել են դատարան՝ պահանջելով բնապահպանության նախարարությանը պարտավորեցնել կատարելու ստուգումներ: Սույն թվականի հունիսի 12-ին կայացած դատական նիստից հետո նախարարությունից ստացել ենք գրություն առ այն, որ հունիսի 14-ից օգոստոսի 04-ն ընկած ժամանակահատվածում Թեղուտի հանքավայրում իրականացվելու են տեսչական ստուգումներ:

Սույն բաց նամակով, Ձեզ առաջարկում ենք մեր մասնակցությունը տեսչական ստուգումներին՝ հաշվի առնելով այն, որթեղուտի պաշտպանության նախաձեռնության տարիներ տևած անդադար աշխատանքի արդյունքում իրավական հարթության վրա ձեռք են բերվել առարկայական ապացույցներ, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերի դրույթների կոպիտ խախտումնեով (իրավական տեղեկանքը՝ այստեղ

Մասնավորապես, մատնանշված խախտումները ներկայացված են Environmental Resources Management ընկերության կազմած՝ ՇՄԱԳ հաշվետվության վերագնահատման փաստաթղթում, ինչպես նաև արբանյակից կատարված լուսանկարների վերծանումից ստացված տվյալներում, որոնք ապացուցում են, որ հանքավայրի շահագործումն իրականացվում է ամբողջությամբ այլ նախագծի հիման վրա: Նոր նախագիծն օրենքով սահմանված կարգով չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության և չի դրվել հանրային քննարկումների, ինչն օրենսդրության կոպիտ խախտում է, և բացի հանքավայրի շահագործման դադարեցումից՝ կարող է հանգեցնել նաև պատասխանատուների նկատմամբ քրեական հետապնդման։

Նշված հետևության ապացվում է 2008թ. և 2013 թ. նկարահանված արբանյակային պատկերների և Թեղուտ ՓԲԸ կայքում տեղադրված ու կառավարության կողմից հաստատված աշխատանքային նախագծի տոպոգրաֆիական քարտեզի համեմատական վերլուծության արդյունքում, որին կարող եք ծանոթանալ մեր կայքէջում: Արբանյակային պատկերներում արտացոլված խախտումները հաստատվում են նաև ERM ընկերության հաշվետվության մեջ ներկայացված փաստերով, որտեղ հանգամանալից կերպով ներկայացված են 2010թ. կազմված նոր նախագծի մանրամասները, ինչպես նաև ուղղակիորեն մատնանշված է առանց օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալու և նոր նախագծով աշխատելու անօրինականությունը։ ERM ընկերության հաշվետվությանը ևս կարող եք ծանոթանալ մեր կայքում:

Նշված փաստաթղթերն ու դրանց իսկությունը հիմնավորող արբանյակային նկարներն անհերքելիորեն ապացուցում են Թեղուտի շահագործման անօրինականությունը։ Այս ամենն ամփոփվել է «Թեղուտ՝ օրենքից դուրս» հետաքննական ֆիլմում, որը ներկայացվեց սույն թվականի հուլիսի 15-ին Ականաթ ակումբում (Կողբացի 28): Այժմ ֆիլմը հասանելի է նաև նախաձեռնությանյութուբյան ալիքում։

Տեսչական ստուգումները լիարժեք իրականացնելու և խախտումներն արձանագրելու համար  ձեզ առաջարկում ենք «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի հիման վրա նախաձեռնության անդամներին ևս ներգրավել տեսչական ստուգումների աշխատանքներին:

* Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, գործելով ինքնուրույն և կամավոր սկզբունքներով, ստեղծվել է 2007թ.-ին՝ համախմբելով ազատ և գիտակից մարդկանց Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում, ովքեր հավատում և պայքարում են հանուն մարդու առողջ և արժանապատիվ կյանքի: Նախաձեռնության առաջնային նպատակն է հասնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ապօրինի շահագործման դադարեցմանը: Նախաձեռնությունը մտահոգված է ՀՀ-ում հանքարդյունաբերության իրավիճակով և իր առջև դրել է ռազմավարական նպատակ` ազդելու և փոփոխելու Հայաստանի ընդերքի անխնա շահագործման քաղաքականությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: