Մահացել է Վարդուհի Վարդերեսյանը

24 Նոյեմբերի 2015

Խորապես ցավում ենք ՀՀ ամենապայծառ անհատականության, իսկապես բեմի փայլող աստղ, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի կորստի համար։

Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Եղել է դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինը: 1946 թ. տեղափոխվել է Հայաստան: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: 1947 թ. ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում: 1958թ․ տեղափոխվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն: Հանդիսատեսը երբեք չի մոռանա նրա կերտած կերպարները թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համարում»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»-ում` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» ներկայացման մեջ` Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում» պիեսում` Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»-ում` Իշխանուհի, Հակոբ Պարոբժնյանի «Պաղդասար Աղբար» կատակերգության մեջ` Անուշ և այլն:

Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում: Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն: 1958 թ․-ից առաջինը լինելով՝ նկարահանվել է հեռուստաներկայացումներում: 1985թ. հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի: Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր: 1965 թ. արժանացել է ՀԽՍՀ, 1988 թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1995 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013 թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Վարդուհի Վարդերեսյանը մինչև կյանքի վերջն ապրում էր թատրոնով, հոգում փայփայում էր  արվեստը, ուսուցանում էր նոր սերնդին, նրանց մեջ արմատավորում ամենանուրբ կանացի զգացմունքներ, յուրաքանչյուր նորամուտ դերասանուհու մեջ ներմուծում քնքուշ կանացիություն։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: