Ապրեք այնպես, որ մայր հողը երբեք չզգա ձեր ավելորդ ծանրությունը

30 Սեպտեմբերի 2015

Մեր կայքի համակիր և բովանդակալից հոդվածների հեղինակ Գեղամ Գալստյանին խիստ վրդովեցրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում հայտնի մասնագետ, մեծ հարգանք վայելող Սամվել Մարտիրոսյանի անզգույշ, կարծում ենք, պատեհապաշտորեն գրած մի միտք, որն արհամարհանքի արտահայտություն կարելի է անվանել մեծագույն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ազնիվ հիշատակի, նաև նրա ամբողջ գրական, հասարակական-քաղաքական գործունեության հանդեպ։ Սիլվա Կապուտիկյանն իսկապես հայրենապաշտ հայուհի էր և իրապես հայ գրականության մեջ իր խոսքը հաստատած քնարերգու բանաստեղծուհի։ Գեղամ Գալստյանի վրդովմունքը մենք կիսում ենք։

Առավել վրդովեցնողն այն է, որ գրականագետ Աբգար Ափինյանն է աններելի սխալ թույլ տվել՝ պատահականորեն գրված ինչ-որ մի անհեթեթ միտք կարդալով, այն դարձրել է քննարկման նյութ։ Կարծում ենք, այլ պետք է լիներ յուրաքանչյուր գրականագետի վերաբերմունքն այդ հարցում, իսկ Երևանի գրողների միության նախագահի պաշտոնն զբաղեցրած անձն առավել ևս իրավունք չուներ տուրք տալու այդպիսի սխալների (խմբ․)։

Խելացի մարդիկ մի կողմ են քաշվել,

Ասպարեզը համբակներին են թողել։

Աշուղ Ջիվանի

«Իրատես de facto» թերթի սեպտեմբերի 29-ի (թիվ 57 (638)) համարում զետեղված «Սիլվա Կապուտիկյանի պոեզիան ընթերցողների բանակն ավելի խտացավ» հոդվածում հոդվածագիր Հ․ Պապիկյանը միանգամայն արդարացի և տեղին հիշեցնում է, ինչպես ռուսներն են ասում․ «полуграмотные злопыхатель»-ներին՝ հարգելի չարախոսներ, ձեր դեմ մի ահռելի բանակ կկանգնի։ Այնպես որ, լավ կլինի նստեք ձեր տներում ու փորձեք խելքը գլխին մի բան ստեղծել։ Հարգելի հոդվածագիր, ես միանում եմ ձեր մտահոգություններին։

Հայաստանի ազգային գրադարանում Երևանի գրողների միության նախագահ, գրականագետ պրն Աբգար Ափինյանի նախագահությամբ քննարկվել է «Ո՞րն է Սիլվա Կապուտիկյանի դերը հայ գրականության մեջ» թեման։ Քննարկման առիթը տվել էր ոմն բլոգեր Սամվել Մարտիրոսյան, ով թեթև ձեռքով դիմատետրի (ֆեյսբուքի) իր էջում գրել էր, որ Սիլվա Կապուտիկյանը շատ վատ բանաստեղծ է։ Հարգելի գրականագետը չի տեսնում, որ այդ բլոգեր Ս․Մարտիրոսյանն անառողջ, արևմտյան ուժերին ծառայող մեր ներքին թշնամին է, իսկ Ա․Ափինյանն այդ դատարկության, տկարամիտ մարդու կարծիքը դարձրել է քննարկման առարկա։ Դա արդեն դժբախտություն է։ Գուցե այդ է թելադրում ներկայիս կապիտալիստական երջանկաբեր հասարակարգ կառուցողների պարտադրած կեցությո՞ւնը։

Քննարկում եք՝ մտաբերելով Ս․Կապուտիկյանի «Սեր» ստեղծագործությունները, որ սիրո համար հրաժարվել է Մասիսներից, բայց փնտրում եք ամենուր ու հրաժարվելը չեք գտնում նրա ստեղծագործություններում։ Ալեքսանդր Ղումաշյանն էլ կամակոր երեխայի պես ասում է, որ Սիլվա Կապուտիկյանը եթե նույնիսկ հանճարեղ լիներ, ապա հորից հրաժարվելու փաստը բավական էր, որ նրան չընդուներ։ Շարունակելով և համարելով նրան համեստ շնորհի տեր բանաստեղծուհի, գրում է, թե Կապուտիկյանը կմնա գրականության պատմության մեջ։ Իսկ որտե՞ղ կմնան Ա․ Ղումաշյանը, գրականագետ Ա․ Ափինյանը, Արևմուտքի ծառա և Եվրոպայից կենցաղավարական աղբը Հայաստան տեղափոխող «բեռնակիր» բլոգեր Ս․Մարտիրոսյանը՝ աստառը շուռ տված «եվրոպացին»։ Միանշանակ հայ գրականության պատմության աղբանոցի պատերի տակ։

Պարոն Ափինյան, գավառական միամտությամբ լսարանին հարցնում եք․ «Մենք կարո՞ղ ենք, արդյոք, Սիլվա Կապուտիկյանի գրականությունը կոչել մեծ գրականություն, նրան կոչել մեծ գրող»։ Այդ հարցերի պատասխանը վաղուց կա, հայ ժողովուրդն արդեն ժամանակին որոշել է, նա իր տեղը հասարակության մեջ վաղուց զբաղեցրել է, դուք չէ, որ պետք է գնահատեք նրա արժեքը հայ գրականության մեջ։ Պատմական անհատների դերն իրենց ժողովրդի կյանքում ենթակա չէ քննարկման, այդ դերակատարման գնահատանքի իրավունքը պատկանում է ժողովրդին։

Հունաստանում Ապոլլոնի Դելֆյան պալատի վրա գրված է փիլիսոփա Հիլոնի թևավոր խոսքը․ «Ճանաչիր ինքդ քեզ»։ Դա յուրաքանչյուր մարդու իմանալու խնդիրն է, այդ թվում՝ ձեր, պրն Ափինյան, և քննադատողների։

Պարոն Ափինյան, ի՞նչ կարգավիճակ պետք է տալ ձեր նախաձեռնած քննարկմանը՝ գրպանի շնիկների «ոհմակի» հարձակում փղի վրա, ավելի ճիշտ՝ լուսնահաչություն։ Ծիծաղելի է անգամ, որ քննարկման հիմնական սկզբունքը համարում եք բանաստեղծուհու բարեկամական կապերը, եթե ղեկավարվենք ձեր այդ սկզբունքով, ապա Ամենայն հայոց բանաստեղծ Հ․Թումանյանի եղբոր՝ Ռուստամի չարագործությունների համար այսօր Մեծն Հ․Թումանյան չէինք ունենա։

Չէ, հարգելի Ա․Ափինյան, թող ինձ ներեն քննարկման մասնակիցներ Դավիթ Մշեցին, Գոռ Հարությունյանը և մյուս առողջ մտածողները, խոսքս նրանց չեմ ուղղում։ Մարդկային պարզ տրամաբանությունը և առողջ բանականությունը հուշում են, որ դուք, հարգելի գրականագետ, Ս․Մարտիրոսյանի, Ա․ Ղումաշյանի հետ փորձում եք հայ մարդու հիշողությունից ջնջել և նսեմացնել ազգային մտավորականներին, քանի որ դուք մոռացել եք ազգի պատմությունը, հարազատ անցյալը, իրական արժեքները։

Ոտնատեղ եք փնտրում հայոց մեծերի շրջանում․ իզուր հույսեր են, դա ձեզ համար անհասանելի է։ Զարմանալի զուգադիպությամբ դուք սեփական երկրում փորձում եք ոչնչացնել ազգային արժեքները։ Կրտսեր Ալիևը հին հայկական տարածքներում ոչնչացնում է հայկական հնագույն պատմական խաչքարերը, մեզ համարելով վերաբնակներ։ Պետք է զուգահեռներ տանել այդ արարքների միջև, վայ մտավորականներ, թե ինչպես եք ջուր լցնում պանթուրքիզմի ջրաղացին։ Կարելի է ենթադրել, որ ձեր քիմքին կպել է ադրբեջանական սև խավիարի համը։

Պարոնայք, որքան էլ քննարկվող հարցը հարստացնեք կեղծիքներով, չի կարող ի հայտ չգալ ճշմարտությունը։ Լավագույն պարագայում ձեր ասածները կդառնան անհեթեթություն, իսկ այն լուրջ ընդունողներն ընդամենը տկարամիտներ են։

«Դ․Վարուժանի պես հանճար ունենք, ի՞նչ ենք կպել Ս․Կապուտիկյանի քնձռոտ տողերից», եթե Երևանի գրողների միության նախագահն է այդպես ծուռ հայելու մեջ տեսնում բանաստեղծուհի Ս․Կապուտիկյանին, դա անշուշտ, ազգային ողբերգությունների շարանի ավելացում է։ 20-րդ դարի 30-ական թթ․ կոլտնտեսության նախագահի գեղջկական միամտությամբ լսարանին հարցադրում եք անում․ «Մենք կարո՞ղ ենք, արդյոք, Սիլվա Կապուտիկյանի գրականությունը կոչել մեծ գրականություն, նրան կոչել մեծ գրող»։

Այդ հարցադրման պատասխանը հայ ժողովուրդը վաղուց վճռել է։ Հասարակության մեջ նա իր տեղը զբաղեցրել է, դուք չէ, որ պետք է նոր արժևորեք նրա ստեղծագործությունները հայ գրականության մեջ։ Պատմական անհատների դերն իրենց ժողովրդի կյանքում ենթակա է նոր որակավորման։ Այդ իրավունքը պատկանում է ժողովրդին։

Հարգելի վայ մտավորականներ, բանաստեղծուհի Ս․Կապուտիկյանը չխամրող տառերով գրել է իր կենսագրությունը հայ գրականության պատմության մեջ, իր ըմբոստ կեցվածքով խորհրդային տարիներին առողջ քննադատության է ենթարկել ՀԿԿ Կենտկոմի քարտուղարներ Գ․Հարությունյանին, Ա․Քոչինյանին, Կ․ Դեմիրճյանին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հրաժարվել է նույնիսկ կառավարության բարձր պարգևից, պատճառաբանելով, որ չի ցանկանում Ռ․Քոչարյանի ձեռքից ստանալ պարգև, որ նրա վատ աշխատանքի պատճառով սոցիալական ծանր վիճակը թանձր մառախուղի պես նստել է հայ ժողովրդի ուսերին։

Պարոն Ա․Ափինյան, ձեզ և լսարանի քննադատողներից որևէ մեկին եթե առաջարկեին այդ բարձր պարգևը, հրաժարվելու փոխարեն միմյանց հրմշտելով կվազեիք Բաղրամյան 26, սողալով կհամբուրեիք նախագահի ոտքերը։

Իսկ դուք, հարգելի քննադատողներ, ձեր ախտածին կերպարով չեք կարող ստվեր գցել նրա փառաբանված կենսագրության վրա, նման ոտնձգությունը նրա կերպարի նկատմամբ չնչին է։

Պարոն գրականագետ, դաժան է ժամանակը, այն չի վերադառնում և նորից սխալները սրբագրելու հնարավորություն չի տալիս, կորցրած ժամանակը անդառնալի է, չի կարելի բարեփոխումների տրամաբանությունը վերածել ցանկալի պատրանքների։ Ժամանակն իր հետ բերում է նոր մտածողություն, նոր մտածողների, ովքեր նորովի են տեսնում աշխարհը, սակայն ճշմարտությունն ունի մեկ ճերմակ երես, ոչ թե մի քանի գունեղ աստառներ։

Պարոն Ափինյան, ապրեք այնպես, որ մայր հողը երբեք չզգա ձեր ավելորդ ծանրությունը։

Գ․ Գալստյան, հայ կոմունիստ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: