Յուվալ Նոյ Հարարի. Ինչպես վերահսկել ձեր կյանքը նոր աշխարհում

31 Օգոստոսի 2019

Հրատարակվել է իսրայելացի պատմաբան եւ փիլիսոփա Յուվալ Նոյ Հարարիի երրորդ գիրքը՝ «21 դաս XXI դարի համար»: Meduza-ն «Սինդբադ» հրատարակչության հետ համատեղ ներկայացրել են նոր գրքի առանցքային թեզերը, որոնք թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 Հիշողությունը վարժեցնել այլեւս պետք չէ

 Այսօր աշխարհում չափից շատ տեղեկատվություն կա, եւ կարիք չկա այն պահել գլխում, որովհետեւ նույնիսկ Երկրի հեռավոր անկյուններում կան շարժական ինտերնետով սմարթֆոններ: 

 Հարարիի կարծիքով՝ շատ ավելի կարեւոր է «կարողանալ հասկանալ տեղեկատվությունը, տարբերել էականը ոչ էականից եւ ամենակարեւորը` տեղեկատվության ցրված կտորները վերածել աշխարհի ամբողջական պատկերի»:

 «Ինքնաթարմացման» կարեւորությունը 

 Թվում է, թե ծրագրավորումն ու օտար լեզուները միշտ պահանջված են լինելու: Իրականում, ըստ Հարարիի, 2050 թվականին ծրագրավորմամբ եւ թարգմանություններով զբաղվելու է արհեստական բանականությունը: 

Այդ պատճառով, գրում է Հարարին, տեխնիկական ունակությունները զիջելու են իրենց տեղը կյանքի համար անհրաժեշտ այնպիսի հմտություններին, ինչպիսիք են փոփոխություններին հարմարվելը, նոր բաներ սովորելը եւ անծանոթ իրավիճակներում սառնասրտություն պահպանելը: Պատմաբանի կարծիքով՝ «2050 թվականին աշխարհին համահունչ լինելու համար անհրաժեշտ է լինելու ոչ միայն նոր գաղափարներ եւ պրոդուկտներ առաջարկել, այլեւ, նախեւառաջ, անընդհատ ինքնաթարմացվել»:

 Անկանխատեսելիությունը կաճի 

30 տարի անց աշխարհի անկանխատեսելիությունը կտրուկ կաճի, գրում է Հարարին: Արհեստական բանականության զարգացումը եւ մեքենայական ուսուցման մասշտաբային ներդրումն անճանաչելիորեն փոխելու են աշխատաշուկան  յուրաքանչյուր 10 տարին մեկ: 

 Քանի որ կյանքի միջին տեւողությունը կաճի, նորմալ երեւույթ կդառնա 50 տարեկանում ձեր երրորդ կարիերան սկսելը: 

 Անդադար անկայունությունը 

 Անհրաժեշտ է լինելու անընդհատ «վերակառուցել» սեփական անձը եւ փնտրել նոր ինքնություն, որպեսզի չհայտնվել տնտեսական եւ սոցիալական գործընթացների եզրին: 

 50 տարեկան մարդը դեռ երիտասարդ է համարվելու: Շատերն այդ տարիքում՝ ելնելով իրենց կենսաբանական սովորություններից, ձգտելու են ավելի հանդարտ եւ կայուն կյանքին, սակայն չեն կարողանալու իրենց դա թույլ տալ: Անդադար փոփոխվող իրականության արդյունքն ուժեղագույն սթրեսն է, որը տարիքի հետ ավելի ու ավելի դժվար կլինի տանել:

 Քննադատական մտածողության կարեւորությունը

 Աշխարհը շատ արագ է փոխվում, եւ մեծահասակների գիտելիքները կորցնելու են իրենց արդիականությունը մինչեւ նոր սերնդի հասունանալը: Մեծահասակները չեն ուզում վնասել երեխաներին, գրում է Հարարին, սակայն մեծ է հավանականությունը, որ նրանք փոխանցելու են արդեն հնացած գիտելիքներ ու փորձ:

 Հաջորդ սերունդը չպետք է հավատա նույնիսկ սեփական ներքին ձայնին: Հարարիի կարծիքով՝ արդեն այսօր մարքեթոլոգները հեշտությամբ կարողանում են մանիպուլյացիայի ենթարկել մեր գիտակցությունը տեխնոլոգիաների միջոցով: Իսկ 2050 թվականին չափազանց դժվար կլինի տարբերել սեփական որոշումները դրսից պարտադրվածներից: Այդ պատճառով շատ կարեւոր է երեխաներին քննադատական մտածողություն սովորեցնել` որքան շուտ, այնքան ավելի լավ: 

  «Եթե ցանկանում եք գոնե մասնակի վերահսկողություն պահպանել ձեր կյանքի եւ աշխարհի ապագայի հանդեպ, պետք է ալգորիթմներից, Amazon-ից եւ պետությունից ավելի արագ վազեք, եւ բացահայտեք ձեզ ավելի շուտ, քան դա կանեն նրանք: Ուստի ավելորդ ուղեբեռ մի վերցրեք ձեր հետ»,- գրում է Հարարին: 

 Յուրօրինակությունը՝ նոր նորմ

 30 տարի անց, Հարարիի կարծիքով, յուրօրինակությունը կդառնա նոր նորմ, իսկ մտածողության ճկունությունն՝ առանցքային հմտություն: Դրա հետ մեկտեղ, ցանկացած փորձ կդադարի արժեքավոր եւ արդիական լինել՝ առաջընթացի աներեւակայելի բարձր արագության պատճառով: Պետք է ամբողջովին պատրաստ լինեք հրաժարվել ձեր գիտելիքների եւ հմտությունների ողջ պաշարից եւ անմիջապես սկսեք նորը ստեղծել: Արժեւորվելու է միայն ամբողջովին անծանոթ իրավիճակում ստեղծագործեն մտածելու ունակությունը: 

 Աղբյուրը՝ https://mediamax.am

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: