Մեծարգո Տիկին

09 Մայիսի 2019

Գո՞ւցե փորձեիք թանգարանում Ձեր

“Հարցախույզ” դարի կտավն այս կախել.

Նկարիչն այստեղ վրձնի փոխարեն

Իր մազն է կտրել…

Այս գիսակ վրձնի հույզերի լեզուն

Յուղաներկերի ու գուաշների փառքը չի կիսում,

Ոչ էլ կառչած է աշխարհիկ գույնի ու երանգների,

Ծորուն ու քծնող ցայտի շղարշում,

Շպարված մտքի, հենափայտ դարի,

Սանդուղքն են լիզում…

Գուցե փորձեիք թանգարանում Ձեր

Նկարն այս պահել,

Նկարիչն այստեղ մեռյալ ջրերում՝

Անցողիկ փառքի, վերելք-վայրէջքի,

Լղոզված հեռուն ոճի ու ծագման՝

Շքերթ խայծերի մեջքի հետևում՝

Անդունդ է փակում,

Ինչպես խութերի սուզված “սև արկղ”

Ծովի մութ բեմում

Վերծանող է նա, կռահողի տուն:

Թերևս անուժ ժամանակի մեջ

Հարգարժան տիկին, հավատքն իմ ուժն է…

***

Լուսածին է իմ աչքաբացը արևի ծեգին,

Շողերն արևի ռիթմն է իմ սրտի, կայծքարը՝ մտքի:

Եվ հազար ավաղ, երբ որոտներն մեծ,

Սև թուխպերի խորհուրդների մեջ,

Գունաթափվել ու գունազրկել են ինքնության էջեր.

Անորոշությո՜ւն, դարձյալ և կրկին,

Հարիր չէ մտքին:

Այս քուլաների ու գալարների ծխացող լեզուն,

Վարդերի մոխիրով առակներ թրծող,

Կռահող ուժին

Ոչինչ չի հուշում…

Հույզերն են վիժում…

Եվ դարի “մեքապն” է քծնանքի լոգանք՝

 “Բնական հույսով” թող վերադառնանք…

 

Նաիրա Հայրապետյան

2019թ.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: