Փաշոն ու Փառնիկը (գյուղի դիվանագիտության յոգան)

17 Հոկտեմբերի 2018

Փաշոն ու Փառնիկը հին հարևաններ են: Փաշոն հին կոմունիստ է, Փառնիկը՝ համառ դաշնակ, իսկ նրա ռուս հարս Օլյան՝ դեմոկրատ:
Բանավիճելիս նրանց քաղաքական տեսակետներն ու աշխարհաքաղաքական ընկալումները պատատուկի պես փաթաթվում են ռուսական սոխի թփին, գլխապտույտ հաջողություններով բարձրանում շիկամազ կուկուուզների վզովն ընկնում, հետո մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ անելով հայտնվում շվայտ ու ցոփ մոլախոտերի քավորության յայլեքում և հետո ջղիլների մեջ մտած երկմության վու՜շ, վու՜շ անում ու մտածում “ինչ անել, ինչից սկսել”:
Այնուհետ փուռեքը հեռվից երևացող անգլոամերիկյան դաղձախեղդ եղած խաղողի քացախով փորձում հայի ճակատի խրոնիկ գլխացավի դեմն առնել, սառը թրջոցներ դնելով և փոխելով:
Հենց այստեղ է, որ եվրոպական ախորժակի ճպճպոցը և չիպսային խրթխրթոցը շփոթահար մատուցողներին հեգնում են, կարծես ասելով, թե ուր էր կորել սոխի գլուխը:
Ահա թե ուր է թաքնված շան գլուխը և անհաջող բեչա տված քաղաքականության ճյուղերը, որը լոք տված ու ճողվածքով կախված է Փաշոյի և Փառնիկի հողամասի հյուսիսային և արևմտյան “որքի’ գլխավերևում, իսկ նրանց մյուս հարևանների հարավային և արևելյան կողմի պատուհանները միշտ ականատես են լինում դիտարկումների ժամանակ, թե Փառնիկի այգու հյուսիսային “որքի” ծառի ճյուղերը ցանկապատից անցել, և շվաք են անում Փաշոյի հողամասին:
Երբ աշնան բերքին Փաշոն միշտ հիշեցնում է Փառնիկին, թե ծառերիդ ճղերը շվաք են անում իր ծառերին, տենց չի լինի պիտի կտրես, Փառնիկն էլ, որ հումորով մարդ է, հորդորում է չկտրել. -"Հո Ավետ Ապերը չեմ, հարևան ջան, ավելի լավ չի կտրելու փոխարեն քո կողմն անցած ճղերի բերքը դու վերցնես, ծառը իզուր տեղը չկտրենք":
Փաշոն էլ թե,- Փառնիկ բոլշևիկ-մենշևիկ, ճղրիդ խաղը քեզ պահի, ես իմ հողի շվաքը քո ճղերի բերքի հետ չեմ փոխի:
-Է՜ Փանիկ ջան, դրա համար են ասում, որ մեր ազգի ջուրը մի առվով չի գնում, ուր մնաց ջահելներին թրջենք, որ ծլարձակեն ու իմ ու քո շվաքի տակ ապրեն ու ճյուղավորվեն:
Մի բեջան մի պատմություն կկերտի Փաշո ջան, արի համաձայնի, օկուպացիա մի արա, էս աննման ծառերի տեղը խրամատ չփորենք:
-Լավ, լավ, այ անտոկոս ավանդ,-ասաց Փաշոն,-հրես խնոցու թան են բերել, արի խմենք:
- Է՜, Փառնիկ, քաղաքականությունը թթու թան չի, ամեն մարդու բան չի, չնայած ասեմ քեզ, ավելի լավ է փորձված թանը, քան անփորձ քամած մածունը: Հետո լսիր Փառնիկ, մեզ յոգուրտային, սերուցքային, անարատ հորած շոռի, չեչիլ պանիրի, անկորիզ քիշմիշ խաղողի դիվանագիտություն է պետք մշակել:
- Հա, Փաշո, հատկապես աղվեսն էլ գա, դունչը ցցի, չհասնի խաղողին, ասի թե խաղողը խակ է:
- Փառնիկ, եթե ռսի կյամ աղվես լինի գործիչ կհասկանա, էդպես եվրոպական բոռերին քշի, մոտ չի թողնի:
- Փաշո, բա որ խաղողին նայողը աղվես չլինի, ասենք լինի շիկակարմիր գայլ, կամ թուրքական էշ լինի:
- Փառնիկ դրան հոշ արա... կանգնեցրու, կդառնա Փաշ-Այգեկցին...
Մենք, հայերս հո գիտենք, որ փիլիսոփա աղվեսին կարող ես բան հասկացնել, իսկ գայլի ախորժակին ջուր չես լցնի, որ զուզան միացրեց կտրել չի լինի:
-Ուզում ես ասել, որ մեր տեսակը Ռուսաստանն է,-ասաց Փառնիկը:
- Փառնիկ ջան, թուրքերը "գյավուր" բառի մեզ ուղղված տիտղոսով (հայի հետին խելքը) գողացել են ու մեզ հայերիս գործազուրկ դարձրել, լոք անելը, ճողվածքը թաքցնելը, դեռևս դիվանագիտություն չէ:
Եվ ուրեմն...
-Եթե ուզում ես կոմունիստ եղիր, դաշնակ, դեմոկրատ-սոցիալիստ, կամ թե հանրապետությունուվ (թամամ աշխարհ պտույտ արա)՝ ելքեր միգուցե կլինեն, բայց հայի համար գլխավոր ելքն ու մուտքը Ռուսաստանն է:
-Փաշո, օրհնվի էն սհաթը, որ ռուսի արդար ոտքը մտավ մեր գյուղը, և ես ու դու էլ ասացինք, հե՜յ, ջա՜ն, Օլյա ջա՜ն, հարս ջա՜ն, եղավ էն, որ փեսան՝ արևելքից, հարսնացուն՝ հյուսիսից:

Նաիրա Հայրապետյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: