Ապագայում «ոչինչին» հավատալու մտավախություն (Եկամտահարկի ելից օրենքով կտակարան)

30 Հունվարի 2018

     Ակամայից մտաբերեցի համայն մանկության խաղերի խորքերը գունավորող այս ոտանավորը՝

-Ա՜խ իմ գգդակ, իմ գնդակ,

Կանաչ, կարմիր կապուտակ,

Թռիր վերև, իջիր ցած,

Չալոն մնա զարմացած։

   Մանկության հիմնադիր գյուղում շատ խաղեր կային, որում ուղղակիորեն մասնակից էին դառնում բակի շները, երբեմն այլ կենդանիներ։ Կառուցողական խաղերից էին «տուն-տունիկ», «յոթ քար», «չիլիկ դաստա», «հավալլա խաղերը»։

        Թերև ուժային խաղերից էր «պարանի ձգում», «կռիվ-կռիվ», «էշ մլիցա», «պահմտոցի», «ճանը»։ Մի տեսակ վեր ու վար անող, չվերթային էին «տմբողչի», «ճլորթի» ամենագնացները։ Այսպես կոչված «ռագատկա» ինքնաշենը կարող էր անգամ վախեցնել «քյանդրբազի» լարախաղացին, որից շատ էին ուրախանում երեխաները։

  Բոլորի ծիծաղը ավելի էր սաստկանում ծաղրածուի շվիկին ձայնարկող շների զուզան։ Գյուղի «մահլա» կոչված թաղերում մանկական խաղերը սկսելու առաջնության խոսք կար։ Այսպես օրինակ՝

-Ալա, բալա, նիցա,

Դուրս կաբանիցա,

Հեյ գիդի վանչո, փալանչո։

Կամ այս մեկը՝

Պստիկ պապան գնաց բանակ,

Հետը տարավ մի սուր դանակ,

Ում կտանես հետդ բանակ,

Ծառայելու համար...

Այսօր այդ խաղերն ու խաղիկները բազմած լուսնի նուրբ շողերին, նայում էին «բիրդան աղեքի» թանկ խաղերին ու խաղի կանոններին, որտեղ «պահքի ժողովուրդ» խաղադրույքով, խաղատան մենեջերները փորձում են փոփոխված եկամտահարկի օրենքի « Տրնդեզի» կրակը վառել։

  Ժողովրդին թանկ ու կրակը գցող այս խարույկի անառողջ ծուխը, վաղահաս մխմխոցը իր մոծիլներն է կարծես տանում եկեղեցու խորանը, և միջամուխ լինում «Տերունական աղթքի» և աղոթողի երկխոսության մեջ։

   Եթե աղոթելու համար եկամտահարկի մոմ է փորձում հրավառել մեծն հարկային երրորդությունը ու հետն էլ կրկնում «Տատի տանձը տանեմ տուն, թե չէ կուտի գող կատուն»... Աղոթագիրքը մանդատի սաղմոս դարձրած, ապա հավատավորը անշուշտ կընդվզի և կասի՝ «Միտքդ ասա, այ ճուտո, կատուն տանձը ո՞նց կուտի»։

     Ակնհայտ է, որ սաղմոն ձուկ ուտող, իշխան ձկանը ոսկե ձկնիկի հեքիաթով կերակրող, շնաձկանն ապշեցնող ձկնկիթների ձկնորսը՝ մեծ ախորժակ ունի և հետաքրքրություն, մտնել ձկան փորի մեջ՝ կարծելով իրեն «հայ-հայ Հովնան» աստվածաշնչյան։

  Չկռահելով անգամ, որ ամեն մի «բառադիի» մեծ ձուկը իր ծոցն չի առնում և ափ չի հասցնում։ Նա կարող է անաղոթք քնողին փսխել հենց օվկիանոսի ջրերի մեջ և ասել հայավարի.

-Ղամազ գյադա, թե տղա ես՝ դիմացիր կամ փրկվիր։

 Բանից բեխաբար Ղամազօղլին՝ փրփուրներին հենված, իր այֆոնով կզանգի «ալյակների ալֆային» ու ծովը ծնկներին կարծելով՝ չփչփացնելով կգոռա այլ ոչ թե կաղոթի։

-Հայր մեր, ո՞ր երկրում ես։

Թող քո իշխանությունը լինի ընտրությունից, ընտրություն,

Քո մանդատը միշտ լինի,

Փրկիր ինձ խեղտվելուց։

   Ալեկոծումներից բերանը ջուր առած՝ կլսի «ալֆայի» խշշոցով պատասխանը.

-Թարգը տուր, ա¢յ սելաֆի սելֆի,

Կավառդ փոխի, էլ մի քչքչա...

  Շուտով ձնհալոցի օրերը կթկթոցով կհավաքեն ջրերը դեպի «ապրիլյան» լեռների ընդերքը, նոր գլգլոցներին ակունք գտնելու։

 Դե ինչ, մնում է ոչնչին հավատալու մտավախությունը և պատրանքի շողշողուն մոլուցքը։

    Գու՞ցե  վերջ լինի կատակարանի այս կտակարանին և նորից ու նորից հնչի՝

Գնդակ, գնդակ գլորվի,

Խոտերի մեջ մոլորվի,

Չալոն գտնի խաղ անի,

Խունջիկ-մունջիկ պտտվի...

..............................................................................................................................................................................

 

Շների պատգամը

 

 Հե՜յ գամփռներ, քոմագ արեք

Թափառական թուլեքին,

Զուզականչով դուք ետ բերեք

Բունը լքած տուզիկին։

 

Շատ Չալոներ ու Շարիկներ

Ոռնոց դասին հնազանդ,

Համեստ բնում կուչ են գալիս,

Աչքներն շեմին միշտ հառած։

 

Պահապան են օր ու գիշեր

Տիրոջ տանն ու հայաթին,

Ամեն մի շուն մի ընկեր է

Ղադր պահողի կողքին։

 

Լակամանից, ճոթկտորից

Ո՞ր մի շունը թև կառնի

Բոզբաշ ուտող, բուդը կրծող

Այն բուլդոկին երբ նայի։

 

Անմահության հաչոցն այստեղ

Թոկի մազից է կախված,

Խեղճ տուզիկի դնչից, վզից,

Ժնջիլներ են անհամար։

 

Մեկը՝ թաթով փախցնում է,

Մյուսը՝ թաթով թաքցնում։

Մեկը՝ բնում հոտհոտում է,

Շունը շնից գողանում։

 

Կերամանում ջուր է միայն,

Հայելին տենդող պատկերի։

Քանի՜ ծլկող ու անտեր շան,

Շողքն է անցել, շրջել նրան։

 

Հե՜յ քաջ շներ՝ ազնվագույն,

Քեռի Քուչին է ձեզ կանչում։

 

Տարին մերն է, բնազդական...

Մարդկանց եկեք «խելքի» դաս տանք,

 Որ չկառչեն գաղափարից՝

Անբախ-զամբախ,

Որ չամաչեն բարի դառնալ շնից անկախ,

Կուշտն սովածին՝ չդնգստի, վրա չտա

Դրա համար՝ շուն, շան որդի կամ շան տղա,

Մեր անունից ինտելեկտով գրազ չգա։

 

 Հեղինակ՝ Նաիրա Հայրապետյան

Լրագրող, մշակութաբան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: