Արխիվ Հունիսի 2020 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում  2019 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության եզրափակիչ ելույթի ժամանակ խոսեց հրատապ հարցերի մասին:

Վարչապետը հիշատակեց մեկ ամիս առաջ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի զեկույցը, որում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտներում:

«Էսօր խոսում են խոսքի ազատության սահմանափակումներից: Ցույց տվեք Երրորդ հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն երեք-չորս, եթե ոչ՝ չորս-հինգ կամ վեց-յոթ հեռուստաալիքով առավոտից իրիկուն ինչքան քաղաքական դիակ կա գարշահոտություն է տարածում երկրով մեկ: Եկեք խոսենք, թե Հայաստանում խոսքի ազատության ի՞նչ մակարդակ կա, և խոսքի ազատությունն ինչպե՞ս է օգտագործվում:

Մարդկանց էսօր էդ մամուլը, էդ մամուլի ազատությունը մղում են մահվան, ընդ որում, մղում են մահվան էդ գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ, որովհետև դրանք համարում են՝ ինչքան շատ մարդ վարակվի կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, էնքան իրենք ավելի բարձր հնարավորություն կունենան խոսելու»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում կուսակցությունները, լրատվամիջոցները, ՀԿ-ները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ «ֆեյքերի դասակներ, գումարտակներ, լրատվամիջոցներ չֆինանսավորեն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար»:

«Ինչու՞ պիտք է Կառավարությունը լինի 100 տոկոս թափանցիկ, իսկ մյուսները՝ ոչ: ԱԺ ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին, բայց պատգամավորներից ոմանք ֆեյքերի սեփական դասակներն ու գումարտակներն ունեն: Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունը ամենաթողություն չի: Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցվությունների հույսին չի կարող մնալ: Ասում եք՝ քաղաքական հետապնդում: Տեսել ենք 30 տարի: Բա որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տա, բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ, բա ասեին՝ չէ, չենք կալանավորում, վզները կոլորեին հինգ րոպե, սեղանի տակից դուրս չէին գալիս»,- զայրացավ վարչապետը՝ հավելելով, որ դատական համակարգի նկատմամբ ապօրինի ազդեցություններից հրաժարվել են, բայց հիմա հին ազդեցությունները դրսևորվում են:

Դատարանների հարցը լուծված չէ, որովհետև խամաճիկային հին համակարգը խամաճիկային նորով փոխարինել չեն ցանկացել՝ նշեց Կառավարության ղեկավարը.

«Մենք ուզում ենք, որ երկրում լինի իրական անկախ դատարան: Այն դատավորը, որ իր համոզմունքով և խղճով՝ առանց կողմնակի ազդեցությունների, առանց հին կոռուպցիոն կապերի կկայացնի որոշում, մեր գլխի վրա տեղ ունի, այդ դատավորը երկրի հենասյունն է, և մենք ամեն ինչ անելու ենք այդ մարդկանց պաշտպանելու համար և ամեն ինչ անելու ենք մյուսներին դատական համակարգից դուրս շպրտելու համար»:

Անդրադառնալով ԲՀԿ-ի բացակայությանը նիստին՝ վարչապետը նշեց.

«Ներկա չեն, ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ որովհետև չկան այլևս, որովհետև ինքնաոչնչացվել են: Երբ կանգնում ես այս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ այդպես չի, դա նշանակում է ինքնաոչնչացում: Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում այլևս քաղաքական գործունեություն չի ծավալելու, չի կարելի ժողովրդին ձեռ առնել: Ովքեր ճշմարտությունից դուրս են խոսում, նրանք էլ չեն կայանալու: Նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են, այլևս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Եվ նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների են կառավարել, քաղաքական դաշտում այլևս տեղ չեն ունենալու»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ հիմա Հայաստանում ամենամեծ բարեփոխումն է տեղի ունենում՝ քաղաքական բարեփոխումը, և հաջորդ ընտրություններին խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբա պաշտպանում են թավշյա հեղափոխության արժեքները:

Փաշինյանն անդրադարձավ ակցիաների մասնակիցների՝ կորոնավիրուսով վարակվելուն, որոնք թաքցնում են, որ վարակվել են կորոնավիրուսով, ու ակցիաների, հանրահավաքների կոչեր են անում:

«Տեսանք ձեր արած հանրահավաքը: Կես միլիոն դոլար ծախսում եք, 200 հոգի մարդ եք կարում հավաքեք, կեսին էլ՝ սպառնալով: Գալիս եք առանց դիմակների կանգնում եք, ասում եք՝ չկա կորոնավիրուս: Հիմա թևածում է: Կասեն՝ իշխանությունը կորոնավիրուսը գցել է ընդդիմության ջանը, որ հիվանդանան, չկարողանան իշխանափոխություն անեն: Մեզ եկել եք հանրահավաքո՞վ եք վախեցնում, բա որ մե՞նք հանրահավաք անենք: Դուք եկեք մեզ փողով վախեցրեք, թալանելու ձեր կարողությամբ, ձեր կրթական ցենզով»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ պետք է պարզաբանվի, թե ինչու փետրվարին հայտնի դարձած գործով մինչ օրս պատշաճ քննություն չի արվել:

Արդեն տարի ու կես է, որ քրեական գործերը պատշաճ չեն քննվում, և դրա համար էլ որոշումներ են կայացվել՝ ասաց Կառավարության ղեկավարը.

«Մեկն էլ կա, ասում է՝ ես եմ տղամարդը, կուխնու սեղանի տակից դուրս չեմ գալիս, մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս, ասում է՝ դուրս եկեք Ֆեյսբուքից և հաղորդակցվեք իրականության հետ: Դու հլը կուխնուց դուրս արի, նոր ուրիշներին Ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»:

1lurer.am

Բաժին՝ Հայաստանում

Մոսկվայում անցկացվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը։ Շուրջ 15 հազար զինվորական և ավելի քան 200 միավոր ռազմական տեխնիկա մասնակցեցին հանդիսավոր շքերթին։ Այս տարի այն անցկացվեց հունիսի 24-ին, ինչը խորհրդանշական է, չէ՞ որ 1945 թվականին հենց այդ օրը տեղի ունեցավ հաղթանակի լեգենդար, պատմական շքերթը։ Այս տարվա հյուրերի թվում էին հետխորհրդային պետությունների առաջնորդներ, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ղեկավարներ։ Կարմիր հրապարակով ռուսական զորամիավորումների հետ մեկտեղ անցան զինծառայողներ նախկին խորհրդային հանրապետություններից` Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքերթից առաջ իր ողջույնի խոսքում ևս մեկ անգամ կարևորեց նացիզմի նկատմամբ տարած հաղթանակում խորհրդային ժողովրդի դերը։ Հանդիսավոր շքերթն ավարտվեց ավանդական դարձած ռուսական ավիացիայի ելույթով։ Միջոցառման ավարտին Վլադիմիր Պուտինը օտարերկրյա հյուրերի հետ հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին` ծաղիկներ խոնարհելով Անհայտ զինվորի գերեզմանին։

 

Բաժին՝ Աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս ժողովուրդը միշտ կհիշի, որ խորհրդային ժողովուրդը ջախջախեց նացիզմը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

 «Մենք միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը: Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների տարբեր ազգությունների միլիոնավոր մարդիկ», - ասել է Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ:

ՌԴ նախագահը նշել է, որ առաջնագծում և թիկունքում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակում նրանք պայքարել են և  աշխատել քաջության ու միասնության օրենքների համաձայն:

 

 
armeniasputnik.am
 
Բաժին՝ Աշխարհում

Ըստ ծխախոտ արտադրող ընկերության՝ բեռը ձերբակալված չէ, քրեական գործ էլ հարուցված չէ։ Ոստիկանությունը նոր տվյալներ է ներկայացրել։

ՀՀ ոստիկանությունը ստուգել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մայիսի 12-ին հրապարակումն այն մասին, թե Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ։ Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող կազմակերպությունների, դրանց լիազորված անձանց, տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես և ծխախոտի խմբաքանակների և տեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։

«Ռուսաստանի Դաշնությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացվել է պատասխան, որ ապրիլի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից Կրասնոդար ժամանած ինքնաթիռի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան 40 տոննա առանց ակցիզային տուրքի «Zenon» և «Magnus» ծխախոտներ, որոնք արտադրված են Կոտայքի մարզում գործող «ARMENIAN TOBACCO COMPANY» ընկերությունում։ Ինքնաթիռի օդաչուի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ նշված բեռը պետք է տեղափոխվեր Հայաստանից ՌԴ Սիմֆերոպոլ քաղաք՝ Կրասնոդարում սահմանային հսկողության նպատակով միջանկյալ վայրէջքով։ Փաստաթղթերի համաձայն՝ ապրանքը ստացողը Կանադայում գրանցված «VOLAX PROMOTIONS» ընկերությունն է եղել, իսկ առաքման վայրը՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։ Բեռը տեղափոխվել է ինքնաթիռի սեփականատիրոջ՝ ՌԴ ԱԻՆ-ին պատկանող «АСК МЧС России» և ռուսական «LLC T-Trans» տրանսպորտային ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Փաստորեն, նշված ապրանքը նախ պետք է ՀՀ-ից ինքնաթիռով տեղափոխվեր Սիմֆերոպոլ քաղաք, որտեղից էլ ցամաքային ճանապարհով՝ Ղազախստանի տարածքով՝ Աֆղանստան։ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նշված վայրերի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ որոշակի կասկածներ են առաջացել ՌԴ իրավասու մարմինների մոտ, թե ծխախոտները կարող են նախատեսված լինել ՌԴ տարածքում ապօրինի վաճառքի համար և հնարավոր է նման կերպ հարկերից խուսափելու արդյունքում ՌԴ-ին պատճառվեր շուրջ 100․000․000 ռուբլու վնաս։

Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

«Ստացված տեղեկությունների հիման վրա քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լրացուցիչ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին կնքված պայմանագրի և 2020 թվականի փետրվարի 24-ին կնքված համապատասխան հավելվածի համաձայն՝ իր արտադրանքի տվյալ խմբաքանակը վաճառել է «Volax Promotions LP» միջազգային դիստրիբյուտորական ընկերությանը՝ տվյալ ապրանքը բացառիկ իրավունքով Աֆղանստան արտահանելու պայմանով»,- տեղեկացնում է ոստիկանությունն ու հավելում, որ ծխախոտային արտադրանքի արտաքին տեսքի, դիզայնի և մակնշման պայմանները համաձայնեցված են եղել գնորդ կողմի հետ պայմանագրով։

Ոստիկանությունից հիշեցնում են՝ ՀՀ մաքսային օրենսդրությամբ և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով՝ ՀՀ-ից Աֆղանստան արտահանման մասով մակնշման որևէ սահմանափակումներ և հատուկ պահանջներ նախատեսված չեն։ Ինչ վերաբերում է բեռի «ճանապարհին», ապա գնորդն ինքն է որոշել բեռի տեղափոխման եղանակները, երթուղին, տրանսպորտը և այլն։

«Արմենիան Տոբակո»-ի տնօրենը ոստիկանությանը հայտնել է, որ Միքայել Մինասյանի տեղեկությունները, թե ծխախոտի խմբաքանակը ձերբակալված է, չի համապատասխանում իրականությանը։ Իրենք էլեկտրոնային նամակի հարցմանն ի պատասխան տեղեկացվել են, որ բեռը ձերբակալված չէ և ըստ իրենց տեղեկությունների՝ նաև քրեական գործ էլ հարուցված չէ, քանի որ գործարքը կատարվել է օրենքի շրջանակում, ինչի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը ներկայացվել են պատկան մարմիններին։

Ոստիկանությունն ամփոփելով՝ նշում է նաև, որ գործարքի շրջանակներում ՀՀ քաղաքացիների, բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀ ԱԺ պատգամավորների կամ նրանց հարազատների կողմից ծխախոտի տվյալ խմբաքանակի արտահանման գործընթացում չարաշահումներ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։

Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանն իր հրապարակման մեջ նշել էր, թե «գործի մեր ներքաշված են» ՀՀ վարչապետի ընտանիքը, այդ թվում նրա տիկին Աննա Հակոբյանը, նաև նրա եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու այլ անձինք։

Մինասյանն ինքն այս պահին հետախուզման մեջ է։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում երեք հոդվածով՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նրան կալանավորելու որոշում է կայացվել։


armeniasputnik.am



Բաժին՝ Հայաստանում

Արգենտինայի Հայկական հաստատությունների հաղորդագրությունը

 

Լիբանան կը գտնուի տնտեսական և ֆինանսական խոր տագնապի մը մէջ, և այդ կացութիւնը իր խոր ժխտական ազդեցութիւնը ունի տեղւոյն հայ համայնքին վրայ: Ոչ իսկ քաղաքացիական պատերազմի տարիներուն (1975 – 1990) համայնքային հաստատութիւնները գտնուած են իրենց դռները փակելու ստիպումի սպառնալիքին դէմ յանդիման: Պսակաձև ժահրի համավարակի պայմաններուն մէջ, համայնքը շատ արագ կազմակերպեցուեցաւ հայկական թաղամասերու բժշկական, պարէնային և այլ ամէն ձևի օժանդակութիւն հասցնելու համար: Համայնքի քաղաքական և կրօնական ղեկավարութիւնը դիմած է Սփիւռքին՝ խնդրելով օժանդակութիւն դիմակայելու համար օրհասական այս կացութիւնը:

Անցեալ 10 և 11 յունիսին, համայնքը թիրախ եղաւ նոր և շատ լուրջ սպառնալիքի մը: Հայազգի հաղորդավար լրագրող Նշան Տէր Յարութիւնեան, «Ալ-Ժատիտ» հեռուստատեսային կայանի իր ծրագրին ընթացքին, Թուիթըրի ճամբով ստացաւ հայհոյանքներ, որոնց շարքին իրեն «գաղթական» որակումը: Հաղորդավար- լրագրողը ուղղակիօրէն պատասխանեց այդ յարձակումներուն և ամբաստանութեան մատը յղեց դէպի Թուրքիա և նախագահ Էրտողան: Լրագրողի ելոյթին յաջորդեց հայատեացութեան արտայայտութիւններու ամբողջ տարափ մը, որուն մեծ մասը ոչ-լիբանանեան աղբիւրներէ կու գային: Այդ արտայայտութիւնները կարդարացնէին ցեղասպանութիւնը ըսելով, թէ «հայերը արժանի էին ջարդուելու»: Տեղի ունեցաւ թրքական դրօշակներով ցոյց նոյն հայատեաց արտայայտութիւններով, որոնց հեղինակները իրենք իրենց կը համարէին օսմանցիներու ժառանգորդներ և Էրտողանի հետևորդներ: Լիբանանի մէջ Արաբ Մերտինցիներու միութեան նախագահ Մունիր Հասան ի մասնաւորի օսմանցիները անուանեց իր «նախահայրերը» և ըսաւ որ «լաւ գործ ըրին հայերը ջարդելով»: Ան հայերը կոչեց «յիմարներ, դաւաճաններ, վատեր և անյարգալիցներ»:

Բարեբախտաբար լիբանանեան քաղաքական բոլոր շրջանակները իրենց զօրակցութիւնը յայտնեցին հայ համայնքին: Լիբանանի մէջ գործող հայ քաղաքական երեք կուսակցութիւնները միացեալ հաղորդագրութիւն մը հրապարակեցին դատապարտելով այս երեւոյթը եւ ինքնազսպումի կոչ ըրին հայ համայնքի զաւակներուն: Երեսփոխան Յակոբ Բագրատունի կոչ ուղղեց զուսպ մնալու և գրգռութեանց տեղի չտալու: Երեսփոխանը դատական հարց բացած է Մունիր Հասանի դէմ: Նոյնը ըրին Լիբանանահայ համայնքի բաղկացուցիչ հայ քաղաքական կազմակերպութիւններու ղեկավարները: Նամակներ յղուած են Պէյրութի օտար դեսպանութիւններու՝ զգուշացնելով հայատեացութեան այս նորագոյն արտայայտութեան դէմ:

Արժանթինի Հայ համայնքի զանազան հաստատութիւնները այսու կու գան համայնքին ամբողջական զօրակցութիւնը յայտնելու Լիբանանի մեր քոյրերուն և եղբայրներուն: Հայատեացութեան այս արտայայտութիւնները ինքնաբուխ չեն, այլ ներշնչուած և կազմակերպուած Անքարայի կողմէ եւ համահունչ են Թուրքիոյ ժխտողականութեան և նէօ-օսմանական նոր քաղաքականութեան Միջին Արևելքի մէջ: Սուրիոյ հիւսիսն ու Լիպիա իր զինուորական միջամտութենէն յետոյ, Էրտողանի վարչակարգը իր գործակալները և իր երաշխաւորած ու ֆինանսաւորած ծայրայեղական խմբակցութիւնները աշխուժացուցած է Լիբանանի մէջ ևս: Երկրի այս տագնապալի կացութենէն օգտուելով, Թուրքիա կը ջանայ հարուածել միջ-համայնքային համակեցութիւնը և թիրախաւորել հայութիւնը այնպէս ինչպէս թիրախաւորեց քիւրտերը Սուրիոյ մէջ:

Որպէս արժանթինցի քաղաքացիներ, ուշադրութեան կը յանձնենք մեր կառավարութեան թրքական հայատեացութեան այս նոր արտայայտութեան մասին ընդդէմ լիբանանահայութեան և միջազգային բեմին վրայ արժանթինեան դիւանագիտութենէն կակնկալենք ցեղապաշտական այս քաղաքականութեան դէմ յստակ յանձնառութիւն:

June 16, 2020

azg.am

2020-06-17 20:04:10

Բաժին՝ Աշխարհում

ՀՀ առողջապահության նախարար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԲՀԿ Գեղարքունիքի մարզային շտաբի կողմից ԲՀԿ կենտրոնական գրասենյակ 2017թ. ընտրություններից հետո ներկայացրած ֆինանսական հաշվետվությանը:

«Հետաքրքիր է ինչ կասեն մեր հայրենակիցները սոցիալական մեդիայում հայտնված այս «փաստաթղթի» մասին: Արդյո՞ք այսպես չեն տարիներով կեղծվել ընտրությունները և «գնվել» մեր հայրենակիցների ձայները:

Օրինականության հաստատումը քաղաքական հետապնդում կոչողներն էլ հավանաբար ինքնապաշտպանության համար են դա անում: Միգուցե՞ կան նման փաստաթղթեր, որտեղ կան նաև իրենց անունները:

Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը և բոլոր, անխտիր բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»,- գրել է Արսեն Թորոսյանը

 

:

Բաժին՝ Հայաստանում

Դարերից մնացած և դեռ գույություն ունեցող ստրկատիրության և ռասայական խտրականության մշակույթի առկայությունը Միացյալ Նահանգների քաղաքական, դատաիրավական, տնտեսական, առողջապահահական և այլ հասարակական  ոլորտների համակարգերում բացահայտվում է: Խտրականություն, որ ցուցաբերվում է աֆրոամերիկացիների նկատմամբ հատկապես 60-ական  թվականներից և Մարթին Լութեր Քինգի սպանությունից հետո: Սա առաջացրեց սևամորթ և այլ փոքրամասնությունների դժգոհությունը, որը գնալով օրըստօրե ավելանում է:

Ռասիզմի դեմ ցույցերը տեղի են ունենում Ամերիկայի ավելի քան 40 քաղաքներում: Աշխարհի առաջադեմ ու ձախ ուժերը դատապարտում են Ամերիկայի խտրական կեցվածքը:

Ամերիկայի ժողովրդի բողոքը տարբեր հարցերի շուրջ բռնի ճնշման է ենթարկվում ոստիկանության կողմից: Ոստիկանությունը սևամորթների և այլ էմիգրանտների հանդեպ խտրականությամբ է վերաբերվում և ավելի կոպիտ ու ոչ մարդկային միջոցների է դիմում:

Ոստիկանության կողմից խեղդամահ անելով սպանելու ձևը վաղուց էր կիռարվում Միացյալ Նահանգներում և սևամորթ Ջորջ Ֆլոյդնի այդ կերպ սպանությունը առաջինը չէր:

Կորոնավիրուսի պատճառով ստեղծվաղ վախն ու սահմանափակումները և տնտեսական ճգնաժամի հետեվանքով առաջացած ծանր իրավիճակը մի կողմից և մյուս կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդն անմարդկային սպանությունը ավելի բորբոքեց դժգոհ մասսաներին և ցույցերի ալիքը բարձրացավ ու դեռ շարունակվում է:

Մենք աջակցում ենք խաղաղ «սև կյանքը կարևոր է» «black lives matter» շարժմանը, որ համեմատ նախորդ շարժումներին մասնակցում են մեծամասնությամբ ոչ միայն սևամորթներ, այլ նաև սպիտակամորթները: Իրականում շարժումը կրում է ոչ միայն ռասիզմի դեմ այլ նաև դասակարգային բնույթ, որտեղ մասնակցում են հիմնականում աշխատավոր և աշխատավարձ ստացող դասակարգերը: Մինչ այժմ 10000 հոգի ձերբակալվել են ու քանի հոգի սպանվել:  Տարաձայնություն է առաջացել ԱՄՆ-ի սպիտակ տան և պենտագոնի միջև՝ թե ինչպես վերաբերվեն այս ցույցերին ու բողոքներին:  Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս շարժման հզորությունը և տարբեր ազգերի ու խավերի միասնականությունը: Ոստիկանների ծունկի գալը նշանակում է, որ իշխանությունը խուսափում է ուժ կիրառելուց, նրանք հույս ունեն ժամանակի ընթացքում համահավաքները կմարվեն և բողոքի ալիքը կնվազի:

Մենք սատարում ենք Ամերիկայի ժողովրդի շարժմանը: Այս շարժումը բաղկացած է ձախ անկախ և ժողովրդական տարբեր ուժերից և նրանք հիմնականում կենտրոնացած են հակաֆաշիստական ու ռասիստական խտրականությունների դեմ աշխատանքների վրա:

Հայ Ձախ Ֆորումը իր համերաշխությունն է հայտնում Ամերիկայի ժողովրդին, և հատկապես աֆրոամերիկացի ժողովուրդներին:

Հայ Ձախ Ֆորումը Դատապարդում է Միացյալ Նահանգներում ռասիստական խտրականության քաղաքականությունը իշխանության և ոստիկանության համակարգի կողմից:

Հայ Ձախ Ֆորումը դատապարտում է սեփական ժողովուրդին ճնշելու նպատակով բանակի օգտագործուման մասին Դոնալդ Տրամփի մտայնությունը:

Հայ Ձախ Ֆորում,

Երևան, 10/06/2020

Բաժին՝ Աշխարհում

Կորոնավիրուսի հաղթահարումից հետո և նույնիսկ դրանից առաջ մենք պետք է քննենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում և հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողությունները որքանով են նպաստել համավարակի հաղթահարմանը և հակառակը՝ որքանով են նպաստել համավարակի տարածմանը: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրատվամիջոցներից մեկի հարցին ընդդիմախոսների հայտարարությունների վերաբերյալ, թե կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը: 

Նա նշեց, որ քննություն պետք է ծավալել՝ հասկանալու, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կապ ունե՞ն կեղծ լուրերի տարածման հետ: «Պատերազմի ժամանակ քայքայիչ գործողություն ծավալող մարդիկ և ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի, և որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործողություններ ծավալելը կլինի ապացուցելի, նրանք արժանանալու են համաժողովրդական գնահատականի»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան մարդկությունը, աշխարհը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան: Վարչապետը վստահ է, որ ՀՀ-ն այսօր խնդիրներ ունի կորոնավիրուսի դեմ պայքարում այնքան, որքան ունեն այդ երկրները և ողջ մարդկությունը:

«Արդյոք որոշ ուժեր ունե՞ն պրոբլեմներ համավարակի շրջանում: Կան ուժեր, որոնք ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի «լուսավոր» կամ ավելի «բարգավաճ», և նրանք իրենց համար այս վիրուսային իրավիճակում տեսնում են վերածնվելու հնարավորություն: Շատ կարևոր է գնահատել՝ ովքեր են իրենց վատ զգում կորոնավիրուսի միջավայրում և ովքեր են լավ զգում այդ միջավայրում: Ես կարող եմ հստակ արձանագրել, որ ՀՀ Կառավարությունը և ժողովուրդն իրենց այդքան էլ լավ չեն զգում կորոնավիրուսի միջավայրում: Կորոնավիրուսի դեմ պայքարը չի ավարտվել, այն նոր է սկսվել, երբ ավարտվի, կամփոփենք արդյունքները: 

Եթե վերադառնանք պատերազմին, ապա դա նույնն է, որ 1992 թվականի փետրվարին սկսեր շարժում, որ Հայաստանն ու Արցախը պարտվել են Արցախյան պատերազմում: Հիմա 1992-ի փետրվարը չէ, այլ 1991-ի դեկտեմբերն է, և նրանք, ովքեր ուզում են արձանագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ: Երբ կավարտվի կորոնավիրուսը, կվերցնենք թուղթ ու գրիչը, կարձանագրենք՝ ով որքան է հաղթել, ով որքան է պարտվել, և ՀՀ-ն ինչ է կորցրել և ստացել դրա արդյունքում»,- ասաց Կառավարության ղեկավարը:  

1lurer.am

Բաժին՝ Հայաստանում

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: