Արխիվ Մայիսի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Հինգշաբթի, 17 Մայիսի 2018 11:47

ՀՅԴ-ում «բունտ» է հասունանում

«Իրատես» թերթը գրում է. «Արդեն գրել էինք, որ ՀՅԴ-ում արշալույսները խաղաղ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ իսկական փոթորիկ է հասունանում այս կուսակցության դրսի եւ ներսի կառույցներում: Արեւելյան եւ Արեւմտյան Ամերիկաների, Իրանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեները պահանջում են կուսակցության արտահերթ ընդհանուր ժողով` քննարկելու կուսակցության քաղաքական կուրսին առնչվող հարցեր:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, ժողովը պայմանավորված է կուսակցությունում առկա դժգոհությամբ, իմա՝ ինչու են Հայաստանի դաշնակցականները միշտ իշխանության կողքին կանգնում, ինչու են իրենց վարկանիշը հետեւողականորեն գցում: «Ձեւավորվել է դաշնակցական նոմենկլատուրա, որի շահերը շատ հաճախ չեն համընկնում կուսակցական շարքերի շահերի հետ»,- նշեց մեր աղբյուրը:
Դաշնակցությունը, լքելով հեռացող իշխանության նավը, դուրս եկավ կոալիցիայից եւ անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը:
Ըստ դաշնակցականների, կուսակցությունը լրիվ կորցրել է իր քաղաքական դեմքը եւ փորձում է լինել օրվա իշխանության կցորդը:
Առանձնահատուկ դժգոհություն կա Հրանտ Մարգարյանի հանդեպ: Արդեն լուրջ ներկուսակցական բախում է եղել. Հրանտ Մարգարյանին եւ հայաստանյան կառույցը կոշտ քննադատող Աբո Պողիկյանը հեռացվել է ՀՅԴ-ից:
Հավելենք, որ Պողիկյանը «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիրն է, եղել է ՀՅԴ բյուրոյի անդամ, «Ասպարեզում» հաճախ է հանդես եկել ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը քննադատող հոդվածներով»:
 
 
 

 

Բաժին՝ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ: Երևանի պատմության թանգարանում «Թանգարանային գիշերը» կներկայացվի խորհրդանշական գորգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

«Որպես կանոն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող համայնքային թանգարանները միանում են Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշերվա ծրագրին: Թանգարանները հանդես են գալիս հետաքրքիր ծրագրերով: Քանի որ այս տարին Երևանի համար հոբելյանական է, հետևաբար Երևանի պատմության թանգարանը, ավանդական ծրագրերից բացի, ներկայանալու է հետաքրքիր միջոցառմամբ: Թանգարանային գիշերը ներկայացվելու է խորհրդանշական գորգ, որը պահվելու է Երևանի պատմության թանգարանում»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Գորգը գործելու մեկնարկը տրվել է մեկ տարի առաջ: Գորգի թեմատիկան Երևանի տեսարժան վայրերն են, Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը, 12 մայրաքաղաքների խորհրդանիշները և այլն: 50 տարի առաջ Երևանի 2750-ամյակի առթիվ գործվել էր «Էրեբունի» գորգը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանում ևս հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված, մասնավորապես, կանցկացվի գիշերային զբոսանք, կհնչեն ազգագրական երգեր ու պարեր, կկազմակերպվի ուրարտական խոհանոցի համտեսում և այլն:

 

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Բաժին՝ Մշակույթ

ՀՅԴ «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ՝ Աբո Պողիկյանը արտաքսվել է Դաշնակցության շարքերից։ Այս մասին նշված է Հունաստանի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

«Վերջին 20 տարիներին Պողիկյանը բազմիցս քննադատել է ՀՅԴ հայաստանյան կառույցի իշխանամետ գործունեությունը, դաշնակցության վարկանիշի անկումը կուսակցության որդեգրած սխալ ռազմավարության արդյունքը համարելով։

Աբո Պողիկյանը մանավանդ մեղադրվել է, որ Հայաստանյան համաժողովրդային շարժումի ընթացքին, Հրանդ Մարգարյանի գլխավորած ՀՅԴ հայաստանյան կառույցի սխալ քաղաքականությունը քննադատող հոդվածներ է տպագրել «Ասպարեզ» օրաթերթում»,-ասված է հաղորդագրությունում:

 

Աղբյուրը՝ news.am լրատվական

Հայաստանում նրանք ովքեր շատ փող ունեն, կարողացել են դրանով ձեռք բերել պաշտոն և իշխանություն: Կուսակցությունների ղեկավարների մեծ մասը հարուստներն են կազմում, որովհետև կարողանում են իրենց գումարներով պահել կուսակցությունը, և եթե իշխանության մաս են կազմում, կարողանում են օգտվելով իրենց դիրքերից, նյութական աղբյուրներ հայթայթել իրենց մասնավոր ու իրենց կուսակցության համար և տարածել իրենց իշխանությունը երկրի մասշտաբով:

Սոված ու աղքատ երկրում մարդիկ ձգտում են ձևականորեն դառնալ նման կուսակցությունների անդամ, որպեսզի շանս ունենան  աշխատանք կամ եկամուտի աղբյուր ունենալու: Սրա վառ օրինակը “Հայաստանի Հանրապետական” ու “Ծառուկյան Դաշինք” կուսակցություններն են, որտեղ մարդիկ ձգտում են անդամ դառնալով այդ կուսակցություններին` հասնել մի պաշտոնի կամ դիրքի: Նման կուսակցությունները հենված են եղել անձերի վրա և ղեկավարվել են վերևից, սովորական ու ցածր շերտի կուսակցականները երբեք կուսակցական խաղերի մեջ չեն եղել ու որևէ դերակատարություն չեն ունեցել կուսակցության դիրքորոշումների վրա: Այս կուսակցությունների գաղափարախոսություններն էլ շինծու ու կեղծ գաղափարախոսություններ են եղել, որտեղ ազգայնամոլության ու կապիտալիստական գաղափարախոսության հիմունքների վրա աշխատում են իբրև թէ ազգայնորեն ամենալավ գաղափարախոսությունը ընտրել ու ցույց տալ որ իրենք ամենալավ ազգասերներն են ու լիբերալ են՝ ազատ շուկայական հարաբերությունների կողմնակից, որտեղ բոլոր հնարավորությունները հարուստների ու կապիտալիստների ձեռքում են:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության ամենալավ կետը կարող է լինել այն, որ վերջ տա կոռուպցիային ու կաշառակերությանը և դատարանը լինի անկախ: Նման կարգավիճակը կնպաստի երկրի զարգացմանն ու դեմոկրատացմանը, սակայն տնտեսական ոլորտը կամ համակարգը կմնա նույնը՝ կապիտալիստական մի համակարգ, որտեղ ըստ կապիտալիստական գաղփարախոսության պետք է լինեն կապիտալիստներ, արտադրամիջոցների սեփականատերեր և մեծ թվով աշխատավորներ, որոնք լավագույն դեպքում կապիտալիստների մոտ կունենան իրենց աշխատանքները:

Խորհրդային Միության և Խորհրդային Հայաստանի որոշ քաղաքական ու տնտեսական սխալների հետևանքով հակասոցիալիստները ստեղծել են հակասոցիալիստական մթնոլորտ, որտեղ ամեն առիթով օգտագործվել ու վարկաբեկվել է սոցիալիստական համակարգը: Նեոլիբերալական ու լիբերալական գաղափարախոսները մեծ վախ ունեն, որ հանկարծ ժողովուրդը չծանոթանա սոցիալիստական տնտեսական համակարգի առավելությունների հետ, որտեղ պետությունը մեծ դերակատարություն ունի և բոլոր քաղաքականությունները մշակվելու են՝ հաշվի առնելով բանվորների, մտավորականների ու աշխատավորների տնտեսական շահերը: Կապիտալիստները և նրանց գաղափարախոսները ունեն լայն հնարավորություններ՝ իբրև ցույց տալու, որ լիբերալական ու ազատ շուկայական տնտեսական հարաբերությունները մեծ առավելություններ ունեն սոցիալիզմի նկատմամբ և ամեն կերպ աշխատում են, որ չթողնեն սոցիալիստական տնտեսական համակարգի հետ ծանոթանան աշխատավորները և միջին դասակարգի խավերը:

Պետք է հույս ունենալ, որ Նիկոլ Փաշինյանի երիտասարդ իշխանությունը բարեհաջող կերպով կկարողանա վերջ տալ երկրում կոռուպցիային ու անարդարությանը, կկարգավորի բոլոր քաղաքական հարցերը և դրա կողքին նաև հոգս կտանի ժողովրդի տնտեսական ու աշխատանքի վիճակի մասին: Հույսով ունենանք, որ նրանք կկարողանան բարձր գնահատել պետության դերակատարությանը երկրի ու ժողովրդի տնտեսական ու աշխատատեղերի ստեղծման գործում և կկանգնեն ավելի շուտ հասարակ ժողովրդի կողքին ու չեն զոհաբերի դա մեծահարուստների ու արտադրամիջոցների սեփականատերերի շահերի համար: 

Ռուբիկ Սարդարյան

Թեհրան 15 Մայիս 2018 թ.

 

Բոլոր զարգացած երկրներում արհմիություններն ու հասարակական ոչ պետական կազմակերպությունները մեծ դերակատարություն ունեն քաղաքացիական հասարակարգի ստեղծման և ժողովրդի շահերը պաշտպանելու և նրանց տեսակետների հետ հաշվի նստելու, երկրի բոլոր ոլորտների քաղաքականությունները մշակելու գործում:
Հաճախ իշխանությունները իրական արհմիություններ չստեղծվելու նպատակով ու իրենց համար գլխացավանք չլինելու համար, իրենք են նախաձեռնում պետպատվերով ստեղծել ձևական արհիմություններ ու իրավունք չտալ ստեղծել իրական արհմիություններ, հատկապես բանվորական կամ աշխատավորների արհմիություններ: Հայաստանը նման երկրների տիպիկ օրինակներից կարելի է համարել, որտեղ իշխանությունները օգտվելով գործազրկությունից ու աղքատությունից՝ բանվորներին աշխատանքից զրկելու պատրվակով վախեցրել են ստեղծել իրենց շահերը պաշտպանող իսկական արհմիություններ:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հեղափոխությունից ու նրա վարչապետ դառնալուց հետո ապրում ենք նոր ժամանակաշրջանում, որտեղ վստահ փոխվելու է կարգավիճակը և չեն հետապնդվելու այն բանվորները, որոնք ձգտելու են ստեղծել իրենց իրական արհմիությունները: Այս գործում մեծ դերակատարություն պետք է ունենա ավելի ակտիվ և քաղաքականացված բանվորները: Նրանք են, որ պետք է իրենց աշխատանքի վայրերում (արտադրամասեր, սուպերմարկետներ, առևտրական կենտրոններ, կրթական համալիրներ և այլն) խոսեն իրենց գործընկերների հետ ու իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարևորեն համախմբվելու և խումբ կազմելու անհրաժեշտության մասին:
Ակտիվ աշխատավորները պետք է լավ ուսումնասիրեն և վերանայման ենթարկեն օրենքով սահմանված արհմիությունների հետ կապված օրենքները: Նոր իշխանությունը նաև հավատարիմ մնալով հեղափոխական լոզունգներին և ժողովրդի կողքին կանգնելու իր համոզմունքին, ամեն կերպ պետք է օժանդակի Ֆրանսիայի օրինակով, հիմք դնել սահմանադրությունում պաշտպանվելու, իրական արհմիությունների ստեղծմանը, գործունեությանը և իրավունք չտալու գործատերերի ուղղակի կամ անուղղակի ճնշումների գործադրմանը: Բոլոր բանվորական կոլեկտիվներում պետք է լավ գիտակցել, որ միայն խմբային ու միասնական ձևով կարելի է պաշտպանել աշխատավորների շահերը: Հույսով մոտ ապագայում ակտիվ բանվորները իրենց կոլեկտիվներում օրակարգ կդարձնեն նման հարցերը և աստիճանաբար մեր երկիրը մյուս զարգացած երկրների նման կունենա հզոր և համախմբված արհմիություններ:


Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 11/05/2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ: Եգիպտոսի և ՌԴ-ի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Մոսկվայում կայանալիք հանդիպմանը «2+2» ձևաչափով կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Քննարկման օրակարգում կլինեն նաև երկու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին ասել է Եգիպտոսի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդան: 

«Մոսկվայում նախատեսված 2+2 ձևաչափով հանդիպումը տեղի կունենա մայիսի 14-ին: Եգիպտոսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Սամեհ Շուքրին և Սերգեյ Լավրովը կքննարկեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ կապված քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներին վերաբերող հարցեր»,-ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ կողմերը քննարկելու են տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, ճգնաժամը Սիրիայում, Լիբիայում, Եմենում, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նշված ձևաչափով հանդիպումը կլինի 4-րդը: Առաջին նման հանդիպումը կայացել է 2013 թվականի նոյեմբերին Կահիրեում:

 

Բաժին՝ Աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ: Թանգարանների գիշեր ծրագրին այս տարի միացել է Հայաստանի և Արցախի 116 թանգարան: Թանգարանների գիշերը 15-րդ անգամ Հայաստանում և 6-րդ անգամ Արցախում կնշվի մայիսի 19-ին: Միջոցառումն անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա առաջին շաբաթ օրը` Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից:

2018 թվականին ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»: Միաժամանակ, երկօրյա միջոցառումների ծրագրում անդրադարձ կլինի նաև Առաջին հանրապետության 100-ամյակին:

Կազմակերպվելիք միջոցառումները ևս մեկ անգամ կնպաստեն հայրենի մշակույթի և հայոց պատմության հերոսական էջերի հանրահռչակմանը` ամրապնդելով մշակութային արժեքների պահպանության, տարածման, սերունդներին դրանց հաղորդակից դարձնելու և հասարակության տարբեր տարիքային խմբերի ներգրավվածությունը միջոցառումների շուրջ ապահովելու նպատակին:

 

Բաժին՝ Մշակույթ

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը մայիսի 9-ին այցելեց Հաղթանակի զբոսայգի և ծաղկեպսակ դրեց Հայրենական Մեծ Պատերազմի զոհվածների հիշատակին` Անհայտ զինվորի հուշարձանին: 

«Պետք է սնանկացնենք բանկային համակարգը», «համատեղ ուժերով սնանկացնում ենք սուպերմարկետները». այս և նման կոչերն ու դրանց իրագործման ուղեցույցները, դյուրահավատ մարդկանց պնդումները, թե «հեղափոխությունից հետո բոլորիս վարկերը չեղարկվելու են», «հեղափոխությունից հետո բարձրագույն կրթությունն անվճար է դառնալու», մարդկանց ոգևորությունը, թե «ինչ ուզեմ, կանեմ» և դրա դրսևորումը ճանապարհային երթևեկության անարխիայի դրսևորմամբ, պայքարի ելած ընդդիմության «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքը ստիպում են սարսափել ապագայի մասին մտածելիս։ Երկրում մերժելի ռեժիմի օրոք ստեղծվածը քանդելու կոչերը և սահմանային լարվածությունը կամա թե ակամա ասոցիացիաներ են առաջացնում 90-ականների հետ։ Բացակայում է ընդամենը ատոմակայանի փակման պահանջը, որպեսզի վերստեղծվեն 90-ականների մութ ու ցուրտ և անարխիայի տարիները։ Միթե՞ դրան ենք ձգտում։ Չեմ հավատում, որ ցույցի որևէ մասնակից ցանկանում է, որ Հայաստանը շուրջ 30 տարով հետ շպրտվի, որ նորից վերապրենք այն, ինչն այդ ամենը տեսածներս սարսափով ենք հիշում։ Բայց արի ու տես, որ մարդիկ, գիտակցված կամ չգիտակցված, դրան նպաստող քայլեր են անում։ Երբ ինձ ծանոթ ու անծանոթ մարդիկ երկրի՝ առանց այդ էլ հազիվ շնչող տնտեսությունը քանդելու կոչ են անում, ակամա հարց է առաջանում՝ մի՞թե քանդելուց հետո այս երկրում չես ապրելու։ Այս օրերին հրապարակում հնչող կարծիքից տարբերվող ցանկացած կարծիք արտահայտողը պիտակավորվում է «ՀՀԿ-ական ես» կամ «ծպտյալ ՀՀԿ-ական ես» արտահայտությամբ։ Գիտեմ, որ տողերիս հեղինակն էլ չի խուսափի պիտակավորումից ու քննադատությունից։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք»։ Նշեմ, որ երբևէ ՀՀԿ-ական չեմ եղել ու չեմ լինի, ընտրելու իրավունք ունենալուց ի վեր որևէ անգամ որևէ ընտրությունում չեմ քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, բոլորի պես դեմ եմ եղել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ պաշտոնավարելու գաղափարին և ուրախացել եմ, երբ նա հրաժարական է տվել։ Մտքում ունենալով հայտնի աքսիոմը («Հեղափոխությունը ծրագրում են ռոմանտիկները, իրականացնում են ֆանատիկները, իսկ պտուղներից օգտվում են սրիկաները»)՝ հեղափոխություններին երբևէ կողմ չեմ եղել և կողմ չեմ։ Բայց պաշտպանել եմ մարդկանց՝ իրենց դժգոհությունն արտահայտելու և բողոքի ցույցեր անելու իրավունքը։ Հավատացել և հավատում եմ, որ երկրում ինչ-որ բան դեպի լավը հնարավոր է փոխել միայն արդար ընտրությունների միջոցով։ Իսկ նախորդ տարվա ընտրությունները վկայում են, որ դրա համար ընդամենը քաղաքացիական գիտակցություն և չկաշառվելու կամք է հարկավոր։ Դեռ նախորդ տարի կարող էինք խաղաղ իշխանափոխություն անել, եթե ընտրակաշառքի համար հերթ կանգնողների շարաններ չլինեին։ Ի՞նչն է փոխվել մարդկանց մտածողության մեջ այս մեկ տարվա ընթացքում։ Մի՞թե նախորդ անգամ իր քվեն վաճառած անձն այս անգամ կվարանի նման քայլի դիմել։ Չեմ կարծում։ Հետևաբար ինչո՞վ են տարբերվելու ապագայում ընտրակաշառքով իշխանության եկած կուսակցությունները ՀՀԿ-ից։ Ընդամենը անվանումով և գործող անձանցով։ Իր քվեն վաճառած քաղաքացին չի կարող պահանջատեր լինել՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին։ Կասեք, որ շարժման արդյունքում մարդիկ պահանջատեր են դարձել, որ իրավիճակ է փոխվել։ Կհամաձայնեմ մասամբ։ Այո, երիտասարդներն ունեն նոր մտածողություն։ Այսօրվա պայքարող երիտասարդը վաղն ընտրակաշառք դժվար թե վերցնի։ Բայց հիշեք, որ ինչ-որ պահից միայն լուսավոր երիտասարդները չէ, որ շարժման մասն են, հիշեք, որ Հայաստանը ծերացող երկիր է, հետևաբար այլ մտածողության տեր մարդիկ ավելին են, քան այսօրվա պայքարող երիտասարդները։ Չկարծեք, թե միայն պայքարող երիտասարդներն են, որ մտածում են երկրի ապագայի մասին։ Նման համաժողովրդական շարժումներ 88-ից ի վեր մեկ անգամ չէ, որ եղել են։ Սակայն ամեն անգամ այդ շարժումներն արյան մեջ են խեղդվել, լավագույն դեպքում՝ համատարած տևական բանտարկություններով ու խոշտանգումներով։ Բարեբախտաբար այս անգամ դեռևս նման զարգացում չունենք, ինչն էլ դարձավ այս շարժման հաջողության գրավականներից մեկը։ Իսկ նախորդ համաժողովրդական շարժումների մասնակիցները, իրենց փորձից ելնելով, նախընտրում են աստիճանական փոփոխությունները։ Կտրուկ փոփոխությունները, անգամ եթե դեպի լավն են միտված, ցնցում են առաջացնում։ Խիստ կասկածում եմ, որ եռացող կաթսա հիշեցնող տարածաշրջանում գտնվող երկիրը, որ ունի սահմանին մինչև ատամները զինված և իր թուլության վայրկյանին սպասող թշնամի, կիսամեռ տնտեսություն, արտագաղթ, դեմոգրաֆիական խնդիր, կարիք ունի կտրուկ ցնցումների, որոնք խորացնելու են վերը նշված խնդիրները։ Ի վերջո, հիշենք, սրտի կանգից հետո արհեստական շնչառությամբ միշտ չէ, որ հնարավոր է լինում հետ բերել մարդուն։ Նույնը և երկրի դեպքում։ Բոլորիս հույսը կտրուկ ցնցումից հետո վերածնվող նոր Հայաստանն է։ Բայց հիշենք, որ նոր Հայաստան կարող է և չլինել, եթե ցնցումը շատ կտրուկ լինի։Կարող է և չլինել մեկ այլ պատճառով, եթե համակարգը նույնությամբ մնա, փոխվեն ընդամենը իշխանական կերակրատաշտից օգտվող մարդիկ։ Թող ներեն ինձ ազնիվ պայքարողները, բայց վերջին օրերի զարգացումները, քաղաքական դիակների վերակենդանացումը, հնչող ելույթների տոնայնությունն արդեն իսկ կասկածի տեղիք են տալիս, որ արդյունքում երկիրը խեղդող մի վիշապին փոխարինելու ենք մեկ այլ վիշապով։ Պահն է, որ երկրի շահը վեր համարվի ցանկացած անձնական հավակնությունից։ Սա վերաբերում է բոլորին՝ թե՛ իշխանական դաշտում, թե՛ ընդդմիության դաշտում գործող ղեկավարներին ու շարքայիններին։ Պետք է սթափվել ու բանակցությունների նստել։ Անզիջում առճակատումն այս դեպքում որևէ կողմի օգուտ չի տա։ Կորցնելիս բոլորս ենք կորցնելու՝ անկախ մեր հայացքներից, պաշտոնից ու դիրքորոշումից։


Աղբյուրը`  Ankakh.com լրատվական

Երեքշաբթի, 08 Մայիսի 2018 17:27

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Փաշինյանն առաջադրվել էր պատգամավորների թվի ավելի քան 1/3-ի՝ 41 պատգամավորի ստորագրությամբ: Նրա առաջադրմանն ու թեկնածությունը սատարելու մասին հայտարարել էին «Ելք» խմբակցությունը՝ 9 պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 պատգամավոր և ՀՅԴ-ն՝ 6 պատգամավոր (խմբակցության 7 պատգամավորներից մեկը՝ Աղվան Վարդանյանը վարչապետի ընտրության առաջին փուլում, դեմ գնալով խմբակցության՝ կողմ քվեարկելու որոշմանը, հայտարարեց չքվեարկելու մասին, նա մանդատը վայր է դրել կուսակցության պահանջով):
Խորհրդարանական մեծամասնություն (58 պատգամավոր) ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի ընտրության առաջին փուլից հետո հայտարարել էր, որ վարչապետի ընտրության երկրորդ փուլում կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը Հայաստանը կունենա վարչապետ:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Բաժին՝ Հայաստանում
Էջ 2, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: